«Ֆորմուլա». այսպես է կոչվելու վրացական նոր ընդդիմադիր հեռուստաալիքը

ՕԳՈՍՏՈՍ 16, 2019 JAMNEWS, ԹԲԻԼԻՍԻ

Նոր ալիքի հեռարձակումը կսկսվի հոկտեմբերին, այն կֆինանսավորի պաշտպանության նախկին նախարարը


Ստրասբուրգի դատարանի կողմից «Ռուսթավի-2» հեռուստաընկերության վերաբերյալ կայացված վճիռը, որի համաձայն այն փոխանցվել է իշխանություններին մոտ գործարարի, խթան է հանդիսացել Վրաստանում նոր մեդիաիրականության ստեղծման համար։

Մեծ հավանականությամբ, մեկ ընդդիմադիր ալիքի համար խնդիրներ ստեղծելու պատճառով աշնանն իշխանությունները կստանան երկու ընդդիմադիր հեռուստաընկերություն։ Վրաստանում, որի բնակչության 70%-ը տեղեկությունները ստանում է հեռուստատեսությունից, այդ ոլորտում փոփոխություններ առաջացնող ցանկացած գործընթացներ ուշադրության են արժանի։ Այժմ մեդիաշուկայում տեղի ունեցող գործընթացները մեծ նշանակություն են ձեռք բերում նաև այն պատճառով, որ ուղիղ մեկ տարի անց Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, այդ պատճառով էլ երկիրը կղեկավարի նա, ով կհաղթի։


______________________

«Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվամարիայի ներկայացրած հեռուստաընկերությունից բացի հայտնի է, որ հոկտեմբերից մեդիաշուկայում ևս մեկ հեռուստատեսություն կհայտնվի։«Ֆորմուլա». այսպես է կոչվելու նոր ալիքը, որը ստեղծում է «Ֆորմուլա կրեատիվ» ընկերությունը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի հետ միասին։

Այդ ընկերությունը տարիներ շարունակ թողարկել է իր տեսաարտադրանքն, այդ թվում՝ «Կնոջս ընկերուհիները» հայտնի սերիալը «Ռուսթավի-2»-ով։ Սակայն «Ռուսթավի-2»-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո ընկերության ղեկավարությունը դադարեցրել է համագործակցությունն այդ ալիքի հետ և հայտարարություն արել նոր հեռուստատեսության հիմնադրման մասին։

«Ֆորմուլա կրեատիվում» կարծում են, որ սեփականատիրոջ փոփոխությանը զուգահեռ փոխվելու է «Ռուսթավի-2»-ի խմբագրական քաղաքականությունը. այն սկսելու է համապատասխանել իշխանությունների շահերին։ Նրանք կարծում են նաև, որ իշխող թիմի ձեռքում կենտրոնացված հեռուստամեդիան պարզապես վտանգավոր է։ Որպես իր գլխավոր նպատակներից մեկը հեռուստատեսությունը նշում է աճող ռուսական պրոպագանդայի դեմ պայքարը։ Արդեն հայտնի է, որ «Ֆորմուլան» ֆինանսավորելու է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին։ Թեև, ինչպես ասում է «Ֆորմուլա կրեատիվի» ղեկավարներից մեկը՝ Զուկա Գումբարիձեն, ընկերությունը բանակցություններ է վարում նաև ուրիշ ներդրողների հետ։

Կեզերաշվիլին վերադառնում է վրացական քաղաքականությո՞ւն

Հաղորդագրությունն այն մասին, որ վրացական մեդիաշուկայում նոր հեռուստաալիք է հայտնվելու, Կեզերաշվիլին արել է ֆեյսբուքյան իր էջում։

Կեզերաշվիլին առաջին նախկին պաշտոնյաներից էր, որի դեմ քրեական գործեր են հարուցվել 2012թ-ին Վրաստանում նոր կառավարության իշխանության գալուց անմիջապես հետո։ Նա Վրաստանից մեկնել է 2012թ-ին և այդ օրվանից չի վերադարձել։

Իշխանությունը նրան մեղադրում է «Իմեդի» հեռուստաընկերության ապօրինի վաճառքի, «սպիրտի մաքսանենգության» և 13 միլիոնի կաշառքի, ինչպես նաև պաշտպանության նախարար լինելու տարիներին գրեթե վեց միլիոն եվրո մսխելու մեջ։ Թեև այս գործերից ոչ մեկի վերաբերյալ տվյալ փուլում վճիռ չկա։ Բոլոր էպիզոդներով Կեզերաշվիլին արդարացվել է։ Երկու օր առաջ հայտնի է դարձել, որ Կեզերաշվիլին արդարացվել է նաև Իսրայելում անցկացվող հետաքննության շրջանակում։

Գործը, որը վերաբերում էր նախարար լինելու տարիներին նրա կողմից կաշառք ստանալուն, Իսրայելում հետաքննում էին չորս տարի շարունակ։

Իսրայելում գործը հարուցվել էր Իսրայելի բանակի գեներալ և «Defensive Shield» ընկերության ղեկավար Գալա Խիրշայի դեմ։ Նրա դեմ լուրջ մեղադրանքներից մեկը հենց Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին կաշառք տալն էր։ Իսրայելի դատարանն արդարացրել է Խիրշին և հերքել, որ Խիրշը կաշառք է տվել նախարարության հետ շահավետ պայմանագիր կնքելու դիմաց։

Նախորդ մի քանի տարում Վրաստանի դատախազությունը երկու անգամ դիմել է Կեզերաշվիլիին արտահանձնելու պահանջով, սակայն հարցումներից ոչ մեկը չի բավարարվել։

Պաշտպանության նախկին նախարարի և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի անունը շրջանառվում էր փաստաթղթերում, որոնք հայտնի են որպես «Panama Papers»։ Դրանցում ասվում է, որ 2008թ-ին՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական տալուց տասն օր անց Կեզերաշվիլիի հավատարմատարն օֆշորային գոտում երեք ընկերություն է գրանցել։
___________________
«Ֆորմուլա» ԲԲԸ-ն հեռարձակման ավտորիզացման հայտ է ներկայացրել Կապի ազգային հանձնաժողով։ Հայտում նշված է, որ «Ֆորմուլան» հեռարձակվելու է Վրաստանի ողջ տարածքում։ Ալիքը դիտել հնարավոր կլինի ինչպես մալուխային ընկերությունների, այնպես էլ արբանյակային կամ ստանդարտ ալեհավաքների միջոցով։

Հայտնի է նաև, որ նոր հեռուստաընկերությունն ընդհանուր հեռարձակման ձևաչափ է ունենալու, այսինքն՝ եթեր են գնալու ինչպես լրատվական և քաղաքական, այնպես էլ ժամանցային հաղորդումներ և թոք-շոուներ։

Մեծ հավանականությամբ ալիք կտեղափոխվեն «Ռուսթավի-2»-ից հեռացած լրագրողները։

Այդ նույն ալիքով էլ կհեռարձակվի «Կնոջս ընկերուհիները» հայտնի սերիալը։ Այն արդեն ութ տարի ցուցադրվում էր «Ռուսթավի-2»-ի եթերում և վրացական հեռուստատարածքում ամենավարկանիշային արտադրանքներից մեկն էր։


 JAMNEWS, ԹԲԻԼԻՍԻ

Share

Comments are closed.