Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հետհեղափոխական շեշտադրումները

 Սփյուռքի քաղաքականության վերլուծություն

Հայաստանում 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից հետո ներքաղաքական փոփոխությունների համատեքստում քննարկումներ ծավալվեցին նաև Սփյուռքի նոր քաղաքականության շուրջ: Դա հատկապես պայմանավորված էր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում Սփյուռքի աննախադեպ ներառմամբ, հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների վերանայման և համազգային օրակարգի ձևավորման անհրաժեշտությամբ: Սակայն Սփյուռքի նոր քաղաքականության մշակման և իրագործման համար հետագա գործնական քայլերը սկսեցին չհամապատասխանել քաղաքական հայտարարություններին և առաջ քաշված խնդիրներին: Այս ընթացքում մշակված քաղաքականության փաստաթղթերը, իրականացնող կառույցների և գործառույթների սահմանումը նեղացնում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, մինչդեռ քաղաքական հայտարարությունները հակառակի մասին են:

Այսպես, Սփյուռքի քաղաքականության վերլուծության համար դիտարկենք այդ քաղաքականության շրջանակները սահմանող առկա փաստաթղթերը: Դրանք են՝ Կառավարության ծրագրերը (ընդունված 2018 և 2019 թվականներին)[1], 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը[2], «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը[3]:

Հարկ է նշել, որ այս ժամանակահատվածում բուն Սփյուռքի քաղաքականության միակ փաստաթուղթը՝ «Սփյուռքի քաղաքականության ռազմավարության հայեցակարգ. նախագիծն» [4]  է, որը մշակվել է ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, նախարարի խորհրդական Վահե Սահակյանի (սփյուռքագետ, Միչիգանի համալսարան) կողմից և Սփյուռքի ուսումնասիրություններով զբաղվող հեղինակավոր մասնագետների խորհրդատվությամբ: Այն հրապարակվել է խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ և զարմանալիորեն այդպես էլ չի դրվել հանրային, քաղաքական, մեդիա քննարկման և հետագա որոշումների կայացման հիմքում: Հայեցակարգի միակ գործածումը կարելի է տեսնել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի Սփյուռքին վերաբերող բաժնում:

Նոր կառավարության առաջին ծրագրում (1 հունիսի, 2018թ.) «Հայաստան-Սփյուռք կապեր» բաժինը հպանցիկ անդրադառնում է Սփյուռքի հետ հարաբերություններին: Որպես առաջնահերթություններ նշվում են (խմբ.)՝ ա) հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժի կենտրոնացում Հայաստանում,  բ) Սփյուռքի ներուժը ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու արգելքների վերացում, գ) հայկական համայնքներում հայապահպանության գործում Սփյուռքի ջանքերի և դերի կարևորում, դ) մեծ հայրենադարձության հարուցում: Այստեղ կառավարության դերը միայն երևում է Սփյուռքի ներուժը այդ համակարգում ներգրավելու օրենսդրական կարգավորման մեջ: Մյուս կետերը բավականին վերացական են կամ առանց կառավարության հանձնառության: Ամենավիճելին հայրենադարձության հարցն է՝ առանց համապատասխան ռազմավարության կամ ծրագրի:

Հաջորդ պաշտոնական փաստաթուղթը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որտեղ Սփյուռքին վերաբերող հատվածը ներկայացված է բավականին մանրամասն և մշակված՝ ի համեմատություն կառավարության ծրագրերի: Այլ բաժինների մեջ նույնպես անդրադարձ կա Սփյուռքին: Ծրագրում` «Ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռք» վերտառությամբ բաժինը հավանաբար փոխառվել է «Սփյուռքի քաղաքականության ռազմավարության հայեցակարգ» վերոնշյալ նախագծի` Սփյուռքի քաղաքականության տեսլականից: Ընդհանուր առմամբ, երևում է Սփյուռքի քաղաքականության այդ հայեցակարգի ազդեցությունը ծրագրում Սփյուռքի բաժնի մշակման վրա: Այստեղ կան հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման և հայրենիքի զարգացման կարևոր, մինչև այդ որևէ տեղ չարտացոլված շեշտադրումներ և քաղաքականության ուղղություններ (խմբ.), ինչպիսին են՝ ա) Սփյուռքի ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ, ներուժի քարտեզագրում ու ներգրավում, բ) սփյուռքահայերի՝ ՀՀ-ում ներկայացվածության ինստիտուցիոնալացում և կառավարման համակարգում ներգրավելու արգելքների վերացում, գ) Սփյուռքի ուժեղացմանն ուղղված ծրագրերի իրականացում, դ) Հայաստանի անվտանգության ու զարգացման նպատակների համար Սփյուռքի ներուժի հավաքագրում, ե) հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում:

«Իմ քայլը» դաշինքի այս ծրագրի Սփյուռքի մասն իր ընդգրկունությամբ և քաղաքականության պատասխանատվությամբ անհամեմատելի է նախորդող բոլոր ծրագրերի, նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2015թ. ծրագրի հետ[5], որտեղ Սփյուռքը հիշատակվում է միայն որպես հայրենադարձության միջոցով ՀՀ-ում բնակչության թվի և ծնելիության աճի կարևոր միջոց: Իսկ «դեպի Հայաստան հարաճուն հայրենադարձությունը» պատկերացվում է որպես հետևանք «մարդու ազատության և արժանապատվության պաշտպանության, ստեղծարար ընդունակությունների և կրթության քաջալերման, իրավունքի և օրինականության վրա հիմնված ազգային միասնության», այլ ոչ թե պետության կողմից հատուկ ծրագրերի մշակման և իրականացման արդյունք:

ՀՀ կառավարության հաջորդ ծրագրում (8 փետրվարի, 2019թ.) «Սփյուռքի հետ կապերը» անվանմամբ ենթաբաժնում սահմանվում է չորս ուղղություն (խմբ.)՝ 1) գիտական, մասնագիտական, կրթամշակութային, տնտեսական և այլ ոլորտներում համահայկական ցանցերի ստեղծում և զարգացում, 2) Հայաստանի զարգացման մեջ Սփյուռքի ներուժի ներգրավում և հանրային կյանքում մասնակցություն, Հայաստան-ընդունող երկիր հարաբերություններում Սփյուռքի դերի մեծացում, 3) հայրենադարձության խթանում և ՀՀ-ում սփյուռքահայերի ինտեգրման աջակցություն, 4) սփյուռքյան կառույցների ամրապնդման և համահայկական խնդիրների լուծման գործում նրանց դերի կարևորում, Սփյուռքի ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ ջանքերի գործադրում: Ծրագրի յոթ տարբեր մասերում ուղղակի կամ անուղղակի անդրադարձ կա Սփյուռքին:

Եթե կառավարության առաջին ծրագրին, այն համարելով հետհեղափոխական իրավիճակում շուտափույթ կազմված փաստաթուղթ, կարելի է մեծ ուշադրություն չդարձնել, ապա երկրորդն արդեն, դիտարկելով որպես ընտրություններով իր լեգիտիմությունն ամրագրած և «Իմ քայլը» դաշինքի ծրագրի դրույթներն իրագործելու մանդատ ստացած, իրական քաղաքականության մեջ ամիսների փորձառության և մշակման համար ժամանակ ունեցող իշխանության ծրագիր՝ կարելի է որակել որպես հետընթաց Սփյուռքի` իրենց իսկ հռչակած քաղաքականությունից և քննադատելի է ինքնին որպես ծրագիր մի շարք առումներով: Ծրագրում չափազանց նեղացվել է հայրենիք-սփյուռք ինստիտուցիոնալ հարաբերություններում ՀՀ-ի՝ որպես ազգային պետության դերը և գործառույթները, ներկայացնելով այն որպես կարևորողի, գնահատողի, նպաստողի, ջանքեր գործադրողի, բայց ոչ մշակողի և իրականացնողի կարգավիճակում: Անգամ ենթաբաժնի անվանման մեջ չկա հարաբերության Հայաստան կամ հայրենիք կողմը: Եվ իրավամբ, ըստ այդ ծրագրի՝ Սփյուռքի հետ միայն կապի մասին է խոսքը:  

Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, կարծես հրաժարվելով Սփյուռքի քաղաքականության մշակման քննարկումներից և իրականացման պատասխանատվությունից, քննարկումները տեղափոխվեցին քաղաքականության իրականացման կառույցի շուրջ: Սփյուռքի նախարարության լուծարման հարցը, առանց հանրային և առավել ևս Սփյուռքի կառույցների հետ քննարկումների, ներկայացվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում[6], ըստ որի Սփյուռքի նախարարությունը միացվում է վարչապետի աշխատակազմին՝ այնտեղ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Հանձնակատարի լիազորություններն են (խմբ.)՝ 1) համակարգել համահայկական ցանցերի ստեղծման և զարգացման քաղաքականությունը, 2) Հայաստան-Սփյուռք գործակցության համար առաջարկություններ ներկայացնել վարչապետին հետևյալ ուղղություններով. ա) հայրենադարձության և Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման, բ) համահայկական կառույցների ամրապնդման և համահայկական խնդիրների լուծման գործում նրանց դերակատարության բարձրացման, գ) Սփյուռքի ներուժի թիրախային օգտագործման և լիարժեք նպատակային ներգրավման, դ) ինքնության պահպանման աջակցության վերաբերյալ, 3) համակարգել Սփյուռքի բազմազան համայնքների կարիքների բավարարմանն ուղղված քաղաքականության իրականացման ծրագրերը, 4) իրականացնել Հայաստանի հանրային կյանքի կազմակերպման գործում Սփյուռքի մասնակցության ապահովմանն ուղղված պետական և այլ ծրագրերի մշտադիտարկումը:

Նույն օրենքով վարչապետը կարգավորում է Սփյուռքի հետ կապված քաղաքականությունը: Սակայն որևէ տեղ չի նշվում հանձնակատարի գրասենյակի՝ Սփյուռքի քաղաքականության մշակման և իրագործման գործառույթը: Կարելի է ենթադրել, որ վարչապետն անձամբ, ըստ հայեցողության կհանձնարարի Սփյուռքի հետ հարաբերությունների առաջնահերթությունները, այդպիսով՝ ինստիտուցիոնալ մոտեցումները փոխարինելով անձի/կառույցի որոշումներով: Սփյուռքի նախարարության լուծարումը, հիմնվելով նախորդ կառավարության նախարարության/նախարարի գործունեության վերլուծության վրա, նկատի չառնելով դրա խորհրդանշական և գործառութային կարևորությունը Սփյուռքի համար, չքննարկելով հարցը սփյուռքյան կառույցների հետ, Սփյուռքում և Հայաստանում կասկած հարուցեց Սփյուռքի ուժեղացվող քաղաքականության մասին վարչապետի և այլ պատասխանատու պաշտոնյաների հայտարարությունների վերաբերյալ: Սփյուռքի քաղաքականության քննարկումը վերաճեց կառույցի նպատակահարմարության մասին անարդյունավետ քննարկման. եթե չկա քաղաքականություն, ինչպե՞ս ենք որոշում այն իրականացնող կառույցի գործառույթներն ու նպատակահարմարությունը:

Այսպիսով, հետհեղափոխական առաջին ամիսներին կարող ենք արձանագրել Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների առաջնահերթության, Սփյուռքի նախարարության դերի կարևորության, Սփյուռքի ներուժն ակտիվորեն ներառելու պատրաստակամության, հայրենադարձության և ներկայացուցչական մարմին ստեղծելու, Սփյուռքի նոր քաղաքականության մշակման և իրագործման կարևորության շեշտադրում,  Սփյուռքի քաղաքականության մշակման պատվեր (որի արդյունքում առաջին անգամ մշակվել է Սփյուռքի քաղաքականության հայեցակարգի փաստաթուղթ և առաջարկվում է արմատապես նոր մոտեցումներ) և վստահության քվեի արժանացած քաղաքական թիմի՝ Սփյուռքի քաղաքականության ծրագիր: Սակայն խորհրդարանական ընտրություններից հետո կարծես գրանցվեց հետընթաց այս հանձնառություններից:  Կառավարությունը վերադարձավ մայիսին առաջ քաշած իր մոտեցումներին, ավելին, հրաժարվելով իր ամենամեծ առաջնահերթությունից՝ մեծ հայրենադարձությունից (թողնելով այն խթանելու կրավորական դիրքը), լուծարեց Սփյուռքի նախարարությունը՝ վերակազմավորելով քաղաքականության մշակման և իրագործման անկախություն/լիազորություն չունեցող Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակի (չնայած շեշտվում է դրանով Սփյուռքի հետ ավելի որակյալ ու լավ հարաբերություններ ունենալը), բաշխեց Սփյուռքի հետ տարվող աշխատանքների մի մասը այլ նախարարությունների/գերատեսչությունների վրա (մեկ կառույցում համակարգված աշխատանքից վերածելով ցրիվ ու խճճված, դեռևս անհասկանալի աշխատանքի), նեղացրեց Հայաստան-Սփյուռք ինստիտուցիոնալ գործակցության կողմերը:

Հայաստանի նոր իշխանությունները քաղաքական հայտարարություններում գերշեշտադրում են (գուցեև այդպես գիտակցվում է) Սփյուռքի հետ ավելի որակյալ և արդյունավետ հարաբերությունների և ՀՀ-ում Սփյուռքի ներառման մեկ կարևոր գործոն՝ հեղափոխությունը և դրա հետևանքով առաջացած ներքաղաքական փոփոխությունները: Պարզ է, որ դա անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ: Սահմանափակ ռեսուրսներով և բազում մարտահրավերների առջև կանգնած Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ չունենալ զարգացման կարևոր ռեսուրսի՝ Սփյուռքի մարդկային, սոցիալական ու ֆինանսական կապիտալի ներառման ռազմավարական ծրագիր, և մտածել, որ առանց Սփյուռքի քաղաքականության հնարավոր է ունենալ ցանկալի արդյունքները:

1.  Կառավարության ծրագիր 2018
2. Կառավարության ծրագիր 2019
3. https://bit.ly/2VCrI77
4. http://hayernaysor.am/archives/299811
5. http://araratnews.am/khaghakhaciakan-paymanagir-kusakcuthyan-tcragireh/
6. https://bit.ly/2CABXlu

Share

Comments are closed.