Գլխիվայր շրջված. կեղծ լուրերը և մեդիայի ապագան

Հաղորդակցության գործընթացում հեղափոխություն է տեղի ունենում: Ողջ Եվրոպայում կառույցները փլուզվել են այլևս չաշխատող ֆինանսավորման մոդելից կախվածության պատճառով: Սա նոր թվային հարթակներին հնարավորություն է տվել էլ ավելի ընդլայնել իրենց հասանելիությունը՝ միևնույն ժամանակ առավելապես վերահսկողության տակ առնելով այն տեղեկությունները, որոնք մենք ենք շրջանառում, ինչպես նաև` սպառում:

Այս նոր մեդիա միջավայրում կեղծ լուրերը ծաղկում են՝ սպառնալիք դառնալով ժողովրդավարական հասարակությունների համար. այս ռիսկային իրավիճակը մենք, ցավոք, անփութորեն թերագնահատում ենք: «Էթիկական» լրագրության ցանցի անդամ Էյդան Ուայթի հետ քննարկել ենք կեղծ տեղեկատվության ազդեցությունը մեր հասարակության վրա:

«Կանաչ Եվրոպա» ամսագիր.
– Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս մեդիադաշտը և տեղի ունեցած գլխավոր փոփոխությունները:

 Էյդան Ուայթ.
-Լանդշաֆտը վերափոխվել է տեխնոլոգիաների և մասնավորապես` ինտերնետի միջոցով, որը թույլ է տալիս մեզ` անհատներիս, ավելի շատ ընտրություն և աղբյուրների ավելի լայն շրջանակներից ավելի արագ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենալ: Բայց սա մեզ թանկ է տրվում. այն հարվածի տակ է դնում մեր անձի գաղտնիությունն ու պաշտպանությունը, ինչպես նաև խոչընդոտում է բազմակարծիք և վստահելի տեղեկատվությանը:

Սոցիալական ցանցերի` տեղեկության արագ տրամադրման կարողությունը մարդկանց համար նվազեցրել է լրագրողների` նոր իրադարձությունների մասին տեղեկություն հաղորդելու դերը: Սակայն, անփոփոխ է հուսալի և ճշգրիտ տեղեկատվության կարիքը, որը ոչ թե պարզապես փաստերի շարան է, այլ իր ամբողջական համատեքստում է նկարագրում տվյալ իրադարձությունը՝ միտված բացահայտելու դեպքերի ազդեցությունն ու հետևանքները:

Լրագրողները ներկայացնում են ամբողջական համատեքստը:

Թեև սոցիալական ցանցերը մեզ հնարավորություն են տալիս վայրկենական լուսաբանել ինչ-որ միջադեպ կամ աղետ, մենք հաճախ լրագրողական ֆիլտրի պակաս ունենք, օրինակ` նախքան լուսաբանումը հաշվի առնել դրանց բացասական ազդեցությունը խոցելի խմբերի, ասենք՝ երեխաների վրա, քանի որ ցուցադրվող պատկերներն ու տեսարանները կարող են վնասակար լինել նրանց առողջությանը:

Չկա վերահսկողություն (մոդերացիա), քանի որ տեխնոլոգիական ընկերությունները միշտ ասում են, որ բովանդակությունը հասցնում են օգտատերերին առանց որևէ  բովանդակային միջամտության: Սա դուռը բաց է թողել անբարեխիղճ հաղորդակցության համար, ինչից օգտվում են, օրինակ, հատուկ շահ հետապնդող խմբերը, որոնք շահագրգռված են պարտադրելու սեփական նեղ օրակարգը, այլ ոչ թե հանրային շահը:

-Ինչպե՞ս է այս վերափոխումը իրական ազդեցություն ունենում ավանդական լրատվամիջոցների վրա:

-Ինտերնետը խորապես փոխակերպեց լուրերն ու տեղեկատվական ինդուստրիան, քանի որ մարդիկ այժմ կարող են անվճար օգտվել ինտերնետից՝ ռադիոյի, հեռուստատեսության, տպագիր նորությունների և ամսագրերի փոխարեն: 

Դրա հետևանքով լրագրության և լրատվամիջոցների բիզնես մոդելը փոխվել է: Գովազդը, որից սնվում էր լրագրությունը, այժմ վերափոխվել է՝ դառնալով սոցիալական ցանցերի մի յուրատեսակ բիզնես մոդել, որի միավոր տարրը օգտատերերի կողմից փոխանակվող բովանդակությունն է. օրինակ՝ հաշվարկը ըստ քլիքների,  սենսացիոն տեքստերի կամ տեսարանների, որոնց միակ նպատակը մարդկանց ուշադրությունը գրավելն է: Սա, ցավոք, ավանդական լրագրությանը զրկել է ռեսուրսներից:

Ամբողջ Եվրոպայում շատ լրատվական գործակալություններ կրճատվել կամ փլուզվել են այլևս չաշխատող այս տեսակ բիզնես մոդելներից կախվածության պատճառով, ինչն, իր հերթին, նշանակում է, որ հիմա ավելի քիչ  թվով  պատրաստված լրագրողներ կարող են նախկինի պես միջնորդի դեր կատարել: Թեև աշխարհում լրագրության դպրոցները  առավել շատ քան երբևէ լի են էներգիայով և խանդավառ ուսանողներով, սակայն իրականությունն այն է, որ լրատվամիջոցների շուկայում բավարար աշխատատեղեր չկան. նրանցից շատերը ստիպված կլինեն աշխատել այլ ոլորտներում:  Մինչ ավելի շատ մարդիկ են զբաղվում լրագրողական աշխատանքով առավել քան երբևէ, օրինակ՝ քաղաքացիական լրագրությամբ, աշխարհի շատ երկրներում զարգացող արագությամբ նվազում է լրագրողական միություններում և արհմիություններում մարդկանց քանակը: Եվ քանի որ այդ միությունների մեծամասնությունը ավանդական ԶԼՄ-ներում  աշխատող լրագրողներն են, դա հստակ ցույց է տալիս առկա աշխատատեղերի քանակի անկումը: Մեկ այլ հանգամանք  է   լրագրության մեջ աճող ոչ ստանդարտ աշխատանքի պահաջարկը, օրինակ՝  ազատ գրաֆիկով աշխատանք կամ կարճաժամկետ պայմանագրեր:  Թեև լրագրողական աշխատանք կատարելու համար ավելի շատ հնարավորություններ կան, քան նախկինում, շահույթի և եկամուտների նվազումը փաստում է, որ կա լրիվ դրույքով, լավ վարձատրվող և ապահով աշխատանքների ծայրահեղ պակաս:

Հետաքննող լրագրությունը մեծ ճնշման է ենթարկվել ռեսուրսների պակասի պատճառով: Վերցրեք, օրինակ, «Դրախտի» և «Պանամայի» փաստաթղթերի գործընթացը. այն մեծ գումար արժե, որը վճարել են մասնավոր հիմնադրամները: Այսօր այսպիսի «չորրորդ ուժ» հանդիսացող լրագրությունը գրեթե ամբողջովին կախված է ֆիլանտրոպիայից (մարդասիրությունից), հանրային դրամից և դոնորներից, ու այլևս չի ֆինանսավորվում ավանդական շուկայի կողմից: Սա ճգնաժամ է առաջացնում ավանդական ԶԼՄ-ների մեծ մասի համար, և դա շրջադարձային է:

-Ինչպե՞ս եք գնահատում «կեղծ լուրերի» ֆենոմենը, և արդյոք սա՞ է «անբարեխիղճ հաղորդակցության» ամենավտանգավոր տեսակը, որի հետ առերեսվում ենք:

-Լրագրությունը երբեք սխալներից զերծ չի եղել (թերթերը հաճախ են սխալներ անում): «էթիկական ժուռնալիստական ցանցը» կեղծ լուրերը սահմանում է խաբելու կամ մոլորեցնելու նպատակով տեղեկատվության կանխամտածված նենգափոխում: Սա շատ ավելի վտանգավոր է: Սոցիալական ցանցերի գործառույթները չարաշելով՝  անբարեխիղճ խմբերը ցանկացած պահի քաղաքական կամ առևտրային դրդապատճառներով կարող են շրջանառել կեղծ տեղեկություններ՝ իրենց շահերը պաշտպանելու համար:Որոշակի զգայուն հարցեր կարող են հեշտությամբ գործիք դառնալ, ինչպիսին են ահաբեկչությունը և միգրացիան: Ռուսամետ լրատվական կայքերը, ինչպիսին «Սպուտնիկն» է, անմիջականորեն ֆինանսավորվում և ղեկավարվում են Կրեմլի կողմից և հրապարակում ռազմավարական ուղղվածությամբ  հոդվածներ` օգտագործելով մի շարք գործիքներ իրենց տեղեկություններն ավելի վստահելի դարձնելու համար: Նրանք հրապարակում են անհեթեթ պահանջներ: Օրինակ, մեկ տարի առաջ հայտարարվեց, որ Մերկելի վարած միգրացիոն քաղաքականության պատճառով գերմանացիները փախչում են իրենց տներից: Այս տեղեկատվությունը վտանգավոր է: Այն կարող է ոչ միայն շահարկել մարդկանց վախերը, նրանց օտարացնել, այլև խոցելի փոքրամասնություններին ռիսկի ենթարկել:Այսպիսով, դա կարող է իրական վնաս հասցնել՝ հարվածելով  ժողովրդավարական համակարգին և նպաստելով բացահայտ բռնությանը: Սա պարզապես Մակեդոնիայի մի շարք դեռահասների մասին չէ, որոնք փորձում են գումար վաստակել ինտերնետում, այլ իրական քաղաքական անկման  հանգեցնող երևույթի մասին է, որը շատ մտահոգիչ է իր մտադրության և հետևանքների  պատճառով:

-Բայց այս երևույթն իսկապե՞ս նոր է: Արդյո՞ք ԶԼՄ-ները միշտ չէ, որ հակված են եղել խեղաթյուրման:

-Պետք է տարբերակել կեղծ լուրերը քաղաքական կողմնակալությունից: Լրատվամիջոցները միշտ ենթարկվել են կողմնակալության, բայց դա հեշտ է տարբերակել և դրան դիմակայել: Բացի այդ, ավանդական ԶԼՄ-ներն իրենց կողմնակալության  կամ սխալների համար պատասխանատու լինելու բարոյական պարտավորություն ունեն: Երբ  վիճարկվում են, դա կարող է հանգեցնել հրապարակային ներողության կամ սխալների ուղղման: Բայց կեղծ լուրեր արտադրողները նման արգելակներ չունեն: Նրանց տրամադրած տեղեկատվությունը դուրս է էթիկական կամ բարոյական արժեքների ցանկացած շրջանակից: Այսպիսով, այստեղ մենք գործ ունենք նոր և շատ ավելի վտանգավոր երևույթի հետ, քան ավանդական ԶԼՄ-ների քաղաքական կողմնակալությունը:

-Որքա՞ն են վտանգավոր կեղծ նորությունները մեր քաղաքական համակարգի համար:

-Տեղեկատվությունը կենսական նշանակություն ունի ժողովրդավարության համար, ուստի քաղաքացիների իրազեկման նպատակով տեղեկատվության հանրային հոսքերին այսպիսի հարվածները սպառնալիք են  ժողովրդավարական սկզբունքերին: Երբ այլևս դժվար է տարբերել կեղծիքն ու ճշմարտությունը՝ մարդիկ սկսում են կորցնել վստահությունը քաղաքական գործընթացի նկատմամբ, ինչը լուրջ վտանգ է բազմակարծության վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունների համար, այն  վտանգի է ենթարկում  և թուլացնում է ժողովրդավարական հասարակությունների էությունը: Կեղծ տեղեկատվությունը դարձել է Արևմուտքի քաղաքական գործիչների և կառավարությունների ամենամեծ մտահոգություններից մեկը, քանի որ նախընտրական արշավների վրա ազդելու կարողություն ունի: Մենք ականատես ենք եղել կեղծ տեղեկատվական կայքերի տարածմանը, հատկապես ընտրությունների և հակամարտությունների ժամանակ, երբ լարվածության մակարդակը շատ բարձր է: Օրինակ, ԱՄՆ-ի վերջին ընտրությունները, երբ կեղծ հայտարարությունները տարածվում էին նույնքան հաճախ, որքան լուրջ ԶԼՄ-ների լուրերը, կամ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված զարգացումները: Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը  ծիծաղել էր այն մտքի վրա, թե իր ստեղծած հարթակում տարածված կեղծ լուրերը ազդել էին ընտրությունների վրա: Սակայն ապացույցները նրան ստիպեցին վերանայել այդ դիրքորոշումը: Այս ձախողումը ստիպեց Facebook-ին հունվարի սկզբին փոխել իր մոտեցումը, երբ հայտարարեց, որ կսկսի առաջնայնությունը տալ իր օգտատերերի անձնական բովանդակությանը, այլ ոչ թե լրատվական նյութերին: Սա ռեալ փոփոխություն է, և ցույց է տալիս, որ Facebook-ը գիտակցում է, որ այն չի կարող լուծել լրատվական բովանդակության հրապարակման հարցը սոսկ ալգորիթմներով կամ ռոբոտային գործիքներով, քանի որ վերջիններս ուղղակի ի վիճակի չեն  էթիկական վերլուծության ենթարկել նյութի բովանդակությունը:  Youtube-ը, կարծես թե, հանգել է նման եզրակացության և վերջերս հայտարարել է հազարավոր լրացուցիչ խմբագիրների  աշխատանքի ընդունման մասին:

-Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն քաղաքական գործիչները և կուսակցությունները:

-Նախ, քաղաքական գործիչները պետք է ճնշում գործադրեն սոցիալական մեդիա հարթակներում և ստիպեն վերջիններիս որպես հրատարակիչներ պատասխանատվություն ստանձնել  իրենց կայքերում հայտնվող բովանդակության համար: Դա կարելի է անել քաղաքական ճնշման, իրավական մեխանիզմների կամ կամավոր վարքագծի կանոնների միջոցով: Երկրորդ, իշխանության քաղաքական կենտրոնները կարող են ավելին անել, քան հիմա է՝ աջակցելով, պահպանելով և զարգացնելով հանրային լրագրությունը, իհարկե՝ ոչ ի հաշիվ խմբագրական անկախության: Սա բնավ չի նշանակում, որ պետությունն ուղղակիորեն վճարում է, կարևոր է, որ ֆինանսավորումը լինի. այն պետք է լինի մի շարք տարբեր շահագրգիռ կողմերից: Այնուամենայնիվ, պետությունը կարող է սկսել գործընթացը՝ ներդնելով ռեսուրսներ, կառուցվածքներ և մշակելով քաղաքականություն: Օրինակ, կարող են ստեղծվել ազգային հիմնադրամներ, որոնց պետությունը ևս կարող է աջակցել, կամ` մասնավոր հատվածի կամ հանրային բաժանորդագրությունների միջոցով գործող կառույցներ, քանի որ շուկան միայնակ չի կարող երաշխավորել տեղեկատվության բազմակարծությունը: Երրորդ, կառավարությունները կարող են շատ ավելի մեծ ներդրումներ կատարել նոր տեղեկատվության և կրթական նախաձեռնություններում՝ զարգացնելու մեդիա գրագիտությունը ոչ միայն երիտասարդների, այլև բոլորի համար: 

 -Իսկ ի՞նչ կասեք ԵՄ-ի և նրա քաղաքականության ճարտարապետների դերի մասին:

-Եվրոպական հանձնաժողովը ներկայումս իրականացնում է կեղծ լուրերի ինտենսիվ հետազոտություն, ստեղծվել է  բարձր մակարդակի փորձագիտական խումբ ` ուսումնասիրելու սպառնալիքները և ներկայացնելու քաղաքականության մշակման և գործողությունների ծրագրեր : Ես թերահավատ եմ, թե դա կհանգեցնի նոր բացահայտումների, քանի որ ԵՄ-ն  այստեղ մտնում է մի դաշտ, որտեղ հստակ լիազորություններ չունի, ԶԼՄ-ների հետ կապված հարցերը սովորաբար թողնում են անդամ պետություններին, ուստի Եվրամիության կարողությունները սահմանափակ են: Սակայն մինչ օրս այն օգտակար դեր է խաղացել Google-ի, Facebook-ի և Twitter-ի հետ վարվելակերպի կանոնների համաձայնեցման համար` կանխելու ատելության խոսքի տարածումը: Թեև պարզ չէ դրա արդյունավետությունը, սակայն սա առնվազն  ցույց է տալիս, որ Եվրոպական  հանձնաժողովը զարգացնում է մոդելներ, որոնք ազգային կառավարությունները կարող են օգտագործել այդ հարթակների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով:

-Ի՞նչ դեր պետք է խաղան ավանդական և նոր մեդիա դերակատարները:

-Ինտերնետային հեռարձակողները  և նոր թվային մեդիաները պետք է ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ նրանց՝ իբրև  հրատարակիչներ աշխատելու ցանկությունը հարցականի տակ է: Լեգիտիմ լրատվամիջոցները պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնեն նորությունները և կարծիքները տարանջատելուն, պետք է ավելի թափանցիկ գործեն և ցույց տան,  թե ինչպես են ստանում հանրայնացման ենթակա ճշգրիտ տեղեկատվությունը: Լրագրողները պետք է նաև բարելավեն իրենց պատկերացումները մեդիալանդշաֆտի փոփոխության վերաբերյալ: Լրագրողների համար կեղծ լրատվամիջոցների վերջին ուղեցույցը ցույց է տալիս, թե ինչպես է ինտերնետը աղտոտված ստերով, և ինչպես կարելի է այդ գործընթացին հետևել: Այս ուղեցույցը նյարդերից թույլ մարդկանց համար չէ:

Որքանո՞վ է այս խնդրին հիմա անդրադառնալը հրատապ և որքանո՞վ եք հավատում փոփոխության հեռանկարին:

-Հանրային վստահության ճգնաժամը ցույց է տալիս, որ մարդիկ արդեն ավելի հակված են չվստահել առցանց տեղեկատվությանը: Վերջերս կատարված ուսումնասիրության փաստերն արձանագրում են, որ մարդիկ շատ արագ են սկսել բացահայտել  և ճանաչել ապատեղեկատվությունն ու քարոզչությունը: Դա նրանց թերահավատ է դարձնում առցանց հարթակների հանդեպ: Բայց ուսումնասիրության արդյունքները նաև ցույց են տալիս, որ մարդիկ ավելի հակված են նույն նյութը փնտրել հազարավոր կայքերում, քան ունենալ և օգտվել մի քանի վստահելի աղբյուրներից: Սա դատարկ տարածք է ստեղծում, որը լցնելու անհրաժեշտություն կա: Դա կարող է բեկումնային դառնալ ավանդական լրագրության և լրատվամիջոցների համար, որոնք վստահելի աղբյուրներ կդառնան սպառողների համար: Այս պարագայում ավանդական լրագրությունը պետք է վերադառնա  իր հիմնական նպատակին՝ մարդկանց առավել ճանաչելի դարձնելու աշխարհը և խրախուսելու նրանց մասնակցությունը ժողովրդավարական գործընթացներին: Ցավոք, հիմա ապատեղեկատվության հոսքն ավելի վատանալու միտում ունի: Տեխնոլոգիաները զարգանում են առավել արագ, քան երբևէ, իսկ կառավարությունները հայտնի են իրենց դանդաղ ընթացքով: Հետևապես, հանրային քաղաքականությունը միշտ փորձելու է հասնել տեխնոլոգիաների աճին՝ չկարողանալով վերցնել առաջատարի դիրքը: Ինձ անհանգստացնում է այն, որ կարող ենք հասնել մի պահի, երբ կեղծ լուրերի պատճառով իշխանությունները որպես արձագանք կխստացնեն գրաքննությունը՝ երկարաժամկետ լուծումների փոխարեն: Նոր օրենքները կարող են սահմանափակել մեր ազատությունը՝ այն պաշտպանելու փոխարեն, եթե մեզ չհաջողվի հասնել կոնսենսուսի:


Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Սկզբնաղբյուրը` Green European Journal


Share

Comments are closed.