«Մեր թատրոնի ճակատագիրը նման է մեր ժողովրդի ճակատագրին՝ իր կորուստներով, նվաճումներով ու մաքառումներով»



Աննա
ՄԵԼԻՔՅԱՆ

 

Իմ  աշխատանքային  գլխավոր սկզբունքն  է՝  ստեղծել, նվիրել  և  չբավարարվել…  Երբեմն  կարող  ես  ունենալ թույլ, բայց  ո՛չ  անգրագետ  բեմադրություն: Սա  է  մեծերից  սովորած  իմ  կարևորագույն  դասը:
Լեոնիդ Հարությունյան

ԼՂՀ  ժողովրդական  արտիստ, Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրող-ռեժիսոր Լեոնիդ  Հարությունյանն  իր  ստեղծագործական  աշխատանքի  ընթացքում  բեմադրել  է  100-ից  ավելի  ներկայացումներ, որոնք  արժանացել  են  հանդիսատեսի  ջերմ ընդունելությանը Երևանում,Գյումրիում, Գորիսում, Ստեփանակերտում և  Շուշիում:

Լ. Հարությունյանը  մասնագիտական վարպետացման  փուլն  անցել  է  Սանկտ Պետերբուրգում` մեծն  Գեորգի Տովստոնոգովի  ղեկավարությամբ: Այդ  շփումները  երիտասարդ  ռեժիսորին  հարստացրին  նոր  գիտելիքներով` մղելով  ստեղծագործական  որոնումների  լայն  դաշտ, ուր  և  տարեցտարի  բացահայտվել են  թատերարվեստի նվիրյալի  բացառիկ  կարողություններն  ու  յուրօրինակ  աշխատաոճը:  Առաջին  հաջողությունը, որը  նա  ունեցավ   թատերական  կյանքում, Շեքսպիրի  «Մակբեթ»  ողբերգության  բեմադրությունն էր  Երևանի  թատերական ինստիտուտի  դահլիճում, որը և  ըստ արժանվույն գնահատվեց  որպես դիպլոմային  աշխատանք: Ստեղծագործական  կյանքի խոստումնալից  սկիզբը  նախանշեց  տաղանդավոր  ռեժիսորի  դժվարին  և  միաժամանակ՝  ձեռքբերումներով  հարուստ  ճանապարհը:

1976 թվականին  նա աշխատանքի  հրավիրվեց  Մ. Գորկու անվան հայկական պետական թատրոն, որպես  դերասան-ռեժիսոր: Իսկ թատրոնի 50-ամյակի տոնական արարողության ժամանակ էլ՝ 1982 թվականին, նրան շնորհվեց արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը: Հարությունյանի համար  կոչումը ոգևորող և խրախուսող հանգամանք էր: Ըստ նրա՝ դերասանին կամ ռեժիսորին կոչումը մղում է նոր եռանդով աշխատելու, իրագործելու ստեղծագործական նոր ծրագրեր:

Արվեստի  աշխարհում  նրան  առաջնորդել և  այսօր  էլ  շարունակում  է  ուղղորդել  որոնման  ոգին, ձգտումը  դեպի  կատարելություն: Ստեփանակերտի դրամատիկական  թատրոնը  մշակութային այն  օջախն  էր, որտեղ  և  բացահայտվեց  Լեոնիդ  Հարությունյանի  տաղանդի  և  ստեղծագործական ունակությունների  ողջ  ներկապնակը:

Վաստակաշատ ռեժիսորը չի վհատվում փոփոխվող ժամանակի դժվարություններից և գտնում է, որ  ժամանակակից   հանդիսատեսն  այսօր  էլ  սեր ու  ծարավ  ունի  թատրոնի  նկատմամբ, պարզապես  պետք  է  բեմական նոր  ու արդիական կյանքով  սնուցել  նրա զարգացող ճաշակը, ավելին՝ այդպիսի ներկայացումներով ճաշակ ձևավորել: Ժամանակն  այսօր  պահանջում է  նոր մոտեցում  թատրոնի  նկատմամբ, քանի որ արվեստը հոգու  պահուստն  է, որից օգտվելով՝  ժողովուրդը  դառնում  է  հոգով  ամրապինդ  ու  աննկուն: Թատերական    ակտիվ  կյանքն    ի  զորու է  և կարող է հայտնաբերել  նոր  հանդիսատեսին:

Ռեժիսորի համար աշխատանքում ծուլանալը հավասարազոր է մահվան, քանզի հոգևոր մահն ավելի սարսափելի է:

– Թատրոնի նվիրյալը պետք է անդուլ արարի, ապրի կյանքն  ամբողջ հոգով, ստեղծի՝ երբեք չհոգնելով: Դու չես կարող այսօրվա չարածը լրացնել վաղը: Վաղն իր հոգսն ունի և նպատակը: Պետք է հասցնել,- համոզված է  նա:

Լուսանկարում՝ «Ոսկե  ճուտիկը» ներկայացման դերակատարների  հետ  (լուսանկարը՝ «Թատերարվեստի  երախտավորը»  գրքից)

Արցախի  հողը ներշնչեց  նրան  նորանոր  մտահղացումներ  ու ստեղծագործական  ծրագրեր: Ծննդով գյումրեցի արվեստագետը հոգու  ամուր  թելերով  կապված  է Արցախին և իր ավյունն ու ուժն  անմնացորդ նվիրաբերել է Արցախի հանդիսատեսին: Նրան սնուցել և ոգի է ներշնչել նաև Շիրակ աշխարհը: Այդուհանդերձ, նա իր արմատները խորացրել է  Արցախի ոգեշունչ ու պարարտ հողում:

-Կատարյալ արվեստի ձգտումն է միավորում արվեստագետներին, մղում դեպի գագաթը վեհության ու ինքնաճանաչման,- համոզված է Լ. Հարությունյանը:

Հարթ ու անխոչընդոտ չի եղել նրա ստեղծագործական ուղին։ 14 տարի շարունակ  ստեղծագործելուց, արարելուց  հետո 1988-ի հոկտեմբերին  նա  հեռացվեց  Ստեփանակերտի մայր թատրոնից, պատճառը` կոլեկտիվի հետևյալ դիրքորոշումն էր՝ «Նա մեր  կադրը չէ», «Մենք պետք  է  ունենանք  մեր հոգուն հարազատ ղեկավար»:

Ռեժիսորը չի տրտնջում՝ «Ճանապարհն  է  իմ  ընկերը: Ես  միշտ  բարի  խորհուրդներ  եմ  քաղում  իմ  անցած  ճանապարհից: Եվ  ճանապարհն  ինձ  ասում  է. «Քայլի´ր, մաքառի´ր, ստեղծի´ր  և նվիրի´ր…Դա  է  այս  կյանքում  վեհն ու  մնայունը»:

Այնուհետև  Գյումրին  դարձավ  նրա  արվեստի  հին  ու նոր  հայրենիքը: Նույն  թվականի նոյեմբերին  նա  արդեն  Գյումրիի տիկնիկային  թատրոնի  բեմադրող  ռեժիսորն  էր: Հարազատ  քաղաքում նա  ուրիշ  անուն  չուներ: Նրան  անվանում  էին  Ղարաբաղի  Լեոնիդ:

1988-ի  երկրաշարժից  հետո ռեժիսորի  համար  դժվար  էր նայել  բեմին և  տեսնել  մարմնավորվող  տեսիլքներ: Այնուամենայնիվ, բեմը  ձգողական  մեծ  ուժ ուներ, և  վարագույրներ  բացող  ձեռքը` ժամանակն  էր, որը  հետզհետե  միավորեց   սովորականն ու  անսովորը, ցավի  լույսն ու  երազի  շնչառությունը,  վախի  սրտատրոփն  ու  նախաձեռնությունների  նոր  տարերքը: Դա  էին  պահանջում  հարազատներ  կորցրած  գյումրեցու լուռ  հայացքն  ու  բռունցքվող բառերի  ճիչը:

Աստիճանաբար  վիշտն ու  արհավիրքը  հաղթահարելով՝ նա  փորձում  էր  ներկայացումների  միջոցով  հոգեկան  թեթևություն  բերել  աղետյալ  քաղաքին:

Երկրաշարժի  թողած ավերի, ցավի, սովի  և արդեն  լայնածավալ  պատերազմի  վերածվող արցախյան  շարժման  դժվարին  պայմաններում  կյանք  ստացավ  և  բեմադրվեց  Ա. Կոռլյանդսկու  և  Ա.Խայտի  «Դե՛  գայլ, սպասի՛ր»  ներկայացումը:  Պատերազմի  զինվորի  պես  մաքառող  ու  մարտնչող  է  նա։ Ու այս  ներկայացումը, որը, ինչպես  և նրա  բեմադրած  շատ  ներկայացումներ՝  Վ.Օռլովի «Ոսկե  ճուտիկը», Գրիմ  եղբայրների «Ծերուկ  հրաշագործը», Վ.Վարդանյանի «Լուսերեսն ու  Վարդերեսը» և  այլն, ընդգրկվելով Գյումրիի  տիկնիկային թատրոնի  խաղացանկում, տասնամյակներ  շարունակ ցուցադրվում  և  բավականություն  են  պատճառում բազմաթիվ  հանդիսատեսների:

Ռեժիսորի  համար  հպարտություն  է, որ իր  բեմադրած  ներկայացումները  Երևանի, Գյումրիի, Ստեփանակերտի, Շուշիի  բեմերից  շարունակում են հաղորդակցվել հանդիսատեսի  հոգու ու մտքի հետ՝ ստեղծելով  արվեստի  բաբախուն  և  ջերմ մթնոլորտ:

Լուսանկարում՝ դրվագ «Կսմիթներ» ներկայացումից (լուսանկարը՝ «Թատերարվեստի  երախտավորը» գրքից)

1995թ. Լեոնիդ  Հարությունյանը  Վ.Փափազյանի  անվան  դրամատիկական  թատրոնում  հիմնել  է  «Աստղիկ» թատերական  ստուդիան, որը   կարևորագույն  օջախ էր  երիտասարդ  դերասանների  ուսումնառության  և  թատերարվեստում  հմտանալու  գործում:

Շուշիի Մ. Խանդամիրյանի  անվան  դրամատիկական  թատրոնի  կոլեկտիվը  ՀՀ արվեստի  վաստակավոր  գործիչ  Սարգիս  Նաջարյանի  հետ (լուսանկարը՝ «Թատերարվեստի  երախտավորը»  գրքից)

Լ.Հարությունյանն  այժմ  Շուշիի Մ. Խանդամիրյանի  անվան  դրամատիկական  թատրոնի   գեղարվեստական  ղեկավարն է: Շուշիի  թատրոնի  համերաշխ  ու  աշխատունակ  երիտասարդ  կոլեկտիվը  հասցրել  է  բեմադրել  ժանրային  առումով  տարբեր  ներկայացումներ` դրամատիկ, մանկապատանեկան, տիկնիկային  և  այլն:

«Մեր  թատրոնի  ճակատագիրը  նման  է  մեր ժողովրդի ճակատագրին՝ իր կորուստներով, նվաճումներով ու  մաքառումներով: Մեր  թատրոնը  մեր  ճակատագրի  թարգմանն է  եղել: Ուստի  իզուր  չեն  ասել  մեր մեծերը՝ եթե  ուզում  ես  ճանաչել  ժողովրդին, շփվիր  նրա  թատրոնի  հետ»,- ասում է ճանաչված  ռեժիսորը:

 

Share

Comments are closed.