Երկար ճանապարհի սկիզբը

Արդյո՞ք հնարավոր են նոր մոտեցումներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում

Միքայել ԶՈԼՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր
Երևան

Տարիների, անգամ տասնամյակների ընթացքում շատ է խոսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նոր մոտեցումների անհրաժեշտության մասին, բայց, ըստ էության, քննարկումները միշտ պտտվել են նույն թեմաների շուրջ։ Տասնամյակների ընթացքում մենք բազմիցս ունեցել ենք իրավիճակներ, երբ խոսվել է հնարավորությունների պատուհանների և հասունացող դրամատիկ առաջընթացի մասին, անգամ ասվել է, որ կողմերն, ուր որ է, ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրեն: Բայց, այս բոլոր խոսակցություններն էլ, ըստ էության, մնացել են խոսակցությունների մակարդակում: Փաստաթղթերը չեն ստորագրվել, և հնարավորությունների պատուհաններն այդպես էլ փակ են մնացել։ Եթե սա տեղի ունենար մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, գուցե դա կարելի էր բացատրել ինչ-որ պատահականություններով կամ ժամանակավոր գործոններով: Բայց, եթե նույն բանը տեղի է ունենում բազմիցս, նշանակում է կարգավորման գործընթացում առկա են մեթոդաբանական խնդիրներ, և անհրաժեշտ են իրապես նոր մոտեցումներ:

Իհարկե, նոր մոտեցումների մասին խոսելով, ես նկատի չունեմ արմատական և անշրջահայաց քայլեր: Մասնավորապես, խոսք չի կարող գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից հրաժարվելու, կամ դրան զուգահեռ այլ ձևաչափեր ստեղծելու մասին։ Իմ խորին համոզմունքն է, որ Մինսկի խմբի ձևաչափն իրեն միանգամայն արդարացրել է այն առումով, որ թույլ է տվել խուսափել լայնածավալ պատերազմից։ Եկե՛ք վերհիշենք, որ 1994 թվականից ի վեր թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ ամբողջ աշխարհում տեղի են ունեցել մասշտաբային ցնցումներ՝ պատերազմներ, ճգնաժամեր, հեղափոխություններ, հեղաշրջումներ, լայնածավալ ահաբեկչություն և այլն։ Մասնավորապես, վերջին տարիներին մեր տարածաշրջանի անմիջական հարևանությամբ ծավալվել են լրջագույն ճգնաժամեր։ Ավելին, բազմաթիվ քաղաքագետների և միջազգայնագետների կարծիքով, այսօր լուրջ մարտահրավերների առջև է հայտնվել միջազգային հարաբերությունների համաշխարհային ողջ համակարգը։ Եվ այդ համապատկերում պետք է արձանագրել, որ ղարաբաղյան կարգավորման շրջանակներում հիմնականում հաջողվել է խուսափել լայնամասշտաբ էսկալացիայից։

Իհարկե, երկուսուկես տասնամյակների ընթացքում եղել են բազմաթիվ միջադեպեր, իսկ 2016-ին էլ տեղի է ունեցել քառօրյա պատերազմը, և այս ամենի արդյունքում, ցավոք, եղել են հարյուրավոր զոհեր՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական բնակչության շրջանում։ Բայց, եկե՛ք համաձայնվենք, որ, ընդհանուր առմամբ, այսօր գոյություն ունեցող ուժերի հավասարակշռությունը և Մինսկի խմբի շրջանակներում ծավալվող գործընթացը թույլ են տվել պահպանել հարաբերական կայունություն քսանհինգ տարվա ընթացքում։ Անշուշտ, «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը ծանր հետևանքներ ունի մեր հասարակությունների համար,  բայց այն գերադասելի է լայնածավալ պատերազմից։

Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նաև արձանագրել, որ հակամարտության կարգավորման և լիարժեք խաղաղության հաստատման առումով մենք զգալի առաջընթաց չենք ունեցել։ Եկե՛ք մի հարց տանք ինքներս մեզ։ Արդյո՞ք, վերջին քսանհինգ տարվա ընթացքում մեր հասարակությունները մոտեցե՞լ են խաղաղությանը, թե՞ հեռացել են դրանից։ Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է, և դա այն պատասխանը չէ, որը մեզ կգոհացներ։ Հետևաբար, անհրաժեշտ են ինչ-որ նոր մոտեցումներ, որոնք թույլ կտան փոխել գործընթացի դինամիկան:

Ինչպիսի՞ն կարող է լինել հակամարտության կարգավորման նոր փիլիսոփայությունը։ Իմ կարծիքով, անհրաժեշտ է հրաժարվել էլիտիստական մոտեցումից, երբ ակնկալվում է, որ մի քանի պաշտոնյաներ եվրոպական մի որևէ քաղաքներից մեկում, որևէ շքեղ պալատում, կբանակցեն և կգտնեն հակամարտության լուծումը, որն այնուհետև կմատուցվի, իսկ, եթե ավելի անկեղծ լինենք, կպարտադրվի ժողովուրդներին։ Տասնամյակների ընթացքում այդ մոտեցումն ապացուցել է իր անարդյունավետությունը։ Ժամանակն է եկել՝ որդեգրելու մեկ այլ մոտեցում, որի հիմքում կլինեն մարդիկ՝ հասարակ քաղաքացիները, կամ, այլ կերպ ասած, մեր երկրների ժողովուրդները։

Կարծում եմ, շատ կարևոր է այն մեսիջը, որով վերջերս հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այն մասին, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդների համար։ Սա, իհարկե, ոմանք կարող են փորձել ներկայացնել իբրև սոսկ որպես քարոզչություն, բայց, իմ համոզմամբ, այս պնդման հիմքում դրված է հակամարտության կարգավորման որոշակի փիլիսոփայություն։ Հակամարտության լուծումը չի կարող լինել իշխանական էլիտաների ինչ-որ պայմանավորվածության արդյունք, որը հետագայում կպարտադրվի ժողովուրդներին, մի մոտեցում, որը ոչ միայն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլև անարդյունավետ է։ Գուցե պատմության մեջ եղել են դեպքեր, երբ որևէ հակամարտություն լուծվել է նման վերնախավային պայմանավորվածությունների արդյունքում, բայց այսօր, մեր ժողովուրդների պարագայում, նման լուծումն իրատեսական չէ, ինչպես ցույց է տվել կարգավորման քառորդ դարի փորձը։

Ուրեմն՝ ի՞նչ անել, եթե վերնախավային պայմանավորվածությունների մեթոդն ապացուցել է իր անարդյունավետությունը: Պետք է գնալ ժողովուրդների երկխոսության ճանապարհով։ Ժողովուրդները, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հանրությունները, որոնք տասնամյակներով ապրել են միմյանցից մեկուսացված, գրեթե զուգահեռ իրականություններում, պետք է կարողանան սկսել իրար հետ երկխոսել։ Ի վերջո, այդ երկխոսության արդյունքում պետք է հասնենք նրան, որ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հանրություններն առնվազն սովորեն լսել միմյանց, սկսեն հասկանալ միմյանց մոտեցումները։ Միայն դրանից հետո կարելի է սկսել խոսել այդ դիրքորոշումներն իրար մոտեցնելու մասին։  Հասկանալի է, որ դա դժվար է լինելու։ Բայց, եթե չլինի այդ երկխոսությունը, ապա մենք ընդմիշտ կշարունակենք միմյանց ընկալել որպես թշնամիներ։ Իսկ նման ընկալման պայմաններում որևէ կարգավորման մասին խոսք չի կարող լինել, քանի որ ցանկացած համաձայնություն կարող է ընկալվել որպես պարտություն, կամ, ինչն ավելի վատ է, որպես դավաճանություն։

Իհարկե, ասվածն ամենևին չի նշանակում, որ պետք է ընդհատվեն շփումները երկրների ղեկավարների միջև։  Ընդհակառակը, այդ շփումները պետք է դառնան առավել հաճախակի և արդյունավետ և ընդրգկեն բոլոր շահագրգիռ կողմերին: Չէ որ, ի վերջո,  սա ևս ժողովուրդների երկխոսության ձևերից մեկն է, գուցե ամենակարևորը՝ երկխոսություն ժողովուրդների ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Պարզապես, խաղաղության գործընթացը չպետք է սահմանափակվի բարձրագույն մակարդակի շփումներով, այն պետք է աստիճանաբար ընդլայնվի՝ ընդգրկելով քաղաքացիական հասարակությունները, մտավորականությանը, երիտասարդությանը և այլ հասարակական խմբեր: Իհարկե, այս ամենը պետք է շատ զգուշորեն իրականացնել, որպեսզի մենք չունենանք հակառակ արդյունքը, բայց պետք է շարժվել հենց այդ ուղղությամբ։

Ժողովուրդների երկխոսության անհրաժեշտությունից բխում է ևս մեկ սկզբունք, առանց որի անհնարին է խաղաղության գործընթացը՝ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի բացառումը։ Գուցե ոմանց կարող է թվալ, որ սպառնալիքների և անգամ զինված միջադեպերի կազմակերպման ճանապարհն արդյունավետ քաղաքական գործիք կարող է լինել։ Մի կողմ դնելով հարցի բարոյական կողմը` կարող եմ պնդել իմ համոզմունքը, որ այդ մոտեցումը ոչ միայն չի կարող արդյունավետ լինել, այլև պարզապես կործանարար ազդեցություն կարող է թողնել խաղաղ գործընթացի վրա։ Բռնությունն, ինչպես հայտնի է, ծնում է բռնություն, սպառնալիքին պատասխանում են սպառնալիքով, ուժին պատասխանում են ուժով։ Եթե մենք ուզում ենք կտրել այս արատավոր շրջանը, անհրաժեշտ է բացառել ոչ միայն ուժի կիրառումը, այլև ուժի կիրառման սպառնալիքը։ Հետևաբար, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառումը խիստ կարևոր է, որպեսզի սկսվի հասարակությունների միջև երկխոսությունը։

Եվ վերջում` ևս մեկ նկատառում: Եթե ընդունում ենք որ կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն մարդկանց, ժողովուրդների շահերը, ապա չենք կարող կասկածի տակ դնել այն պարզ ճշմարտությունը, որ կարգավորման գործընթացի մեջ պետք է ներգրավված լինեն հակամարտության կողմ հանդիսացող բոլոր հանրությունները։ Այսօր ղարաբաղյան կարգավորման գործընթացում մենք ունենք մի անտրամաբանական իրավիճակ, երբ հակամարտության կողմերից մեկը՝ Արցախը, որոշակիորեն սահմանափակված է բանակցություններին լիարժեք մասնակցության առումով։ Արցախի քաղաքացիների՝ իրենց ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցության անհրաժեշտության մասին շատ է խոսվել, կարիք չկա կրկնելու այդ թեզերը։

Հասկանում եմ, որ Ադրբեջանում այս ամենը ոմանք կարող են ընկալել որպես «հայերի հերթական խորամանկություն»։ Հասկանալի է, որ երեսուն տարուց ավել տևած հակամարտության պարագայում, երբ չկա վստահություն կողմերի միջև, նման ընկալումների գոյությունը, ցավոք, անխուսափելի է: Բայց, իրականում, Արցախի ներկայացուցիչների մասնակցությունն անհրաժեշտություն է՝ առաջին հերթին հենց հակամարտության կարգավորման նպատակներից ելնելով։ Եթե չապահովվի Արցախի ներկայացուցիչների լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին,  այդ գործընթացը կլինի ոչ արդյունավետ, կստանա իմիտացիոն բնույթ, և իրական առաջընթացի հնարավորությունը կմոտենա զրոյի։ Հասկանալի է, որ սա մի խնդիր է, որը լուծելու համար հարկավոր է ժամանակ, ինչպես նաև քաղաքական կամք գործընթացի բոլոր մասնակիցների կողմից, ինչը հեշտ բան չէ: Իմ համոզմունքն է, որ եթե բոլոր կողմերը իրապես ցանկանում են, որ բանակցային գործընթացում իրոք առաջընթաց գրանցվի, ապա վաղ թե ուշ Արցախի լիարժեք մասնակցության խնդիրը պետք է լուծվի:

Share

Comments are closed.