Գլխավոր ձեռքբերումը՝ որակյալ անձնակազմ

 


Զարա ԱՎԱԳՅԱՆ

1998թ. «Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հովանու ներքո՝ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ հիմնադրվեց Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնը։ Զրուցում ենք կենտրոնի ղեկավար Վարդան Թադևոսյանի հետ։

֊ Մի քանի օր առաջ նշվել է կազմակերպության հիմնադրման 20-ամյակը։ Դուք այստեղ առաջին օրվանի՞ց եք աշխատում։ 

– Կարելի է ասել և՛ այո, և՛ ոչ։ Ես սկսել եմ աշխատել 1999 թվականի մարտից՝ հրավերը ստանալուց անմիջապես հետո։ Այն ժամանակ կենտրոնն արդեն հիմնադրված էր, բայց դեռ չէր գործում։ Երբ ես եկա, շենքը չուներ դռներ ու պատուհաններ. կային միայն միջնապատեր։ Պատճառը՝ քաղաքի ռմբակոծությունների ժամանակ առաջացած պայթյունի ալիքներն էին։ Այսպիսով` թեև ես կենտրոնում եմ հայտնվել հիմնադրումից կես տարի անց, այն սկսել է նոր գործել հենց իմ ղեկավարությամբ։

– Ինչպե՞ս եղավ, որ հենց  Ձեզ հրավիրեցին։

– Ես աշխատում էի Երևանում՝ «Կարմիր Խաչ» միջազգային մարդասիրական կազմակերպության կոմիտեում։ Մասնագիտությամբ ֆիզիոթերապևտ եմ, զբաղվում եմ խախտված շարժունակության և գործունակության վերականգնմամբ։ Արցախում ռազմագործողությունների ավարտից հետո անհրաժեշտ էին այս ոլորտում մասնագիտացած կադրեր, հարկավոր էր բուժել և վերինտեգրել հասարակությանը արցախյան պատերազմի հաշմանդամներին։ Այդ իսկ պատճառով ընտրեցին ինձ։

– Եվ ինչի՞ց սկսեցիք։

-Մեր ուսուցանող ծրագրի առանձնահատկությունն այն է, որ մասնագետներ ենք պատրաստում անկախ տարիքային հանգամանքից՝ յուրաքանչյուր հիվանդին լայն և տարաբնույթ օգնություն ցուցաբերելու համար։ Կենտրոնում աշխատում են և՛ մանկական, և՛ աշխատանքային, և՛ տարիքային ֆիզիոթերապիայի ոլորտներում մասնագիտացած անձինք։ Նրանք ցուցաբերում են ոչ միայն ֆիզիոթերապևտիկ և բժշկական (առողջության պահպանմանը միտված) օգնություն, այլև աշխատանքային հմտությունների վերականգնման ամենօրյա թերապևտիկ բնույթի աջակցություն։ Նրանցից յուրաքանչյուրն իր գործի արհեստավարժ մասնագետ է։ Այսօր մեր անձնակազմն այլ երկրների մասնագետներին ոչնչով չի զիջում։ Մեր մասնագետների պատրաստվածությունն ու բարձր մակարդակը ճանաչված է բոլոր մրցույթներում։ Մեր բժշկական թիմը տարածաշրջանում լավագույններից է։ Դրա մասին են խոսում նաև մեր երևանյան գործընկերները։

Հատուկ շինությունների՝ լողավազանի, նկարչության, կարի, խեցեգործության և համակարգչային դասասենյակների, մարմնամարզական դահլիճի, անձնակազմի աշխատավարձի և պահպանման այլ ծախսեր հոգալը Ձեր ամենօրյա հոգածության առարկան է։ Ինչպե՞ս եք կարողանում լուծել այս ամենի ֆինանսական ապահովման հարցերը հանրապետության քաղաքական մեկուսացման պայմաններում։

-2002 թվականից մենք աշխատում ենք մեր հանրապետության Առողջապահության նախարարության հետ։ Մեր հարաբերությունները կարգավորվում են կնքված համապատասխանաբար պայմանագրերով։ Կարելի է ասել, որ նախարարությունը հանդես է գալիս պատվիրատուի, իսկ մենք՝ կատարողի դերում։ Մեզ մոտ վերականգնողական բուժում անցնելու համար մարդիկ ուղեգրով են գալիս, և մենք նրանց համապատասխան ծառայություններ ենք մատուցում։ Մեր ստացած գումարի  70%-ն ուղղվում է աշխատավարձին, իսկ 30%-ը՝ մնացած ամենի սպասարկմանը, և դա ակնհայտորեն շատ քիչ է։ Դրա համար էլ մենք մեր կազմակերպության համար ամեն կերպ փորձում ենք բարերարներ գտնել։  Մեզ աջակցում են «Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն» և «Ամերիկայի հայ առաքելության ընկերակցություն» կազմակերպությունները։ Ընդ որում, առկա ստատուս-քվոն և արցախյան հիմնախնդրի չկարգավորվածությունը թույլ չեն տալիս համագործակցել մի շարք միջազգային կազմակերպությունների հետ։

– 2016թ. մարտին Դուք ելույթ եք ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառման ժամանակ։ Կարողացե՞լ եք կենտրոնին օգնություն ցուցաբերելու համար գործուն կապեր հաստատել։

Ստեփանակերտի Վերականգնողական կենտրոնը։ Լուսանկարը՝ Ալբերտ Ոսկանյանի:

-Այո՛, կար նման բան։ Ես դիմել եմ նրանց, քանի որ մեր կենտրոնի գործունեության բնույթն, ի հեճուկս Արցախի չճանաչված պետություն լինելու հանգամանքի, համապատասխանում է օգնություն և աջակցություն ստանալու համար նախատեսված միջազգային չափորոշիչներին։ Ցավոք, այս հարցում դրական տեղաշարժ դեռ չի արձանագրվել։

Մի քանի օր առաջ նշվել է կազմակերպության հիմնադրման 20-ամյակը: Լուսանկարը՝ Ալբերտ Ոսկանյանի

Անցած տարի կենտրոնում մեզ հետ մի քանի ամիս աշխատել են «Կարմիր խաչ» կազմակերպության աշխատակիցները։ Նրանք ծանոթացել են մեր աշխատանքին, տեսել աշխատասենյակներն ու դահլիճները, գնահատել մեր ձեռքբերումները և ընդգծել, որ հիացած են մեր գործունեության արդյունքներով։ Ի տարբերություն պատերազմի միջով անցած այլ երկրներում գործող համանման կազմակերպությունների՝ մեր կենտրոնի գործունեությունը, «Կարմիր խաչի» այդ աշխատակիցների կարծիքով, քառասուն տարով առաջ է նմանօրինակ այլ շատ կենտրոնների համեմատ։ Քանի որ «Կարմիր խաչի» նպատակներից է հակամարտության ժամանակ տուժած մարդկանց օգնություն ցուցաբերելը, նրանք հեռանկարում կարող են մեզ հետ էլ աշխատանքային համագործակցություն հաստատել։

– 2012 թվականին տված հարցազրույցներից մեկում Դուք խոսել եք Ձեր ղեկավարած կենտրոնի համար նոր շենքի կառուցման անհրաժեշտության մասին։ Ներկայումս այս հարցը ո՞ր փուլում է։

– Ցավոք, փոքր իսկ առաջընթաց անգամ չունենք։ Նոր շենքի անհրաժեշտության մասին մենք խոսել ենք դեռևս 1999 թվականին։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ դրա համար հարկավոր են մեծ ֆինանսական միջոցներ։ Այժմ մենք ողջ ծավալով և նպատակային օգտագործում ենք կենտրոնին պատկանող շինության ողջ մակերեսը և սրանից ավել ընդարձակվելու որևէ հնարավորություն չունենք։ Մեր այցելուներն անցնում են ֆիզիոթերապիա և հիդրոթերապիա, նրանց հետ աշխատում են լոգոպեդներ, հոգեբաններ և այլ մասնագետներ։ Կենտրոն են հաճախում շատ ծնողներ՝ իրենց նորածինների հետ։ Մեզ մոտ գործում է սահմանափակ ֆիզիկական կարողություններով երեխաների համար հատուկ Մանկական առողջության կենտրոն։ Գործում է հիվանդների կենսակտիվության վերականգնումը խթանող աշխատանքային թերապիայի ծրագիր, որի նպատակն է առանց կողմնակի աջակցության ինքնախնամքի տարրական հմտություններ վերականգնելը։ Մեր հիվանդների համար մենք հնարավոր ամեն ինչ ենք անում ու հասկանում ենք, որ նրանք ավելիին են արժանի և պետք է ունենան առողջության վերականգնման համար ավելի հարմարավետ պայմաններ։

Ո՞ր ձեռքբերումն եք համարում ամենագլխավորը։

– Կենտրոնի գլխավոր ձեռքբերումն ու հարստությունը բարձրորակ մասնագիտացված անձնակազմն է՝ ուշադիր, պատրաստակամ, բարի և հասկացող աշխատակիցների մեր թիմը։ Անձնակազմի չընդհատվող և շարունակական կրթությունն ու կատարելագործումը մեր արգասաբեր և որակյալ աշխատանքի գրավականն է՝ ի շահ մեր ժողովրդի։ Կենտրոնը շատ մարդկանց քրտնաջան և նախանձախնդիր աշխատանքի արգասիքն է։ Այն, ինչ ունենք այսօր, բոլորիս միասնական արդյունքն է։

Share

Comments are closed.