Հայաստանի տեղեկատվական դաշտում վերջին ամիսներին տեղի են ունենում նշանակալից փոփոխություններ ու վերաձևավորումներ


Նախորդ վարչակազմերի հետ փոխկապակցված տարբեր անձինք լրատվամիջոցներ են ձեռք բերում, մեծ ռեսուրսներ են նետվել մեդիադաշտ

Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ վերջին շրջանում երկչոտ փորձեր են ձեռնարկում խոսել ու քննարկման նյութ դարձնել  երկրում զանգվածային լրատվության միջոցների հետ կապված հարցերը։ Իսկ այդ փորձերը երկչոտ են, քանի որ ԶԼՄ-ների հետ կապված գրեթե ցանկացած նոր նախաձեռնություն նույն ԶԼՄ-ների կողմից միանգամից հայտնվում է թիրախում, ու սկսվում է քննադատության հեղեղ իշխանությունների հասցեին։ Այդ քննադատությունն, իհարկե, փաթեթավորվում է «մամուլի նկատմամբ ճնշումների», «ազատ մամուլը սահմանափակելու» մտավախություն ձևակերպումներով՝ ապացուցելու համար, որ իշխանությունները ջանում են սահմանափակումներ մտցնել մի դաշտում, որի վերահսկումն իրենց կողմից անթույլատրելի է։

Հայաստանում մամուլի ազատության հետ կապված մտահոգություն հայտնող անձանց շրջանակը միատարր չէ, այս շրջանակը լայն է ու միավորում է տարբեր մոտիվացիաներ ունեցող անձանց։ Այնուհանդերձ, անկախ այս շրջանակների առկայությունից՝ ինչու՞ են իշխանությունները սկսել խոսել, քննարկել տեղեկատվական դաշտում օրենսդրական կամ ինքնակարգավորման ավելի ճկուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։

Այս հարցի պատասխանն ուղղակիորեն կապված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, դրա ընթացքում և դրանից հետո տեղեկատվական դաշտ նետված մեծ ֆինանսական միջոցների  հետ։ Հայաստանի տեղեկատվական դաշտում վերջին ամիսներին տեղի են ունենում նշանակալից փոփոխություններ ու վերաձևավորումներ, նախորդ վարչակազմերի հետ փոխկապակցված տարբեր անձինք լրատվամիջոցներ են ձեռք բերում,  մեծ ռեսուրսներ են նետվել մեդիադաշտ՝ կարճաժամկետ փուլում առնվազն տարբեր անձանց շահեր ու համապատասխան հանրային մթնոլորտ ձևավորելու  փորձերի համար։ Ընդ որում, հայկական մեդիա տիրույթի վերաձևավորումներով ոչ թե ներկայիս իշխանությունը նախորդ համակարգից ժառանգեց մեդիառեսուրսներ, այլ ընդհակառակը՝ նախորդ իշխանության տարբեր թևեր իրար մեջ կիսեցին որոշ մեդիառեսուրսներ, և այս գործընթացը դեռ շարունակվում է։

Հայաստանում լրատվամիջոցների իրական սեփականատերերի մասին տեղեկությունները հասանելի չեն։ Բացի այդ, լրատվամիջոցների գերակշիռ մասը հաշվետվություններ չի ներկայացնում, բազմաթիվ ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների մասին տեղեկությունը շարունակում է մնալ անհասանելի, այնինչ` վերջիններիս մատուցած լրատվական արտադրանքը սպառվում է հանրային լայն շերտերի կողմից։ Լրատվամիջոցների իրական սեփականատերերի ու ֆինանսական միջոցների մասին դիսկուրսը, սակայն, շատ հաճախ և նաև վերջին օրերին կոնկրետ շրջանակի կողմից նպատակամիտված վերածվում է չորրորդ իշխանությանը սահմանափակելու մտահոգության վերաբերյալ անպտուղ քննարկման։

Մեդիա ռեսուրսը Հայաստանում հանրային տրամադրությունների վրա լավագույն գործիքներից է, և նախորդ վարչակազմերի կողմից կուտակած ֆինանսական ռեսուրսների իրացման տեսանկյունից տեղեկատվական դաշտը ամենահարմարներից է։ Միամտություն կլինի կարծել, որ ստեղծված և դեռ ստեղծվելիք մեդիա ռեսուրսները հետապնդում են կարճաժամկետ շահեր։ Գործող իշխանության շուրջ պարբերաբար ստեղծվող ինֆորմացիոն պայթյունների օջախները, ներքին քաղաքական օրակարգ առաջադրելու փորձերից զատ, նպատակ ունեն նաև երկարաժամկետ հեռանկարում հյուծել ու ոչնչացնել իշխանության շուրջ հանրային կոնսոլիդացիան, հերթական խորհրդարանական ընտրությունների փուլ մտնել՝ զրկելով իշխանությանը ամենակարևոր հաղթաթղթից՝ հանրային վստահության պաշարից։

 Ու եթե ներկայում դեռևս  հեղափոխությանը հանրային համերաշխություն հայտնած հանրային ընդգրկուն հատվածի ազդեցությունն առնվազն սոցիալական ցանցերում դեռ պահպանվում է, ապա կասկած չկա, որ այդ աջակցությունն ու ազդեցությունը հետզհետե նվազելու են, ու պատկերը տեղեկատվական դաշտում փոփոխվելու միտում  է ունենալու։ Գումարած սրան՝ ներկա պայմաններում իշխանություններին միշտ չէ, որ հաջողվելու է սեփական օրակարգը կամ ծրագրերը տեղեկատվական դաշտի միջոցով լայն հանրությանը ներկայացնել։ Դա լիարժեք չի հաջողվելու նաև պետական տարբեր գերատեսչությունների հանրային կապերի կամ կառավարության գործունեության լուսաբանման համար ստեղծված մնացյալ կառույցներին։ Սրա պատճառն այն է, որ  պետական կառույցների լրատվական արտադրանքը որպես կանոն աչքի է ընկնում առատ կաղապարներով ու ստեղծագործականության իսպառ բացակայությամբ։ Նմանատիպ արտադրանքը լրատվական ամենօրյա հեղեղի մեջ պակաս գրավիչ է, ուստի և մնում է աննկատ (բացառություն կարող են լինել ուժային և իրավապահ մարմինների որոշ հաղորդագրություններ)։  Այս համապատկերում ոչ անհայտ շրջանակները, որ փոխկապակցված են եղել նախորդ վարչակազմերի հետ, կեղծ և մանիպուլյացիոն լուրեր շրջանառության մեջ դնելու մեծ դաշտ են ստացել։

Համացանցում կեղծ լուրերի դեմ պայքարը խնդիր է նաև Հայաստանից դուրս։ Մեդիափորձագետները և այլք կարծում են, որ դրա դեմ պայքարի արդյունավետ մեթոդ է հանրության մեդիագրագիտության բարձրացումը։ Մեդիագրագիտության բարձրացման արդյունքում իրական և կեղծ լուրերի տարբերակման հատկությունը, սակայն, երկարաժամկետ աշխատանքի արդյունք է, իսկ օրենսդրական մակարդակում հարցի լուծումը պարբերաբար դիտարկվելու է որպես լրատվամիջոցներին լռեցնելու դիտավորություն։

Գործող իշխանությունը, սակայն, տեղեկատվական դաշտի վրա ազդեցություն ունենալու իր զինանոցում ունի գործիք, որը կարող է արդյունավետորեն կիրառել. դա հանրության հետ ուղիղ ու պարբերական շփման հնարավորությունն է, որը հաջողությամբ կիրառվել է անցած ամիսների ընթացքում։ Գործող իշխանության և քաղաքացիների միջև այսպիսի շփումները հնարավորություն կընձեռեն նախ՝ հասկանալու հանրության որ հատվածի վրա ինչ ազդեցություն ունեն մեդիափոթորիկներն ու մանիպուլյացիոն գրոհները, ապա և՝ կառավարությունը կկարողանա ուղիղ կերպով քաղաքացիների հետ քննարկել իր օրակարգը։ Անհրաժեշտ է տարբեր բնագավառների զարգացման ծրագրերը, հայեցակարգերն ու քաղաքական որոշումները կառավարական շենքերի պատերից ու սոցցանցային նեղ միջավայրից դուրս հանել, հասանելի դարձնել ու քննարկել ավելի լայն շերտերի հետ, այլապես դրանք, մնալով միայն տեղեկատվական դաշտի օրակարգում, ենթակա են շահարկման, իրական նպատակների նենգափոխման։

Տեղեկատվական դաշտի «մեդիագրոհայինների»  հնարավոր ձեռնածությունները նվազեցնելու համար անհրաժեշտ է նաև կուլիսներում որոշումներ կայացնելու նախորդ իշխանության «ավանդույթի» վերացում, առավելագույն թափանցիկություն ու բաց աշխատանք լրատվամիջոցների հետ։ Այս իմաստով, «Ամանոր»-ի գիշերը զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զինծառայողի մահվան վերաբերյալ ՊՆ լռությունը, և միայն լրատվամիջոցների կողմից այս դեպքի բացահայտումը բացասական ազդակ էր։ Հանրության հետ բաց շփումների բացակայության մեկ այլ բացասական դրվագ էր բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի հրաժարականի վերաբերյալ կառավարության՝ սկզբում լռությունը, իսկ հետո՝ առարկայական պատասխանի բացակայությունը։

Հայաստանում տեղեկատվական դաշտի ներկա անմխիթար վիճակի պատճառներից մեկն էլ գործող իշխանությանը զսպող, հակակշռող մեխանիզմների անկատարությունն ու իշխանությանը հակակշռող ուժերի կողմից օրակարգի ձևավորման դժվարություններն են։ Ընդդիմադիր ուժերը ներկայումս, քաղաքական հաշվարկներից ելնելով, չեն կարող հեղափոխական կառավարությանը մինչև վերջ քննադատել։ Ընդդիմությունը շատ հարցերում նաև չի կարողանում այլընտրանքային քաղաքական խոսք ձևակերպել, իսկ եթե ձևակերպում էլ է՝ այն մնում է ստվերում ու քննարկման առարկա չի դառնում։ Այս պայմաններում քաղաքական հակակշռող մարմինները ևս ընկնում են տեղեկատվական դաշտում լարած ծուղակը։

Երկարաժամկետ հեռանկարում, իշխանության շուրջ խորը անվստահություն սերմանելով, քաղաքական ռևանշի հասնելուն զուգընթաց՝ նախորդ իշխանության հետ փոխկապակցված կենտրոններից  հրահրվող մանիպուլյացիոն կամ կեղծ տեղեկատվական արշավները նպատակ ունեն նաև մշտական կամ գոնե երկարատև անհարմարություններ պատճառել հանրությանը, իշխանության տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչների վերագրելով անհավանական ունեցվածք՝ մշտապես վախի մեջ պահելով հիմք ստեղծել Հանրապետականի հետ համեմատությունների համար։ Նման մթնոլորտի ձևավորումը կանխելու համար իշխանության կողմից արդյունավետ մեթոդ կարող է լինել հանրային  հաշվետվողականությունը՝ նույնիսկ ամենաանշան թվացող հարցերում։

Գործող իշխանություններին տեղեկատվական դաշտում չի հաջողվում օրակարգ թելադրող դառնալ՝ չհաշված չնչին բացառությունները. իշխանության ներկայացուցիչները, հարմարվելով այդ  դաշտի կանոններին, չեն կարողանում օրակարգ զարգացնել, այլ պարզապես մնում են արձագանքողի դերում։ Նախորդ իշխանության հետ ասոցացվելու վախերը ներկա իշխանություններին մղել են պաշտպանական գործողությունների և սեփական օրակարգը հանրությանը հասանելի դարձնելու խնդիրներ են ստեղծել։

Զանգվածային լրատվության միջոցների ոլորտում օրենսդրական փոփոխությունները հրամայական են, սակայն ոլորտի խառնիխուռն խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է այս գործիքը կիրառել մեդիագրագիտությունը խթանող այլ գործիքների հետ միասին։ Իսկ մինչ այդ՝ իշխանությունը սեղմ ժամկետում պետք է անի առավելագույնը մեդիամանիպուլյացիոն արտադրանքին արձագանքողից գաղափարներ ու ծրագրեր գեներացնողի վերաճելու համար։ Այլապես, պարբերաբար ընկնելով արհեստական քննարկումների դաշտ՝ իշխանությունը բացի այն, որ ռեսուրսները վատնելու է անհեռանկար մի գործընթացում, նաև կտրվելու է հեղափոխության տրամաբանությունից բխող քայլեր կատարելու առաքելությունից։

Share

Comments are closed.