Եվրամիությունը հրաժարվու՞մ է ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս

«Ադրբեջանի հետ ԵՄ-ի ռազմավարական գործակցության մասին համաձայնագրի բովանդակությունը (այն նախատեսվում է ստորագրել մայիսին) գաղտնի է մնում, քանի որ փաստաթղթի տեքստում Լեռնային Ղարաբաղը չի նշվում որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը։

Նրա խոսքերով՝ «Եվրամիությունը դեմ է փաստաթղթում այդ կետի արտացոլմանը»։ «Օրինակ,  Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ կնքած փաստաթղթերում այդ երկրների գրավյալ տարածքները նշված են որպես դրանց անքակտելի մաս»,-պարզաբանել է Մամեդովը։

Համանման տեղեկատվություն է տարածել նաև «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։«Որոշ տեղեկությունների համաձայն՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է, որպեսզի համաձայնագրում անպայման ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ըստ տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների՝ եվրոպացի դիվանագետները տատանվում են այդ հարցում։ Պարզ է, որ Ադրբեջանի կառավարությունն արդարացիորեն ուզում է, որ համաձայնագիրը ներառի նաև այս կետը. «Եվրամիությունը կողմնակից է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Միայն մի երկիր դեմ կլինի Ադրբեջանի արդարացի պահանջին՝ Հայաստանը։ Բայց չէ՞ որ Հայաստանն այն ուժը չունի, որպեսզի Եվրամիությանը ստիպի հրաժարվել տարածքային ամբողջականության ճանաչումից՝ միայն Երևանի դեմ լինելու պատճառով։

Իրականում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը առաջին հերթին համապատասխանում է Եվրոպայի շահերին։ Քանի որ Եվրամիությունը միանշանակորեն պաշտպանում է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվրախորհրդարանն ընդունել է մի քանի բանաձևեր, որոնցում ընդգծված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ուստի և համաձայնագրում այդ կետի ներառումը չի հակասում Բրյուսելի առաջնահերթություներին ու արժեքներին»,- գրում է haqqin.az-ը։

Պաշտոնական Բաքուն դեռ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը։

Minval.az

Share

Comments are closed.