Գարի Կասպարովն անպարկեշտ է արձագանքել ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դերի մասին Գերմանիայի ԱԳՆ հայտարարությանը

Լուսանկարը՝ Deutsche Welle-ի 

Deutsche Welle. Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն անպարկեշտ է արտահայտվել՝ մեկնաբանելով ԵԽԽՎ Ռուսաստանի Դաշնության վերադարձի մասին Գերմանիայի Արտաքին գործերի նախարարի այն միտքը, որ «դա լավ լուր է Ռուսաստանի քաղաքացիական հասարակության համար»։ Նա գրել է Twitter-ում հետևյալը՝ «Արտասահմանում ստիպված ապրող՝ Ռուսաստանի քաղաքացիական հասարակության անունից ես ձեզ ուղարկում եմ…»  

Նրա խոսքերով՝ «դիկտատորին հանգստացնելը և նախահարձակությունը խրախուսելը կբարդացնեն իրավիճակը՝ ինչպես դա սովորաբար լինում է»։ Կասպարովը գտնում է, որ եկել է վերջը Եվրոպայի ու աշխարհի մասին այն վաղեմի երազանքին, ըստ որի «այնտեղ տիրում է օրենքը, այլ ոչ թե զենքի ուժը»։ Հիշեցնելով, որ «Ռուսաստանի կողմից 198 հոլանդացիներ են սպանվել MH17-ում»՝ նա խայտառակություն է համարել, որ հոլանդացի 10 պատգամավորներից 8-ը այսօր «հանդես են գալիս որպես Պուտինի կողմնակիցներ»։

«Այս կապիտուլյացիան ավելի վատն է, քան 1938-ին Մյունխենում եղածը, քանի որ նրանք դժվար թե ընդհարվեն նացիստական ռազմական մեքենայի հետ»՝ ասում է աշխարհի նախկին չեմպիոնը։ Ըստ նրա՝ «Բանակցությունների համար Պուտինին սեղանի շուրջ պահելու մասին խոսող եվրոպական բյուրոկրատներն այս մասին պետք է հարցնեն Հալեպի բնակիչներին»։

Բեռլինը ողջունել է ԵԽԽՎ-ում ձեռք բերված փոխզիջումը։ Նախօրեին Հայկո Մասը ողջունել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, որը ռուսաստանյան պատվիրակությանը թույլ էր տալիս վերադառնալ ԵԽԽՎ։ «Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի մի մասն է՝ համապատասխան իրավունքներով ու պարտականություններով։ Ինձ ուրախացնում է, որ ԵԽԽՎ-ն ներկայումս փոխզիջման համար ուղի է բացել Ռուսաստանի Դաշնության անդամության հարցում»,- ասել է գերմանացի նախարարը։ Հունիսի 25-ին ԵԽԽՎ պատգամավորները տևական բանավեճերից ու ավելի քան 200 ուղղումներից հետո քվեարկեցին այն բանաձևի օգտին, որը Ռուսաստանին իրավունք է տալիս անպայման ու անմիջապես վերադառնալու վեհաժողով։ Փաստաթուղթը, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրների համար ամրապնդում է Նախարարների խորհրդում և ԵԽԽՎ-ում աշխատելու իրավունքը, չեղյալ է հայտարարում ազգային պատվիրակությունների նկատմամբ պատժամիջոցները (ձայնից զրկելը և այլն), ինչպես նաև թույլ է տալիս, որպեսզի ԵԽԽՎ-ում չներկայացված երկրները հայտ ներկայացնեն նրա աշխատանքներին մասնակցելու համար։

«Առավոտ»

Share

Comments are closed.