Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններում առկա ճգնաժամը չի վերածվի բախումների

2018 թ. մարտի 13-ին Ռեքս Թիլերսոնին փոխարինած ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մայք Պոմպեոն նույն թվականի մայիսի 21-ին հայտարարեց Իրանի հանդեպ այդ երկրի նոր ռազմավարությունը։ Իսկ մայիսի 8-ին արդեն նախագահ Դոնալդ Թրամփը, իրականացնելով  իր նախընտրական խոստումը, միակողմանիորեն դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի համաձայնությունից։ Պոմպեոն Իրանի հետ  բանակցելու և նոր համաձայնություն կնքելու համար 12 նախապայման առաջադրեց. դրանցից միայն 3-ն էին վերաբերում Իրանի միջուկային ծրագրերին, որոնք առկա են նաև Իրան-5+1-ի համաձայնությունում։ Իսկ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի զեկուցագրերը վկայում են, որ Իրանը լիովին իրականացնում է դրանք։ Այլ նախապայմաններից են՝ հրթիռաշինության կասեցումը, Սիրիայից իրանցի և իրանամետ շիա այլ ուժերի դուրս բերումը, ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակից երկրների այն քաղաքացիների ազատ արձակումը, որոնք բանտարկված են Իրանում «շինծու» մեղադրանքներով և այլն։ Միաժամանակ՝ Պոմպեոն հայտարարեց, թե ԱՄՆ-ն ուժեղացնելու է Իրանի դեմ տնտեսական և այլ ճնշումները։ Նա ընդգծեց նաև, որ եթե Իրանն ընդունի առաջ քաշած նախապայմանները, ապա ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի հետ դիվանագիտական փոխհարաբերությունները և աջակցել այդ երկրի խաղաղասիրական միջուկային ծրագրերին։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն նպատակամղված է առավել խիստ ճնշումների միջոցով Իրանին պարտադրել  իրականացնելու լուրջ փոփոխություններ արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության ոլորտներում, ինչը թերևս անհավանական է: 

Եվ ահա 2019 թ. մարտից ԱՄՆ-ն սկսել է ավելի սեղմել տնտեսական, ռազմական և այլ բնույթի ճնշումների օղակն Իրանի շուրջ, հայտարարելով, թե վերջինս հարկադրված է ընդունել ԱՄՆ առաջ քաշած 12 նախապայմանները։ Ավելին, նախագահ Թրամփը մայիսի 11-ին Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության միջոցով հեռախոսահամար է փոխանցել Թեհրանին, համոզված լինելով, որ ճնշումները վերջինիս կմղեն բանակցությունների։ Մինչդեռ ի պատասխան Թեհրանը հայտարարել է, թե Վաշինգտոնն Իրանի իշխանությունների հեռախոսահմարն ունի։ Բացի այդ, թեև Իրանը դիմում է  նաև պատասխան քայլերի, սակայն ակնհայտ է, որ տնտեսական սահմանափակումները լուրջ դժվարություններ են հարուցել այդ երկրում։2019 թ. մարտի 8-ին նախագահ Թրամփը, դիմելով աննախադեպ քայլի, այլ երկրի պետական մի կառույց՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապան գվարդիային (ԻՀՊԳ), հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն, որից հետո երկու երկրների միջև լարվածության ուժեղացման միտումն էլ ավելի ակնհայտ է դարձել: Ի պատասխան` Իրանն ԱՄՆ-ին հայտարարել է ահաբեկչությունը հովանավորող երկիր, իսկ ԱՄՆ զինված ուժերի միջինարևելյան կենտրոնական հրամանատարությունը՝ Սենտկոմը (United States Central Command, CENTCOM) նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Իսլամական խալիֆայությունն» է: Այս առնչությամբ Իրանի հրապարակած հայտարարության մեջ շեշտվել է, թե Սենտկոմը ԱՄՆ ահաբեկչական գործողությունների իրականացնողն է Միջին Արևելքում:

Թեև ԱՄՆ նախագահի նշյալ որոշումն ուղղված էր Իրանի վրա ճնշումները մեծացնելուն, սակայն այն, ինչպես և Գոլանի բարձունքների վերաբերյալ նրա որոշումը, կարելի է ասել, որ  նաև նպատակամիտված էր ապրիլին 9-ին տեղի ունեցած Իսրայելի Կնեսետի ընտրություններին վարչապետ Նաթանյահույին աջակցելուն, քանի որ վերջինիս պարտությունը հավանական էր թվում: Եվ իրոք՝ այդ քայլերը զգալի դերակատարություն ունեցան ընտրություննների արդյունքների վրա, որոնցում վարչապետի աջկողմյան «Լիկուդ» կուսակցությունը կրկին մնաց իշխանության ղեկի մոտ: Մյուս կողմից, Թրամփն այդ որոշմամբ  թերևս իր համար ապահովել է հրեա լոբբիստական շրջանակների աջակցությունը  2020թ. նախագահական ընտրություններում (ինչպես հայտնի է՝ նշյալ շրջանակներն զգալի դեր կունենան ԱՄՆ ընտրություններում):  Այս առնչությամբ ուշագրավ է  Իրանի դեմ  ընդունված թերևս դժվար իրականանալի՝ Թրամփի  կառավարության մեկ այլ որոշում: Խոսքն արաբական երկրների մասնակցությամբ Միջին Արևելքում Իրանի ազդեցությունն արգելակելու, այդ երկրին մեկուսացնելու նպատակով  ռազմավարական «Արաբական ՆԱՏՕ» դաշինք ստեղծելու մասին է, որը բնավ էլ նոր գաղափար չէ: Այն շրջանառության մեջ է դրվել դեռևս  Թրամփի նախագահության առաջին իսկ օրերից՝ 2017 թ. հունվար-փետրվարից, երբ նա խոսել է Իրան-5+1-ի չեղարկման անհրաժեշտության մասին, բայց պաշտոնապես չէր հայտարարել այդ մասին: Այս մասին ընթացիկ տարվա փետրվարի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հայտարարել  է «Ֆոքսբիզնես նեթուորքս» (Foxbusiness Networks) հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Նա նշել է,  թե ԱՄՆ կառավարությունը շուտով  իրականացնելու է ռազմական նոր դաշինք ստեղծելու ծրագիր, հավելելով, որ այն ոչ թե հակազդելու է տարածաշրջանում Իրանի քայլերին, այլ ակտիվորեն գործելու է ընդդեմ այդ երկրի ապակայունացնող  ձեռնարկումների:

«Արաբական ՆԱՏՕ-ն» ձևավորվելու է արաբական  երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, Եգիպտոսի և Հորդանանի մասնակցությամբ: «Արաբական ՆԱՏՕ»-ն, հայտարարված նպատակներից զատ, ի սկզբանե նաև անդամ երկրներին մեծ քանակությամբ զենք վաճառելու նպատակ է հետապնդել, ինչն էլ իրականացվում է: Ահավասիկ, Սաուդյան Արաբիան 100 միլիարդ դոլար արժողությամբ զենք է գնել ԱՄՆ-ից և ,ըստ տարածված տեղեկությունների, ստանձնելու է կոալիցիայի հրամանատարությունը, հանգամանք, ինչի նշանակությունը բնավ էլ երկրորդական չէ, եթե նկատի ունենանք, որ, ինչպես ամերիկյան ԶԼՄ-ներն են նշում, նախագահական ընտրություններում ռազմարդյունաբերության համալիրը 30 միլիոն դոլար է տրամադրել Թրամփի քարոզչությանը: Ըստ երևույթին՝ նաև այս հանգամանքով է պայմանավորված ռազմական դաշինքի ձևավորման գործընթացի աշխուժացումը, քանի որ նախորդ ընտրությունների օրինակով զենք արտադրողները կրկին կհովանավորեն Թրամփի թեկնածությունը:

Մյուս կողմից, 2018 թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական սահմանափակումների երկրորդ փուլը կյանքի կոչեց, դրանց թիրախն այդ երկրի նավթի արտահանությունն ու ֆինանսաբանկային գործունեությունն էր: ԱՄՆ-ն այս քայլով նպատակ ուներ զրոյացնել Իրանի նավթի արտահանումը, բայց և այնպես, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, Իրանից նավթ ներմուծող 8 երկրի հնարավորություն ընձեռեց ևս 6 ամիս շարունակել ներմուծումը, պահանջելով, որ աստիճանաբար կրճատեն ծավալները և փոխարինող գտնեն: Մայիսի 2-ին ավարտվեց այդ ժամկետը, և որոշ երկրների պահանջը՝ երկարաձգել տրամադրված արտոնությունը, Վաշինգտոնը մերժեց: Այսուհանդերձ՝ Իրանի նավթի արտահանումը, որոշ պայմանավորվածությունների ու հանգամանքների պատճառով,  չի զրոյանա, սակայն ներկայիս օրական շուրջ 1 միլիոն բարելը նվազելով՝ հասնելու է 600-500 հազար բարելի: Բացի այդ, հնարավոր է նաև վաճառք իրականացվի այլ ուղիներով, անգամ միջազգային գներից ցածր: Հատկանշական է, որ իրանական կողմի հակազդեցությունները երբեմն առիթ են դառնում այդ երկրի դեմ ԱՄՆ նոր քայլերը պատճառաբանելու համար, ինչի մասին գրում են նաև Իրանի բարենորոգչական կողմնորոշմամբ  ԶԼՄ-ները: Այսպես, «Արման» օրաթերթը գրել է. «ԱՄՆ-ն ձգտում է մեզ հրահրել, որ մի սխալ, չմտածված զգայական քայլ անենք, որպեսզի պատրվակ դարձնի և էլ ավելի ուժեղացնի ճնշումները»։ Նման դիրքորոշումը թեև խիստ քննադատության է արժանանում պահպանողականների կողմից։ Ապրիլի 7-ին  ԻՀՊԳ-ի նախկին հրամանատար, գեներալ Մոհամեդ Ալի Ջաաֆարին հայտարարել է, թե ԻՀՊԳ-ին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու պատճառով ԱՄՆ-ի ուժերն Ասիայի արևմուտքում այլևս «ներկայիս անդորրը չեն ունենալու»: Իսկ իրանական նավթի արտահանումը սահմանափակելու առնչությամբ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամեդ Բաղերին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որտեղից միջազգային շուկա է դուրս գալիս Պարսից ծոցի ավազանի երկրների նավթը: Նա հայտարարել է, որ եթե իրանական նավթը չի անցնելու, ապա այլ երկրները ևս կզրկվեն դրանից:  Հանգամանք, որով պատճառաբանվել է դեռևս ապրիլին Միջերկրական ծովում  գտնվող ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» (USS Abraham Lincoln) ավիակիրի տեղակայումը Պարսից ծոցում (Իրանի ջրային սահմաններին մոտ), Սենտկոմի հրամանատարության ներքո (միանալով այդտեղ գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմին)։ Վերջինիս կենտրոնը գտնվում է Բահրեյնում և լիազորված է ԱՄՆ շահերը պաշտպանել Պարսից, Օմանի, Ադենի ծոցերում, Կարմիր ծովում և մասամբ էլ Հնդկական օվկիանոսում։  Նպատակը, ըստ ռազմական փորձագետների, Հորմուզի նեղուցի հնարավոր փակումն արգելակելն է, ինչպես նաև Պարսից ծոցի տարբեր երկրներում ԱՄՆ ռազմաբազաներն Իրանի և նրա հովանավորած ուժերի հավանական հարձակումներից պաշտպանելը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, թե այդ քայլը հակազդեցություն է Իրանի դրսևորած մտահոգիչ վարքագծի: Սակայն նա, այդ մտահոգությունների մասին չխոսելով,  շեշտել է, թե դա հստակ մեսիջ է Իրանին, որ ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների շահերի դեմ ցանկացած հարձակում կարժանանա խստագույն հակազդեցության: Ըստ երևույթին, Բոլթոնը նկատի է ունեցել  իրանցի վերոհիշյալ գեներալների հայտարարությունները, ինչպես նաև Իրանի հասցեին մշտապես հնչող մեղադրանքները՝ վերջինիս միջինարևելյան քաղաքականության առնչությամբ։ Զարգացումների նման ընթացք մտահոգել է միջազգային հանրությանը, մանավանդ որ ԱՄՆ պաշտոնյաներից ոմանք էլ Իրանի հետ բախումները  չեն բացառում։ Սակայն, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ 2020 թ. նախագահական ընտրությունները, կարելի է ասել, որ դրանք հավանական չեն։ 

Մինչդեռ Իրանի և «Արաբական ՆԱՏՕ»-ի երկրների միջև բախումները  չեն բացառվում, որոնք կարող են լինել սադրանքի հետևանք։ 

 Ըստ իս, ԱՄՆ-ն թերևս ձգտում է ճնշումների միջոցով Իրանին մղել  նաև չեղարկելու Իրան-5+1-ի համաձայնությունը, ինչի հետևանքով կվերականգնվեն Իրանի դեմ ՄԱԿ-ի և Եվրամիության սահմանափակումները: Իրան-5+1 համաձայնության շրջանակներում Իրանին թույլատրվում էր միջուկային ոչ ռազմական 7 տարբեր ոլորտներում համագործակցել եվրոպական երկրների, Ռուսաստանի և Չինաստանի հետ: Սակայն մայիսի 3-ին Վաշինգտոնը հատարարել է, թե խնդրո առարկա ոլորտներից 2-ի վրա ԱՄՆ-ն արգելք է դնում, մյուս դեպքերում թույլատվությունը երկարաձգում է ոչ թե 180, այլ 90 օրով: Իրականում այդ երկու ոլորտի արգելումն Իրանին լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու: Դա «ծանր ջրի» տեղափոխումն է Օման և հարստացված ուրանը բնականի հետ փոխանակելը: Մինչդեռ եթե Իրանը չկարողանա հարստացված ուրանը երկրից դուրս բերել,  ապա լուրջ խնդրի առաջ կհայտնվի, քանի որ, ըստ համաձայնության, մինչև 2031 թ. Իրանում պետք է մնա դրա ընդամենը 300 կգ: Մինչդեռ այս դեպքում ակամայից Իրանը կխախտի համաձայնությունը:

Սակայն բոլոր դեպքերում էլ Իրանն, ամենայն հավանականությամբ, դուրս չի գա համաձայնությունից։ Ու առկա ճգնաժամն էլ չի վերածվի հակամարտության։

Share

Comments are closed.