Իրանի, Իսրայելի և Արցախի միջակայքում. նոր հովեր Հայաստանի արտաքին քաղաքականությունում

Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Մի տարի առաջ Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունն, անկասկած, որոշակի շտկումներ է մտցրել եթե ոչ հանրապետության արտաքին քաղաքական ուղղվածության, ապա առնվազն դրա ձևավորման մեթոդների և մեխանիզմների մեջ։ Այս պնդման օգտին կարելի է վկայակոչել Երուսաղեմի հետ հարաբերություններ հաստատելու Երևանի լուրջ հայտը՝ Իրանի հետ արդեն գոյություն ունեցող հարաբերությունների խորացման պայմաններում…

Մարտի սկզբներին Իսրայել է ժամանել հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Այցի ընթացքում քննարկվել է Իսրայելում դեսպանատան բացման հարցը՝ «միջպետական հարաբերությունները նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով»։ Երուսաղեմում հայկական պատվիրակությունը քննարկել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի` Իսրայել կատարելիք պաշտոնական այցին առնչվող կազմակերպչական հարցերը։ Ուշագրավ է, որ Երևանի և Երուսաղեմի միջև հարաբերությունների նոր շրջափուլի մասին տեղեկությունները հայտնի են դարձել Հայաստանի վարչապետի` Իրան կատարած պաշտոնական այցից ընդամենը օրեր անց։ Հաշվի առնելով Իսլամական Հանրապետության և վերջինիս թիվ մեկ թշնամի համարվող Իսրայելի միջև թշնամանքի առավելագույն աստիճանը, թվում է, որ Փաշինյանն Իսրայելի հետ հարաբերությունների սպասվող տեղաշարժն ինչ-որ չափով համաձայնեցրել է նաև հարավային հարևանի հետ։ Սա, անտարակույս, իսրայելա-հայաստանյան հարաբերությունների ապագային հավելյալ հեռանկարներ է խոստանում։ 

 Նախապատմություն

 Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն բավականին ընդարձակ պատմություն. դրանք հաստատվել են Հայաստանի անկախության արշալույսին՝ 1992 թվականին։ Սակայն, երկու երկրներն այսքան տարիների ընթացքում դեսպանատներով չեն փոխանակվել։ 1993-ից մինչև 2007-ը Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրվում էին Վրաստանում Իսրայելի դեսպանները, իսկ 2007 թվականից ի վեր Հայաստանում Իսրայելի դեսպանը հավատարմագրվում է Երուսաղեմ նստավայրով։ Պետք է նշել նաև, որ այս բոլոր տարիների ընթացքում հիշյալ երկու երկրների միջպետական հարաբերություններում ոչ մի նշանակալից իրադարձություններ չեն եղել։ 

Այնուամենայնիվ, Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունները նկատելիորեն աշխուժացել են 2017-ին՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Իսրայել կատարած այցի կապակցությամբ։ Նույն թվականին Հայաստան են այցելել տարբեր մակարդակի իսրայելական պատվիրակությունները։ 2018-ին Բենիամին Նեթանյահուն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու առթիվ և իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել քայլեր կատարել հայ-իսրայելական գործընկերությունն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության համար Իսրայելի այդ պատրաստակամությանը չընդառաջելն անթույլատրելի շքեղություն է, հատկապես, Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների դանդաղ, բայց հետևողական վատթարացման, Ադրբեջանի հետ Իսրայելի պարբերաբար խորացող ռազմատեխնիկական համագործակցության և հատկապես ԱՄՆ-ի հետ Իսրայելի ունեցած դաշնակցային հարաբերությունների ռազմավարական բնույթի համապատկերում, որի վերջին դրսևորումը Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին Դոնալդ Թրամփի ստորագրած հռչակագիրն էր։ Իսրայելցի պատվիրակների հաճախակիացած այցերը Երևան և հայ դիվանագետների պատասխան այցերը Երուսաղեմ վկայում են, որ Հայաստանն էլ Իսրայելին առաջարկելու բան ունի։

 Տեղաշարժ

 2017-ին ոչ պաշտոնական հատուկ առաքելությամբ Հայաստան և ամենակարևորը՝ Արցախ է այցելել իսրայելցի հրապարակախոս և քաղաքագետ Ավիգդոր Էսկինը։ Թեև այցի ավարտին կայացել է մամլո ասուլիս՝ այցն ու հատկապես դրա նպատակները մնացել են հայ լրագրողների ուշադրությունից դուրս և գործնականում գրեթե չեն լուսաբանվել։  Մինչդեռ Էսկինը Երևան էր բերել առաջարկությունների մի ողջ փաթեթ՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Ի թիվս այլոց՝ այդ փաթեթը հաշվի էր առնում նաև Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները։ Դեռ այն ժամանակ տողերիս հեղինակի հետ զրույցում Էսկինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Իսրայելի միջև լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհին չկա որևէ հիմնավոր խոչընդոտ։ Նա նշել է, որ այդ հարաբերություններին չպետք է խանգարեն ո՛չ իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին և ո՛չ էլ Հայաստանի մերձությունն Իրանի հետ։ «Շատ կարևոր է հասկանալ, և մենք դա հասկանում ենք, որ հայ-իրանական բարեկամությունն ուղղված չէ Իսրայելի դեմ։ Ճիշտ նույն կերպ Հայաստանում պետք է հասկանան, որ Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններն ուղղված չեն Հայաստանի դեմ», – ընդգծել է Էսկինը։ Այնուամենայնիվ, 2017-ին իսրայելցի այցելուն Հայաստանից և Արցախից առանց որևէ գործնական արդյունքի է վերադարձել։ Իսրայելի հետ հարաբերություններ խորացնելն այդ ժամանակվա հայաստանյան վերնախավը չափազանց մեծ և չարդարացված ռիսկ է համարել։ 

Ի հեճուկս «նախկինների» ճամբարից պարբերաբար հնչող բացականչությունների, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել, իրականում շատ բան է փոխվել, հատկապես՝ արտաքին քաղաքականությունում։ Եվ վերջին 25 տարիների ընթացքում Իսրայելի հետ տեղում դոփած հարաբերություններում առկա տեղաշարժը դրա լավագույն ապացույցն է։ Այսպես, արդեն հիշատակված Ավիգդոր Էսկինի խոսքերով, Հայաստանի ԱԳՆ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանի ղեկավարությամբ հայկական պատվիրակության` Իսրայել կատարած այցի արդյունքում, դեսպանատան և հյուպատոսարանի բացումից բացի, Երուսաղեմում սպասվում է հայկական մշակութային կենտրոնի բացումը։ Վերջինիս կանխատեսումներով՝ Իսրայելի պատասխան քայլերը Հայաստանում դիվանագիտական ներկայությունն ապահովելու ուղղությամբ չեն ուշանա։ Ավելին՝ իսրայելցի քաղաքագետը բեկումնային է համարում արդեն այսօր առկա հարաբերությունների մակարդակը։

 Արցախն ու սպառազինության խնդիրները

 Սակայն, բացի բեկումնային հեռանկարներից՝ հայ-իսրայելական հարաբերությունների խորացման ճանապարհին կան նաև խնդիրներ, որոնցից հիմնականը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին իսրայելական սպառազինությունների վաճառքն է։ Տվյալ թեման հայկական հասարակության համար ավանդաբար զգայուն է, նախ և  առաջ՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից և համատեղման կարգով Ադրբեջանին սպառազինությունների թիվ մեկ մատակարար Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Արցախյան հակամարտությունը դեռ կարգավորված չէ, իսկ Արցախի և Հայաստանի դեմ Բաքվի ռազմաքաղաքական սպառնալիքներն անընդհատ շատանում են։ Եվ 2016 ապրիլին արցախցիների դեմ Բաքվի սանձազերծած ագրեսիան սպառազինությունների վաճառքի թեման էլ ավելի զգայուն է դարձրել։ Արցախի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականներն ակտիվորեն օգտագործում էին այսպես կոչված կամիկաձե-անօդաչու սարքեր և այլ նորագույն իսրայելական տեխնոլոգիաներ։ Հայ-իսրայելական համագործակցության հեռանկարներն ու ապագայի սպասելիքները հաշվարկելիս սխալ է անտեսել հիշյալ հանգամանքը։ Հետևաբար՝ սպառազինությունների հարցն ու Արցախ-Իսրայել հարաբերությունները հայաստանյան դիվանագիտության օրակարգի բաղկացուցիչներն են։ 

Իսկ, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Երուսաղեմն ունի բավականին հավասարակշռված և չեզոք դիրքորոշում։ Այսպես, «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերի գնահատմամբ՝ Իսրայելին, ամեն դեպքում, ձեռնտու է ղարաբաղյան կարգավորման դանդաղընթաց, բայց բացառապես խաղաղ բանակցային գործընթացը՝ առանց 2016-ի ապրիլի պես լուրջ ցնցումների։ Հաշվի առնելով իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը՝ այդպիսի դիրքորոշման տրամաբանությունն, ընդհանուր առմամբ, հասկանալի է։
 Ուշագրավ է, որ Իսրայելի հետ հարաբերությունների նոր մակարդակին հասնելուն ձգտող Երևանն իսրայելա-ադրբեջանական զարգացող ռազմատեխնիկական համագործակցության կապակցությամբ Երուսաղեմին ոչ մի նախապայման չի առաջադրում։ Այսպես, Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը Երուսաղեմում գտնվելու ժամանակ «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իսրայելական սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին դադարեցնելու Հայաստանի ձգտումը չի լինելու Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու նախապայման։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Երևանը նույնպես չի բացառում Իսրայելի պաշտպանական հատվածի հետ համագործակցությունը։ 

Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ Երևանը Երուսաղեմի հետ հարաբերություններում պետք է ջանա հասնել Ադրբեջանին իսրայելական սպառազինությունների մատակարարումները բացառող մակարդակին։ Հետևաբար, Իսրայելի հետ սեփական հարաբերությունները խորացնելուն միտված բանակցությունների փուլում սպառազինությունների հարցին անդրադառնալը վաղաժամ և աննպատակահարմար է։ Երևանը պետք է գործադրի բոլոր հնարավոր ջանքերն Ադրբեջանին իսրայելական սպառազինությունների մատակարարումները դադարեցնելու համար, բայց՝ սոսկ դիվանագիտության և երկկողմանի դիվանագիտական հարաբերություններում սեփական կարևորության բարձրացման շնորհիվ։ Թևան Պողոսյանի գնահատմամբ՝ ներկայումս Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումն ու այդ երկրում մեր ակտիվ աշխատանքը լիովին բխում են մեր երկրի շահերից։  Նրա կարծիքով՝ Իսրայելն ունի համանման դիրքորոշում, հատկապես, որ երկու երկրներն էլ վաղուց ի վեր ունեն հավատարմագրված դեսպաններ։ ՀՀ նախագահի խորհրդականը համոզված է, որ Երուսաղեմում հայկական դեսպանատան բացմանը կհետևի Երուսաղեմի պատասխան քայլը։  

Իսրայելն Ադրբեջանին պաշտոնապես սպառազինություններ է մատակարարում 2012 թվականից ի վեր։ Իսրայելի պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն՝  9,1 միլիարդ դոլար ընդհանուր ծավալ կազմած իսրայելական արտադրության սպառազինությունների արտահանման 13%-ը բաժին է հասել Ադրբեջանին։ Այսպիսով, Ադրբեջանն իսրայելական սպառազինությունների ներկրողների շարքում Հնդկաստանից և Վիետնամից հետո զբաղեցրել է երրորդ տեղը։ Ըստ այդմ՝ Ռուսաստանից հետո սպառազինությունների միջազգային շուկայում Իսրայելն Ադրբեջանի երկրորդ գործընկերն է, որի հետ առևտրի ծավալն ընդամենը մեկ միլիարդ դոլարով պակաս է 5 միլիարդ դոլարին հասնող Ռուսաստանի հետ ունեցած սպառազինությունների վաճառքի մասին պայմանագրերից։   Բաքուն Իսրայելից գնում է հիմնականում անօդաչուներ, զրահատեխնիկա, ռադիոէլեկտրոնային հետախուզության սարքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և հակատանկային հրթիռներ։ 2018-ի հունիսի սկզբներին Բաքվում տեղի է ունեցել առավելագույնը 300 կմ գործողության շառավղով իսրայելական «LORA»  օպերատիվ-մարտավարական համակարգի ցուցադրումը։ Իսրայելական «Aeronautics» ընկերությունն ու Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը 2018 թվականից սկսած իրականացնում են անօդաչու ավիատեխնիկայի ստեղծման միասնական «AZAD Systems» նախագիծը։ Իսրայելից Բաքվի կատարած վերջին գնումներն են «4 LORA» հրթիռային համակարգեր՝ 50 հրթիռով և «Sky Striker 100» թեթև հարվածային անօդաչուներ։

Երևացող հեռանկարներ և հնարավորություններ 

Այնուամենայնիվ, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հարցում պետք չէ շտապողականություն դրսևորել, նախ և առաջ՝ Իսրայելում ընթացող ներքին քաղաքական զարգացումների պատճառով։ Վերոհիշյալ դոկտոր Ցինկերի գնահատմամբ՝ Հայաստանի վարչապետի այցը տեղի կունենա միայն ապրիլի 9-ին երկրում անցած խորհրդարանական ընտրությունների քաղաքական արդյունքների վերջնական ամփոփումից, մասնավորապես՝ վարչապետի կողմից նոր կառավարության ձևավորումից հետո։ Ցինկերի կարծիքով՝ Փաշինյանի` Իսրայել կատարելիք այցի կազմակերպման հարցում համապատասխան արդյունքներով լուրջ խոսակցությանը կողմերի պատրաստվածությունը շտապողականություն չի ենթադրում։ Ուստի՝ առաջին փուլում երկկողմանի հարաբերություններում տեղաշարժ արձանագրելու համար քաղաքագետը կարևորում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ժամանումը։ Իր գնահատմամբ՝ ծրագրվող այցելությունները մեծապես անհրաժեշտ են՝ հաշվի առնելով երկու երկրների միջև առկա դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների բավականին ցածր մակարդակը։ Մասնավորապես՝ Իսրայելի կառավարությանը հետաքրքրում է, թե ինչպիսին է լինելու Հայաստանի տարածաշրջանային և արտաքին քաղաքականությունն իշխանափոխությունից հետո, հատկապես՝ Փաշինյանի` Իրան կատարած վերջին այցից հետո, որի արդյունքներով առնվազն նկատվում է տնտեսության բնագավառում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը խթանելու մտադրություն։ 

Այսպիսով, Երևանում գիտակցում են, որ Իրանի հետ հարաբերությունների խորացումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությունների համանման խորացմանը։ Հաշվի առնելով իրադարձությունների վերոհիշյալ ժամանակագրությունը՝ նման լավատեսությունն ունի որոշակի նախադրյալներ, մասնավորապես՝ Հայաստանի «տարանցիկ» երկրի հնարավոր դեր ստանձնելու համատեքստում, որի միջոցով Իսրայելն ու Իրանը կկարողանային իրար հետ որոշ բնույթի հարցեր համաձայնեցնել։ Այսպիսով, Երևանին ամենևին էլ անհրաժեշտ չէ ցուցադրել Իրանի նկատմամբ հակվածությունը, որովհետև դա չի բխում Հայաստանի ազգային շահերից։ Ընդհակառակը, Երևանի կարողությունը՝  զուգահեռաբար աշխատել արևմտյան աշխարհի մաս կազմող և դեպի ԱՄՆ ամենակարճ ելք ունեցող Իսրայելի հետ, այս պարագայում օգտավետ է նաև Թեհրանի շահերի տեսանկյունից։ Այլ կերպ ասած՝ և՛ Երուսաղեմը, և՛ Թեհրանը շահագրգռված են Երևանի հետ զուգահեռ հարաբերություններ ունենալու հնարավորությամբ։ 

Եվ այստեղ կրկին առաջին տեղ է մղվում այնպիսի մի կատեգորիա, որպիսին է վստահությունը։ Ի հեճուկս միջազգային հարաբերություններում տեղի ունեցած բոլոր վերջին փոփոխությունների՝ յալթյան, պոտսդամյան և այլ միջազգային պայմանագրերի վրա հիմնված ստատուս-քվոյի փլուզմանը՝ վստահությունը շարունակում է մնալ քաղաքական կատեգորիա։ Դատելով Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր վերջին քայլերից և, ամենագլխավորը, այդ քայլերին տարբեր գործընկեր-երկրներից ստացված արձագանքներից՝  առնվազն կարելի է ասել, որ ներկա փուլում Հայաստանի կառավարությունը վայելում է այդ վստահությունը, որից զրկված էին երկրի՝ Փաշինյանին նախորդած երեք ղեկավարներից առնվազն երկուսը։ Շատ կարևոր է, որ նման վստահություն, առնվազն Իրանի կողմից, չի վայելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իսրայելը հասկանալի պատճառներով միշտ հետաքրքրություն է դրսևորել Իրանը շրջապատող երկրների հանդեպ։ Հենց դրանով էլ բացատրվում է Վրաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ Իսրայելի առկա հարաբերությունների մակարդակը։ 

Հետևաբար, միայն Փաշինյանի կառավարության հանդեպ վստահությունը Թեհրանին կարող է որոշակի երաշխիք ընծայել, որ հնարավոր չէ Հայաստանի տարածքի օգտագործումը Իսրայելի կողմից Իրանի ներսում վիճակը վերահսկելու նպատակով։ Վստահություն, որն ամրագրված է Թեհրանի՝ որպես հարևան գործընկեր-երկրի հանդեպ Երևանի կատարած հստակ քայլերով։ Դատելով Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարած այցի արդյունքներից և նրա՝ Իսրայել կատարելիք այցից՝ Երևանը վայելում է Թեհրանի վստահությունը։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ այսօր Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն ու հեռանկարները Իրանի հետ հարաբերությունները խորացնելու և զուգահեռաբար Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու համար՝ իր համար բխող բոլոր աշխարհաքաղաքական, տնտեսական և քաղաքական օգուտներով հանդերձ։  

Share

Comments are closed.