Խորհրդարանական ուժերը Քոչարյանի կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ, արխիվ

Խորհրդարանական ուժերը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման մեջ քաղաքական ենթատեքստեր չեն տեսնում:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը պետք է դիտարկել իրավական հարթության մեջ: Ընդհանուր առմամբ, ԲՀԿ պատգամավորները խուսափում էին Քոչարյանին առնչվող հարցերին կոնկրետ պատասխաններ տալ։ Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն, օրինակ, այդպես էլ չասաց՝ համաձա՞յն են Քոչարյանի դիտարկման հետ, որ «երկրում օրենք և օրինականություն չկա»:

«Ոչ թե միայն երկրորդ նախագահի, առաջին կամ երրորդ, կամ ներկայիս վարչապետի հետ կապված ով ի՞նչ է ասել և ի՞նչ է ենթադրել և ի՞նչ ձևով է այդ ամենը մեկնաբանում. չեմ պատրաստվել, չեմ պատրաստվում և չեմ էլ պատրաստվելու մեկնաբանություններով հանդես գալ իրենց ասածի հետ կապված», – նշեց Էնֆիաջյանը։

«Ազատության» հարցին՝ այսինքն չեք կիսում Ռոբերտ Քոչարյանի այդ մոտեցումը, պատասխանեց. «Կիսում ենք օրենքի գերակայության հանգամանքը»։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ում նույնպես Քոչարյանի գործը դիտարկում են իրավական հարթությունում, ավելին, ինչպես նշեց պատգամավոր Անի Սամսոնյանը, այդ գործն իրենց համար առաջնային նշանակություն չունի։«Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է», – «Ազատության» հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։

Իշխանական «Իմ քայլ»-ում նույնպես, Քոչարյանի կալանավորման որոշման մեջ, քաղաքական հետապնդում չեն տեսնում: Խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանն ասաց, թե համաձայն չէ Քոչարյանի դիտարկման հետ, թե երկրում ոչ օրենք կա և ոչ էլ օրինականություն:

«Ես գտնում եմ, որ ոչ մի քաղաքական հետապնդում չկա, գործընթացը տեղի է ունենալու օրինականության սահմաններում և՛ սահմանադրականությանը և՛ օրենքներին համապատասխան։ Ես կարծում եմ, որ հանրության մեջ տասնամյակներ ձգվող ամենահիմնական հանրային պահանջը Մարտի 1-ի գործի բացահայտումն է։ Մենք բոլորս կսպասենք այդ բացահայտմանը», – ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Լրագրողները հիշեցրին Աննա Կարապետյանին, որ նա մինչև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր դառնալը, հանրապետականի իշխանության օրոք խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում էր աշխատում, սակայն այդ տարիներին երբեք չի խոսել Մարտի 1-ի գործի բացահայտման կարևորության մասին: Ի պատասխան պատգամավորը հակադարձեց՝ իր հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել:

«Ճիշտ եք ասում նախորդ իշխանությունների ժամանակ աշխատել եմ պետաիրավական հանձնաժողովում, իմ մասնագիտական և պրոֆեսիոնալ գործունեությունն եմ ծավալել պետաիրավական հանձնաժողովում և քաղաքականությամբ չեմ զբաղվել այդ տարիների ընթացքում։ Մինչ այդ, բացահայտեմ ձեզ, որ ես նախ մեծացել եմ քաղաքական ընտանիքում և շատ բուռն ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացներին։ Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է եղել, հիմա թույլ տվեք այլևս չշարունակել», – ասաց Կարապետյանը։


«Ազատություն» ռադիոկայան

Share

Comments are closed.