«Ազատ Արցախ»  թերթը՝ արցախահայության խոսափող

 


Սվետլանա
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արցախի Հանրապետության գլխավոր պաշտոնաթերթը հանրության կողմից լայն ճանաչում ստացած «Ազատ Արցախ» թերթն է, ինչպես ընդունված է մեզ մոտ ասել՝ մայր թերթը: Երկար և դժվարին ճանապարհ է անցել թերթը՝ մինչև հասել է մերօրյա հանգրվանին: 2018 թվականի հունիսին նշվեց «Ազատ Արցախի» 95-ամյակը:

1923 թվականին ստեղծված թերթը սկզբից կոչվում էր «Ղարաբաղի գեղջուկ»: Այնուհետև մի քանի տասնամյակ ընթերցողներին էր ներկայանում որպես «Սովետական Ղարաբաղ»  («Խորհրդային Ղարաբաղ») – “Советский Карабах” երկլեզու թերթ: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մի քանի վերանվանումներից հետո վերջապես կոչվել է «Ազատ Արցախ»:

Թերթի լոգոտիպը

Թերթի ներկայիս գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանն (արդեն՝ նախկին գլխավոր խմբագիր.-խմբ. կողմից) ահա թե ինչն է առավելս կարևորում թերթի պատմությունում.

Ազատ Արցախ թերթի խմբագիր՝ Լեոնիդ Մարտիրոսյան

-Բացառիկ դեպք է , որ թերթը 95 տարիների ընթացքում չի ընդհատել իր գոյությունը և շարունակել է իր հայապահպան մեծ առաքելությունը: Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիներին թերթը յուրատեսակ կամուրջ էր դարձել թիկունքի և ռազմաճակատի միջև: Խորհրդային տարիներին, չնայած այն հսկայական դժվարություններին, որոնք կապված էին խոսքի ազատության սահմանափակումների հետ, այնուամենայնիվ, թերթին հաջողվել է պահպանել ազգային ինքնությունը, մնալ իր բարձրության վրա, լինել ժողովրդի շահերի պաշտպանը:

Իսկ փոխվե՞լ է մայր թերթի առաքելությունն այսօր։ Պարոն Մարտիրոսյանը հստակեցնում է թերթի ներկայիս առաքելությունը.

Մեր թերթի առաքելությունը ոչ միայն Արցախի Հանրապետության պատմությունն ու առօրյան տպագիր տարբերակով ներկայացնելն է, այլև ընթերցողներին մշտապես հետաքրքիր ու հավաստի տեղեկատվություն հրամցնելը: Այսօր թերթի գլխավոր նպատակն է՝ համակողմանիորեն լուսաբանել Արցախի Հանրապետության հասարակականքաղաքական, սոցիալտնտեսական և մշակութային կյանքը:

Ի դեպ, թերթն ունի նաև էլեկտրոնային տարբերակ՝  http://www.artsakhtert.com

Կարելի է պատկերացնել, թե որքան բարդ ու պատասխանատու է գլխավոր խմբագրի գործը։ Բարդ ու հետաքրքիր՝ ճշտում է Լ.Մարտիրոսյանը։ Ու հավելում՝

-Վերջնարդյունքում ընթերցողներն իրենց ձեռքին տեսնում են պատրաստի թերթը, բայց թե մինչ այդ ինչ է տեղի ունենում խմբագրությունում՝ շատերը պարզապես չեն էլ պատկերացնում

Թերթը դեռևս մշակման փուլում է

Անկարելի է խոսել թերթի մասին և չշեշտել արցախահայության համար պատմական համարվող 1988 թվականի զարթոնքն ու այդ գործում լրատվամիջոցների ունեցած աննախադեպ դերը:

Լրագրող Ռուզան Իշխանյանն իր աշխատանքային տարիների և հիշողությունների մասին հետաքրքիր մանրամասներ կիսեց մեզ հետ.

Առաջին նյութս Հացի գյուղից էր, 18-ամյա Հայկի մասին, ով թողել էր Երևանի պետհամալսարանի իր դասերը և նետվել արցախյան շարժման հորձանուտը: Մեկ տարի հետո նրա սևազգեստ մայրը եկավ ինձ մոտ՝ խմբագրություն: Մենք գրկեցինք իրար ու լաց եղանք: Իրար սփոփեցինք, նա զավակին էր կորցրել, ես՝ ամուսնուս:

Ռուզանն այրիացել էր դեռևս 1992-ին։

Դժվար է ու պատասխանատու է լրագրողի աշխատանքը:Կրկնակի դժվար էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթի լույս ընծայման տարիներին: Սաֆոնովի և Պոլյանիչկոյի նման հայատյաց անձանց քթի տակ էինք աշխատում: Օրը մի քանի անգամ հանկարծակի ներս էին խուժում նրանց կողմից ուղարկված ռուսազգի գրաքննիչները, ստուգումներ իրականացնում,- պատմում է Ռուզանը:- Բայց թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Հովհաննիսյանը, փորձառու լրագրողներ Նվարդ Սողոմոնյանը, Նվարդ Ավագյանը, ողջ խմբագրակազմով գիշերցերեկ աշխատում էինք՝ ժամ առաջ շրջափակված ժողովրդին հասցնելու համար լուրերը շրջաններից, արտերկրից: Ոգևորվում էի նրանց զուսպ ու արհեստավարժ աշխատանքով: Մեկամյա որդուս թողնելով հարազատներիս խնամքին՝ գյուղերն էի մեկնում, նյութեր բերում ֆիդայիների, գյուղն ու տունը չլքող , մինչև վերջ պինդ կանգնող արցախցու մասին: Ասեմ, որ մեծ ու կարևոր առաքելություն էր դա: Տարիների հեռվից հետահայաց նայելով այդ ամենին, կարող եմ հաստատել, որ մեր գրած ոգևորիչ նյութերը, սգացող մայրերի կողքին լինելը և նրանց զոհված զավակների հերոսությունները լուսաբանելը ուժ ու եռանդ էին տալիս ժողովրդին:

Ռուզան Իշխանյանն այսօր էլ աշխատում է « Ազատ Արցախ » թերթում և լուսաբանում է ԱՀ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Փորձառու լրագրողների՝ սկսնակներիս տրված հիմնական պատգամը հետևյալն էր՝ գիտելիք և տքնաջան աշխատանք:

Share

Comments are closed.