Ինտեգրացիոն գործընթացները մարտահրավե՞ր, թե՞ հնարավորություն

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
Փորձագետ
Ստեփանակերտ

Եվրասիական միություն ստեղծելու Պուտինի հոդվածը, որ լույս տեսավ ՙԻզվեստիա՚ թերթի հոկտեմբերյան համարներից մեկում, հետաքրքիր դիսկուրս առաջացրեց միջազգային վերլուծական շրջանակներում: Դրանից օրեր անց ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի ստորագրումը գալիս է ուժեղացնելու այդ դիսկուրսը եւ նոր երանգներ հաղորդելու դրան: Ավելացնենք, որ ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի` Հայաստանը դրական վերաբերվեց Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի վարչապետի գաղափարին:

Ի՟նչ միություն է սա, ի՟նչ նոր ինտեգրացիոն մեխանիզմ կարող է այն մեզ առաջարկել, հակասում է, արդյո՟ք, Եվրասիական միությունը Հայաստանի որդեգրած եվրաինտեգրմանը:

Դատելով Վլադիմիր Պուտինի հոդվածից` Եվրասիական միությունը մինչ այդ գոյություն ունեցած ինտեգրացիոն քայլերի շարունակությունն է, քայլեր, որոնց շնորհիվ ծնվել են Ռուսաստան-Բելառուս դաշնային պետությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական համագործակցությունը (ԵՎՐԱԶԵՍ), Մաքսային միությունը եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ստեղծած Միասնական տնտեսական տարածքը: Հոդվածում Ռուսաստանի վարչապետն ասում է, որ Եվրասիական միությունը բաց է բոլոր ցանկացողների եւ հատկապես ԱՊՀ երկրների համար: Արեւմտյան մի շարք վերլուծաբաններ այն դիտում են որպես Շանհայի համագործակցության կազմակերպության մրցակից Կենտրոնական Ասիայում, որտեղ մեծանում է Չինաստանի ազդեցությունը եւ Եվրամիության մրցակից` Արեւելյան գործընկերության տարածքի երկրներում (տես, մասնավորապես, RICHARD WEITZ, Global Insights: Dim Prospects for Putin’s Eurasian Union, www.worldpoliticsreview.com/articles/10301/global-insights-dim-prospects-for-putins-eurasian-union):

Միեւնույն ժամանակ` աշխատուժի, կապիտալի եւ ծառայությունների ազատ տեղաշարժ եւ միասնական շուկա ենթադրող այս նոր միությունը Ռուսաստանի վերջին տարիներին տարվող քաղաքականության տրամաբանության մեջ է: Ռուսական կայսրության, ապա եւ Խորհրդային Միության շնորհիվ մի հսկայական տարածքի վրա խորապես տարածվել է ռուսական քաղաքակրթություն, այսպես թե այնպես` Միջին Ասիայի, Հարավային Կովկասի եւ Արեւելյան Եվրոպայի շատ երկրներ դեռեւս կրում են ռուսական հզոր մշակույթի ազդեցությունը, թվարկված տարածաշրջանների որոշ երկրներում դեռեւս կոմպակտ բնակվող հզոր ռուսական համայնքներ կան: Եվրասիական միությունն օգտագործելով` Ռուսաստանը փորձելու է լուծել ժողովրդագրական խնդիրներ, ինչը նա անում էր դաշնային մի քանի ծրագրերով, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրացիան օգտագործելով` ապահովելու է ռուսական մշակույթի հետագա դոմինանտ դերը վերոնշյալ տարածաշրջաններում:

Նշենք, որ Հայաստանն արդեն իսկ ազատ առեւտրի պայմանագիր ուներ Եվրասիական միության պոտենցիալ երեք անդամից երկուսի` Ռուսաստանի եւ Բելառուսի հետ: Իսկ այս տարվա հոկտեմբերից, ԱՊՀ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի ստորագրումը, որին միացան ԱՊՀ տասնմեկ անդամ երկրներից ութը` ի դեմս Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, թույլ է տալիս այս երկրների միջեւ իրականացնել առանց մաքսերի առեւտուր եւ ծառայությունների արտահանում: Հետեւաբար, կարելի է նշել, որ տարբեր մակարդակներում Հայաստանը Եվրասիական ապագա միության անդամների հետ ունի գործակցության եւ ինտեգրացիայի բարձր մակարդակ, ինտեգրման այս ուղղությունը նորություն չէ մեզ համար, այն չի խանգարում եվրաինտեգրմանը: Նորությունը ձեւաչափն է. Պուտինի հոդվածում արծածված վերազգային կառույցների ստեղծման գաղափարը, միասնական տարադրամային եւ տնտեսական քաղաքականության իրականացման տեսլականը նշանակում է տվյալ ոլորտներում ունեցած սուվերենության պատվիրակում վերազգային մարմիններին:  Վլադիմիր Պուտինը լավատես է նման միության արագ ստեղծման, կառույցների ձեւավորման հարցում` նկատի ունենալով ԵՄ երկրների փորձը եւ նրանց սխալները չկրկնելու հնարավորությունը:

Բացի որոշակի սուվերենության պատվիրակության վախից, հայոց մեջ անհանգստություն է առաջացնում նաեւ եվրասիական բառը, ինչն այս կամ այն կերպ ասոցացվում է եվրասիականության հետ: Վերջինս էլ շատ հաճախ ներկայացվում է որպես թուրք-ռուսական միության ձգտում` միտված Եվրասիայի կորիզը դառնալու: Այս վախերն ավելանում են ռուս որոշ քաղաքական գործիչների հայտարարությունների պատճառով, որտեղ նրանք Թուրքիային տեսնում են ապագա Եվրասիական միության մեջ: Առանց դրա էլ վերջին տարիներին Ռուսաստանում Թուրքիայի դերի մեծացումը, թուրքական կապիտալի լայնորեն տարածվելը Հայաստանի դաշնակից երկրում հայկական վերլուծական շրջանակներում լուրջ անհանգստություն է ծնել:

Եթե Եվրասիական միությունը եւ նրա տված հնարավորությունները հիշեցնում են նախկինում ունեցած կապերի ու հնարավորությունների վերականգնումը, ապա Եվրամիության հետ հարաբերություններն ավելի հետաքրքիր հեռանկարներ են բացում: ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունները 1991թ. սկսած TACIS օժանդակության ծրագրից այսօր հասել է մինչեւ ասոցացման պայմանագրի բանակցություններ: Արեւելյան գործընկերության շրջանակներում վարվող այս բանակցությունները ենթադրում են ազատ առեւտրի խորը եւ համապարփակ համաձայնագիր,  ԵՄ տնտեսությանն աստիճանաբար ինտեգրվելու եւ վիզային ռեժիմի աստիճանական ազատականացման հնարավորություն: Սրան նախորդել էր որոշակի ապրանքատեսակների համար մաքսային վճարների զրոյացում նախատեսող ՙԱրտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգը՚ (GSP+): Թեեւ ԵՄ-ն չի թաքցնում, որ Արեւելյան գործընկերության նպատակներից մեկն էլ էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկրներին մոտ լինելն է սեփական էներգետիկ դիվերսիֆիկացիան ապահովելու նպատակով, այնուամենայնիվ` որոշակի բարեփոխումների դիմաց հետխորհրդային վեց երկրներին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս) առաջարկվող ասոցացման պայմանագրերը հետաքրքիր հեռանկարներ են բացում վերջիններիս տնտեսությունների համար` հաշվի առնելով, որ  Արեւելյան գործընկերության շրջանակներում լրացուցիչ գումարներ են հատկացվելու սոցիալ-տնտեսական տարբերությունների նվազեցման եւ կայունության մակարդակի բարձրացման նախագծերին:

Մյուս կողմից` Արեւելյան գործընկերության քաղաքականությունը մեծ դեր է տալիս քաղաքացիական հասարակությանը, գոյություն ունի Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը պետք է նպաստի վերոնշյալ երկրներում երրորդ սեկտորի կայացմանը, ժողովրդավարացմանը եւ արդյունավետ կառավարման ջանքերին: Որպես կանոն, Ռուսաստանի կողմից նախաձեռնվող տարբեր ինտեգրացիոն գործընթացներում քաղաքացիական հասարակությանը կարեւորություն քիչ է տրվում:

Ո՟ր ուղղությամբ պետք է գնա Հայաստանը` դեպի Եվրամիություն, թե՟ դեպի Եվրասիա:

ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է` միեւնույն ժամանակ ողջունելով Պուտինի Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը: Ես նույնպես կարծում եմ, որ դրանց միջեւ հակադրություն չկա: Ինտեգրման տարբեր գործընթացներն անխուսափելի են, պետք է պատրաստ լինել այդ ամենն ազգային շահի համար օգտագործել: Այս երկու ուղղությունն էլ նախ եւ առաջ ենթադրում են տնտեսական ինտեգրում, հետեւաբար պետք է ունենալ մրցունակ տնտեսություն` միասնական տնտեսական տարածքներում չկորչելու համար: Ինտեգրումը մարտահրավեր կլինի, թե հնարավորություն` մեզնից է կախված: Մտնելով ինտեգրման տրամաբանության մեջ` օլիգարխիկ, կոռումպացված տնտեսություն ունենալն ինտեգրումը դարձնում է մարտահրավեր, ինչը բերելու է ազգային հզորության թուլացման: Տնտեսության առողջացումը, մրցունակ ճյուղեր ստեղծելը ինտեգրումը մեզ համար վերածելու են հզորանալու եւ հարստանալու հնարավորության: Հետեւաբար, պետք է ոչ թե վախենանք ինտեգրումից, այլ ունակ լինենք այն մեր օգտին ծառայեցնելու համար:

 

Share

Comments are closed.