Նիկոլ Փաշինյանը փորձում է արցախյան հարցին հումանիտար տեսք տալ

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երևան

Նիկոլ Փաշինյանը հռետոր է՝ նոր մտքերի ու գաղափարների, ոչ ստանդարտ ձևակերպումների ու մոտեցումների վարպետ: Նախկինում, երբ նա հայտնի լրագրող էր, խմբագիր, քաղաքական գործիչ ու պատգամավոր, հաճախ չէր արտահայտվում արցախյան հակամարտության և կարգավորման մասին: Արցախի մասին նա սկսել է հաճախակի խոսել վարչապետ ընտրվելուց հետո միայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում: Վարչապետի պաշտոնում նա առաջին այցն Արցախ արեց 2018-ի մայիսի 9-ին՝ ընտրվելուց մեկ օր անց: 

Ստեփանակերտի հուշահամալիրում նա համբուրեց մոլորված ու կյանքի մայրամուտին մոտեցած մի կնոջ կնճռոտ ու դողացող ձեռքը, որ եկել էր պատերազմում զոհված որդու շիրիմին՝ լաց լինելու: Ապա Փաշինյանն ամուր գրկեց մի պատանու, որ հորն էր կորցրել:

Արցախյան կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումների առանցքում մարդն է: Երբ դու առաջնային պլան ես մղում մարդուն՝ արցախյան հակամարտությանը և կարգավորման հեռանկարին տալիս ես մարդկային տեսք: Ապրիլի 11-ին Ստրասբուրգում, ԵԽԽՎ ամբիոնից ելույթում Փաշինյանը հիշեցրեց, որ Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների զարգացման համար նախանձախնդիր Եվրոպայի խորհուրդը «զրո ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպություններին աջակցելու խնդրին, ԵԽԽՎ-ն բնավ որևէ միջոց չի ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման համար»:

Սրա բացատրությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հակասություններ, տարընթերցումներ կան, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն:

«Բայց խոսքը ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի անելիքի առումով պետական կարգավիճակի մասին չէ: Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը»,- ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց Հայաստանի վարչապետը և մարդու իրավունքների, խոսքի ազատության պաշտպանությամբ, ժողովրդավարական հաստատությունների կայացմամբ շահագրգիռ կառույցներին կոչ արեց աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: 

«Դրանից շահելու է քաղաքացին՝ մարդը, իսկ մարդն ավելին է, քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ»,- շեշտեց Փաշինյանը:

Ելույթից հետո Հայաստանի վարչապետը պատասխանեց խորհրդարանականների հարցերին: Ու կրկին նրա մեկնաբանությունների առանցքում մարդն էր, տվյալ դեպքում՝ Արցախի հողի վրա ապրող հայ մարդը. «Մենք ուզու՞մ ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք հարցը կարգավորել, ինչպե՞ս ենք պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի, որովհետև շատ հաճախ օգտագործվում է օկուպացիա բառը, բայց այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, և որտեղ ծնվել են, ապրել են և հուղարկավորվել են իր նախնիները»:

Այսպիսի ձևակերպումները չափազանց կարևոր են, որքան էլ միջազգային հանրությունը չտեսնելու տա մարդկային գործոնը: 

Ուշադրության արժանի էին Փաշինյանի՝ Ստեփանակերտում, ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների նիստում արտահայտած մոտեցումները. «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացին մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի և նրա իրավունքների, այլև բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետև մենք իրապես շահագրգիռ ենք և ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»:

Փաշինյանը կրկնեց այն միտքը, որի հեղինակը հենց ինքն է. «Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն, հետևաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաև ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը: Այդ բանակցություններում ներկայացված է նաև ՀՀ-ն՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ: Հետևաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում:

 Իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ»:

Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանի վարչապետը չի կարող բանակցություններում ներկայացնել Արցախ ժողովրդին և իշխանություններին այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում, և ուրեմն՝ Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ: Սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը, ըստ Փաշինյանի, ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում:

Հայաստանի վարչապետն իր հրապարակային ելույթներում կարևորում է նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը: Խաղաղությունը ևս մարդու համար է, մարդն աշխարհ է եկել խաղաղ ապրելու համար: 

«Ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018 թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»,-Ստեփանակերտում հայտարարել է Փաշինյանը:

Տարակուսելի է, որ առայսօր Արցախի իշխանությունները համարժեք կերպով չեն արձագանքում Փաշինյանի հայտարարություններին: Մինչդեռ դրանք հայտարարություններ են, որոնք հնարավորության դուռ են բացում Արցախի՝ բանակցություններում ներգրավվելու համար: Այդ հայտարարություններն Արցախի հողի վրա ապրող հայ մարդու համար են: 

Թաթուլ Հակոբյանը «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան է և հայկական ուսումնասիրությունների «ԱՆԻ» կենտրոնի համակարգող: Նա հեղինակն է «Արցախյան օրագիր. Կանաչ և սև» և «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» գրքերի:

Share

Comments are closed.