Պարն ինձնից ոչ ոք երբեք չի խլի

 

«Բաբայանի մահից հետո համույթը որբացել է»… Արցախի պարի պետական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աշոտ Բաբայանի մահվանից հետո մեկ տարի շարունակ այս արտահայտությունը կրկնում էր համույթի պարադահլիճի կողքով անցնող համարյա ամեն մարդ։


Բայց ի՞նչ է մահը։ Արդյո՞ք մարդը չի մահանում միայն այն ժամանակ, երբ մեռնում է նրա անունը, գործն ու նրա մասին հիշատակը…

Եթե հարցին հենց այս տեսանկյունից նայենք, ապա Բաբայանի և մահվան միջև ոչ մի ընդհանրություն չկա։ Իսկ Բաբայանի ու կյանքի միջև  կապն ահռելի է։

 

 

Եվ ինչպե՞ս Բաբայանի ջանքերով իր սաների հոգու մեջ բոցկլտող կյանքը «չար լեզուներին» թույլ է տալիս նրանց «որբերի» հետ համեմատել։

Դուք՝ «որբանոց» թվացող պարադահլիճի կողքով անցնողներդ, ներս մտեք և տեսեք, որ շատերի համար այն եթե ոչ առաջին, ապա հաստատ երկրորդ տուն է դարձել։ Տուն, որտեղ ապրում ես երջանկության լիակատար բերկրանք, օջախ, որտեղ պարի կենսահաստատ շարժման մեջ անընդհատ ինքնակատարելագործվում և վերափոխվում ես։

Պարի հանդեպ խորին սերը, որը Բաբայանը սնուցել է իր յուրաքանչյուր աշակերտի հոգում, ինքնին մեծագույն պարգև է։ Նա իր իսկ կյանքով ապացուցել է, որ պարի միջոցով հնարավոր է հասնել ամեն հնարավորի և անհնարինի։  Կարևոր է ապրել և վերապրել պարը, ոչ թե սոսկ պարել այն…

 

Իր սաներին սիրով «Ղարաբաղի արծիվներ» կոչած և նրանց մի քանի սերունդների դաստիարակած այս բացառիկ մարդն Արցախի պարարվեստի պատմության մեջ անջնջելի և հավերժ հետք է թողել։

Արցախի պարի պետական համույթն ուներ անփոխարինելի ղեկավար, ուսուցիչ, բարեկամ և ծնող, որն այժմ նրանց մշտնջենավոր պահապան հրեշտակն է…

 

________

Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

Share

Comments are closed.