Կամքի ստուգում. Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են խաղալ սրացմամբ


Հուլիսի 7-ին լրացել է Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) անդամ երկրներին Իրանի տրամադրած 60-օրյա ժամկետը՝ համաձայնագրով նախատեսված Իրանի շահերն ապահովելու համար։ Մինչ այդ՝ անցած տարվա մայիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է միջուկային համաձայնագրից իր երկրի դուրս գալու և Իրանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմ հաստատելու մասին։ Համաձայնագիրը ստորագրած 5+1 խմբի մյուս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներին ուղղված նամակում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում Իսլամական Հանրապետությունը կսկսի ՀՀԳԾ շրջանակում իր ստանձնած պարտավորությունների փուլային սառեցումը։

Որպես առաջին քայլ Թեհրանը դադարեցրել է ՀՀԳԾ թ. 26 և թ. 36 հոդվածներով նախատեսված ցածր հարստացած ուրանի և ծանր ջրի հավելյալ պաշարների արտահանումը։ Այսպիսով, անցած երկու ամիսների ընթացքում Իրանը կուտակել է հարստացած ուրանի և ծանր ջրածնային ջրի ավելի քան 300 կգ պաշար։

Նշված ժամկետի ավարտից հետո Թեհրանն անցել է իր պարտավորությունների դադարեցման «երկրորդ փուլին», որը նախատեսում է ուրանի մաքրության մակարդակի բարձրացումը։ Ըստ համաձայնագրի՝ Իրանը պետք է չգերազանցեր հարստացման 3,67%-ը, բայց հուլիսի 7-ից հետո Բուշերի ատոմակայանում այն արդեն հասել է 5%-ի։ Իրանի Միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Բեհրուզ Կամալվանդիի խոսքերով՝ իր երկիրը պատրաստ է քննարկել ուրանը մինչև 20% հարստացնելու հնարավորությունը, ինչպես որ եղել է մինչեւ միջուկային համաձայնագրի կնքումը։

Սակայն, այս փուլում Իրանը կարող է չբավարարվել սոսկ մեկ պատասխան քայլով։ Ռուհանին արդեն հայտարարել է, որ իր երկիրը քննարկում է Արակ IR-40-ում ծանր ջրային ռեակտորը վերագործարկելու հնարավորությունը, եթե ՀՀԳԾ անդամ երկրները չձեռնարկեն հստակ քայլեր Իրանի բիզնես շահերը պաշտպանելու համար։ 40 մեգավատ հզորություն ունեցող Արակի ատոմակայանը գտնվում է Մարկազի նահանգի Արակ քաղաքի հարևանությամբ։ Այնտեղ է գտնվում նաև ռեակտորի համար ծանր ջուր արտադրող գործարանը։ Միջուկային համաձայնագրի շրջանակում Իրանը պարտավորվել է վերափոխել ռեակտորի հատակագիծը՝ սպառազինային պլուտոնիումի արտադրության հնարավորությունը բացառելու համար։ Ռեակտորի կառուցվածքային վերափոխման աշխատանքներին աջակցելու և դրանք վերահսկելու պարտավորությունը ստանձնել են ՀՀԳԾ անդամ երկրների մասնագետները՝ Չինաստանից և Ռուսաստանից։ Ավելին՝ ստանձնված պարտավորությունների բարեխիղճ կատարման շուրջ տարակուսանք չհարուցելու համար 2016 թ. Իրանը համաձայնվել է ռեակտորի միջուկը բետոնով լցնել՝ դրա օգտագործումն անհնարին դարձնելու համար։

Ուշագրավ է, որ նախկինում Թեհրանը առանձնակի կարևորություն էր տալիս Ռուսաստանի և Չինաստանի դերին, հայտարարելով, որ 60-օրյա ժամկետը վերաբերում էր միայն եվրոպական երկրներին, քանի որ համաձայնագիրը ստորագրած այլ երկու երկրները շարունակում էին հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին։ Իսկ այժմ իրանյան կողմի դժգոհությունը հավասարապես ուղղված է նաև Մոսկվային ու Պեկինին, որոնք նույնպես ընկրկել են ամերիկյան սահմանափակումների առաջ։  

Այնուամենայնիվ, Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն անզիջում չէ։ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ իր երկրի քայլերը շրջելի են, և որ Իրանը կարող է վերադառնալ միջուկային համաձայնագրին, եթե եվրոպական երկրները անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն պարտավորությունների իրենց բաժինը կատարելու ուղղությամբ։

Ի՞նչ է սպասում Թեհրանը Եվրոպայից։ 2016 թ. հունվարին ՀՀԳԾ-ն ստորագրած բոլոր երկրները համաձայնագիրն իրենց խորհրդարաններում վավերացնելուց և մինչ այդ գործած պատժամիջոցները չեղարկելուց հետո մի շարք եվրոպական ընկերությունների և մասնավոր ձեռներեցների հնարավորություն են տվել տեղ զբաղեցնել իրանական շուկայում։ Կնքվել են Իրանը բազմամյա տնտեսական ճգնաժամից դուրս բերած փոխշահավետ պայմանագրեր։ Սակայն ԱՄՆ ճնշման ներքո եվրոպական երկրներին կրկին պարտադրվել է միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին, որոնց հետևանքով Իրանի հետ բանկային կապերը խզվել են, և արևմտյան ընկերությունները ֆինանսական կորուստներից խուսափելու և պատժամիջոցների տակ չհայտնվելու համար ստիպված են եղել հեռանալ իրանական շուկայից։

 Տվյալ իրավիճակից դուրս գալու համար ՀՀԳԾ եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, առաջարկել է Իրանի հետ առևտրային հարաբերություններում կիրառել դոլարային շրջանառության այսպես կոչված «Առևտրային փոխանակումների աջակցման գործիք» (INSTEX)։ Մեխանիզմը ստեղծվել է դեռևս 2019 թ. հունվարին, կառավարման կենտրոնը՝ Փարիզում։ Նախագիծը ղեկավարում է գերմանացի Պեր Ֆիշերը։ Թեհրանի հետ ազգային տարադրամով առևտուր կատարելու պայմանավորվածություն ունեցող Ռուսաստանը նույնպես հայտարարել է Իրանի հետ ֆինանսական փոխանցումների հատուկ գործիք ունենալու շահագրգռության մասին։

Սակայն INSTEX-ը չի կարողացել արդարացնել Իրանի սպասումները։ Ի հեճուկս 2019 թ. հունիսի 28-ի ԵՄ հայտարարության, թե INSTEX-ն արդեն գործարկվել է, և առաջին փոխանցումներն արդեն մշակվում են, իրանական կողմն անվստահություն է հայտնում հիշյալ համակարգի իրական արդյունավետության հանդեպ՝ ֆինանսական փոխանցումների նախկին ծավալներն ապահովելու տեսանկյունից։ Մինչև 2018 թ. նոյեմբերը, երբ ամերիկյան նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել, Իրանի Իսլամական Հանրապետությունը Եվրոպա օրական արտահանում էր 2.8 միլիոն բարել նավթ՝ ստանալով կայուն եկամուտ։ Թեհրանը INSTEX-ից նույնչափ եկամուտ է ակնկալում, բայց մինչ օրս այն ծառայել է սոսկ մարդասիրական նշանակության ապրանքատեսակներ՝ սննդամթերք ու դեղորայք ձեռք բերելու համար։ 

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում Իրանի դիրքորոշումը կարելի է բնութագրել որպես բավականին կշռադատված, իսկ նրա կիրառած հակադիր արձագանքման միջոցները՝ պարտադրված։ Ի հեճուկս Իրանի տնտեսությունն անկման եզրին հասցրած պատժամիջոցների ծանր ազդեցության (մեկ դոլարն արդեն արժե 25000-27000 ռիալ)՝ պաշտոնական Թեհրանը շարունակում է բաց պահել դիվանագիտության պատուհանը ։ Հենց այդ պատճառով Իսլամական Հանրապետությունն ընտրել է ՀՀԳԾ-ից դուրս գալու փուլային ռազմավարությունը, որպեսզի նրա արևմտյան գործընկերները հնարավորություն ունենան «պատմական համաձայնագիրը» ուժի մեջ պահելուն միտված սեփական քայլեր կատարել։

Միջուկային համաձայնագրի գործունեության տարիներին Իրանը միջազգային հանրությանն ապացուցել է, որ ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն կատարող վստահելի գործընկեր է։ Այս փաստը հաստատվում է Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) վերահսկիչների և վերջինիս տնօրեն Յուկի Ամանոյի բազմաթիվ զեկույցներով։ Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփը բավարար չի համարել ՀՀԳԾ-ի շրջանակում Իրանի վրա դրված սահմանափակումները։ Նրա կարծիքով, ՀՀԳԾ-ն Դեմոկրատական կուսակցությունից ընտրված նախորդ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած ամենախայտառակ փաստաթուղթն է։ Այսօր միջուկային ծրագիրը սահմանափակելուց բացի ԱՄՆ առաջնորդն Իրանից պահանջում է սահմանափակել նաև հրթիռային ծրագիրը և դադարեցնել մերձավորարևելյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններն ու Իսրայելը հարվածելուն ունակ բալիստիկ հրթիռների փորձարկումները։ Իսլամական Հանրապետությունն, իր հերթին, մտադիր չէ քննարկել սեփական հրթիռային ծրագրի զարգացման իր իրավունքը։

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ երկրի հրթիռային ծրագիրն ունի բացառապես պաշտպանական բնույթ։ Երկար տարիների ընթացքում Իրանը ջանում է ներկայանալ որպես տարածաշրջանային հակամարտությունների քաղաքական կարգավորման և խաղաղության հետևողական կողմնակից։ Ավելին՝ Իրանը ձգտում է հանդես գալ որպես հակամարտող կողմերի միջև միջնորդ և խաղաղ գործընթացների երաշխավոր, օրինակ՝ Սիրիայում։ Սակայն տվյալ արտաքին-քաղաքական հայեցակարգն Իրանի դեմ ագրեսիայի պարագայում չի բացառում պատասխան գործողությունների հնարավորությունը։ Այս համատեքստում մերձավոր հեռանկարում կարելի է բացառել Իրան-ԱՄՆ հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացման ռազմական սցենարը։ Բայց սա պայմանավորված չէ սոսկ Իսլամական Հանրապետության վարած քաղաքականությամբ։ Տարածաշրջանում քաղաքական և ռազմական հետախուզության ճյուղավորված ցանց ունեցող ԱՄՆ-ն լավագույնս տեղյակ է Թեհրանի հնարավորությունների, հայեցակարգերի և քաղաքական-գաղափարախոսական առանձնահատկություների մասին։ Այս իրավիճակում կողմերը չափազանց նրբորեն, հաճախ ոսկերչական ճշտությամբ՝ առանց կարմիր գծերն անցնելու, սրացում  են բեմադրում։ Օրինակ, անցած ամսին իրանական կողմը հարվածել է ամերիկյան անօդաչու սարքին։ Այս միջադեպը Վաշինգտոնին և Թեհրանին առիթ է ընծայել հանդես գալ մարտաշունչ հայտարարություններով, որոնք վկայում են միջադեպից առավելագույն քաղաքական և վարկանշային առավելություններ քաղելու՝ կողմերի ցանկության մասին։ Բայց իրական ռազմական բախման մասին խոսք չի եղել։

 Պատահական չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին Իրան-ԱՄՆ հակամարտությունն անվանել է «հույսերի դեմ պատերազմ», նշելով, որ ամերիկացիները մտադիր են կոտրել իրանցիների հույսը, իսկ Իրանը պարտավոր է կոտրել նրանց ակնկալիքները։ Իսլամական Հանրապետության առաջնորդն, իր հերթին, հավաստիացրել է, որ «ԱՄՆ հետ պատերազմ չի լինելու, քանի որ Իրանն ընտրել է դիմադրության ճանապարհը»։ Ավելին՝ ս.թ. հունիսի 12-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պաշտպանական բյուջեի մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որով արգելվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումն առանց Կոնգրեսի կողմից Իրանին պատերազմ հայտարարելու։ Այսպիսով, կտրուկ և արմատական որոշումներով աչքի ընկած Դոնալդ Թրամփը սահմանափակվել է մերձավորարևելյան տերության դեմ պատերազմ սկսելու հնարավորության մեջ։

Այսօր իրատեսական չէ ակնկալել, որ Իրանում և ԱՄՆ-ում ներկայումս գործող կառավարությունների օրոք հնարավոր է վերադառնալ մինչպատժամիջոցային դիրքերին, քանի որ դրա համար չկա ոչ մի երևելի նախադրյալ։ Երկու երկրներն էլ ներկա մոտեցումների համատեքստում պատրաստ չեն զիջելու։ Վաշինգտոնը ձգտում է միջազգային ճնշման միջոցով հարկադրել Իսլամական Հանրապետությանն ընդունելու ամերիկյան խաղի կանոնները, իսկ Թեհրանը պահանջում է հրաժարվել սպառնալիքների լեզվից և գործել բացառապես դիվանագիտական հարթության վրա՝ ինչպես միջուկային բանակցությունների ժամանակ։ Այս ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրել լուրջ տնտեսական կորուստներ, որոնք հանգեցնում են պահպանողականների և բարեփոխիչների միջև ներքաղաքական լարվածության սրման։ Բարեփոխիչները մեղադրվում են, որ հենց նրանք են պատասխանատու միջուկային համաձայնագրի ստորագրման համար։ Լարվածության նվազումը կախված է միայն այն հանգամանքից, թե ում քաղաքական կամքն ավելի զորեղ կլինի։

Share

Comments are closed.