Նավալնի. «Ես պարզապես ծափահարում եմ Փաշինյանին»

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնի, արխիվ

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր հերթական տեսանյութում (նվիրված Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն) հայտարարել է, որ հետևում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը և համակրում է նրան։
Սակայն, Նավալնին, ըստ երևույթին, չգիտի, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, իսկ Փաշինյանն էլ՝ վարչապետ, այլ ոչ թե նախագահ։

Տեսանյութում ռուսաստանցի ընդդիմադիրը հայտարարել է, որ Ուկրաինայի նոր նախագահի մասին ինքը դեռ հստակ կարծիք չունի, քանի որ չգիտի, թե ինչ է անելու Զելենսկին, հաջողվելու՞ է, արդյոք, նրան Ուկրաինայում վերջ դնել համակարգային կոռուպցիային։

Իսկ ահա Փաշինյանի մասին Նավալնու մոտ արդեն իսկ դրական կարծիք է ձևավորվել։ Նրան, մասնավորապես, դուր է գալիս, որ Հայաստանի կառավարության ղեկավարը պայքարում է կոռուպցիայի դեմ։ Նավալնին նշել է, որ Փաշինյանը սկսել է հեղափոխության երկրորդ փուլը՝ կոչ անելով շրջափակել դատարանները, քանի որ վերջիններս իրեն չեն թողնում պայքարել կոռուպցիայի դեմ։

«Շատերը կարծում են, թե դա վտանգավոր բան է, քանի որ այսօր դու շրջափակել ես դատարանները, իսկ վաղը չէ մյուս օրը վերածվելու ես իշխանության ուզուրպատորի։ Բայց նա, այդուհանդերձ, ասել է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ և որ շարունակելու է գնալ այդ ուղղությամբ։ Նա, օրինակ, հայտարարել է, որ պաշտոնանկ է անելու բոլոր այն դատավորներին, որոնք ունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բեկանված որոշումներ։ Ես պարզապես ծափահարում եմ Փաշինյանին»,- ասել է Նավալնին, հավելելով, որ Ռուսաստանում իշխանության գալու դեպքում կանի նույնը, նաև՝ կբանտարկի այդպիսի դատավորներին։

Կառավարության նիստերից մեկում Փաշինյանը, խոսելով երկրի դատական համակարգի բարեփոխումների մասին, հայտարարել է, որ դատական համակարգին օպերատիվորեն միջանմտելու ժամանակն է եկել։ Նա նաև նշել է, որ առանց բացառության բոլոր դատավորները պետք է վեթինգի ենթարկվեն։

Ալեքսեյ Նավալնին հատկապես ռուսաստանյան երիտասարդական շրջանակներում մեծ հեղինակություն է վայելում հենց կոռուպցիայի դեմ իր պայքարով։ Նա պարբերաբար տեսահոլովակներ է հրապարակում, որոնցում պատմում է այս կամ այն պաշտոնյայի հսկայական հարստության մասին և պարբերաբար բողոքի գործողություններ է անցկացնում Ռուսաստանում։Ի դեպ, այս տեսանյութում Նավալնին ասել է, որ Ուկրաինան ավելի կոռումպացված երկիր է, քան Ռուսաստանը։


«Ազատություն» ռադիոկայան 

Share

Comments are closed.