Կոռուպցիոն ռիսկեր` պաշտոնական կայքերի սպասարկման հարցում

Մասնագիտական-դասագրքային ձևակերպմամբ՝ ցանցակայքը (website) տեքստեր, պատկերներ, տեսանյութեր և այլ տեղեկություններ պարունակող փոխկապակցված էջերի հավաքածու է, որ տեղադրվում է համացանցում և հասանելի է բոլորին։ Աշխարհում միլիոնավոր կայքեր կան՝ անձնական, առևտրային, սոցիալական, պաշտոնական-գերատեսչական և այլն։ Մեզ հետաքրքրում է վերջինը։ Եթե շատ կայքեր գոյություն ունեն տիրոջ միջոցների հաշվին, ապա պետական կառույցների կայքերը՝ պետական միջոցների, այլ խոսքով՝ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ ՀՀ քաղաքացիներն են հոգում կայքի ոչ միայն տեխնիկական ծախսերը, այլ նաև կայքը սպասարկող անձնակազմի աշխատավարձը։ Սակայն մեր կառավարական օղակները հաճախ անտեսում են այս ամենը ու կայքին մատների արանքով նայում, այլ խոսքով՝ անարդյունավետ ծախսում պետական փողերը։ Սրան դեռ կվերադառնանք։ 

Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի օղակների ղեկավարները խոսքով կարևորում են իրենց կայքերը։ Օրինակ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում տեղադրված է նախարարի ուղերձը, համաձայն որի նախարարության պաշտոնական կայքում կարող ենք գտնել հետաքրքրող և կարևոր տեղեկություններ՝ համակարգում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքի համաձայն էլ՝ նախարարության աշխատանքի ոճը լինելու է մասնակցային, բաց, թափանցիկ և փոխվստահելի։ ԿԳՄՍՆ-ն ակնկալում է քաղաքացիների ակտիվ և անմիջական մասնակցությունը ոլորտում իրականացվող գործընթացներում։ ԱԺ նախագահն էլ գտնում է, որ Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարևոր են խորհրդարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար: Եվ այսպես շարունակ։ 

Իրականում սրանք միայն բառեր են։ Գործ չկա։ Ահա օրինակներ։

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի՝ www.gov.am «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ» բաժնում ներկայացված են պաշտոններ, որոնցից մեկը լուծարված է (տես լուսանկարը, ցանկի 9-րդ տող)։ Հայաստանում չկա Նախագահի վերահսկողական ծառայություն։ Մի ժամանակ կար։ Կար նաև վարչապետի վերահսկողական ծառայություն։ Հիմա չկա։ Կա Պետական վերահսկողական ծառայություն։ Բայց կառավարության պաշտոնական կայքը պնդում է, թե ունենք Նախագահի վերահսկողական ծառայություն։ Սա կեղծիք է, որ տարածվում է պաշտոնական կայքով։ Սա պաշտոնական կեղծիք է՝ քրեական հանցագործություն։

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված՝

«Պաշտոնական կեղծիք:

Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Պատիժը՝ տուգանք կամ առավելագույնը չորս տարի ազատազրկում»։

Ցավոք, այս հարցում կառավարությունը միակ իրավախախտը չէ։ Օրինակ Պաշտպանության նախարարության կայքից՝  www.mil.am։ ՊՆ աշխատակազմի տեղեկատվական վերլուծական բաժնի պետի լուսանկարը չկա, թեև նա այդ պաշտոնին է արդեն 10 տարի (տես լուսանկարը)։ Սա այլ հանցակազմ է, սա պաշտոնական անփութություն է՝

ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդված.

 «Պաշտոնական անփութություն։ Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կա՛մ հասարակության կա՛մ պետության օրինական շահերին: Պատիժը՝ տուգանք կամ առավելագույնը հինգ տարի ազատազրկում»։ 

Մեկ այլ օրինակ։ Մայիսի 8-ին Ազգային ժողովն ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին օրենքի նախագիծը», մի շարք նախարարություններ միավորվեցին և անվանափոխվեցին, սակայն կան նախարարություններ, որոնց կայքերում դեռ հին անուններն են։ Կայքերի լուսանկարներից երևում է, որ օրինագծի ընդունումից հետո լուրեր են տեղադրվել, սակայն գերատեսչության անունը չի փոխվել։ Սա էլ պաշտոնական անփութություն է։ Օրինակներ էլի կան։

Պետական բոլոր օղակներում կան մեկից ավելի պաշտոնյաներ, որոնց լիազորությունների մեջ է մտնում գերատեսչության գործունեության լուսաբանումը, հետևաբար՝ կայքի պարտաճանաչ սպասարկումը, թարմացումը։ Օրինակ, վարչապետն ունի աշխատակազմի մեկ ղեկավար՝ երեք տեղակալով, 2 գլխավոր, 5 սովորական խորհրդական և 2  հասարակական հիմունքներով խորհրդական, մեկ մամուլի քարտուղար, 3 օգնական: Ի հավելումն՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։ Այս մարդկանց պարտականություններից են` վարչապետի և աշխատակազմի գործունեության լուսաբանումը, վարչապետի, աշխատակազմի և զանգվածային լրատվության միջոցների հետ կապի ապահովումը և համագործակցությունը, համացանցում կայքէջի սպասարկումը։ Նման պարտականություններ ունեն նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Տիգրան Ավինյանի մի շարք խորհրդական-օգնականները։ Մեջբերում ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 25-ի 564-Լ «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» որոշումից.

«Վարչապետի խորհրդականը՝

1) կազմում է իր աշխատանքային ծրագիրը և ներկայացնում վարչապետի հավանությանը,

2) իրականացնում է վարչապետի կողմից իրեն հանձնարարված ոլորտի ուսումնասիրություն, պարզում է ոլորտի
 զարգացման միտումները, վերհանում առկա հիմնահարցերը և առաջարկություններ է ներկայացնում վարչապետին դրանց լուծման ուղղությամբ,

3) պարբերաբար վարչապետին է ներկայացնում իրեն հանձնարարված ոլորտին վերաբերող վերլուծական-խորհրդատվական նյութեր»։

Լավ, ենթադրենք՝ մի աշխատող թերանում է։ Մեծ աշխատակազմում չկա՞ մեկը, որ այդ թերությունը տեսնի, բարձրաձայնի, որպեսզի թերացողը շտկի իր սխալը։

Դեռևս 2003 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության մեջ գրված է. «Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է: Կոռուպցիան որպես վստահված իշխանության չարաշահում ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը` կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները»:

Քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարող կառավարության տարբեր օղակներում չեն կարևորում ինքնամաքրումը, մասնավորաբար՝ հարկատուներից ստացած աշխատավարձի դիմաց բարեխիղճ աշխատանքը, հակակոռուպցիոն պայքարը չի կարող տպավորիչ արդյունքներ ունենալ։ Ի ցավ հարկատուների։

Share

Comments are closed.