Հին հարևանների նոր երկխոսությունները

Վարչապետ Փաշինյանի իրանյան այցի հետքերով

Այս տարվա փետրվարի 27-28-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն էր մեկնել, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ ինչպես Իրանի հոգևոր առաջնորդի, նախագահի ու Մաջլեսի նախագահի հետ, այնպես էլ Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։  

Վարչապետ Փաշինյանի այցը Իրան կարևոր համարեցին և՛ հայաստանյան, և՛ իրանական քաղաքական ու փորձագիտական շրջանակները։ Այցին անդրադարձ կատարեց նաև միջազգային մամուլը. ճիշտ է՝ պատճառն ավելի շատ այն հանգամանքն էր, որ այցի նախօրեին Իրանի՝ հրաժարականի դիմում ներկայացրած, բայց նախագահ Ռոհանիի կողմից համաձայնություն չստացած արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նույնպես ներկա էր հայկական պատվիրակության հետ հանդիպումներին, և բարձր տրամադրությամբ ընթացող Զարիֆ-Մնացականյան հանդիպումն, ըստ էության, դարձել էր հրաժարականից հետո Զարիֆի առաջին պաշտոնական հանդիպումը։ Վարչապետի ղեկավարությամբ՝ նախարարներից ու Ազգային ժողովի պատգամավորներից բաղկացած հայաստանյան պատվիրակության այցն Իրան կարևոր նշանակություն ուներ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ թե մշակութաբանական տեսանկյունից։

Քաղաքական իմաստով այցը մի շարք կարծրատիպային ընկալումների ապակառուցման լավ առիթ հանդիսացավ։ Անցյալ տարվա գարնանը տեղի ունեցած հայաստանյան ներքաղաքական իրադարձություններից հետո, այդ պրոցեսների աննախադեպ ու շատերի համար անընկալելի լինելու հանգամանքը բազում թյուրընկալումների, մտավախությունների ու զգուշավորությունների պատճառ էր դարձել միջազգային հարթակում։ Մտահոգությունների այդ շարքը հատկապես համակել էր տարածաշրջանի երկրներին, որոնք չէին բացառում արտատարածաշրջանային ուժերի մասնակցությունն ու դերակատարությունը ներհայաստանյան այդ իրադարձությունների մեջ. ռուսական մեդիայի առաջին արձագանքների բովանդակությունը ասվածի վկայությունն է։

Իրանի պաշտոնական արձագանքն իրադարձություններին զուսպ ու կառուցողական էր. նախագահ Ռոհանիի կողմից շնորհավորանք նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հույս ու բարօրության բարեմաղթանք, հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ Նյու Յորքում։ Հետաձգվող պաշտոնական այցը, սակայն, կարող էր մեկնաբանվել նաև որպես Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխություն. թեև վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Փաշինյանը խոսեց Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իր մտադրության ու արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չկատարելու հաստատակամության մասին։

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ենթադրյալ փոփոխությունների մասին դիսկուրսն էլ ավելի ակտիվացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած այցից հետո։ Թեև Բոլթոնի հետ հանդիպումների ընթացքում հայաստանյան իշխանությունները որևէ անդրադարձ չկատարեցին ԱՄՆ-Իրան լարված հարաբերություններին, հանդիպումներից հետո Բոլթոնի մամլո ասուլիսում հնչած «Իրանի շուրջ օղակն ավելի սեղմելու» մասին հայտարարությունը հավելյալ մտահոգությունների առիթ կարող էր լինել թե՛ հայաստանյան, թե՛ իրանական քաղաքական ու վերլուծական հանրության համար։ Պատահական չէ, որ Փաշինյանի իրանյան այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին առանձնահատուկ ընդգծեց ու շնորհակալությամբ կարևորեց «Հայաստանի դիրքորոշումը Իրանի հանդեպ կիրառված անարդար պատժամիջոցների նկատմամբ»։ Սրանով պաշտոնական Թեհրանն ընդգծում էր, որ Հայաստանի նոր իշխանությունների ամերիկամետ քաղաքականության ու այդ քաղաքականության համատեսքտում հակաիրանական հնարավոր քայլեր ձեռնարկելու մասին որևէ կասկածանք չի կարող լինել։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ հանդիպումն ու հանդիպման ջերմ մթնոլորտը նույնպես հավելյալ ազդակ էին այն համոզման, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանի իր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը առանց երրորդ երկրի տարածաշրջանային շահերի հետ դրանք պայմանավորելու։ Հանդիպումների ընթացքում վարչապետի ելույթները, որոնք երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում  տեղի ունեցած փոփոխությունները բացառապես ներհայաստանյան լինելու մասին էին, նույնպես տարատեսակ կասկածները փարատելուն էին միտված։

 Երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից այցը կարևոր էր՝ հաշվի առնելով  մի կողմից «միջուկային ծրագրից» ԱՄՆ միակողմանի դուրս գալու ու Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները վերականգնելու արդյունքում երկրի համար դժվար տնտեսական իրավիճակը, մյուս կողմից՝ Հայաստանի նոր իշխանությունների որդեգրած տնտեսական նոր խաղի կանոնները, ավելի թափանցիկ ու նվազ կոռուպցիոն ռիսկերով տնտեսական միջավայրը, որ տնտեսական պատժամիջոցները շրջանցելու հնարավորության դեպքում նոր հորիզոններ կարող է բացել իրանցի ներդրողների համար։ Մի շարք տնտեսական հայ-իրանական ծրագրեր, որոնք տարիներ է, ինչ մնում են որպես լոկ փաստաթղթային նախագծեր, կարող են նոր թափ ու արագություն ստանալ՝ հայաստանյան տնտեսական միջավայրում անհատական բիզնես շահերի բացառման ու հանրային շահերի գերակայության պայմաններում։ Այսպես, «Մեղրիի ազատ տնտեսական գոտին», որ ազատ է ու տնտեսական միայն թղթերի վրա, իսկ իրականում տնտեսական ամլությունը գոտևորող մի անհասկանալի տարածք է, կարող է դադարել այդպիսին լինել, երբ չեզոքացվեն կոռուպցիոն մի շարք գործարքների արդյունքում առաջացած խցաններն ու քորոցները։ Այն, իսկապես, հսկայական նշանակություն կարող է ունենալ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ այն տնտեսական կամուրջ է լինելու ոչ միայն Հայաստանի ու Իրանի, այլ նաև ԵԱՏՄ երկրների և Իրանի համար։ Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու մասին կնքված պայմանագիրը, որ այս փուլում մասնակից երկրների խորհրդարանների կողմից վավերացմանն է սպասում, հավելյալ հնարավորություն կտա Մեղրիին ոչ միայն ազատ, այլև զարգացող գոտի դառնալու։ 

Չափազանց կարևոր էր իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու պատրաստակամության մասին վարչապետի հայտարարությունը. գազատարի հետ կապված ռուսական մենաշնորհի ու բազում այլ հանգամանքների հաշվառմամբ նույնիսկ՝ այս պատրաստակամության մասին բաձրաձայնելը կարևոր քայլ է տնտեսական ոլորտում ավելի համարձակ ու հնարավորինս անկախ քաղաքականություն վարելու տեսանկյունից։ Ի վերջո, Իրան-Հայաստան ներկա գազատարի հնարավորությունները մի քանի անգամ ավելի արդյունավետ օգտագործելու հեռանկար կա ու նաև` ռուսական կողմի հետ բանակցություններում ավելի համարձակ էներգետիկ այլընտրանքների մասին խոսելու հնարավորություն։

Իրանի հանդեպ ներկա փուլում տնտեսական պատժամիջոցներին ուղեկցող մշակութաբանական մեկուսացման տեսանկյունից ևս այս այցը կարևոր նշանակություն ուներ։ Արևմտյան մեդիայի կողմից  Իրանի կերպարի  հետևողական դիվականացման համատեքստում Իրանի միակ քրիստոնյա հարևանի ղեկավարի այցն ու փոխադարձ ջերմ խոսքերը մշակութային ու քաղաքակրթական երկխոսության, համերաշխ հարևանության ու երկու կրոնների խաղաղ  գոյակցման վառ օրինակի հերթական ցուցիչ էին ու լավ ազդակ միջմշակութային հաղորդակցությանն ու միջազգային հարաբերություններին այս տեսանկյունից նայելու։ Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում նրանց՝ որպես Իրանի օրինապահ ու հարգված քաղաքացիների պատմությունը կարևորելն ասվածի վառ օրինակ է։

Եվ այս ուղերձներն ամենևին չեն ստվերվում Իրանի թյուրքախոս բնակչության արձագանքների ու բողոքների ակցիաներով. դրանք միշտ էլ եղել են բոլոր այն դեպքերում, երբ խոսք է գնացել Արցախի ու արցախահայության մասին, բայց այդ արձագանքները միշտ էլ ճնշվել են կենտրոնական իշխանության կողմից։ Այս արձագանքները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Իրանի թյուրքախոս բնակչության հետ ավելի սերտ հարաբերությունների ու ավելի լայնածավալ աշխատանքի անհրաժեշտությունը։ Մեր անմիջական հարևանությամբ ապրող Իրանի հյուսիսային նահանգների այս բնակչությունը մի կողմից չափազանց լավ ծանոթ է նույն նահանգներում մի քանի դար ի վեր ապրող հայերին ու մեր երկիր այցելող իրանցի զբոսաշրջիկների մեջ մեծամասնություն է կազմում, մյուս կողմից, բնականաբար, զերծ չէ ադրբեջանական հակահայկական քարոզչության ազդեցությունից։ Այս ազդեցությունը հնարավորինս չեզոքացնելու նպատակով հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքտսում առանձնահատուկ պիտի կարևորենք այս նահանգների ու Հայաստանի մարզերի միջև փոխգործակցությունը, մշակութային, կրթական ու կրոնական երկխոսության ընդլայնումը։ Հատկապես Թավրիզի հետ այսպիսի կապերի էլ ավելի ամրապնդման ու փոխադարձ ճանաչելիության մակարդակը բարձրացնելու առումով նպատակահարմար կլինի այնտեղ Հայաստանի հյուպատոսության բացումը, փոխադարձ այցելությունների ինտենսիվացումն ու նաև կրոնական գործիչների հետ միջկրոնական երկխոսության միջոցով հարաբերությունների սերտացումը։

Այսպիսով, իրանական տոմարով տարեվերջին կատարված այս այցից հետո՝ Հայաստանի նոր իշխանությունների ու Իրանի նոր՝ 1398 թվականի  պայմաններում, կարող ենք նոր լիցքեր ակնկալել հայ-իրանական հարաբերություններում, որ էլ ավելի կբարձրացնեն երկու երկրների թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ու թե՛ մշակութային փոխգործակցության մակարդակը։

Share

Comments are closed.