Ռիսկային տարածաշրջան

Հարավային Կովկասն արդեն վաղուց «ռիսկային տարածաշրջան» է՝ իր չլուծված հակամարտությամբ, փակ սահմաններով մեկուսացվածությամբ և որոշ հարևանների` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մրցակցային շահերի խաչուղում լինելով: Սակայն վերջին շրջանում տարածաշրջանը կանգնած է մի շարք լրացուցիչ սպառնալիքների առջև՝ մի քանի նոր զարգացող միտումներով, որոնք նպաստում են տարածաշրջանում ուժի հավասարակշռության դինամիկ փոփոխությանը: Ավելի կոնկրետ, այս նոր սպառնալիքները բաղկացած են հինգ որոշակի գործոններից.

*       Ցուցադրական և սրացող «սպառազինությունների մրցավազքը», որ նշանավորվում է Ադրբեջանի պաշտպանության ծախսերի կայուն աճով, ինչն էլ հարկադրում է Հայաստանին համապատասխանել և պահել տեմպը, և որը խորանում է Ադրբեջանի ղեկավարության կողմից հետևողական սպառնալիքներով ու ագրեսիվ հայտարարություններով:

*        Ադրբեջանի կողմից ժամանակակից հարձակողական զենքի գնումների հստակ աճը  մի շարք աղբյուրներից, բայց հիմնականում՝ ռուսական սպառազինության համակարգերի շուկայից՝ զուգորդված ռուսական զենքի և սարքավորումների ընդլայնված տեղակայմամբ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանում:

*      Լարվածության զգալի ավելացումը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրադադարի ռեժիմի ընդլայնված խախտումները, որոնք արտացոլվում են ադրբեջանական կողմի հաճախակիացած հարձակումների, միջսահմանային ներխուժումների և հետախուզական փորձերի պատկերում:

*       Նոր «մարտական տարածության» հնարավոր առաջացումը, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը օդուժի նոր կարողություն են  զարգացրել՝ դրոնների և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերման, արտադրման և զարգացման միջոցով:

*        2016 թ.-ի ապրիլի պատերազմից և ուկրաինական ճգնաժամից հետո դինամիկորեն տարբեր աշխարհաքաղաքական միջավայրը և ռուսական  ավելի հաստատակամ կեցվածքը, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանն ավելի մեծ ընդգրկմամբ:

Ընդ որում, ավելի լայն համատեքստը ևս կարևոր է, քանի որ Ռուսաստանը հստակ շահարկում է չլուծված ղարաբաղյան հակամարտությունը և բարձրացնում լարվածության մակարդակը` Հարավային Կովկասում իր ուժն ու ազդեցությունն ավելի ամրապնդելու համար: Այս համատեքստում Ռուսաստանը ոչ միայն հանդես է գալիս որպես Ադրբեջանին թիվ 1 զենք մատակարարող, այլև շարունակում է խորացնել իր ռազմական աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Ադրբեջանի համար Ռուսաստանը ժամանակակից հարձակողական զենքի կարևոր աղբյուր է առաջարկում, իսկ Հայաստանի համար` ինչպես Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցությունը, այնպես էլ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը Հայաստանին տրամադրում են  անվտանգության կարևոր երաշխիքներ:

 Ադրբեջանական ռազմավարությունը

Ռազմական համատեքստից բացի կարևոր է հասկանալ նաև այս լարվածության ժամանակի ընտրությունն ու համապատկերը: Չնայած ադրբեջանական հարձակումները միշտ չէ, որ համապատասխանում են ռազմական գիտությանը  և հիմնականում համընկնում են միջնորդների դիվանագիտական ակտիվության հետ, կան ադրբեջանական ռազմավարության մի քանի բաղադրիչներ.

*       Ադրբեջանական ռազմավարության առաջին տարրն է հիմնվելը հակամարտության ռազմական սրացման վրա՝ ձգտելով ամրապնդել իր դիվանագիտական լծակը խաղաղ կարգավորման գործընթացում: Թեև դա երբեք չի հանգեցրել որևէ շոշափելի կամ ակնառու դիվանագիտական շահաբաժինների և սովորաբար հակված է միայն թուլացնել բանակցություններում ադրբեջանական դիրքորոշումը՝ այդ կեցվածքը պայմանավորված է նաև խաղաղ կարգավորման գործընթացից հիասթափության զգացումով և դիվանագիտության ու երբեմն հենց միջնորդների նկատմամբ մի տեսակ արհամարանքով:

*       Երկրորդ տարրը հակամարտությունն ընդլայնելու փորձ է, որի նպատակն է ավելի ուղղակիորեն Հայաստան պետությանը ներքաշել հակամարտության մեջ և հայկական կողմից բուռն արձագանք հրահրել: Դա ակնհայտ է մարտերի աշխարհագրության ցայտուն ընդլայնման մեջ, որը Ղարաբաղը Ադրբեջանից բաժանող «շփման գծից» դուրս է և ներառում է Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավային սահմանամերձ շրջանները: Թեև այս ռազմավարությունն, ընդհանուր առմամբ, չի կարողացել հրահրել հայկական կողմի՝ հունից դուրս գալուն, այն  հանգեցրել է հայկական և ղարաբաղյան կողմերի «ճնշող արձագանքի» քաղաքականության մշակմանը՝ ուղղված ադրբեջանական հարձակումները զսպելու և վրեժխնդիր լինելու, ինչը նաև նպաստում է հակամարտության զսպանակի՝ վտանգներով լի «բացմանը»:

*      Եվ երրորդ՝ ռազմավարությունը նաև համակցվում է ադրբեջանական կողմից ռազմական ուժերի հզորացման ավելի խորը միտումով: Թեև ռազմական հզորացումն ընդգրկել է ռազմական ծախսերի կայուն աճ և վերջերս նաև ավելի ժամանակակից և լուրջ սպառազինության համակարգերի ձեռքբերում, իրական պաշտպանական բարեփոխումների կամ զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած փորձի բացակայությունը հակված են զրոյացնել մարտական պատրաստության կամ ուժային կարողությունների ցանկացած իրական բարելավում:

*      Իսկ չորրորդ գործոնը արմատավորված է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակում, որը պայմանավորված է ազգայնականության՝ քաղաքականապես հարմար կիրառությամբ` շեղելու ուշադրությունը քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներից, որը բխում է լեգիտիմության ակնհայտ բացակայության պատճառով Ադրբեջանի ղեկավարության համար ներհատուկ մարտահրավերներից:

 «Խաղաղ կարգավորման գործընթացը»

Անցյալ տարի հաջողությամբ պսակված «Թավշյա հեղափոխության» հետ Հայաստանում` Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջխաղացման  իրական ակնկալիք գրեթե չկար: Ժամանակի ընթացքում դիվանագիտության տեմպերը այս չլուծված հակամարտության շուրջ արտացոլեցին ընդհանուր պասիվ ընկալումն այն բանի, որ փոքր քաղաքական կամքի պարագայում միջազգային միջնորդները քիչ բան կարող էին անել բանակցային լուծում գտնելու համար: Եվ այդ ընկալումը մեծապես ճշգրիտ էր ու ավելի ամրապնդվեց Ռուսաստանի ցինիզմով՝ համաձայնելու ցանկացած բանի հետ, որն առաջընթացի հնարավորություն էր տալիս:

Սակայն, թվում է, վերջին ամիսներին հին հաշվարկները փոխարինվել են լավատեսության թարմացնող աստիճանով, քանի որ խաղաղ կարգավորման գործընթացը զգալիորեն արագացել է: Իրականում, նման վերադարձը դեպի իրական դիվանագիտություն հակասական է, քանի որ ի սկզբանե Հայաստանի իշխանության փոփոխությունը ենթադրաբար պիտի հանգեցներ ավելի դանդաղ ու զգուշավոր քաղաքականություն վերադառնալուն` ներքին բարեփոխումներ կատարելու առաջնահերթության պատճառով և ելնելով ղարաբաղյան հարցում Հայաստանի նոր ղեկավարության թուլությունից և անփորձությունից:

Այնուամենայնիվ, պաշտոնական մակարդակով ադրբեջանցիների հետ գործ ունենալու փորձ չունենալով՝ ինչպես Հայաստանի վարչապետը, այնպես էլ արտաքին գործերի նախարարը պարտավորվել են ավելի ինտենսիվ ու արագ ընթացքով հանդիպումներ և զրույցներ ունենալ Ադրբեջանի ղեկավարության հետ: Չնայած հայկական կողմն արժանի է գովասանքի ադրբեջանցիներին ներգրավելու ամեն հնարավորության համար՝ հաճախ բազմակողմանի հանդիպումների լուսանցքներից օգտվելու համար, Բաքվի դիվանագիտության փոփոխությունը հավասարապես կարևոր գործոն է: 

Ավելի կոնկրետ՝ ադրբեջանական դիվանագիտական ռազմավարությունը, որը նախկինում համարվում էր ոչ դիվանագիտական, ոչ էլ շատ ռազմավարական, կարծես թե ենթարկվել է փոփոխության: Տարիներ շարունակ ավելի շատ մաքսիմալիստական քաղաքականություն պահպանելու հետո այս քայլը նոր մոտեցում է առաջադրում բանակցությունների ընթացքում զիջման կամ փոխզիջման մթնոլորտի առաջացման համար: Սա հատկապես ակնհայտ երևում է Բաքվի համաձայնությամբ` վերականգնելու ալիքային հաղորդակցությունը ադրբեջանական և հայկական կողմերի միջև հեռախոսային «թեժ գծի» միջոցով: Այս քայլը նույնպես կարևոր է, քանի որ ենթադրում է նոր գրավականներ՝ հրադադարի մոնիտորինգը ուժեղացնելու և վստահության ամրապնդման միջոցառումների վերսկսման համար:

 Չնայած խաղաղ կարգավորման բանակցությունների ակնհայտ ավելի դրական միջավայրին՝ անհրաժեշտ է տեսնել սպասելիքների և իրականության միջև բաժանարար գիծը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նման թերահավատությունը նպատակ չունի նվազեցնել դիվանագիտությանը վերադարձի կարևորությունը զենքի ուժի նկատմամբ: Ավելի շուտ՝ ավելի սթափ գնահատականը նպատակ ունի ընդգծելու, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ լավատեսությունը պահպանվի: Եվ չնայած հանդիպումների և զրույցների արագացած տեմպը լուրջ բարելավում են առաջ բերում վերջին տարիների փակուղային բանակցություններում, կան երեք կարևոր ոլորտներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ:

Նախ, չնայած լավ մտադրություններին, բազմակողմ իրադարձությունների ընթացքում ղեկավարների միջև ոչ պաշտոնական հանդիպումները պաշտոնական դիվանագիտության մաս չեն: Անհատների միջև քիմիան և խոսակցությունները կարևոր են, բայց միայն ուժեղացնելու և ոչ փոխարինելու համար նախարարների կամ պետությունների ղեկավարների միջև հանդիպումները՝ պաշտոնական օրակարգով և համաձայնությունների համար հնարավորություններով: Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության բարդությունը՝ պետք է լինի գրավոր արձանագրություն, պաշտոնական միջնորդությամբ` իրական առաջընթաց ապահովելու համար: Հակառակ դեպքում՝ նման պաշտոնական ներգրավվածության բացակայությունը խոչընդոտում է պարտադիր պայմանավորվածությունների հասնելու հնարավորությունը և կարող է շեղել իրական դիվանագիտական բանակցություններից:

Երկրորդ կարևոր տարրը հանրությանը կրթելու և իրազեկման անհրաժեշտությունն է: Ակնհայտ է, որ, հաշվի առնելով խաղաղ կարգավորման բանակցությունների գաղտնիության պահպանման սահմանափակումները, այժմ ևս փոքր է տեղեկացվածությունը բանակցությունների ընթացքի կամ կարգավիճակի վերաբերյալ: Սակայն այս տեղեկության պակասը հանգեցրել է միայն ապատեղեկատվության կամ, ավելի վատ, խեղաթյուրված տեղեկատվության տարածմանը խթանելուն`դրանով իսկ թուլացնելով փոխզիջման կամ զիջման համար անհրաժեշտ քաղաքական կամքը: Սա նաև խոչընդոտել է խաղաղության համար ավելի մեծ տարածքի ձևավորմանը և սահմանափակել առաջնորդների կարողությունը յուրաքանչյուր հասարակության քաղաքական դիսկուրսում: Նման կարիքը կարելի է նաև բավարարել քաղաքացիական հասարակության խմբերի, կարծիք ձևավորողների և «փոփոխության այլ գործոնների» ներգրավման  միջոցով, ինչպես նաև մարդկանց միջև շփումների և փոխանակումների ընդլայնման միջոցով:

Ի վերջո, երրորդ անհրաժեշտ պահանջը մոտեցումների ընդլայնումն է՝ լայնացնելով բանակցությունների կիզակետը «Ղարաբաղի կարգավիճակից» դուրս` ընդգրկելու համընդհանուր սպառնալիքներն ու մտահոգությունները և ավելի առաջադեմ դիրքորոշում որդեգրելու համար: Այսպիսի մոտեցումը, որը կարող է ընդգրկել ընդհանուր սեյսմիկ սպառնալիքները և տարածաշրջանում ամռանը անտառային հրդեհների աղետները, ինչպես նաև միջուկային անվտանգության ավելի վերացական, բայց ավելի հանգամանորեն քննարկումը, ավելի չեզոք օրակարգ են առաջարկում գործակցության, եթե ոչ համագործակցության համար: Եվ վերջինը պետք է ունենա հեռատեսական դիրքորոշում՝ ելնելով ցանկացած հնարավոր խաղաղության համաձայնագրի «հաջորդ օրը» պլանավորելու և դրան նախապատրաստվելու անհրաժեշտությունից`գնահատելով այն, ինչը հարկավոր է խաղաղությունը պահպանելու և կանխարգելելու ցանկացած զարգացումներ, որոնք ապակայունացնում են բանակցային լուծումին անմիջապես հաջորդող փխրուն ժամանակաշրջանը:

Հետևաբար, չափազանց վաղ է  ինչպես Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմաստալից և տևական ներգրավվածության նոր փուլը ողջունելու, այնպես էլ՝ լավատեսության նախնական նշանները անտեսելու համար:  


Share

Comments are closed.