Ընտանիք՝ զոհողության գնով

 


Ալվարդ ՊՈՂՈՍՅԱՆ

 

Կինն  է  տվայտում

Նորից  եմ  իջնում  իմ  ներքնահարկը,

Որ  զետեղված  է  սրտիս  խորքերում։

Փակվում  եմ  երկրի  լույսից  ու  գույնից,

Միաձուլվում  եմ  ստվերների  հետ։

Խորհում եմ  երկար, փնտրում  ճանապարհ

Դեպի  գույների, լույսի  աշխարհը,

ՈՒր  իմ  հոգու  մեջ  կծիածանվի

Մի  կամարաձև  պատում  գեղեցիկ։

Գորշ  ստվերները  անձուկ  աշխարհիս

Հյուսում  են  իրենց  խիտ  սարդոստայնը՝

Ճախրանքի  ձգտող  հոգիս  թևաթափ

Առնեն  իրենց  մեջ  կամքիս  հակառակ։

Ահա  այսպես  է  մտորում  այն  կինը, ով  կրում  է  իր  վրա  ընտանեկան բռնության  ազդեցությունը։ Այդ  բռնությունը  ժամանակի  ընթացքում  ունենում  է  ցավալի  հետևանքներ՝ առողջության  կորուստ, ինքնասիրության  վերացում, անգամ  կյանքի  կորուստ։ Այս  հետևությունը  հիմնված  է  իրական  փաստարկների  վրա։

Ամեն  անգամ, երբ  Սուսանը  ներկայանում  էր  իր դստեր  ծնողական ժողովին, նստում  էր  և  անքնին  հայացքով  դիտում  շուրջբոլորը՝  պարզապես  ապահովելով  իր  զուտ ֆիզիկական  ներկայությունը  ժողովի  ժամանակ։ Այս  երևույթը  չէր  կարող  վրիպել  շրջապատի  ուշադրությունից։ Հերթական  ժողովին  ներկայացավ  Սուսանի  մայրը  և  պատմեց, թե դուստրն ինչպես  է պարբերաբար  ծեծի  ենթարկվում  ամուսնու  կողմից , ինչի  արդյունքում էլ ստացել  է  հոգեկան  ցնցում։ Այժմ  նա  բաժանվել է  ամուսնուց և համապատասխան  բուժում է ստանում։

Ինչպե՞ս  կարելի  է  քսան  տարի  շարունակ  ապրել  երդվյալ  հարբեցողի  հետ։ Սա  Քնարիկի  պատմությունն  է, ում  բաժին  էր  ընկել  ամուսնու  կողմից  ֆիզիկական  և  բարոյահոգեբանական բռնության լուծը։ Զարմանալի  է, որ այդ  կինը,  տարիներ  շարունակ  տառապելուց  հետո,  իր  մեջ, այդուհանդերձ,  ուժ  գտավ  կազմալուծելու  ամուսնությունը  և  ապրելու  մոխիրներից վեր  հառնած  ինքնասիրության  փշրանքներով։

Ինչպե՞ս  կարելի է վերաբերվել  այն սահմռկեցուցիչ  փաստին, երբ  կինը  ինքնասպանության  նպատակով քացախաթթու է խմում  և  հայտնվում հիվանդանոցում։  Վերջին  պահին  նա  զղջացել  էր  իր  արածի  համար , սակայն  ուշ  էր  արդեն. մահացավ՝ չհասցնելով շրջապատին պատմել իր  ընտանեկան  դժբախտության մասին։ Կնոջ  կյանքն  էր դրվել  ընտանիքի զոհասեղանին։ Ինչու՞, մի՞թե  այլընտրանք  չկա…

Բարեբախտաբար,  կան  ընտանիքներ, որոնք ուղղակի աչք են շոյում ներընտանեկան համերաշխությամբ, հոգատարությամբ ու սիրով։

Մանուկ  հասակում, երբ  այցելում  էի  պապիս  ու  տատիս, իմ առջև  բացվում  էր  մի  հոգեպարար  աշխարհ, ուր  առկա  էին  նվիրվածություն, հոգատարություն, ջերմություն ու սեր, ու այդ ամենը՝ համեմված մեխակի  ու  դարչինի  բույրով  թեյով, մրգաբույր  այգով,  նարդու  խաղաքարերի  չխկչխկոցով ու աշխույժ  եռուզեռով։ Ցավոք, այս իրապատում  հեքիաթին վերջ դրեց  արցախյան  պատերազմի  ժամանակ  հերթական ռմբակոծությունը։

Հաջորդ  պատմությունը  վերաբերվում  է  Իրայի  ընտանիքին։ Իրան  ամուսնու  և  երեք  երեխաների  հետ  ապրում  է  վարձով՝  մեկսենյականոց  բնակարանում։ Նման կենցաղային  վիճակը  չի  խարխլում  ընտանիքի  անդորրը։ Ամուսիններն ապրում հաշտուխաղաղ։

Առեղծվածային  հակադրություն  է՝ տղամարդը, ով  ունի  ապրուստ, տուն ,  երեխաներ, բռնություն  է  գործադրում  ընտանիքում, մինչդեռ  մյուս  տղամարդը,  ապրելով  սուղ  պայմաններում,  երջանիկ  է  իր  ընտանիքի  հետ։ Խնդիրը  բավականին  բարդ  է, քան  կարող է թվալ առաջին հայացքից։

Լուսինեն  սիրունատես  կին  է։ Այն  հարցին , թե  ինչպես  է  նրան  հաջողվում  պահպանել  հրաշագեղ  կազմվածքը , պատասխանում է՝  իմ ու ամուսնուս  փոխադարձ  սիրո  արդյունքն  է։ Փոխըմբռնման  հիասքանչ  օրինակ  է, երբ  իրագործվում  են  Աստվածաշնչի  Եփեսացիների  5/33-ում  գրված սքանչելի  տողերը՝«որպեսզի  յուրաքանչյուր  ոք  իր  կնոջն  այնպես  սիրի, ինչպես  իր  անձը, և  կինը  երկնչի  իր  մարդուց»։

Իսկ դժվարին կացության մեջ  հայտնված  կանանց պատմություններին անդրադառնալուս նպատակը մեկն  է՝  փորձելու  բացահայտել, վեր  հանել  պատճառները , հանգամանքները  ու  ամենակարևորը՝ կարեկցել ու աջակցել նրանց։

 

                                              Ազգանվեր  գործոն

                            Ամեն  մարդ  ունի  ընթացքն  իր  կյանքի՝

                            Լի  երանությամբ  կամ  դառն  կացությամբ։

                            Եթե  մենք  ուսյալ, գրագետ, կիրթ  ենք՝

                            Պարտավորվում  ենք  սրտանց  աջակցել,

                            Թույլ  ու  տկարին  սատար  կանգնելով,

                            Հանգամանորեն  ճիշտ  ընկալելով։

                            Ուղեղանյութի  ծալքերում  մանրիկ

                            Փոքր-ինչ  աննշան  փայլատակումից

                            Գուցե  կպարզվի  խնդիրը  խրթին ,

                             Լուծում  կգտնվի  պատշաճ  ու  բարի։

                            Վեր  հանված  բոլոր  ցավերը  ազգի

                              Կբալասանվեն  ու  կախտահարվեն։

                             Պայծառ  ապագա  կծիածանվի

                             Հայրենյաց  երկրում  մեր  շատ  սիրելի։

Իրական  դեպքեր են մեզ  առերեսվում  ամեն  քայլափոխի։ Ժամանակի  թելադրանքով  բացահայտվում  են  մարդկային  կյանքի  զանազան, ցավալի  պատմություններ։ Այս  առումով  անգնահատելի  է  Շուշի  քաղաքում  գործող  «Կանանց  ռեսուրսային  կենտրոն» ՀԿ-ի  գործունեությունը, կազմակերպություն, որի  ղեկավարը  Գայանե  Համբարձումյանն է։

Կենտրոնը  հիմնադրվել  է  2008 թվականին  և  հանդիսանում  է  Երևանում  գործող  համանուն  կենտրոնի  ենթաճյուղը։ Գայանեի  հետ  ունեցած  զրույցից  պարզ  դարձավ, որ  կենտրոնը  յուրօրինակ  հանգրվան  է, ուր բացահայտվում  է  կնոջ  ներանձնականը, այն ամենն, ինչ  պարզաբանման  և  ընկալման  կարիք  ունի։ Այստեղ  կանայք  որոշ  չափով  թոթափում  են իրենց  ուսերին  դրված ընտանեկան  ծանր  բեռը, քանի որ ստանում  են անհրաժեշտ  խորհրդատվություն, աջակցություն, ինչը շատ  կարևոր  է  առանց  այն էլ  ընկճված  կանանց  ճիշտ  ուղղորդելուն  ներկայիս  անկանխատեսելի, բարդ  կենսական  պայմաններում։

Կենտրոնում  իրականացվող  անձնվեր, օրհնաբեր  աշխատանքը  մեր  կանանց  մխիթարում, զորացնում  և  ուղղորդում  է  դեպի  հուսավառ  ապագա։

Թող նրանք  զորանան  և  հրաշագեղ, դիցաբանական  փյունիկ հավքի  պես  այրվելով,  մոխիրներից  վեր  հառնեն  ու  ապրեն  արևափայլ, լուսավառ  կյանքով։

Share

Comments are closed.