Նոր որակ` կարգավորման դիսկուրսի մեջ

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
ԱՀ ԱԺ պատգամավոր
Ստեփանակերտ

2018 թ. հայաստանյան հեղափոխությունը հետաքրքիր զարգացումներ բերեց նաև ղարաբաղյան կարգավորման մոտեցումներում: Կարծես թե ամեն ինչ ասվել էր, գոնե փորձագիտական մակարդակով ամեն սցենար քննարկվել էր, և թվում էր՝ այստեղ որևէ նոր գաղափար չէր կարող աշխուժություն մտցնել:

Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` տարբեր վայրերում ու հարթակներում հնչեցրած մոտեցումները քննարկումների նոր ալիք բարձրացրին: 2018 թ. մայիսի 9-ին` լիազորությունները ստանձնելուց մեկ օր հետո, ՀՀ վարչապետը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Իհարկե, ասածը նորություն չէր, սակայն փաստարկներն էին անառարկելի. ՀՀ ժողովրդին ներկայացնում են ՀՀ իշխանությունները, Ադրբեջանի ժողովրդին, այդ թվում Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիներին՝ նրանց կողմից ընտրված Ադրբեջանի իշխանությունը, իսկ ո՞վ է ներկայացնում Արցախի բնակիչներին: Արցախի բնակիչները չեն մասնակցում ՀՀ իշխանությունների ձևավորմանը, հետևաբար` բանակցություններին պետք է մասնակցեն Արցախի բնակիչների ձևավորած իշխանությունները: Այս փաստարկներն այնքան ամուր են, որ սրան որևէ լուրջ հակափաստարկ չի ներկայացվել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ տարբեր փորձագիտական շրջանակների կողմից: 

Փաշինյանն ընդհանրապես կարողանում է ասել պարզ բաներ, որոնք, թվում է, բացահայտ փաստեր են, սակայն որոնց մասին մինչ օրս չենք խոսել կամ այդ ձևով չենք խոսել: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մեկ կողմի նոր մոտեցումները և կարգավորման ուղղությամբ կառուցողական աշխատանքի պատրաստակամությունը բավարար չեն առաջընթաց արձանագրելու կարգավորման ուղղությամբ: Սրա վառ ապացույցը Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ադրբեջանից հնչող մեկնաբանություններն ու հայտարարություններն են: Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանում խաղաղ կարգավորման գնալու որևէ ցանկություն չկա, ավելին՝ Փաշինյանի նախաձեռնողականությունն ու հռետորաբանությունը նոր մարտահրավերներ են ստեղծել Ալիևի իշխանության համար, որոնց փորձում են պատասխանել արդեն մաշած փաստարկներով և հակափաստարկներով:

Հետաքրքիր են նաև հայաստանյան կողմի հումանիտար առաջարկներն ու նախաձեռնությունները: Նախկինում հումանիտար ծրագրերից խոսելը թուլություն էր համարվում, սակայն Փաշինյանի կառավարությանը հաջողվել է այս ամենի մասին խոսել ուժեղի դիրքերից և լավ կերպար ստեղծել Հայաստանի համար գոնե միջազգային հանրության մոտ: Սրա վկայություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2019 թ. ապրիլի 15-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ առկա են հումանիտար բնույթի հստակ գործողությունների շուրջ պայմանավորվածություններ: 

Հետաքրքիր վիճակում են Արցախի իշխանությունները և առավելապես` կառավարող նեղ խմբակը: Հայաստանյան թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի վարչապետ դառնալը մեծ ողբերգություն էր նրանց համար, ու ՀՀ նոր իշխանությունների կողմից կատարվող ցանկացած քայլ նրանց կողմից ընդունվում էր թշնամանքով: Ժամանակ առ ժամանակ նրանց թվում է, թե եկել է թիկունքից հարվածելու պահը և հանդես են գալիս նաև հրապարակայնորեն, բայց առավելապես աշխատում են իրենց հատուկ ոճով՝ ապատեղեկատվություն ու թշնամանք են քարոզում ՀՀ իշխանությունների նկատմամբ` իրենց հատուկ մեթոդներով: Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետն ու ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար հանդիպում են արցախյան իշխանությունների հետ և ներկայացնում թե՛ կարգավորման, թե՛ սպառազինությունների ձեռքբերման, թե՛ այլ կարևոր հարցերի շուրջ իրենց մոտեցումները, արածը և անելիքը:

ՀՀ իշխանությունների հրապարակային հայտարարությունները, արցախյան գործընկերների հետ ունեցած հանդիպումները, այդ թվում` ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպումները, որոնց ես մասնակցել եմ ի պաշտոնե, ինչպես նաև իմ անձնական հանդիպումները հաշվի առնելով, կարող եմ փաստել.-առաջին անգամ ՀՀ-ում ունենք իշխանություն, որը չի խոսում տարածքներ հանձնելու մասին, ավելին՝ լրջորեն մտածում է վերաբնակեցման ծրագրերի ակտիվացման շուրջ,

-խորապես մտահոգված է Արցախում ժողովրդավարության հաստատման և հատկապես արդար, թափանցիկ, առանց ընտրախախտումների ընտրությունների անցկացման հարցերով,

-ի տարբերություն Սերժ Սարգսյանի իշխանության՝ մեծապես ցանկանում է նպաստել Արցախում ուժեղ հասարակության ստեղծմանը: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետը չի կորցնում առիթը նաև միջազգային կառույցներին համապատասխան կոչեր անելու: Օրինակ, 2019 թ. ապրիլի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ն.Փաշինյանը հանդես եկավ հետևյալ կոչով. «Աջակցե՛ք Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու անկախ դատական համակարգը: Դրանից շահելու է քաղաքացին՝ մարդը: Իսկ մարդն ավելին է քան որևէ փաստաթուղթ, քան որևէ քաղաքական կամ խմբային շահ, և ես հավատում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կառաջնորդվի հենց այս արժեքներով»: Եվ այս կոչի փաստարկները նույնպես ինքնատիպ էին. «Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը»,- նշել էր ՀՀ վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալով էականորեն ավելացվել է ՀՀ ռազմական բյուջեն:

Նախատեսվածից ավելի հավաքված հարկերի շնորհիվ ավելանալու է զինծառայողների աշխատավարձը:Ամփոփելով կարող ենք ասել, որ թեև կարգավորման գործընթացում հայկական կողմի մտցրած աշխուժությանը՝ ղարաբաղյան կարգավորումը դեռևս հեռու է հանգուցալուծումից: Միևնույն ժամանակ՝ պետք է փաստել, որ հայաստանյան հեղափոխությունը և ՀՀ նոր իշխանությունների ջանքերը թուլացրել են Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու փաստարկները, սակայն պետք չէ մոռանալ, որ մենք ունենք լավ զինված, ագրեսիվ հռետորաբանություն ունեցող հակառակորդ, ուստիև պատերազմի վտանգը պետք է աչքի առաջ ունենանք ամեն օր: Հայաստանը նաև մարտավարական խնդիր ունի՝ հնարավորինս շատ պահպանել խաղաղ վիճակը սպառազինությունների դիսբալանսը վերացնելու և պատերազմը շատ ավելի երկար ժամանակով հետաձգելու համար: 

Սրան զուգահեռ ՀՀ նոր իշխանություններն Արցախում պատկերացնում են ուժեղ հասարակություն, որն ի վիճակի է ստեղծել և ամրապնդել ժողովրդավարական հաստատություններ, ամուր տնտեսություն, լուծել ժողովրդագրական և անվտանգային հարցեր: Ի տարբերություն ՀՀ նախկին իշխանությունների՝ Փաշինյանի կառավարությունը վտանգ չի զգում արցախյան ակտիվ հասարակությունից, ավելին՝ նրան համարում է իր դաշնակիցը: Ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունից հետո նորանկախ Հայաստանի պատմության մեջ ունենք ամենաարցախամետ իշխանությունը, որի իրական նպատակը Հայաստանի այս մասի անվտանգ և արագ տեմպերով զարգացումն է:

Share

Comments are closed.