Երկու տարբեր աշխարհ՝ Վիետնամ և Սինգապուր

Հանոյի խոնավ շոգն ու մշակութային շոկը

 Իմ այցելած տասնյակ երկրներից ու հարյուրավոր քաղաքներից ոչ մեկում այնպես խոնավ ու այնքան շոգ չէ, որքան Վիետնամում ու նրա մայրաքաղաք Հանոյում: Առաջին անգամ էի ոտք դնում հարավարևելյան Ասիայի այս երկիր: Հիշողությանս մեջ Վիետնամից նախ և առաջ կմնա անտանելի շոգն ու նույնքան անտանելի խոնավությունը: 

Անտանելի շոգի հետ նաև մշակութային շոկն է, որին հանդիպում է առաջին անգամ Վիետնամ այցելող օտարերկրացին: Վիետնամն այլ աշխարհ է: 92 միլիոն բնակչություն ունեցող Վիետնամում խոհանոցը, ապրելակերպը, գույները, մարդկանց ժպիտները, հագուկապը, քաղաքական համակարգը ու շատ այլ բաներ բոլորովին տարբեր էին իմ այցելած տասնյակ երկրներից: 

Հիմնականում բուդդայականություն դավանող, 85 տոկոս վիետնամցիներով բնակեցված այդ երկրում, որը տարածքով Հայաստանից մեծ է տասն անգամ, իշխող միակ ուժը կոմունիստական կուսակցությունն է: Տնտեսությունը, սակայն, ազատական է: Վիետնամն այսօր արդեն իսկ տարածաշրջանի ամենազարգացող պետություններից է, մայրաքաղաքում և երկրի մյուս խոշոր քաղաքներում աճում են երկնաքերերն ու բազմահարկ շինությունները:

Բայց չի կարելի ասել, որ Վիետնամն ու Հայաստանը միմյանց չեն ճանաչում: Վիետնամը և վիետնամցիներին Հայաստանում լավ գիտեն, հատկապես լավ գիտեին խորհրդային տարիներին: Խորհրդային Միությունն ու Վիետնամը բարեկամ պետություններ էին: Ամերիկայի դեմ մղած պատերազմից հետո բազմաթիվ վիետնամցի որբեր իրենց ժամանակավոր տունը գտան Խորհրդային Հայաստանում: Երևանի պետական համալսարանում ուսանել են բազմաթիվ վիետնամցի ուսանողներ, որոնք «Վիետնամ-Հայաստան բարեկամություն» կազմակերպություն են ստեղծել և հուլիսի 6-ին հավաքվել էին Հանոյում Հայաստանի դեսպանությունում՝ ծանոթանալու Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանի վարչապետը նրանց հրավիրեց Երևան՝ աշնանը մանակցելու ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումներին: «Ես հաճույքով տեղեկացա, որ Հայաստանում շուրջ 1000 վիետնամցի է ուսանել: Սա նշանակում է, որ մենք ունենք 1000 դեսպան Հանոյում և նույնքան՝ Երևանում: Ձեր դեմքերից ու աչքերից զգում եմ, որ լավ, բարի հիշողություններ եք պահել Հայաստանի մասին»,- ասաց Փաշինյանը:

Խորհրդային Հայաստանում ուսում ստացած վիետնամցիները մի քանի հայկական երգ կատարեցին՝ «Երևանի սիրուն աղջիկը», «Երևան-Էրեբունի», «Ո՛վ, սիրու~ն, սիրու~ն», հայկական կոնյակ խմեցին, զրույցի բռնվեցին Փաշինյանի ու հայկական պատվիրակության անդամների հետ: 

Պաշտոնական եռօրյա այցի ընթացքում՝ հուլիսի 4-6-ը, Փաշինյանը հանդիպումներ ունեցավ իր վիետնամցի գործընկերոջ, Ազգային ժողովի նախագահի, Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի խոշոր գործարարների հետ, այցելեց Հո Շի Մինի դամբարան և Գրականության տաճար, ինչպես նաև Հանոյից մոտ 100 կիլոմետր հեռու գտնվող Տրանգ Ան զբոսաշրջային վայր և բուդդայական տաճար:

Վիետնամցի գործարարների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն ասաց, որ իր կառավարության նպատակն է Հայաստանը վերածել տեխնոլոգիական պետության:

«Վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է հինգ անգամ: Հայաստանի և Վիետնամի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- ասաց Փաշինյանը և ներկայացրեց Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ: Նա համագործակցության հեռանկարային ճյուղերի շարքում նշեց գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը:

«Վիետնամցի գործարարների համար Հայաստանը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,- ասաց Փաշինյանը:

Վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը աճում է: Ճիշտ է, այդ ապրանքաշրջանառությունը հիմնականում մեկ ուղղությամբ է: 2018-ին Հայաստանը Վիետնամ է արտահանել ընդամենը 566 հազար դոլարի արտադրանք, մինչդեռ նույն տարում ներմուծումը կազմել է ավելի քան 46 միլիոն դոլար:

Հայաստանի և Վիետնամի վարչապետների հանդիպումից հետո երկու երկրների միջև ստորագրվեց Կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: 

Վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը ասաց, որ Հայաստանը հաղթահարել է ներքաղաքական  վերջին դժվարությունները ու մարտահրավերները և այժմ գտնվում է զարգացման ուղու վրա: 

«Վիետնամի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ամրապնդմանը: Մենք պայմանավորվել ենք ընդլայնել համագործակցությունը կրթության, առողջապահության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և անվտանգության` պաշտպանության ոլորտում: Զբոսաշրջության, պաշտպանության ոլորտներում ցուցաբերվել են կոնկրետ նախաձեռնություններ»,- համատեղ մամուլի ասուլիսում ասաց Վիետնամի վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր այցը երկու երկրների միջև նոր, ավելի դինամիկ և ինտենսիվ հարաբերությունների ստեղծման սկիզբն է, և փոխադարձ հարգանքի ու ավանդական բարեկամության հիման վրա համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտել հայ-վիետնամական համագործակցության ներուժը, ընդլայնել և խորացնել առևտրատնտեսական հարաբերությունները, իրականացնել համատեղ ծրագրեր:

«Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին- տնտեսական համագործակցությունը: Վիետնամը, լինելով բարեկամ երկիր, Հայաստանի համար կարևոր գործընկեր է ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով: Իր հերթին, Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի: Մեր արտաքին տնտեսական հարաբերությունների լայն շրջանակը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել վիետնամական արտադրողների համար: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում դուրս գալ Եվրոպական միության, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ»,- ասաց Փաշինյանը:

Բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում հիշատակվեց նաև Վիետնամի առաջնորդներից Հո Շի Մինի՝ Խորհրդային Հայաստան կատարած այցը 1959 թվականին: 

Հայաստանի ղեկավարներից Վիետնամ այցելել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2012-ի հունիսին: Վիետնամ այցելել են նաև Հայաստանի փոխնախագահ (նման պաշտոն Հայաստանում եղել է 1991-1996 թթ) Գագիկ Հարությունյանը 1992-ի դեկտեմբերին, ինչպես նաև արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը՝ 2002-ի օգոստոսին և Էդվարդ Նալբանդյանը՝ 2012-ի փետրվարին: Վիետնամից միակ բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Հայաստան, եղել է արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնը՝ 2015-ի հոկտեմբերին:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. հուլիսի 14-ին: Հայաստանը մայրաքաղաք Հանոյում ունի դեսպանություն 2013-ից: Վիետնամի դեսպանը Երևանում համատեղության կարգով է, նստավայրը՝ Մոսկվայում:

Վիետնամում երեք օր գտնվելը բավարար ժամանակ չէ՝ ամբողջական գաղափար կազմելու այդ երկրի մասին: Երեք օրը, սակայն, բավարար ժամանակ է այդ երկիրը, նրա մշակույթը, ավանդույթները, խոհանոցը զգալու ու նաև՝ սիրելու համար: 

Հուլիսի 6-ի երեկոյան 4 հայ լրագրողներով, ովքեր լուսաբանում էին Փաշինյանի այցը Վիետնամ, այցելեցինք Հանոյի կենտրոն, այսպես կոչված հին քաղաք: Շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Հանոյի կենտրոնը մեղվի փեթակ է հիշեցնում: Ամենուր ճաշարաններ են ու վաճառքի կետեր, ընդ որում, այդ ամենը գլուխ գլխի վրա է: Հենց փողոցում տեսնում ես, թե ինչպես են ճաշարանի աշխատողները ծովային կամ ընտանեկան ինչ-որ կենդանուց ճաշ պատրաստում: Դրանք կենդանիներ են, որոնց միսը Հայաստանում ու շատ երկրներում չեն ուտում:

Մենք պատվիրեցինք տավարի միս: Ճաշարանի աշխատողները շատ արագ մեր սեղանին դրեցին թարմ միսը, որը հաստատապես տավար չէր և ոչ էլ խոզ, սուր հոտով կարագ, սոխ ու էլի համեմունքներ, որոնք վիետնամական էին և որոնց անունները ես չեմ կարող ասել: Հենց տեղում վառեցինք կրակը ու սկսեցինք եփել: Այսպես է Վիետնամում: Եթե ուզում ես, կարող ես անձամբ պատրաստել ճաշը: Շատ քայլելուց մենք հոգնել ու քաղցած էինք ու պատրաստ էինք ուտել մեզ համար անհայտ կերակուրը: Ընթրիքն ընդհանուր առմամբ, կարծես, վատը չէր, թեև մենք այդպես էլ չիմացանք, թե ինչի միս ենք կերել: 

Ավարտելով այցը Վիետնամ՝ Նիկոլ Փաշինյանը և հայկական պատվիրակությունը ուղևորվեց Սինգապուր: Ինձ համար Վիետնամը այլ աշխարհ էր: Հետո հասկացա, որ Սինգապուրը նույնպես այլ աշխարհ է, որտեղ նույնպես առաջին անգամ էի ոտք դնում:

Սինգապուրի հրաշքը և դասերը

Հայաստանի վարչապետն ու պատվիրակության անդամների մեծ մասը նույնպես առաջին անգամ էին ոտք դնում Սինգապուր:

Իմ առաջին տպավորությունը բոլորովին էլ դրական չէր, թեև Սինգապուրի մասին ես հիմնականում դրական, միֆական, անգամ հեքիաթային պատմություններ էի լսել: Հենց օդանավակայանում մեր անձնագրերի մեջ ստացանք փոքր թերթիկներ, որոնց վրա կարմիրով ուղղակի գրված էր. «Մահապատիժ նրանց նկատմամբ, ովքեր թմրանյութեր կտարածեն Սինգապուրում»:  

Այո՛, մահապատիժ, եթե թմրանյութեր վաճառես: 

Սինգապուրը «չի կարելի»-ների երկիր է: Ու հենց այս «չի կարելի»-ների շնորհիվ է, որ 40-50 տարիների ընթացքում հետամնաց Սինգապուրը, չունենալով բնական պաշարներ, դարձել է աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը: Հասարակական վայրերում չի կարելի ծխել, իսկ ծխողները տուգանվում են 1000 սինգապուրյան դոլարով, որը մոտ 700 ԱՄՆ դոլար է: Չի կարելի մետրոյում կամ ավտոբուսում խմել և ուտել, հակառակ դեպքում կտուգանվեք 500 դոլարով: 

Մահապատիժն ուղեղիս մեջ, թեև ես թմրանյութեր չեն գործածում, անգամ սիգարետ չեմ ծխում, լրագրողների համար նախատեսված փոքր ավտոբուսով դուրս եկանք օդանավակայանից: Եվ ի՜նչ:

Օդանավակայանից դուրս ես գալիս ու քեզ թվում է, որ մտել ես մի ընդարձակ բուսաբանական այգի, որտեղ հազարավոր երկնաքերեր ու բարձրահարկ նորակառույցներ են, մաքրամաքուր փողոցներ ու հրապարակներ: Ամեն մի ծառը, ճյուղը, թուփը, փողոցի անկյունը խնամված է: 

Սինգապուրը միաժամանակ և՛ կղզի է, և՛ քաղաք, և՛ պետություն, որի ընդհանուր տարածքը 720 քառակուսի կիլոմետր է, իսկ բնակչությունը՝ մոտենում է 6 միլիոնի: Մոնակոյից հետո Սինգապուրը աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրն է:

Չնայած Հայաստանից հեռու է հազարավոր կիլոմետրեր՝ Սինգապուրում հայերի ներկայությունը գրեթե 200 տարվա պատմություն ունի: Հուլիսի 7-ի կեսօրին՝ հասնելով Սինգապուր, վարչապետ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը այցելեցին Սինգապուրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որը այս երկրի ամենահին քրիստոնեական կառույցն է։ 

Հայերն են նաև Սինգապուրի ամենահայտնի անգլիալեզու թերթը՝ «The Strait Times»-ը հիմնադրել, որը հրատարակվում է մինչև այսօր և լայնորեն լուսաբանում էր Հայաստանի վարչապետի եռօրյա այցը: Այս թերթը հիմնադրվել է և լույս է տեսնում 1845-ից:

Առաջին հայերը Սինգապուրում հաստատվել են 18-րդ դարի վերջից: Հիմնականում եկել են Մալայզիայից, Հնդկաստանից և Պարսկաստանից: 1833թ. հայ համայնքը հողակտոր է ձեռք բերել և երկու տարի անց կառուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Չնայած բարեկեցիկ պայմաններին՝ հայերի թիվը Սինգապուրում երբեք մեծ չի եղել: Այսօր էլ մեծ չէ՝ մի քանի տասնյակ, այդ թվում՝ Հայաստանից եկածներ:

Եկեղեցու բակում էին հավաքվել Սինգապուրի, ինչպես նաև հարևան երկրների ու տարածաշրջանների՝ Մալայզիայի, Ինդոնեզիայի, Թաիլանդի, Հոնգկոնգի, Ավստրալիայի հայ համայնքների ներկայացուցիչներ: «Արմենիա» անունը կրող փողոցի նորաբաց այգում տեղի  ունեցավ «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանի բացման արարողությունը։ Արձանը կառուցվել է բարերար Խաժակ Մարգարյանի նախաձեռնությամբ:

«Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը, որը հայտնի է նաև որպես սինգապուրյան կամ Ալոհա արքայադստեր խոլորձ, հիբրիդային տեսակ է, որը դարձել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ։ Հայտնի խոլորձն իր անվանումն ստացել է ի պատիվ Սինգապուրում բնակվող հայազգի ծաղկաբույծ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան):

Փաշինյանը տիկնոջ հետ այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, շրջայց կատարեց հայկական ժառանգության թանգարանում և հայկական տապանաքարերով գերեզմանատանը: Փաշինյանը հավաքված մոտ 100 ներկաների համար ասված խոսքում ընդգծեց, որ աշխարհի բազմաթիվ կողմերում հանդիպում ենք իրավիճակների, երբ այդ երկրների կյանքում տեղի ունեցած, ստեղծված խորհրդանշական կարևորագույն արժեքների հետևում կանգնած են հայերը, ինչպես այս դեպքում ծաղկաբույծ Ագնես Ջոակիմն է: 

«Մենք տեղադրեցինք հայ ժողովրդի տաղանդի և հանճարի խորհրդանիշ հանդիսացող հիշատակարան: Հույս ունեմ, որ այս կարգի բազմաթիվ նմուշներ մեզ ամենուր պետք է հիշեցնեն, որ մենք տաղանդավոր, ստեղծարար ժողովուրդ ենք, որ կարողացել ենք շենացնել աշխարհի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անկյուններ, ներդրում ենք ունեցել բազմաթիվ երկրների զարգացման, բարեկեցության ապահովման գործում: Մենք կարող ենք նույնն անել նաև Հայաստանում և հայ ժողովրդի ստեղծարար հանճարն ի վերջո պետք է իր տրիումֆին հասնի նաև Հայաստանում: Մեր անցած ճանապարհը հենց այստեղ պետք է իր պսակին հասնի, որ Հայաստանի Հանրապետությունը լինի այնպիսին, ինչպիսին են բազմաթիվ երկրներ, որոնց կառուցման, բովանդակություն հաղորդելու գործում մեր հայրենակիցներն ունեցել են շրջադարձային նշանակություն»,- ասաց Փաշինյանը:

Սինգապուրյան հրաշքի կերտողը Լի Կուան Յուն է, ով ավելի քան 30 տարի զբաղեցրել է վարչապետի աթոռը: Նրա բազմաթիվ բարեփոխումներից հատկապես երկուսը՝ կոռուպցիայի դեմ անողոք պայքարը և բիզնես գործունեության պարզեցումը, ամբողջովին փոխեցին երկիրը: Արդյունքում՝ աշխարհի խոշորագույն ընկերությունները, առաջին հերթին՝ դրամատները, իրենց գլխամասային գրասենյակները տեղափոխեցին Սինգապուր: Սա երկրի զարգացման երեք առաջատար ուղղություններից մեկն է: Մյուս երկուսն են՝ զբոսաշրջությունն ու աշխարհի խոշորագույն նավահանգիստը, որոնք երկրին վիթխարի եկամուտներ են բերում: 

Սինգապուրյան հրաշքը Հայաստանին հետաքրքրել է ավելի վաղ: Դեռ 2009-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երևան ժամանեց Լի Կուան Յուն: Նախքան Նիկոլ Փաշինյանը Սինգապուր այցելել են Սերժ Սարգսյանը 2012թ. մարտին, ինչպես նաև՝ արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդվարդ Նալբանդյանը համապատասխանաբար 2005-ի հոկտեմբերին և 2012-ի մարտին:

Հուլիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ «Temasek Holdings» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Փաշինյանն ընդգծեց, որ տեխնոլոգիական բնագավառը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, քանի որ մեր երկրի նպատակն է կառուցել տեխնոլոգիական տնտեսություն: Վերջին 7 տարիներին այս ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ: Վարչապետը ներկայացրեց նաև մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերը: «Temasek Holdings»-ի ներկայացուցիչները հրավիրվեցին այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: 

Նույն օրը Փաշինյանը «կլոր-սեղան» ձևաչափի շրջանակում հանդիպում-քննարկում ունեցավ «Սինգապուրի բիզնես ֆեդերացիա» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Փաշինյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, քաղաքական արմատական փոփոխությունները տնտեսական ցնցումներ չեն առաջացրել, բանկային համակարգը շարունակել է կայուն աշխատել, չի արձանագրվել սեփականության վերաբաշխման որևէ դեպք, ինչը պայմանավորված էր այդ իրադարձությունների ոչ բռնի և խաղաղ բնույթով: Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին, Փաշինյանն այցելեց Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ:

Փաշինյանը Սինգապուր այցելում էր իր գործընկերոջ՝ վարչապետ Լի Սյեն Լուի հրավերով: Վարչապետների միջև հանդիպման ընթացքում, որ կայացավ հուլիսի 8-ին, Փաշինյանը նշեց, որ ամբողջ աշխարհը տպավորված է Սինգապուրի զարգացման փորձով, և Հայաստանը նույնպես այն համարում է օրինակելի: Փաշինյանը հատկապես կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Սինգապուրի հետ համագործակցության զարգացումը: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի կառավարության նպատակն է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, իսկ տնտեսությունը դարձնել տեխնոլոգիական: 

Վարչապետների միջև հանդիպումից հետո երկու երկրների միջև ստորագրվեցին 5 փաստաթղթեր՝ 1 համաձայնագիր և 4 հուշագիր: 

Սինգապուրի վարչապետը իր խոսքում ասաց. «Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնում: Մոտ 200 տարի առաջ մի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին Սինգապուր: Նրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել, քան 100 մարդ, բայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էր: Որպես նախկին լրագրող` վարչապետ Փաշինյանին, անկասկած, կհետաքրքրի այն փաստը, որ Սինգապուրի գլխավոր օրաթերթը՝ «Street Times»-ը, հիմնադրվել է 1845-ին Խաչիկ Մովսես անունով հայի կողմից: Բազմաթիվ շինություններ այստեղ կրում են Սարգիս եղբայրների անունը, ովքեր հիմնել են Սինգապուրի նշանավոր «Raffles» հյուրանոցը»:

Իր պատասխան ելույթում Փաշինյանը ասաց, որ մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: 

«Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։ Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել՝ նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրը աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար: Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու  նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերատարությունն ու լավատեսությունն են համարում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը»,- ասաց Փաշինյանը:

Եռօրյա այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպեց նաև Սինգապուրի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ:

Սինգապուրում գտնվելու երկուսուկես օրերի ընթացքում մենք՝ լրագրողներս, հասցրինք երեկոյան ժամերին շրջել այս կղզի-քաղաք-պետությունում, ճաշակել խոհանոցը, հիանալ ճարտարապետական շինություններով ու շուրջբոլոր տիրող մաքրությամբ: Սինգապուրը սուղ, շատ սուղ երկիր է: Սուղ են բնակարանները, մեքենաները, հյուրանոցները: Բայց այդ սղությունը զգալի է աղքատ և զարգացող երկրների քաղաքացիների համար: Սինգապուրցիները բարձր աշխատավարձեր են ստանում և ապրում բարեկեցիկ կյանքով: Եվ այդ բարեկեցությունը նրանք նվաճել են քրտնաջան աշխատանքով:

Հայաստանի բարեկեցիկ ապագան նույնպես քրտնաջան աշխատանքն է:

 Թաթուլ Հակոբյանը «ՍիվիլՆեթի» լրագրող է և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող: Նա հեղինակն է «Կանաչ ու Սև. արցախյան օրագիր» և «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքերի:

Share

Comments are closed.