Այսօրվա ընդդիմությունն ու իշխանությունը կրկնում են երեկվա ընդդիմության սխալը

Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունն անցկացվել է 1996 թվականի նոյեմբերի 10-ին՝ 23 տարի առաջ։ Անցած տարիներին շատ բան է փոխվել. նախագահական Հայաստանը դարձել է խորհրդարանական Հայաստան, 68 (վաթսունութ) անգամ փոխվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, 2002 թվականին Հայաստանը վավերացրել է «Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիան», համայնքի ավագանին և ղեկավարն ընտրվում էին երեք տարով, հիմա՝ հինգ, Հայաստանում կար 931 համայնք, որից 12-ը՝ Երևանում, հիմա կա մոտ 500 համայնք, որոնցում՝ մոտ 1000 բնակավայր: Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքներում ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով։

Չի փոխվել մեկ բան. ընդդիմությունը չի կարևորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը, դրանց չի մասնակցում։ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՏԻՄ ընտրությունները չի կարևորում նաև իշխանությունը։

Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների առայժմ վերջին ընտրությունն անցկացվեց այս ամիս՝ 2019 թվականի հունիսի 9-ին։ 15 համայնքում (Արարատի մարզ՝ Սիս, Արմավիրի մարզ՝ Ապագա, Նորակերտ, Վարդանաշեն, Գեղարքունիքի մարզ՝ Գեղհովիտ, Ծովասար, Լոռու մարզ՝ Ղուրսալ, Շենավան, Քարաձոր, Կոտայքի մարզ՝ Աբովյան) ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր 43 թեկնածու, 11 համայնքում (Արագածոտն`Նոր Արթիկ, Սորիկ, Արարատ` Դիտակ, Դվին, Լոռի՝ Լեռնավան, Խնկոյան, Ղուրսալ, Քարաձոր, Շիրակ՝ Հայկավան, Փանիկ, Սյունիք՝ Գորայք)՝ ավագանու անդամի տեղի համար պայքարում էր 97 թեկնածու։ Պայքարը թեժ էր, օրինակ, Աբովյանում և Գեղհովիտում՝ համայնքապետի աթոռի համար պայքարում էր վեցական թեկնածու։

Ընդհանուր 140 թեկնածուից կուսակցական էր միայն 14-ը, այն է՝ 10 տոկոսը։ Հունիսի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեց, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ վեց ներկայացուցիչ, մեկ կոմունիստ, մեկ ՀՅԴ-ական։ Վերջ։ Էլ ավելի հետաքրքիր փաստ։ Այս 14 կուսակցականից միայն երեքին էր առաջադրել կուսակցությունը, մեկ դեպքում՝ ՔՊ-ն, երկու դեպքում անկուսակցական թեկնածու էր առաջադրել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։ Մնացածն ինքնաառաջադրվել էին։

Հայաստանի կուսակցություններին չի հետաքրքրում տեղական ինքնակառավարման համակարգը։ Մինչդեռ հենց տեղերում խնդիրները լուծելով՝ աղբահանություն, փողոցների, բակերի բարեկարգում, այգիների, պուրակների կառուցում և այլն, կարելի է բարձրացնել սեփական կուսակցության հեղինակությունն ու հաղթել խորհրդարանի ընտրությունում։

Նախահեղափոխական Հայաստանում էլ ընդդիմությունը չէր հետաքրքրվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությամբ։ Փոխարենը` իշխող Հանրապետական կուսակցությունն էր իրենով անում համայնքները։ Տարիներ շարունակ բազմաթիվ համայնքներում համայնքապետի ընտրությունն անցնում էր «հանրապետականն ընդդեմ հանրապետականի» ձևաչափով, իրար դեմ էին դուրս գալիս երկու և ավելի հանրապետականներ։ Տարբեր տարիների նման ընտրություն է եղել Արագածոտնի` Ագարակավան, Ակունք, Աշտարակ, Գեղարքունիքի` Արծվանիստ, Թթուջուր, Կոտայքի` Ալափարս, Արագյուղ, Վայոց ձորի` Արին, Արփի, Տավուշի` Աճարկուտ, Այգեհովիտ, Սյունիքի` Աճանան, Շիրակի` Կարմրավան, Արփենի, Լոռու` Մարգահովիտ և այլ համայնքներում։ Հանրապետական կուսակցությունը պնդում էր, թե պատրաստված կադրերի պակաս չունեն, դրա համար է նման պատկեր, սակայն սա առնվազն իրականությանը չհամապատասխանող հայտարարություն էր։ Քաղաքական պայքարի ելած ախոյաններից մեկին առաջադրում էր կուսակցությունը, մյուսն էլ ինքնաառաջադրվում էր՝ չէր ենթարկվում կուսակցության որոշմանը։ Պատրաստված կադրը նման բան չի անում։ Ավելին, Լոռու Մարգահովիտ գյուղում 14 տարվա հանրապետականը հաղթեց մեկ շաբաթական հանրապետականին (որին առաջադրել էր կուսակցությունը) ու ասաց. «Ճիշտ է, ես կուսակցության օգնության կարիքը չունեի, չեմ էլ դիմել, բայց ո՞նց կարելի է պաշտպանել ու վստահել 3 օրվա հանրապետականին»։

ՏԻՄ ընտրությանը չմասնակցող ընդդիմությունը հայտարարում էր, թե ՏԻՄ-երը համապետական ընտրությունը կեղծելու առաջին օղակն են, բայց չգիտես ինչ տրամաբանությամբ չէր փորձում «գրավել» այդ օղակը։

Հիմա Հայաստանում այլ իրականություն է, բայց քաղաքական դաշտում համառորեն չի կարևորվում տեղական մակարդակում ներկայացվածությունը։ Սա տրամաբանական չէ։ Օրինակ, ինչո՞ւ Լոռիում ակտիվ չէ լոռեցի Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Կամ ինչո՞ւ Արարատում ակտիվ չէ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Արարատի մարզպետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն իր քաղաքական կենսագրությունը սկսել է հենց համայնքապետի պաշտոնից՝ ՀՀԿ իշխանության օրոք, 2016 թվականին՝ 29 տարեկանում, ընտրվել է 2500-3000 հազար բնակիչ ունեցող «Նոր Կյանք» համայնքի ղեկավար։ Այն ժամանակ ՔՊ կուսակցությունը դեռ մեկ տարեկան էր, քաղաքական հարուստ կենսագրություն չուներ, բայց ՔՊ-ականը դարձավ գյուղապետ։ Ճիշտ է, մարզպետ դառնալուց հետո նա առաջ քաշեց «Կոկորդիլոսը թռչուն է» տեսությունը, սասանեց սեփական և կուսակցության հեղինակությունը, բայց փաստը մնում է փաստ՝ ցանկության դեպքում կարելի է հաղթել ՏԻՄ ընտրությունում։ Ինչո՞ւ նույն Գարիկ Սարգսյանի օրինակը վարակիչ չէ ՔՊ-ականների համար, ինչո՞ւ Գարիկ Սարգսյանն իր կուսակցական ընկերներին չի հորդորում հետևել իր օրինակին՝ սկսել համայնքից։ Շատերը ԱԺ-ից են սկսել ու պարբերաբար ծիծաղի առարկա են դառնում։ Համայնքից սկսելը կդառնա կառավարման հմտություններ զարգացնող դպրոց։ Նիկոլ Փաշինյանը հաղթեց Սերժ Սարգսյանին, որովհետև Երևանից դուրս, տեղերում՝ համայնքներում, մարդիկ միացան նրան՝ փակեցին փողոցները։

Ողջ աշխարհում է կարևորվում համայնքի դերը։ Ողջ աշխարհն է համայնքները խոշորացնում ու լրացուցիչ լծակներ տալիս։ Օրինակ, Դանիայում նախկին 281 համայնքի փոխարեն կա 98 համայնք, միջին բնակչությունը՝ 55 000, իսկ 20 000 և ավելի բնակիչ ունեցող համայնքի ավագանին օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի։ Վստահաբար՝ մեր կուսակցությունները տեղյակ են այս ամենին, սակայն նախընտրում են, ինչպես ընդունված է ասել, մեկ մոմ վառելու փոխարեն դժգոհել խավարից։ Ուստի տրամաբանական է պնդումը, թե մեր կուսակցությունները չունեն բավարար մարդկային ռեսուրսներ և չեն կարող մասնակցել ՏԻՄ ընտրությանը։ Համայնքի ղեկավար և ավագանու անդամ կարող է լինել միայն համայնքի բնակիչը։ Կասկածից վեր է, որ Հայաստանի բազմաթիվ կուսակցություններ բազմաթիվ համայնքներում պարզապես անդամ չունեն։ Իսկ չունեն, որովհետեւ չեն կարևորել տեղական ինքնակառավարումը, սահմանափակվել են Երևանով, Գյումրիով, Վանաձորով, սխալ պատկերացում ունեն տեղական ինքնակառավարման նշանակության մասին։ Եվ այսպես արդեն 23 տարի։

Մեր Սահմանադրության 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Իսկ Կոզմա Պրուտկովն ասում էր՝ «սկսիր հիմքից»։

Share

Comments are closed.