«Բերլինգսկե» (Դանիա). Ի՞նչ է տեղի ունենում, երբ անջատում են համացանցը


Ռուսաստանում քննարկում են համացանցի շրջափակման և կենտրոնացման մասին օրինագիծը։ Արդյո՞ք երկիրը քննարկում է գլոբալ ցանցից անջատման սցենար։ Արդյո՞ք մի ամբողջ երկիր կկորցնի ինտերնետի հետ կապը։ «Նման բան երբևէ արդեն եղել է,-գրում է “Բերլինգսկե” թերթը,- Կոնգոյում կառավարությունը որոշ ժամանակով անջատել է ինտերնետը, իսկ Տոնգան օֆլայն վիճակում էր հայտնվել ունեցած միակ մալուխի վնասման պատճառով»։

© AFP 2019, Jonathan Nackstrand

Ռուսաստանը մտադիր է փորձարկել շրջափակման մի տարբերակ, որը թույլ կտա երկիրն անջատել գլոբալ ինտերնետից։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե երկիրը կորցնի կապը համացանցի կամ նրա մի մասի հետ։ Ահա երեք օրինակ։Ռուսաստանն իրեն կանջատի գլոբալ ինտերնետից։ Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Կոնգոն և Տոնգան, նախկինում փորձել են այդօրինակ մանևր կամ էլ իրենց կամքից անկախ են անջատվել։ Այս երկրներն այնքան էլ մեծ չեն և չունեն Ռուսաստանի ունեցածին համադրելի ենթակառուցվածքներ, այնպես որ Ռուսաստանի պարագայում ինտերնետից անջատման գործընթացը շատ ավելի բարդ կլինի։

Երբ կառավարությունն անջատեց ինտերնետը Կոնգոյում

Թե՛ ընդդիմությունը և թե՛ կառավարությունը ենթադրում էին, որ կհաղթեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում անցկացվող նախագահական ընտրություններում, երբ սույն թվի հունվարի սկզբին շրջափակեցին ինտերնետին միացումը։ Կառավարությունը գտնում էր, որ համացանցում տարածվում են ընտրությունների արդյունքների մասին կեղծ տեղեկություններ, և որ միայն օֆլայն վիճակը կարող է կանխել քաոսը։ Ինտերնետ-միացումը շրջափակված էր մնում քսան օր և, ըստ որոշ գնահատականների, դա օրական արժենում էր 20 միլիոն դոլար։ Ինտերնետի անջատումը զուգընթաց էր Էբոլա վարակի տարածմանը, և երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանը նախազգուշացրեց նման միջոցի կիրառման հետևանքների մասին հիվանդանոցների, համալսարանների ու առևտրի համար։

Քաոս Տոնգայում

Հունվարի 20-ին խաղաղօվկիանոսյան Տոնգա կղզին անսպասելիորեն կորցրեց համաշխարհային ցանցի հետ միացումը՝ ստորջրյա ինտերնետ-մալուխի վնասման պատճառով։ Ինտերնետ-միացումը թույլ էր տալիս ապահովել միջազգային հեռախոսազանգերի հնարավորությունը և վճարել գնումները վարկային քարտերի միջոցով։ Փոքրիկ թագավորությանը հաջողվեց սահմանափակ ծավալներով վերականգնել ծառայությունների աշխատանքը, բայց ամեն ինչ շատ դանդաղ էր ընթանում։ Տոնգան չի կարողանում ճշգրիտ գնահատել տնտեսական հետևանքները, սակայն ըստ առևտրի դեպարտամենտի ղեկավարի՝ ինչպես կազմակերպությունները, այնպես էլ մասնավոր անձինք շատ են տուժել, քանի որ չեն կարողացել կատարել պատվերները և գումարներ ստանալ արտերկրից։ Երկու շաբաթ անց ինտերնետ-մալուխը վերանորոգեցին։ Դա միակ մալուխն է, որը Տոնգային կապում է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ֆիջիի և ԱՄՆ-ի հետ։ Ըստ տեղական իշխանությունների՝ հիմա իրենք աշխատում են երկրորդ մալուխն անցկացնելու ուղղությամբ, բայց դա կարող է մի քանի տարի տևել։

Ինտերնետի անջատումը բողոքի ցույցերի ժամանակ

2016 թվականի ամռանը Թուրքիայում ռազմական գերատեսչությունները փորձեցին իշխանության գալ հեղաշրջման միջոցով։ Հեղաշրջման փորձից անմիջապես հետո տեղի բնակիչները հասկացան, որ կորցրել են կապը սոցիալական ցանցերի մեծ մասի հետ։ Ինտերնետ-գրաքննությանը հետևող “Թյորքի Բլոկս” (TurkeyBlocks) կազմակերպության տվյալներով՝ շրջափակվել է մուտքը Թվիթեր, Ֆեյսբուք և Յութուբ։ Արաբական գարնան ժամանակ իշխանությունները նույնպես փորձում էին սահմանափակել մուտքն ինտերնետ։ Օրինակ, 2011 թվականի սկզբին եգիպտական իշխանությունները փակել են մուտքը Ֆեյսբուք և Թվիթեր, քանի որ ընդդիմադիրներն այդ ցանցերն օգտագործում էին ցույցերի կազմակերպման նպատակով։Ինչի՞ մասին է օրինագիրը։ Շրջափակում և կենտրոնացում: Դաշնային ժողովում առաջին քվեարկությամբ ձայների մեծամասնությամբ հավանության արժանացած օրինագիծը երկու մասից է բաղկացած։ Շրջափակում։ Ռուսաստանը կհիմնի սեփական ինտերնետը՝ գլոբալ ցանցից անջատվելու հնարավորություն ստանալու համար։ Ինտերնետը հայտնագործել են Միացյալ Նահանգներում, և ամերիկյան ընկերությունները դրա օգնությամբ կառավարում են ենթակառուցվածքների զգալի մասը։ Ուստի և ռուսաստանցիները, ըստ իրենց իսկ խոսքերի, վախենում են, որ օրերից մի օր ԱՄՆ-ն ինքը կորոշի անջատել ինտերնետ-միացումը։ Ռուսաստանն աշխատում էր իր սեփական ցանցի՝ Ռունետի զարգացման ուղղությամբ, որը ենթադրաբար պետք է ինքնուրույն գործի։ Կենտրոնացում։ Շրջափակումը պահանջում է, որպեսզի ինտերնետ-միացումները գործարկվեն և անջատվեն մի տեղից։ Ուստի և օրինագծի երկրորդ մասում ասվում է, որ Ռուսաստանի բոլոր ինտերնետ-մատակարարները պետք է տեղակայեն սարքավորումներ, որոնք միացված կլինեն պետական կառավարման կենտրոնացված-վերահսկող մարմնին՝ Ռոսկոմնադզորին։ Այսպիսով, ռուսաստանյան իշխանությունները փաստացի կկարողանան վերահսկել ողջ տրաֆիկն ինչպես երկրի ներսում, այնպես էլ ելքի ու մուտքի բոլոր կապուղիները՝ ասվում է հաղորդագրության մեջ։

 Միկել Ռանդերիս (Mikkel Randeris)
ИНОСМИ.РУ

Share

Comments are closed.