Հեղափոխությունից հետո մեդիագրագիտության պահանջը ձևակերպված է բոլոր շահագրգիռ կողմերից

2018-ին Հայաստանում թավշյա հեղափոխություն եղավ, ու մեդիան դարձավ այդ շարժման խորհրդանիշներից մեկը։ Այն, որ հեղափոխությունն առանց տեխնոլոգիաների ու ինտերնետի դժվար է պատկերացնել, խոստովանում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ ապրիլ-մայիսին մարդիկ տեղեկատվական հոսքերում, կեղծ ու արագ փոխվող լուրերում չմոլորվեցին, կարելի է ասել, մեդիագրագիտության հաղթանակն էր։ Այդ պահին ինֆորմացիայի ճշմարիտ աղբյուրը փողոցն էր. մարդիկ դուրս եկան փողոց, դարձան մեդիա ու վստահեցին իրենց տեսածին օֆլայն՝ փողոցում, կամ օնլայն՝ դեպքի վայրից ուղիղ հեռարձակմամբ, չմոնտաժված ու չմշակված։  

Հեղափոխությունից հետո, երբ «դեպքի վայրն» ու լսարանը իրարից հեռացան, տեղեկությունները սկսեցին միջնորդավորված փոխանցվել ու տարածվել, ակտիվացան խոսակցությունները ապատեղեկատվության, ֆեյքերի, վատ լրատվության, սևերի ու սպիտակների մասին։

Ֆեյքերի դեմ պայքարելու թեման մինչ օրս գրեթե ամեն հանրային քննարկման ժամանակ հնչում է։ Մեդիագրագիտությունն էլ, նույնացվելով դրա հետ, հաճախ առաջարկվում է որպես դեղուճար։ Քաղաքացիական հասարակության դաշտում մեդիագրագիտությունը քննարկվում ու ուսուցանվում է արդեն տարիներ, ու հենց ՀԿ-ներն են առաջ մղել թեման։

Երբ 2011-12 թվականներին սկսեցինք ուսուցիչներին հրավիրել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին «Ինտերնյուս» ՀԿ) մեդիագրագիտության առաջին դասընթացներին, արձագանքողներից շատերը գալիս էին Word կամ PowerPoint սովորելու ակնկալիքով։ Հետո, երբ  հասկացան, որ սովորելու են ինքնուրույն վերլուծել մեդիան, քննարկել ու քննադատել, արձագանքել ու մասնակցել, հաճախ էին ասում՝ իսկ ինչների՞ս է պետք, մեկ է՝ ոչինչ չի փոխվի։Հիմա, երբ հասարակությունը զգացել է մեդիայի ուժը և իր դերը՝ որպես մեդիայի մաս, համոզվել է, որ կարող է փոխել, ավելի բաց է ու պատրաստ նոր գործիքներ ու հմտություններ յուրացնել։ 

Մասնագիտական դաշտում մի կողմից՝ շատ խմբագիրներ մեդիագրագիտության անհրաժեշտության մասին սյունակներ են գրում, մյուս կողմից՝ նրանց մի խումբ կարծում է, որ սոցցանցերը խոչընդոտում են լրատվամիջոցների աշխատանքին։ Լսարանից մեդիագրագիտություն ու վստահություն ակնկալող լրատվամիջոցները, սակայն, պատրա՞ստ են պատասխան սպասումները բավարարել՝ լինել թափանցիկ ու ազնիվ լսարանի հետ, բացահայտել իրենց սեփականատերերին, ֆինանսավորողներին, պարզ ներկայացնել իրենց սկզբունքներն ու արժեքները, ընդունել սխալները, համագործակցել լսարանի հետ ու կրթել լսարանին։  

Այն, որ կառավարող քաղաքական թիմը հասկանում է մեդիագրագիտության անհրաժեշտությունը, ակնհայտ է։ Նախկինում լինելով քաղաքական ընդդիմություն, քաղհասարակության առաջնորդներ, ակտիվիստներ՝ նրանք սովոր են հասարակությանն ընկալել որպես համախոհ և դժվարանում են հիմա թիրախավորված մեդիաարշավների մեջ լսարանին հասցնել իրենց ասելիքը, որն, էլի իրենց կարծիքով, հասարակությունը անպայման կհասկանա ու կընդունի։ Պատգամավորներն ու նախարարները, նրանց ընտանիքի անդամները ստիպված են լինում իրենց անձնական կյանքի, գնումների, անգամ օգտագործած դեղերի մասին մանրամասներ հայտնել՝ կեղծ տեղեկությունների հետ պայքարելու համար։

ԱԺ-ում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում վարչապետն ասաց, որ «միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները» կիսում են նրա գնահատականը, թե «Հայաստանի ԶԼՄ-ների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված ռեժիմի հսկողության տակ: Եվ միջազգային հանրությունը բարձր է գնահատում այն, որ Հայաստանի կառավարությունը նույնիսկ նվազագույն ջանքեր չի գործադրում, որ այդ ԶԼՄ-ների նկատմամբ որևէ ձևով վերահսկողություն սահմանի»։ Վարչապետը տարբեր առիթներով, այդ թվում նաև արտերկրյա հանդիպումների ժամանակ, էլի շեշտել է, որ երկրում տեսնում է կեղծ տեղեկությունների աճի խնդիր ու չգիտի դրա լուծումը։

Նույն կառավարության ծրագրի քննարկմանը կրթության և գիտության արդեն նախկին փոխնախարարը, որ հիմա պատգամավոր է, ԱԺ ամբիոնից մեդիագրագիտությունը ազգային անվտանգության խնդիր համարեց։

Իսկ ԿԳ նախարարն ու փոխնախարարը մեդիագրագիտության անհրաժեշտության մասին պարբերաբար գրում են իրենց ֆեյսբուքյան էջերում։ Ավելին՝ 2018 թվականին պաշտոնապես միանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած Մեդիագրագիտության միջազգային շաբաթվան, նախարարն անձամբ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խրախուսեց դպրոցներին, ուսուցիչներին ակտիվորեն մասնակցել շաբաթվա միջոցառումներին։

Նախկինում էլ ԿԳՆ-ն դեմ չի եղել մեդիագրագիտության տարածմանը. 2013-ին երաշխավորվել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պատրաստած ձեռնարկը, 2017-ին հուշագիր էր ստորագրվել ԿԳՆ և ՄՆԿ միջև։ Ու եթե նախկինում իշխանավորները մեդիագրագիտությունն ընկալում էին ազգ-բանակ ռազմահայրենասիրական համատեքստում՝ «թշնամու» արտաքին քարոզչությանը դիմագրավելու համար, ապա հիմա մեդիագրագիտությունը հիմնականում տեսնում են որպես հակահեղափոխությունից պաշտպանվելու միջոց։

Պաշտպանական կեցվածքը, ամեն դեպքում, լավ չէ. մեդիան հասկանալու, կիրառելու և համագործակցելու հմտությունները մեդիագրագիտության ոչ պակաս կարևոր բաղադրիչներ են։ Ի վերջո, մեդիայի դերն է օգնել մարդկանց ճիշտ որոշումներ կայացնել. սկսած անձրևանոց վերցնե՞ն, թե՞ ոչ հարցից, վերջացրած նրանից, թե ո՞ր քաղաքական ուժին կամ թեկնածուին տան իրենց քվեն։

Անցած հոկտեմբերին մասնակցում էի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության համաժողովին Լիտվայում։ Համաեվրոպական մեդիագրագիտության ցանցի ստեղծման շուրջ քննարկում ծավալվեց, և հիմնական հարցերից մեկն էր, թե, ի վերջո, ինչ տերմինով բնորոշել ցանցի գործունեությունը ՝ մեդիագրագիտություն, ինֆորմացիոն, համակարգչային, լրատվական, թվային ու ինտերնետային գրագիտություն, տվյալների գրագիտություն, մեդիակրթություն, մեդիաիմացություն, ինտերնետային ու թվային անվտանգություն:  Ըստ էության, բոլոր այս բնորոշումները մարդու՝ տեղեկատվական միջավայրում ճիշտ կողմնորոշվելու մասին են։ Մեդիան այդ միջավայրն է՝ դրա շատ լայն ընկալումը։ Մեդիագրագիտությունը մեդիա միջավայրը հասկանալու և հարցեր տալու մասին է։  

Մեդիագրագիտությունը նաև ժամանակին հեռակառավարման վահանակի կարմիր կոճակը սեղմելը կամ ֆեյսբուքից ապաակտիվանալն է. դադար վերցնելը գուցե հենց այն է, ինչ հիմա պակասում է։ 
 Նույնացնել մեդիագրագիտությունը միայն ֆեյքերի դեմ պայքարի հետ սխալ կլինի, մանավանդ, որ ֆեյքերի ու կեղծ տեղեկատվության մասին խոսելիս էլ հաճախ տարբեր բաներ են հասկանում։ Դոնալդ Թրամփն, օրինակ, ֆեյք է անվանում այն բոլոր լրատվամիջոցներին, որոնց հետ համաձայն չէ։ Եվ քննադատական մտածողություն է պետք լսարանին՝ նրա ուղերձի պատճառն ու նպատակը վերլուծելու, գնահատելու, սեփական եզրակացություն անելու համար։

Իսկ դրա համար այս հմտությունները մարզել է պետք՝ շարունակաբար, կանոնավոր` ընդգրկելով սա կրթական համակարգում որպես 21-րդ դարի կենսական նշանակության գիտելիք ու կարողություն։ Այս մասին նոր չէ, որ խոսվում է, բայց հիմա է, որ պահանջարկը, կարծես թե, ձևավորվել է.այն, ինչը գուցե զգացական մակարդակում ստացվեց հեղափոխության ժամանակ, համակարգելու կարիք կա, և այդ կարիքը բավարարելու պահանջը ձևակերպված է բոլոր կողմերից։

Share

Comments are closed.