Հայաստանը երկու եվրո-ների արանքում. Եվրո՞պա, թե՞ Եվրասիա

Հովհաննես ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու,
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան
Երեւան

Ռուսաստանի նախկին եւ, հավանաբար, հաջորդ նախագահ պրն. Վլ.Պուտինն իր կառավարման երրորդ շրջանը սկսում է հետխորհրդային տարածքի համախմբման նոր ծրագրով: Նա արդեն հանդես է եկել հոդվածով,[1]  որտեղ նախանշել է այդ ռազմավարության իրականացման ճանապարհային քարտեզը` որպես առաջին քայլ ներկայացնելով ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ 2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Միասնական տնտեսական տարածության ստեղծումը:

 

Հայաստանը, որպես ՌԴ ռազմավարական բարեկամ-դաշնակից, առիթ ունի մտածելու հետխորհրդային տարածաշրջանում հայտարարված մերձեցման նոր գործընթացներին իր մասնակցության վերաբերյալ, թեեւ դեռ 2007-ին ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը որպես զարգացման մոդել հստակ ամրագրել է եվրամերձեցումը:

Իհարկե, պատմաբանները կարող են երկար զուգահեռներ անցկացնել ՌԴ առաջնորդությամբ ընթացող ինտեգրացիոն նախորդ փորձերի` ցարական եւ խորհրդային մոդելների (ան)արդյունավետության վերաբերյալ, բայց նոր զարգացումները պահանջում են նոր քննարկում` քաղաքական եւ տնտեսական հարթություններում:

Ռուսական ՙԻզվեստիա՚ պարբերականում նոր, Եվրասիական Միություն ստեղծելու գաղափարի մասին արդեն հասցրել են հոդվածներ հրապարակել Ռուսաստանի գործող վարչապետը, Ղազախստանի[2]  եւ Բելառուսի նախագահները:[3]  Նոր գաղափարի միանձնյա հեղինակ է իրեն ներկայացնում պրն. Ն. Նազարբաեւը, թեեւ հասկանալի է, որ առանձին երկրների համար հաշվարկային մեկնակետ է մնում Ռուսաստանի հետ մերձենալու ցանկությունը կամ դրա բացակայությունը: Եվրասիական Միությունը, փաստացի, առաջարկում է ԱՊՀ` որպես ՙքաղաքավարի ապահարզանի՚ կազմակերպության մասին թեզը փոխարինել ՙհավասարների համագործակցություն՚ կառուցելով:

Երբ խոսքը գնում է հետխորհրդային տարածքում որեւէ նոր նախաձեռնության մասին, բոլորն արդարացիորեն հայացքներն ուղղում են դեպի մոսկովյան Կրեմլ: Միակ ոչ-մոսկովյան նախագիծ ՎՈՒԱՄ-ը չդարձավ ոչինչ, բացի հակառուսական անատամ ակումբից:

ԱՊՀ երկրներին պրն. Պուտինը խոստանում է ՙսերտ ինտեգրացիա` նոր արժեքային, քաղաքական եւ տնտեսական հիմքով՚, եւ այժմ արդյունքի հասնելու համար ՌԴ կառավարությունը պետք է ակտիվություն ցուցաբերի հասարակական մակարդակում, ինչը միշտ եղել է “ռուսական” մոդելով համագործակցության բոլոր փորձերի հիմնական եւ կարեւոր թերությունը:

Բոլորովին պարզ է, որ նոր ինտեգրացիոն մոդելի սաղմը լինելու են եվրասիական երկու ամենառեսուրսային երկրները` ՌԴ-ն եւ Ղազախստանը: Իրատեսական ծրագիր է Բելառուսի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի համալիր ընդգրկումը, իսկ Թուրքմենստանը, թերեւս, չի հրաժարվի իր չեզոքությունից եւ կշարունակի որոնել դեպի Չինաստան եւ Եվրոպա էներգակիրների արտահանման նոր ուղիներ: Փաստացի, ՌԴ-ն, Ղազախստանը եւ Բելառուսն արդեն միավորվել են մաքսային միության մեջ եւ ս.թ. հուլիսից իրար միջեւ վերացրել են ներքին բոլոր մաքսակետերը:

Եվրասիականության քաղաքական ճարտարապետները պնդում են, որ նոր մոդելում առաջնային պլան է մղվում տնտեսական բաղադրիչը: Օրինակ, պրն. Ն. Նազարբաեւի  ներկայացրած տվյալներով` 2011թ. Ղազախստանի արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 60%-ով եւ դեպի Բելառուս` ավելի քան 2,3 անգամ:[4]  ՌԴ մաքսային ծառայության տվյալներով` 2011-ի հունվար/օգոստոս ամիսներին ՌԴ ապրանքաշրջանառությունը ԱՊՀ երկրների հետ կազմել է $79 մլրդ, որից $50 մլրդ` զուտ ռուսական արտահանումը:[5]  Բայց ավելի հետաքրքրական են այլ թվեր, մանավանդ, եթե խոսքը ՙիրավահավասարների միության՚ մասին է: Այսպես, եթե Միությունը ստեղծվի ներկա մակրոտնտեսական պայմաններում, ապա դրա ՀՆԱ-ն կգերազանցի զուտ ռուսաստանյան ցուցանիշն առավելագույնը 13-15%-ով:  Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Վլ.Ինոզեմցեւը գնում է ավելի առաջ եւ նշում, որ գլոբալ բեւեռ դառնալ ձգտող Եվրասիական Միությունը` ընդհանուր $2.7տրլն ՀՆԱ ցուցանիշով, ՙսեղմված կմնա ԵՄ ($15,6 տրլն ՀՆԱ) եւ Չինաստանի ($11,2 տրլն ՀՆԱ) միջեւ՚:[6]

Ինչեւէ, տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական  շրջափակման մեջ գտնվող Հայաստանը ս.թ. հոկտեմբերին յոթ այլ երկրների հետ ստորագրեց ԱՊՀ տարածքում Ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր (դեռ պետք է վավերացվի ԱԺ կողմից),[7]  իսկ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը Երեւանի կողմից գնահատվել է իբրեւ ՙդրական քայլ՚, առանց որեւէ քաղաքական այլ հանձնառությունների:

Հայաստանի կողմից առանձնակի ոգեւորության պակասը բնական է: Հետխորհրդային երկրների հետ առեւտրատնտեսական կապերի եւ ներդրումների առումով Հայաստանի համար հետաքրքիր են միայն Ուկրաինան եւ Ռուսաստանը: Ուկրաինան արդեն իսկ փաստացի հրաժարվել է հետխորհրդային տնտեսական ինտեգրացիոն բոլոր մոդելներից, իսկ հիմնական առեւտրային գործընկեր (որպես առանձին երկիր) Ռուսաստանի հետ ինտեգրումը պարտադիր չէ, որ լինի եվրասիական վերպետական ինստիտուտի մակարդակով: Ավելին` դա կարող է խախտել ներկա բալանսը եւ քաղաքական խոչնդոտ դառնալ ԵՄ հետ բանակցություններում:

Թե’ Եվրոպական, թե’ եվրասիական ուղղություններով Հայաստանի համար խնդիրները, բացի առեւտրա-տնտեսականից, աշխարհարգրական բնույթի են, եւ, կիսաշրջափակված ցամաքային սահմաններով ու դեպի ծով ելք չունենալով, Հայաստանը իրականում դատապարտված է հետեւելու Վրաստանի զարգացման հետագծին` արտաքին շուկաների հասնելու հուսո ճանապարհով (իրանական ուղղությունն այլ քննարկման առարկա է): Դեռ 1996-ից Հայաստանը դե յուրե հանդիսանում է ԵՄ Մաքսային միությանը սահմանակից երկիր` Թուրքիայի սահմանով, որի օգուտները Հայաստանի կառավարությունն անհաջող փորձ արեց քաղել Ցյուրիխյան արձանագրությունների միջոցով:

ՙԵվրասիական՚ խոսակցություններից զուգահեռ` այսօր Հայաստանը հաջողությամբ առաջ է շարժվում ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր կնքելու բանակցություններում: Նախաճգնաժամային 2008-ի տնտեսական ցուցանիշները վերահաստատեցին, որ նույնիսկ սահմանափակ ցամաքային կապի պայմաններում  ԵՄ-Հայաստան առեւտրային հարաբերությունները զարգանում են, թեեւ առկա է ընդլայնման ու հավելյալ հնարավորությունների ստեղծման մարտահրավեր (Օգոստոսյան պատերազմը եւ վրացական տարանցման սահմանափակումները): Արդեն 2008-ի դեկտեմբերին Հայաստանը ընգրկվեց Ընդհանրացված արտոնությունների համալրված համակարգի (GSP+) մեջ, որը ենթադրում է զրոյական կամ նվազեցված մաքսատուրքով ապրանքների ներմուծում ԵՄ շուկա: Իհարկե, Հայաստանի գործարար միջավայրը դեռ լիովին չի պատկերացնում այս հնարավորության էությունը, ինչը հաճախ բերում է հումորային միջադեպերի, բայց 2012-ից Հայաստանում բացվող ԵՄ Տեղեկատվական կենտրոնը կօգնի գործարարներին հասկանալու առկա հնարավորությունները:

Կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչում է հետխորհրդային եւ եվրոպական ինտեգրացիոն մոդելների հիմնական տարբերությունը: Առանձնացնենք երեք ոլորտ:

Առաջին. Մեծ Եվրոպայում անվտանգության, համագործակցության եւ համատեղ կայուն զարգացման գաղափարը կարողացավ միավորել այնպիսի երկրներ, ինչպիսին են Լեհաստանը եւ Գերմանիան, Բրիտանիան եւ Իռլանդիան: Հետխորհրդային տարածքում դեռեւս չի ծնվել այնպիսի գաղափար, որ կմիավորեր Հայաստանը եւ Ղազախստանը` բացի խորհրդային տարիներից մնացած մարդկային ջերմ հարաբերություններից: Ավելին` միջինասիական բոլոր երկրները` հանդիսանալով Իսլամական կոնֆերանս կազմակերպության եւ միաժամանակ ԱՊՀ ու ՀԱՊԿ (բացառությամբ Թուրքմենստանի) լիիրավ անդամներ, նախանձելի ակտիվությամբ մասնակցում են հակահայկական բանաձեւերի դրոշմմանը: Որեւէ համագործակցություն չկա նաեւ ԵԽ կամ ԵԱՀԿ (խոսքն առավելապես խորհրդարանական չափման մասին է) անդամ ԱՊՀ երկրների հետ:

Երկրորդ. դատելով 20-ամյա պատմությունից` հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացներն առավելագույնս թիրախավորում են կառավարություններին եւ երբեք չեն ընդգրկում հասարակական մակարդակը: Օրինակ, կրթության ոլորտում` հայ ուսանողներին հիմնականում առաջարկվում է ուսանել ՌԴ երկրորդական, ծայրամասային համալսարաններում, մինչդեռ եվրոպական Erasmus Mundus ծրագիրն առաջարկում է ավելի հրապուրիչ այլընտրանքներ: Եվ հակառակը` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանն ստանում է հետզհետե նվազող դաշնային ֆինանսավորում, մինչդեռ Հայաստանում այն դարձել է առաջատար կրթօջախ:

Երրորդ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն արտաքին քաղաքականության առաջնահերթություն հայտարարած Հայաստանի համար կարեւոր են նաեւ չճանաչված հանրապետության վերաբերյալ Եվրոպայի եւ ՙԵվրասիայի՚ դիրքորոշումները: Եթե առաջինն ակտիվ աշխատում է ժողովրդական դիվանագիտության մակարդակում, ապա ԱՊՀ երկրները, ներառյալ Ռուսաստանը, որդեգրել են ՙռազմավարական անուշադրության՚ ռազմավարություն: Օրինակ, 2010-ից Եվրոպական Հանձնաժողովի ֆինանսավորմամբ մեկնարկել է ՙԵվրոպական համագործակցություն Լեռնային Ղարաբաղի համար՚ (European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh-անգլ.) ծրագիրը, որը լավ սկիզբ է չճանաչված հանրապետության հետ ԵՄ գործընկեր հասարակական կազմակերպությունների մակարդակով շփումները բարելավելու համար: Թե քանի ծրագիր է իրականացվել ԱՊՀ կողմից ԼՂՀ-ում` հայտնի է: Զրո:

Ընդհանրապես, եվրոպական ինտեգրացիայի գործընթացը Հայաստանի պետականության կայացման համար ավելի տեսանելի է, քան ԱՊՀ տարածքում որեւէ համագործակցություն: ԱՊՀ-ն Հայաստանում արդարացիորեն զուգահեռվում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետ` ռազմական համագործակցությամբ եւ ժամանակին հատկացվող վարկային միջոցներով: Հետեւաբար, եվրոպական կառույցների հետ հարաբերություններն իրենց բնույթով երկարաժամկետ ռազմավարություն են ներկայացնում, մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները համապատասխանում են պետության անվտանգության սպառնալիքներին:

Օրինակ, Երեւանում արդեն շատերն են դժվարանում հիմնավորել ՌԴ հետ ռազմական դաշինքը, երբ հակափաստարկ են բերում ռուսական զենքի մեծածախ վաճառքը Ադրբեջանին, ՌԴ կառավարության պաշտոնաթերթով (!) ՙԱդրբեջան՚ հավելվածի հրապարակումը եւ վերջերս ՄԱԿ ԱԽ ընտրություններում ՌԴ գերակտիվ դիրքորոշումը, որը ի վերջո հնարավոր դարձրեց Ադրբեջանի ժամանակավոր անդամակցությունը: 1997-ից ի վեր, երբ կնքվեց հայ-ռուսական բարեկամության մեծ պայմանագիրը, ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել ավելի սերտ համագործակցության եւ/կամ տնտեսական ինտեգրացիայի որեւէ հատուկ մոդել, գործիք կամ գաղափար, իսկ Վերին Լարսի անցակետը երկար ժամանակ ծառայեցվում էր որպես Վրաստանի դեմ պատժամիջոցի գործիք, մինչդեռ ծովափնյա երկիր Վրաստանի փոխարեն ավելի լուրջ տուժեց Հայաստանի տնտեսությունը:

Վերհիշենք. Երեւանի փողոցներում 1990-ականների վերջին շրջում էին սյուրռեալիստներ, ովքեր ստորագրահավաք էին անում Հայաստանի` ՌԴ-Բելառուս միությանն անդամագրվելու համար: Իսկ այսօր բարձր պետական համակարգի տարբեր օղակներում նստած են ԵՄ Խորհրդատվական խմբի փորձագետները:

Քաղաքական մակարդակում Հայաստանը հաջողությամբ առաջ է շարժվում ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիր կնքելու բանակցություններում: Հայաստանի եվրամերձեցմանը մեծապես օժանդակում է 2009թ. մարտից Երեւան գործուղված ԵՄ խորհրդատուների խումբը (High Level EU Advisory Group – անգլ.), որի հայտարարված առաջնային նպատակն է աջակցություն եւ խորհրդատվություն ցուցաբերել Հայաստանին ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների կենսագործման համար: Հատկանշական է, որ խումբը գործուղվել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով, ինչը ցույց է տալիս անշրջելի բարեփոխումներ իրականացնելու` իշխանությունների քաղաքական հանձնառությունը: Նույնիսկ անդամակցության հեռանկարի բացակայության պայմաններում պետական կառավարման տեսանկյունից կարեւոր միտում է ներքին օրենսդրության բարեփոխումները, որոնք եվրոպական արդյունավետ չափանիշերի են բերում անցումային պետություն Հայաստանի օրենսդրական բազան: Եվ ընդհանրապես` եթե ԱՊՀ երկրները եւ գլխավորապես Ռուսաստանը մեր ներկայիս կիսափակ սահմանների պարագայում դիտարկվում են իբրեւ աշխարհագրորեն մոտ շուկաներ, ապա ԵՄ հետ բանակցությունների օրակարգը ներառում է արդարադատության համակարգի բարեփոխումներից եւ քաղաքացիական ազատությունների ապահովման ոլորտներում համագործակցության խնդիրներից մինչեւ տնտեսական, ճյուղային եւ ֆինանսական  համագործակցություն:

Բնականաբար, ԵՄ-27-ը նույնպես միատարր օրգանիզմ չէ, բայց արդարացված է թվում այն տեսակետը, որ դեպի հարեւան երկրներ ԵՄ կողմից իրականացվող իրավական պրակտիկայի եւ նորմերի (acquis communautaire) ՙարտահանումը՚ ավելի թափանցիկ է դարձնում ԵՄ սահմանները հարեւան երկրների համար:

Հետխորհրդային տարածքից պետական զարգացման եւ անցումային շրջանի հաղթահարման միակ հասկանալի գաղափար է արտահանվել Սահմանադրության ՙբարեփոխման՚ եւ անժամկետ ընտրվելու` փաստացի` միապետության մոդելը, որը հաջողությամբ կիրառում են միջինասիական երկրները, Ադրբեջանը եւ, դե ֆակտո, Ռուսաստանը: Ոչ ռեսուրսային երկիր Հայաստանի համար այս ճանապարհը կտանի քաղաքական եւ տնտեսական կյանքի ճահճացում եւ անկում:

Առանց չափազանցումների` 2012թ. մայիսին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները, դրանց անցկացման որակը եւ չափորոշիչները ցույց կտան, թե որ եվրո-ի ուղղությամբ են շարժվում ընտրողները եւ ընտրյալները:

 

1. http://www.izvestia.ru/news/502761

2. http://www.izvestia.ru/news/504908

3. http://www.izvestia.ru/news/504081

4.  http://www.izvestia.ru/news/504908

5.  http://www.gazeta.ru/business/2011/10/19/3807026.shtml

6.  http://www.izvestia.ru/news/505572

7.  http://www.gazeta.ru/business/2011/10/19/3807026.shtml

Share

Comments are closed.