Սովորենք չինացիներից և մեր սեփական սխալներից

Այս դիտարկումները չունեն գիտական բնույթ և չեն ուղեկցվում գիտական ապացույցներով. սրանք հայի և հայաստանցու դիտարկումներն ու մտորումներն են, որոնք բխում են համերաշխ, միասնական և զարգացած հասարակության մեջ ապրելու ցանկությունից և դրան խոչընդոտող բազում երևույթներ դիտարկելու ամենօրյա փորձից։

Դիտարկելով մարդկանց վարքը՝ հաճախ տպավորություն է ստեղծվում, թե ինքներս մեզ խանգարում ենք առաջ գնալ, արդյունավետ լինել. հայաստանյան պատմության մեջ, այդ թվում՝ ժամանակակից, մշտապես եղել են ուժեր (ոչ միշտ՝ ուժեղների, այլև շատ հաճախ հակառակը՝ թույլերի ուժեր), որոնք ընկալել են արդյունավետ հայրենակցի գործունեությունը որպես իրենց համար սպառնալիք, իրենց լճացվածությունն ընդգծող գործոն, և բնազդաբար (բայց ժամանակավորապես) համախմբվել են՝ հասարակական մարմնի առողջ տարրը հիվանդացնելու, ոչնչացնելու, սեփական հետամնացության համապարփակությունը պաշտպանելու նպատակով։ Նման կենսագրական պատմություններ կարելի է կարդալ կամ լսել նաև մեր մեծ հայրենակիցներից, որոնք կա՛մ արտագաղթել են երկրից և արտերկրում հասնելով աննախադեպ բարձունքների՝ ցավով նշել են, որ Հայաստանում այդպես չէր ստացվի, կա՛մ էլ մղված լինելով հայրենասիրական զգացմունքներով՝ եկել էին շենացնելու Հայաստանը, սակայն արտամղվել դեպի հետ. իրենց խանգարել են, չեն ընկալել, խաբել են, ծաղրել, չեն ցանկացել։

Եթե անգամ նման բազում դեպքերի և կենսագրական պատմությունների, նաև՝ ժամանակակից դիտարկումների մի մասը սուտ է (այս դեպքում գործ ունենք զանգվածային ստախոսության հետ, ինչը նույնպես վատ է), ապա, այնուամենայնիվ, արժե փորձել հասկանալ, թե ինչու՞ ենք այդպես վերաբերում միմյանց։

Նայենք միմյանց. այդքան դժգոհություն, տխրություն, «մուննաթ» զանգվածաբար գրված չէ ո՛չ եվրոպացիների, ո՛չ էլ ասիացիների երեսներին։ Նման արտաքինով մարդկանց հասարակությունը 90-ականներին ուներ իր պատճառները՝ ուրախ չլինելու, Խորհրդային Միության փլուզման ու արցախյան պատերազմի իրավիճակներում կենցաղային բազում խնդիրների լուծմամբ,  առաջին հերթին՝ հաց, լույս և ջուր հայթայթելու խնդրով մտահոգվելու համար։ Հաղթեցինք. ունենք Արցախ, հաց, լույս և ջուր, սակայն միմյանց շարունակում ենք նայել դժկամությամբ, միմյանց հետ խոսել մուննաթով, միմյանց ՉՎՍՏԱՀԵԼ. լավություն անելը համարում ենք միամտություն, առաջինը բարևելը՝ ստորադասվածություն, բարի լինելը՝ թուլություն։

«Տուն» ասելով՝ մեզանից քչերն են պատկերացնում ամբողջ Հայաստանը՝ իր բակերով, փողոցներով, ծառերով և փողոցի շներով, իր` տասնամյակներ շարունակ չբարեկարգվող տրանսպորտով ու մայրաքաղաքային աղտոտված օդով, ծայրահեղ հարուստների ու ծայրահեղ աղքատների ազգային կերպարներով, լքված գյուղերով ու նախկինում մեծ, այժմ՝ փոքրացած և բնակչության արտագաղթից սեղմված մարզկենտրոնների դատարկված բետոնե շենքերով։ Եթե այս ամենը ՏՈՒՆ համարեինք՝ հավասարապես կվերաբերվեինք «մեր» և «նրանց» փողոցներին, «մեր» և «նրանց» շենքերի մուտքերին և վերելակներին, «մեր» և «նրանց» հարազատներին, «մեր» և «նրանց» հոգսերին, «մեր» և «նրանց» երեխաներին։ Համատեղ ջանքերով կառուցված և պահպանվող երկիրը այլ տեսք կունենար, այլ ամրություն, այլ հեռանկարներ։

Իհարկե, յուրաքանչյուր աշխատատեղում կան գոնե մի քանի մասնագետներ, ովքեր անտարբեր չեն ամբողջ հիմնարկի արդյունավետության հանդեպ, ովքեր օրինակ են վերցնում ոչ թե իրենց ինքնասիրահարված ղեկավարից կամ միայն ճաշի ժամի մասին մտածող գործընկերներից, այլ ղեկավարվում  են իրենց ընտանիքում ամեն ինչին հակառակ պահպանված ավանդույթով՝ կառուցելու, պահպանելու, զարգացնելու, հայրենիքը գործով և ոչ թե խոսքով սիրելու, այլոց օգնելով և ոչ թե խանգարելով ուժեղանալու, սեփական գործը ամեն պարագայում լավ անելու սկզբունքներով։ Յուրաքանչյուր բակում կա գոնե մեկ հարևան, ով մյուսներին հակառակ իր տան կահույքը և վերանորոգումը բակի վիճակից՝ մաքրությունից, կանաչապատումից բարձր չի դասի։ Կաշառակերության դեմ պայքարը չէ, որ նման հատուկենտ մարդկանց հեռու է պահում կաշառք վերցնելուց, ոչ էլ՝ մեծամասնության դրական օրինակն ու համընդհանուր մշակույթը։ Հակառակը՝ կոռուպցիան ազգային կենսակերպի, մտածողության ու ավանդույթների բնութագրիչներից է, և՛ «Թավշյա հեղափոխությունից» առաջ, և՛ դրանից հետո՝ պաշտոններ ստանալու, առաջընթաց ապրելու, մրցակցության մեջ հաղթելու և մերձավորներով շրջապատվելու ամենատարածված և գործուն մեխանիզմը։ Շարունակում ենք կարևոր դիրքերը վստահել ոչ թե լավ աշխատողներին, այլև՝ վստահելիներին (ծանոթն ու վստահելին շարունակում ենք ընկալել իրբև հոմանիշներ, իսկ «այլոց»՝ միմյանց չենք վստահում)։ Գերմանացի ժամանակակից հայտնի սոցիոլոգներից մեկը մի անգամ ասել է.«Հայաստանում առկա է ոչ թե բնական և ֆինանսական ռեսուրսների, այլև վստահության դեֆիցիտ։ Դրանից է, որ առկա մյուս ռեսուրսներն արժեք չունեն»։  

Այնուամենայնիվ, մեր հասարակության մեջ միշտ և ամենուր, բարեբախտաբար, կգտնվեն հատուկենտ անձինք, ովքեր ծանոթին չեն վերաբերի որպես լավագույնին, և ազգային ընկերասիրությունը (որն, անկասկած, մեծ արժեք է) չեն դարձնի աշխատանքային հարաբերությունների սկզբունք, պաշտոնների զբաղեցման մեխանիզմ, որակի չափանիշ։

Սակայն, առանձին անհատներ սովորաբար չեն կարող «եղանակ» փոխել. մեկ կամ երկու կարգապահ վարորդ չէ, որ երթևեկության կանոն է ապահովում։ Անհրաժեշտ է զանգվածային նույնանման գործողություն, որպեսզի համակարգը նորմալ գործառվի, լինի արդյունավետ և պաշտպանված։ Պետք է ընդունենք. Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ նախկինում բացահայտված հիմնախնդիրն ի սպառ լուծվել է, որտեղ չենք վախենում նախկինում առկա վտանգավոր իրավիճակների և կատարված սխալների կրկնումից։ Նախկինում հայտարարված՝ աղքատության և կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ծրագրերի արդյունքները շոշափելի չեն, արտագաղթի կասեցումն ու Սփյուռքի հետ աշխատանքը նույնքան խնդրահարույց են, որքան՝ նախկինում, և դրա հիմքում դարձյալ փոխադարձ անվստահությունն է։ Նախկինում ընդունված որոշումների իրականացման անհետևողականության ու բացառություններով առաջնորդվելու հետևանքով սկզբունքներն ու նորմերն ի վերջո դադարում են գործել։

Հանրային տրանսպորտի հիմնախնդիրը, որն արդեն լուծված է հարևան Վրաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում, մեզանում մնացել է իննսունականների մակարդակին, հավանաբար՝ որովհետև ոչ թե «փող չկա», այլ խոսքը ՀԱՆՐԱՅԻՆ տրանսպորտի մասին է, և ոչ թե՝ սեփական-անձնական կամ թայֆայական։ Ինչ լինում է՝ թող ժողովրդին լինի. այդպես մտածում են մեր հասարակության անդամները, ովքեր մտածել և մտածում են ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ընտանիքի, գործի, պաշտոնի, պաշտպանվածության, ապագայի մասին։ Հայ ԱԶԳԱՅԻՆ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և՛ էլիտար, և՛ զանգվածային առումով դրսևորվում է ոչ թե ԱԶԳԱՅԻՆ, այլև՝ ԵՍԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ձևաչափով։ Սրա հետևանքն է պոպուլիզմը՝ ազգային շահերի ետևում սեփական շահերն առաջ բրդող գործիչների պերճախոսությունը, նաև ամենօրյա մակարդակում՝ գերագնահատված ինքնահավանությունը, որով առաջնորդվող մեր բնակիչներն, օրինակ, խմած նստում են ղեկի առաջ, թե բա՝ «կարամ հանգիստ խմած քշեմ», ու որպես հետևանք՝ բազում ավտովթարներ և զոհեր։ 

 Տարիներ առաջ իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքում (հայերիս դրական և բացասական կողմերի բնորոշման թեմայով) ստացանք մոտավորապես հետևյալը. դրականը՝ աշխատասեր ենք, հյուրասեր, ընկերասեր, խելացի։ Բացասականը՝ ինքնահավան, ստախոս, մեծամիտ, անվստահելի։ Կարելի է տեսնել, որ պետության կառուցման և պետականության կայացման համար անհրաժեշտ որակներից նշվել է աշխատասիրությունը (տնտեսության բացակայության ու խաղամոլության զանգվածային տարածման, խաղերի գովազդման ու դրանով բնակչության տարվելու պարագայում նվազող, կամ նպատաուղղված կերպով սպանվող հատկություն), սակայն չի նշվել պարտաճանաչությունը, ազնվությունը, հետևողականությունը, վստահելիությունը։

Ցայսօր չունենք ազգային եսասիրության հենց ազգային մղմամբ առաջնորդվող արդի հերոսների՝ բոլորիս պարտադրվող կերպարներ, չունենք հայի դրական և բացասական կերպարների տարբերակում ու հենց դրական կերպարի խրախուսում, չկան չքաղաքականացվող, սակայն ընդհանուրի բարեկեցության տեսակետից կարևորվող բնութագրիչների զարգացման ու հակառակի սանկցավորման համակարգային մեխանիզմներ։

Երեկ կարդում էի միջնադարյան չինական բանաստեղծությունների մի գիրք ու, մասնավորապես, հավանեցի հետևյալ խոսքերը, որոնք որոշակիորեն բացատրում են Չինաստանի դժվարին պատմության արդի փուլում այդ պետության աննախադեպ վերելքը («Ես ինձ խալաթ կարեցի» բանաստեղծութունից, հեղինակային թարգմանություն).

Արժանի մարդը մտահոգված է

այլոց երջանկությամբ։

Արդյո՞ք կարող է նա

միայն ինքն իրեն սիրել։

Որքան կուզեի տաս հազար լիով մի խալաթ ճարել,

որ պատեմ մարդկանց բոլոր չորս կողմերում։

Հանգիստ և տաք կլիներ բոլորին, ինչպես ինձ,

Մեր երկնքի տակ չէր մրսի և ոչ մի աղքատ։

**************

Մեզանում, ավաղ, բացակայում է կամ նվազ, հատուկենտ կերպով դրսևորվող հատկություններից է երջանիկ լինելու համար մյուսների երջանկության մասին մտածելը, իսկ առանց դրա պետություն չի կառուցվում։ Սովորենք չինացիներից և մեր սեփական սխալներից։ 

Share

Comments are closed.