Վերջին 6 տարում ՀՀ կառավարություններն անտեսում են մարզպետներին

ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշման համաձայն` յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ մարզպետների գործունեության գնահատում:

ՀՀ մարզպետների գործունեությունը գնահատվում է ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-728 հրամանագրով սահմանված բնագավառներում ՀՀ մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունավետությունը գնահատելու նպատակով: Յուրաքանչյուր բնագավառում մարզպետի գործունեությունը գնահատում է տվյալ բնագավառի պետական լիազոր մարմինը: ՀՀ մարզպետների տվյալ տարվա գործունեության արդյունքները գնահատվում և հրապարակվում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը: Սա մեջբերում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրապարակած պաշտոնական հայտարարությունից:

Անցած 10 տարում մարզպետների գործունեությունը պետք է, որ գնահատվեր 10 անգամ, սակայն գնահատվել է միայն 6 անգամ՝ 2009, 2010, 2011, 2012, 2013 և 2017 թվականների համար: 2009-2019 հատվածում Հայաստանն ունեցել է չորս վարչապետ՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, Սերժ Սարգսյան: Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգերորդն է: Մարզպետների գնահատման կարգը հաստատվել է Տիգրան Սարգսյանի օրոք, ու նա էլ այս առումով միակ հետևողական վարչապետն է եղել, և մարզպետների աշխատանքը գնահատվել է: Վերը նշված մյուս վարչապետները, այդ թվում՝ գործող վարչապետը, անտեսել են Հայաստանի կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշումը:

Հենց Տիգրան Սարգսյանն էլ մարզպետների` 2009 թվականի գործունեության գնահատականներն ամփոփելիս ասել էր. «Մենք առաջին անգամ ենք կառավարության կողմից հաստատված մեթոդաբանությամբ իրականացնում մարզպետների աշխատանքի այսպիսի գնահատում, և փորձ է արվում համալիր ձևով աշխատանքները գնահատել: Ես ցանկանում եմ, որ մենք կոնկրետ բոլոր ցուցանիշներով անցնենք ու լսենք նաև մարզպետների մեկնաբանությունները և գնահատականները ցուցանիշների վերաբերյալ, առաջին հերթին այն ցուցանիշների, որոնք ցածր են միջին հանրապետական ցուցանիշի համեմատությամբ: Փորձենք հասկանալ, թե որոնք են պատճառները»: 

Ու թեև ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածով հստակ արձանագրված է, որ «Կառավարությունը մարզերում իր տարածքային քաղաքականությունն իրագործում է մարզպետների միջոցով: Մարզպետներին նշանակում և ազատում է Կառավարությունը: Մարզպետները համակարգում են պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը», պետական կառավարման մարմիններն էլ առանձնապես չեն փորձել ակտիվ լինել մարզպետներին գնահատելիս ու 2013-ից այսկողմ բան չեն արել: Մինչդեռ, եթե մարզպետը վատ համակարգի պետական կառավարման մարմինների աշխատանքը, արդյունավետությունը կնվազի:

Գնահատման կարգով սահմանված է գրեթե 60 չափորոշիչ. մարզի համայնքների բյուջեների կատարումը, մարզպետներին վերապահված վերահսկողական լիազորությունների լիարժեքությունը, մարզպետների կողմից տնտեսական զարգացման աջակցության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառում կատարված աշխատանքները, ոչ պետական միջոցներով սոցիալական ենթակառուցվածքների ոլորտում իրականացված աշխատանքների ծավալը, մասնավոր ներդրումների ներգրավման աշխատանքներն ու նոր աշխատատեղերի ստեղծումը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու երկկողմանի հարաբերությունները և այլն: Մարզպետները առավելագույնը 100 միավոր կարող են հավաքել: Մինչև 60 միավորը գնահատվում է անբավարար, 60-85-ը՝ բավարար, 85-ից բարձրը՝ լավ: Մարզպետների աշխատանքը պետք է գնահատեն նախարարություններն ու պետական այլ գերատեսչություններ: Կարգով սահմանված է նաև, որ եթե մարզպետը համաձայն չէ այս կամ այն չափորոշիչի գնահատականի հետ, հատուկ կարծիք է ներկայացնում գնահատողին, որը ներկայացվում է կառավարությանը, իսկ վերջինս լսում է կողմերին և կարող է փոխել վերջնական գնահատականը: Անցած վեց գնահատումից հետո ոչ մի մարզպետ չի վիճարկել ոչ մի գնահատական:

 Ցավալի է, բայց 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո էլ մարզպետների գործունեության գնահատում չի իրականացվել: Հեղափոխականների կառավարությունը չեղյալ չի հայտարարել ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշումը: Բայց հասցրել է մեկ տարում նույն մարզում մեկից ավելի մարզպետ փոխել: Օրինակ, Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո՝ 2018 թվականի հունիսի մեկին կառավարությունը մարզպետներ նշանակեց Ռոմանոս Պետրոսյանին (Կոտայք), Կարեն Սարուխանյանին (Շիրակ), Աշոտ Սիմոնյանին (Արագածոտն), Գարիկ Սարգսյանին (Արարատ), Վահե Ղալումյանին (Տավուշ), Իշխան Սաղաթելյանին (Գեղարքունիք), Արագած Սաղաթելյանին (Վայոց ձոր) Հրանտ Մարգարյանին (Լոռի) և այլն: Այս ութ պաշտոնյայից վեցին կառավարությունը աշխատանքից ազատեց նշանակումից 5-6 ամիս անց ոչ թե վատ աշխատանքի, այլ՝ քաղաքական տարաձայնությունների արդյունքում:

Ու քանի որ մարզպետների գործունեությունը չի գնահատվել, ՀՀ քաղաքացին չգիտի, թե իր կյանքի որակի համար ում մեղադրի կամ գովաբանի: Պարզ է, որ մարզպետի գործունեությունը ամբողջությամբ պայմանավորված է մարզպետարանի աշխատակազմի աշխատանքով: Իսկ վերջին մեկ տարում հիմնականում մարզպետներ են փոխվել և եզակի դեպքերում՝ մարզպետարանների վարչությունների պետեր: Ու քանի որ մարզպետների գործունեությունը չի գնահատվել, ՀՀ քաղաքացին չգիտի՝ հանրապետական, ապա հեղափոխական մարզպետնե՞րն էին վատ աշխատում, մարզպետարանների համակա՞րգն է վատ կառուցված, հանրապետական և հեղափոխական կառավարությունները լավ համակարգի գլխին վատ կառավարի՞չ էին կարգում, թե՞ մեկ այլ պատճառ կա:

Այս հարցերի պատասխանները չկան: Եթե հեղափոխականների համար մխիթարանք կլինի՝ արձանագրենք, որ 2009-2013 թթ. ժամանակահատվածում մարզպետների աշխատանքների գնահատականներն առնվազն զարմանալի էին: Օրինակ, 2010 թվականին Սյունիքի գյուղերի ղեկավարները կառավարությանը խնդրում էին քայլեր ձեռնարկել՝ գյուղերը ամայացումից փրկելու համար: Իսկ կառավարությունը Սյունիքի մարզպետի գործունեությանը 100 առավելագույնից 96,08 միավոր էր տալիս՝ լավագույնը ողջ հանրապետությունում:

Հեղափոխականները պնդում են, որ արմատախիլ են արել ու անում նախորդ իշխանությունից մնացած արատավոր երևույթները՝ կոռուպցիա, հովանավորչություն, պաշտոնական դիրքի և լծակների չարաշահում, պաշտոնյաների և նրանց հարազատների ամբարտավան ու լկտի պահվածք և այլն:Սակայն Կառավարության որոշումները անտեսելը դեռ կա:

Share

Comments are closed.