Հաշտարարների առատությունը հաջողության գրավական չէ

Անցած տարի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հրապարակեց «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նման նախագիծ մշակելը՝ բիզնես-օմբուդսմեն ունենալը, ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի կետերից էր: Նախագիծը դեռ օրենք չի դարձել, իշխող ուժը չի հրաժարվել նախագիծն ընդունելու իր մտքից, թեև նախագծին շատերն են դեմ: Օրինակ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է. «Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն, որովհետև նրանք չեն ունենալու այն լծակները, որ մենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որը մենք ունենք, մշտապես կախյալ են լինելու  գործադիր իշխանությունից և այլն: Բիզնես օմբուդսմենի հետ կապված մենք ներկայացրել ենք մեր մեծածավալ դիրքորոշումը՝ հակասահմանադրականությունը հիմնավորելով»:

2009 թվականի հունվարի 24-ից Հայաստանում գործում է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է, հիմնադրվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարը գրասենյակի ստեղծման օրվանից նույն մարդն է՝ Փիրուզ Սարգսյան: Երբ ստեղծվում էր ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը՝ Փիրուզ Սարգսյանի ամուսին Դավիթ Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, Դավիթ և Տիգրան Սարգսյանները քավոր-սանիկական կապեր ունեն: Այն ժամանակ լուրեր եղան, թե համակարգը ստեղծվում է հենց Փիրուզ Սարգսյանի համար: Ըստ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի՝ ՖՀՀ գրասենյակն անկախ կառույց է, ունի առանձին կառավարման և ֆինանսավորման համակարգ: Ֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, գրավատներ և այլն) կողմից` օրենքով սահմանված պարտադիր պարբերաբար վճարների միջոցով. վճարների չափը յուրաքանչյուր տեսակի կազմակերպության համար սահմանվում է օրենքով: Հաշտարարի գործունեության նպատակներն են ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, սպառողների պահանջների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը:

Վարչապետի սանիկի համար աշխատանք ստեղծելու մասին լուրերին զուգահեռ լուրեր կային, որ կառավարությունը ստիպում է ֆինանսական կազմակերպություններին պայմանագիր կնքել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ: Այսօր ՖՀՀ գրասենյակի հետ պայմանագիր ունի 104 ֆինանսական կազմակերպություն, որից 67-ը պայմանագիրը կնքել են գրասենյակի հիմնադրման տարում՝ 2009-ին: Վերջին պայմանագիրը կնքվել է այս տարվա հունվարին: Պայմանագիր կնքած կազմակերպությունները պարտավորվում են չվիճարկել հաշտարարի որոշումը, եթե գույքային պահանջը կամ գործարքի գումարը չի գերազանցում հստակ սահմանը, մեկի դեպքում՝ 200 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ 500 հազար դրամ և այլն:

Հակառակ դիրքերից է գործելու ձեռնարկատիրական հաշտարարը:

Մասնավորաբար, ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպության դեմ՝ կապված կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ: Ձեռնարկատիրական հաշտարարը ուսումնասիրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով գործարարների օրինական շահերի խախտման վերաբերյալ գործարարների դիմումները:

Ստացվում է, որ պետության մասնակցությամբ ստեղծված երկու կառույց զբաղվելու են նույն ոլորտի հարցերով՝ գործարար միջավայրում հաճախորդ-գործարար-տարբեր կազմակերպություններ վեճերով: Ի տարբերություն ֆինանսական համակարգի հաշտարարի, որը ֆինանսավորվում է իր հետ պայմանագիր կնքած ֆինանսական կազմակերպությունների միջոցներից, ձեռնարկատիրական հաշտարարը ֆինանսավորվելու է պետական բյուջեից: Լրացուցիչ բեռ հարկատուների համար: Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում էր.«կառավարության համար առաջին խնդիրը բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարելն է: Եթե սա լինի՝ ոչ մի հաշտարարի կարիք էլ չկա: Իսկ եթե կա էլ, հաստատ կարիք չկա ամեն ոլորտի համար մեկ-երկու հաշտարար ստեղծել»: Ժամանակին նույն Կարեն Կարապետյանի կառավարության անդամ առողջապահության նախարարը մտադիր էր առողջապահական ոլորտի հաշտարար ստեղծել: Չգիտես ինչու մեր կառավարիչները մոռանում են ցախավելի մասին հայտնի խոսքը. մեծ ուժ ունեցող և մաքրություն ապահովող ցախավելը փոքրիկ ու հեշտ կոտրվող ճյուղերի ամբողջություն է: Կարիք չկա նոր ու փոքրիկ ճյուղեր ավելացնել, պետք է եղածը ճիշտ ի մի բերել, որ ուժեղ ցախավել դառնա: Փոքրիկ ճյուղեր ավելացնելով՝ կունենանք ոչ թե մաքրություն ապահովող հզոր գործիք, այլ՝ ուղղակի իրար կապած անթիվ անհամար փոքրիկ ճյուղեր, որոնք ոչ մի բանի պիտանի չեն, հսկա ու անշարժ զանգված կլինեն, և միայն:

Շատ ավելի նպատակահարմար է հզորացնել տարբեր շերտերի ու խավերի շահերի պաշտպանությանը կոչված կառույցների կարողությունները, լրացուցիչ լծակներ տալ ու պահանջել: Եվ ցանկության դեպքում կարելի է փոխել ցանկացած պաշտոնյայի: Հայաստանի պետական համակարգում բավարար թվով կառույցներ կան «ներդրումային բում» և բոլորի իրավունքների հուսալի պաշտպանություն ապահովելու համար: Նոր կառույցի կարիք չկա: Աշխատել է պետք ու աշխատող մարդուն չխանգարել:

Share

Comments are closed.