«Ոսկու հանքի շահագործումը չի վնասի շրջակա միջավայրին». Հայաստանի վարչապետ

ՕԳՈՍՏՍՈՍ 19, 2019

Փաշինյանը մեկ ժամից ավելի ուղիղ եթերում մանրամասն պարզաբանել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակն ու ներկայացրել իր դիրքորոշումը, թե ինչու է այն աշխատելու:

22.00 (թարմացում)

Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է, որ միջազգային փորձաքննության արդյունքները թույլ են տալիս եզրակացություն անել. ոսկու հանքի շահագործումը չի վնասելու շրջակա միջավայրին։ Մասնավորապես, խոսքը գնում է հանքից ոչ հեռու գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքի հանքային ջրի, Սևանա լճի ջրի և մոտակա գետերի մասին։

Փաշինյանը հայտարարել է, որ հանքի շահագործումը կթույլատրվի, եթե մոտ ապագայում ի հայտ չգան գործոններ, որոնք կապացուցեն Ամուլսարի ոսկու արդյունահանման վնասակարությունը։

Վարչապետի խոսքով՝ Ամուլսարի հանքը կշահագործվի Հայաստանի համար աննախադեպ բարձր մակարդակի բնապահպանական չափանիշներով։ Եվ նա կարծում է, որ դրա շահագործմանը դեմ են արտահայտվում մյուս հանքերի տերերը, որոնք այժմ պետք է ձգտեն հասնել Ամուլսարին և դրա վրա միլիոնավոր դոլարներ ծախսեն։ Փաշինյանը ենթադրել է, որ հենց նրանք են այժմ որոշել աղմուկ բարձրացնել և դիմակայություն ստեղծել հասարակությունում։ Վարչապետը նաև հավաստիացրել է, որ այս հարցով կառավարության վրա ոչ մի ճնշում չի գործադրվել, այդ թվում՝ արտասահմանյան գործընկերների կողմից։

19.00

Օգոստոսի 19-ի առավոտից Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց անցկացվել է բողոքի ակցիա Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ։ Դա միաժամանակ նաև հանքի հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին աջակցելու ակցիա էր, որոնք այստեղ էին եկել՝ երկրի վարչապետին հանդիպելու։ Ողջ օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը բոլոր շահագրգիռ կողմերի, կառավարության և «Իմ քայլը» խորհրդարանական իշխող դաշինքի ներկայացուցիչների հետ։ Ինչ-որ պահի ցուցարարները փորձել են փակել Բաղրամյան պողոտան, որտեղ անցկացվում էին վարչապետի հանդիպումները։ Սակայն ոստիկանությունը վերականգնել է ճանապարհային երթևեկությունն՝ ուժ կիրառելով։ Բոլոր հանդիպումների արդյունքում կայացրած իր որոշումը Նիկոլ Փաշինյանը խոստացել է անձամբ բարձրաձայնել երեկոյան։

Ակտիվիստների հետ հանդիպման արդյունքները

Մինչ հանքի շահագործման հակառակորդները պահանջում էին ոսկի արդյունահանելու պլաններից հրաժարվել, նախագահի նստավայրում անցկացվում էր շահագրգիռ անձանց հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դրան մասնակցում էին կառավարության անդամներ, բնապահպաններ, Ամուլսարին հարող բնակավայրերի բնակիչներ և շրջանի տեղական իշխանության ներկայացուցիչներ։ Լրատվամիջոցների համար հանդիպումը փակ էր։ Նախագահի նստավայրի շենքից, չսպասելով հանդիպման ավարտին, դուրս եկան հանքի շահագործման դեմ հանդես եկող շարժման մի քանի մասնակից։ Բնապահպան Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ կարծիքներ լսելու և ընդհանուր հայտարարի գալու նպատակ այդտեղ չէր էլ դրվել, քանի որ հանդիպման մեկնարկից ավելի քան 30 րոպե անընդմեջ ելույթ է ունեցել միայն Փաշինյանը։

«Փաշինյանի ասածը ռացիոնալ չէր», – ասել է Աննա Շահնազարյանը։Նրա կարծիքով՝ Փաշինյանը փորձաքննության արդյունքները գլխիվայր շուռ է տվել։ Խոսքն այն հետազոտությունների մասին է, որոնք անցկացրել է լիբանանյան «Էլարդ» (Elard) ընկերությունը։ Նրան համալիր փորձաքննություն էր պատվիրվել՝ պարզելու համար, թե արդյոք հանքի շահագործումը ռիսկեր է պարունակում շրջակա միջավայրի համար։

Օգոստոսի 15-ին հրապարակվել էր փորձագետների եզրակացությունը։ Եթե հակիրճ՝ ապա այն հետևյալն էր. Ամուլսարի հանքավայրում ոսկու արդյունահանումը «չկառավարվող ռիսկեր» չի պարունակում։ Սակայն բնապահպաններից և ակտիվիստներից ոմանք համաձայն չէին հետազոտության այս եզրակացության հետ։ Այդ պատճառով էլ կազմակերպվել էր երկրի վարչապետի և այն շրջանի բնակիչների հանդիպումը, որտեղ գտնվում է հանքը։ Անի Խաչատրյանը՝ մյուս ակտիվիստը, որը լքել էր նախագահի նստավայրը նախքան հանդիպման ավարտը, հավելել է, որ հանքի շահագործման դեմ պայքարը շարունակվելու է.

«Ամուլսարը չի շահագործվելու։ Ամուլսարը սար է մնալու»։

Այդ նույն կարգախոսը գրված էր պաստառների վրա, որոնք նախագահի նստավայրի մոտ բերել էին շարժման ակտիվիստները։ Նրանք պարբերաբար այն վանկարկում էին, մինչ ընթանում էր վարչապետի հետ հանդիպումը։

Ի՞նչ եղավ հետո

Այդ հանդիպումից հետո Փաշինյանն ուղևորվեց դեպի խորհրդարան՝ հարցն «Իմ քայլն» իշխող դաշինքի հետ քննարկելու։ Դեպի խորհրդարանի շենք սկսեցին շարժվել նաև ցուցարարները և փորձեցին փակել պողոտան, որտեղ տեղակայված է և Ազգային ժողովը, և նախագահի նստավայրը։ Սակայն ոստիկանությունը վերականգնեց ճանապարհային երթևեկությունն՝ ուժ կիրառելով։ Վեց ակտիվիստ բերման ենթարկվեց։

Հանքի մասին

Ամուլսարի հանքը Հայաստանի ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է։ Այն Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա է գտնվում և տեղակայված է Արփա և Որոտան գետերի միջև։ Հանքը մոտ 31 տոննա հանքանյութ և 40 տոննա մաքուր ոսկի է պարունակում։

«Lydian Armenia»-ն ոսկու հանքը հայտնաբերել է դեռ 2005թ-ին։ Մինչև 2012թ-ն ընկերությունը ներդրողներ էր փնտրում և մշակում հանքի շահագործման ծրագիրը։ Նույն 2012թ-ին «Lydian Armenia»-ն և Հայաստանի կառավարությունը համաձայնագիր են ստորագրել հանքի շահագործման մասին, ընկերությունը իրավունք է ստացել շահագործել այն։ Հանքի շահագործման դեմ բողոքը սկսվել է դեռ 2011թ-ին։ Դրան մասնակցում էին հարակից տեղայնքի բնակիչներն ու բնապահպանները։ Նրանք կարծում են, որ ոսկու արդյունահանումը կարող է բացասաբար անդրադառնալ Ջերմուկ քաղաքի, Սևանա լճի և որոշ գետերի վրա։ Այդ ժամանակ ստեղծվեց «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը։ Այն հայտարարում էր.

 «Թույլ չենք տա փչացնել Ջերմուկն ու Ջերմուկի երիտասարդության ապագան»։ 2012թ-ին հանքի շահագործման դեմ արդեն ստորագրահավաք սկսվեց։ Ակտիվիստները բազմիցս փակել են հանքի մուտքն ու խոչընդոտում են ծանր տեխնիկայի աշխատանքին։ Իսկ 2018թ-ին նրանք հասան ոսկու արդյունահանման կասեցմանը։

Այդ նույն տարում Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց շրջակա միջավայրին վնաս հասցնելու կասկածանքով։ Բոլոր հարցերի պատասխանները պետք է տար միջազգային փորձաքննությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ դրական եզրակացության դեպքում Ամուլսարի հանքը շահագործվելու է.

«Եթե փորձաքննությունը հիմնավորի, որ շահագործումն անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի համար, նախագիծը կիրականացվի։ Սակայն, եթե սպառնալիք կա, ես որպես վարչապետ չեմ կարող թույլ տալ դրա շահագործումն՝ անկախ ամեն ինչից»։

Արդյունքում՝ փորձաքննությունն այն եզրակացությանն եկավ, որ հանքի շահագործումը «չկառավարվող ռիսկեր» չի պարունակում։ Այսինքն՝ կառավարությանը ոսկու արդյունահանման վերսկսման համար «կանաչ լույս» տրվեց։

Արդյո՞ք կանցկացվի երկրորդ փորձաքննությունը

Նոր փորձաքննություն անցկացնելու հիմքեր Հայաստանի կառավարությունը չի տեսնում։ Այս մասին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Նա անդրադարձել է նաև երկրի առաջնորդի հետ ակտիվիստների հանդիպմանը։ Անցկացված քննարկումները Կարապետյանը «թափանցիկ» է անվանել։

Սակայն թե երբ է հայտնի դառնալու Ամուլսարի վերաբերյալ կառավարության վերջնական դիրքորոշումը, Կարապետյանը չի կարողացել հստակեցնել։

Բնապահպանները համաձայն չեն փորձաքննության արդյունքների հետ։ Նրանք ենթադրում են, որ կառավարությունն աչք է փակում բնապահպանական խնդիրների վրա՝ հանքի շահագործման իրավունք ունեցող ընկերության հետ դատական գործընթացներից խուսափելու համար։

 «Lydian» ընկերությունը ևս մեկ հայտարարություն է արել

«Lydian Armenia» ընկերությունը, վկայակոչելով «Lydian International» ընկերության նախագահի պաշտոնակատար և գլխավոր տնօրեն Էդվարդ Սելերսի խոսքերն, ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում կրկին հայտարարություն է արել այն մասին, որ «Lydian Armenia»-ը պահպանում է բոլոր միջազգային նորմերն ու չափանիշները.«Lydian Armenia» ընկերության գործողությունները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին, իսկ հաճախ՝ նույնիսկ գերազանցում են դրանք։ Այս մասին է վկայում համալիր փորձաքննության եզրակացությունը»։ Ըստ ընկերության ղեկավար Էդվարդ Սելերսի՝ «Lydian»-ի կողմից ամեն կերպ աջակցություն է ցուցաբերվել փորձաքննությունն անցկացրած մասնագետներին.

«Մասնագետներն իրենց պրոֆեսիոնալ գնահատականն են տվել ստացված տվյալների հիման վրա, և նրանց եզրակացությունները համապատասխանում են նաև մյուս միջազգային փորձագետների կարծիքին»։

Ինչո՞ւ է Ամուլսարի հանքն այդքան կարևոր

Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը ստացել է «Lydian» ընկերությունը, որի ներդրումային փաթեթն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորներից մեկն էր։ Կառույցը հայտարարել է 325 մլն դոլարի մասին։ Ենթադրվում էր, որ նախնական փուլում՝ շինաշխատանքներում, կներգրավվի 1300 մարդ, իսկ շահագործման փուլում՝ 770 աշխատակից։
Հանքի շահագործումն, ընկերության հաշվարկով, պետք է ապահովի Հայաստանի ՀՆԱ տարեկան 1,4%, կամ 185 մլն դոլարի աճ։ «Lydian» ընկերությունը հավակնում է լինել Հայաստանի խոշորագույն հարկատուների հնգյակում՝ պետբյուջե վճարված 50 մլն դոլար հարկի ցուցանիշով։ Իսկ արտահանման ցուցանիշներն, ըստ նախնական հաշվարկի, կարող են հասնել տարեկան 286 մլն դոլարի։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Ֆեյսբուքի հայկական տիրույթում օգտատերերն ակտիվորեն քննարկում են Ամուլսարի հանքի շուրջ կատարվող իրադարձությունները։ Այս հարցով օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել։

Ոմանք գրում են, որ հանքը կկործանի շրջակա միջավայրն ու մարդկանց, իսկ Նիկոլ Փաշինյանը չի արդարացնում իրենց հույսերը, քանի որ դրա շահագործմանը դեմ չէ։ Ահա մի քանի մեկնաբանություն.

«Հիմարնե՛ր։ Նրանք արդյունահանում և ոսկի են վաճառում Նիկոլի հետ միասին։ Ոչ ոք ձեզ բանի տեղ չի դնում»։ «Պահանջում եմ Սերժի հետնորդի հրաժարականը» [Սերժ Սարգսյանը Հայաստանի նախկին նախագահն է – JAMnews]։ «Նիկո՛լ, հեռացի՛ր։ Ամուլսարը սար է մնալու»։

«Այդպես էլ բան չփոխվեց…»։

«Հանքի շահագործմանը կարող են կողմ լինել նրանք, ովքեր, առաջին հերթին, չեն հասկանում վտանգի ողջ մասշտաբը։ Երկրորդ հերթին, նրանք, ովքեր պատրաստ են վաճառել սեփական հարստությունը, հայրենիքը՝ կոպեկների դիմաց, անգամ իրենց առողջության և հետագա սերնդի առողջության հաշվին»։

Մյուսներն, ընդհակառակը, կարծում են, որ շարժման ակտիվիստներն անտեղի սրում են իրավիճակը, քանի որ փորձագետները հանքի շահագործման դեպքում մեծ ռիսկեր չեն տեսնում։ Օգտատերերի այս հատվածը կառավարության ղեկավարին լիակատար վստահություն է արտահայտում.

«Նիկոլ Փաշինյանի որոշումը մեզ համար կարևոր է, քանի որ վարչապետը ժողովրդի կողմից է»։ «Ցուցարարնե՛ր, դուք երկու տարի առաջ էիք ասում, որ Ամուլսարը ձեր փրկությունն է, որովհետև դուք, շնորհիվ հանքի, աշխատանք ստացաք»։

«Մեր երկրի առաջնորդը մտածում է մարդկանց և երկրի մասին։ Եթե պետք լինի, Ամուլսարը կշահագործվի, ոչ՝ ոչ»։

JAMNEWS, ԵՐԵՎԱՆ

Share

Comments are closed.