Հայերը մեկնում են Չինաստան՝ տեղացիներին անգլերեն սովորեցնելու

Արտագնա աշխատանքի նոր ուղղության մասին բոլոր մանրամասները՝ առաջին ձեռքից, հայրենիք վերադարձած ուսուցիչներից


Հայաստանի մարզերից ամենաշատը արտագնա աշխատանքի մեկնում են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերից։ Այստեղ գրեթե տուն չկա, որ ընտանիքի անդամներից կամ բարեկամներից մեկը խոպանում չլինի: Մեծ մասի համար աշխատանքի վայրն ընդարձակ Ռուսաստանի Դաշնությունն է ու նախկին ԽՍՀՄ երկրները։ Կան նաև մարդիկ, որոնք մեկնում են Եվրոպական միության երկրներ և ԱՄՆ, թեև նրանց թիվն ավելի փոքր է: 

Բայց վերջերս Հայաստանից, մասնավորապես, հենց Շիրակի մարզից արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդները քարտեզի վրա նոր ուղղություն գտան՝ Չինաստան: Ու առավել զարմանալին ոչ թե ուղղությունն է, այլ մեկնելու նպատակը։ Հայերը մեկնում են Չինաստան անգլերենի ուսուցիչ աշխատելու։ Մոտավոր հաշվարկով, այս պահին նրանց թիվը Չինաստանում հասնում է 900-ի:

 Էլի թվեր 

2003թ.-ին Չինաստանում բնակվում էր մոտ 60 Հայաստանի քաղաքացի՝ աշխատանքային միգրանտ։ 2013-ին նրանց թիվը հասնում էր 500-ի։ 

2019թ-ի նախնական գնահատականով, հայկական անձնագրերով անձանց թիվը Չինաստանում կազմում է 2500: Չնայած այն հանգամանքին, որ այս թվերը դեռևս ենթակա են քննության, այնուամենայնիվ, դրանք աճի մասին են խոսում։ Այս նոր «խոպան» առաջարկով առավել հետաքրքրված են Շիրակի մարզկենտրոն Գյումրիի բնակիչները։ Նրանցից շատերն արդեն պատրաստվում են ընտանիքներով մեկնել։ Սակայն Չինաստանում աշխատած երիտասարդները խորհուրդ են տալիս «ջուրը չտեսած չբոբիկանալ»: 

 Սվետա.  հաջողության գաղտնիքները

 Գյումրեցի Սվետա Ղուկասյանը երեք տարի առաջ առաջիններից էր, ով մեկնեց Չինաստան: Մինչ այդ նա բարձրագույն կրթություն էր ստացել Երևանում՝ անգլերենի ուսուցչի մասնագիտությամբ, և ավարտել Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան. 

«Ավարտելուց հետո ուզում էի ավելի մեծ հնարավորություններ: Շուկան ուսումնասիրելուց հետո հասկացա, որ Չինաստանը հարմար է՝ նախ մշակույթն էի ցանկանում ճանաչել, վարձատրությունն էլ ավելի հարմար էր։ Բացի դրանից այլ երկրներում կյանքն ավելի թանկ արժեր, քան Չինաստանում»: 

2016 թվականին դիմել է ԱՅՍԵԿ (AIESEC – Association Internationale des tudiants en Sciences լconomiques et Commerciales) միջազգային կազմակերության օգնությանը: 18-30 տարեկան երիտասարդներին այն առաջարկում է փոխել իրենց կյանքը և գտնել իրենց զարգացման ուղին՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ ԱՅՍԵԿ-ը աշխատում է աշխարհի ավելի քան 2.100 համալսարաններում, իր անդամներին հաղորդում առաջնորդության փորձ և հնարավորություն տալիս մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերին։ 

Այստեղ Սվետային օգնել են գտնել աշխատանք Չինաստանում:  

Նրան սկզբնական շրջանում վճարել են ամսական մոտ 2500 դոլար՝ բարձր որակավորման դիմաց, գումար են տրամադրել բնակարան վարձակալելու համար, ապա նաև ամեն երեք ամիսը մեկ բարձրացրել աշխատավարձը: Այս բոլոր արտոնությունները տրվել են, քանի որ մինչ աշխատանքի անցնելը, նա վերապատրաստվել է նաև Չինաստանում։ Սվետան ձեռք է բերել այստեղ ուսուցչի որակավորում և իրավունք մինչև 12 տարեկան երեխաներին անգլերեն ուսուցանել հատուկ մեթոդներով: 

Բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն կրկնել իր փորձառությունը, զգուշացնում է. «Կան մարդիկ, որոնց անգլերենի մակարդակը ցածր է, ու Հայաստանում նույնիսկ մենեջեր չեն կարող աշխատել։ Բայց գնում են իրենց հնարած անգլերենը սովորեցնելու Չինաստանում: Շահագրգռողը աշխատավարձն է։ Հայաստանում կարող են ստանալ 200 դոլար, Չինաստանում ամսական 1200-1500 դոլար են ստանում։ Ի դեպ, հիմա այնտեղ սկսել են ստուգումներ անել, որովհետև հասկանում են, որ ոչ բոլորն են գալիս դասավանդելու համար անհրաժեշտ անգլերենի իմացությամբ:

Վախենալու արագությամբ է հայերի թիվը աճում Չինաստանում, բայց մի բան կա ուրախացնող. չեն կարող մշտական հաստատվել, որովհետև այնտեղ քաղաքացիություն չեն տալիս: Մարդ ինչքա՞ն կարող է վիզա թարմացնելով ապրել: Օրերից մի օր հետ կգան Հայաստան»:  

Սվետան վերադարձել է Հայաստան երկու տարի աշխատելուց հետո ։ Այժմ դասավանդում է Երևանի բժշկական համալսարանում և Եվրոպական դպրոցում:

Ալվարդ. ինչո՞ւ է Չինաստանը «ներկրում» ուսուցիչների

«Իրենց համար հեղինակության հարց է, որ իրենց դպրոցում կա օտարերկրյա ուսուցիչ, որը տարբերվում է իր մեծ աչքերով, մաշկի գույնով, եվրոպական դեմքի ձևով: Եթե ասիական դեմքով չես, նշանակում է անգլերեն գիտես, կարևոր չէ լեզվակիր ես, թե ոչ: Չինացիների մեծ մասն այդ կարծիքին է։ Դպրոցներն էլ աշակերտներին գրավելու համար, ուզում են արտասահմանցի ուսուցիչ ունենալ», – ասում է գյումրեցի Ալվարդ Գրիգորյանը։

Նա երկու տարի առաջ է վերադարձել Չինաստանից: 

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում ստացել է թարգմանչի որակավորում: Աշխատել է ինքնազարգացման, հանգստի և ժամանցի կենտրոն հանդիսացող «Լոֆթ Գյումրի» կենտրոնում։ Նրան էլ է բարձր աշխատավարձը մղել Չինաստան։ Իսկ հիմա ծիծաղով է պատմում, թե Ջեքի Չանի ֆիլմերից Չինաստանին սիրահարված լինելով, ինչպիսի շոկ է ապրել, հայտնվելով այդ երկրում.

«Գյումրիից հետո Պեկինն ինձ համար գժանոց էր: Ես 50 րոպե կանգնել եմ մետրոյի մեկ տոմս վերցնելու համար: Հետո էլ իմ «փոքրիկ», 10 միլիոնանոց քաղաք գնալուց հետո հասկացա, որ չինացիները անգլերեն չգիտեն, ոչ ոք ինձ չէր հասկանում, ես էլ իրենց չէի հասկանում»:

 Հաջորդ զարմանքն արդեն 60 հոգանոց դասարանում էր՝ առաջին դասին, որից հետո հասկացել է, թե էլ ինչու են չինացիները օտարերկրացի ուսուցիչներ ներգրավում դասապրոցեսին. 

«Չինացիների անգլերենը կատակով անվանում ենք չինգլիշ [չինական անգլերեն՝ Chinese English – JAMnews]: Նրանք բոլոր բառերի վերջում, եթե դրանք ձայնավորով չեն վերջանում, ավելացնում են «Ը» հնչյունը՝ ու այդպես նաև անգլերենում: Դասարանիս հարցնում եմ.What is this? Պատասխանում են «Իթը իզը բուքը»։ Շատ դժվար է, երբեմն բաներ կան չես էլ հասկանում: Ու չինացի անգլերենի ուսուցիչներն այդ կերպ էլ սովորեցնում են աշակերտներին: Օտարերկրացի մասնագետները փորձում են նաև արտասանությունը շտկել»:

Ալվարդը Չինաստանից վերադառնալուց հետո շարունակում է աշխատանքը «Լոֆթում»։ Որոշել է նաև իր գործը սկսել, իսկ դրա համար աշխատավարձը չի բավարարում, և պատրաստվում է նորից մեկնել՝ իր չինական դպրոցն ավելի բարձր աշխատավարձ է խոստանում վճարել: 

Ալվարդն ասում է, կարոտել է նաև իր աշակերտներին։ Շատ ջերմ են իրեն վերաբերվել, նույնիսկ դասարանի դուռն են փակել, որ չկարողանա մեկնել։ 

 Հասմիկ. չինական աշխատաշուկայի մասին

 Եթե Սիլվան ու Ալվարդը խոսում են Չինաստանի մասին, որտեղ եղել են 2-3 տարի առաջ, Հասմիկը պատմում է հենց այսօրվա մասին՝ վերջերս է վերդարձել։ 

Ասում է, որ մեկնեց Գյումրիից, թողնելով իր անչափ սիրելի աշխատանքը, որովհետև որոշել էր աշխարհը բացահայտել.

«Նորը սովորելու ցանկությունը տարավ այնտեղ։ Ես շատ լավ պատկերացնում եմ կյանքն ԱՄՆ-ում և Եվրոպայում, քանի որ ապրել և ճանապարհորդել եմ Արևմուտքում, բայց Արևելքն՝ իր ամբողջ առեղծվածային ու յուրօրինակ մշակութային բազմազանությամբ ազդեց ապագա պլանների ընթացքի վրա»։

Հասմիկը պատմում է այն խնդիրների մասին, որոնց բախվում են Չինաստանում աշխատելու մեկնող արտասահմանցիները.

«Այնտեղ Հայաստանից գնացածները էժան աշխատուժ են համարվում: Աշխատավարձը 500-1000 դոլարով պակաս է լինում, քան նրանց համար, ովքեր գալիս են, ասենք, ԱՄՆ-ից, Անգլիայից կամ Հարավային Աֆրիկայից, որտեղ անգլերենը պետական լեզու է։ Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից եկածների համար աշխատավարձը սովորաբար ավելի ցածր է»: 

Խնդիրները սկսվում են վիզաներից: Աշխատանքային վիզա ձեռք բերելն ավելի դժվար է՝ հատկապես անգլերենի ոչ լեզվակիրների համար։ Աշխատանքի տեղավորման միջնորդներն էլ չեն զգուշացնում հնարավոր հետևանքների մասին. «Բազմաթիվ հայ երիտասարդներ աշխատում են ոչ աշխատանքային վիզայով, ինչը երկրից արտաքսելու կամ տուգանք վճարելու հիմք է։ Սոցիալական ցանցերում Չինաստանում հայերի բազմաթիվ խմբեր կան, որոնցում պարբերաբար կարելի է տեղեկանալ, ինչ տհաճ իրավիճակներ են ստեղծվում»:

 Ասում է, աշխատանքի տեղավորմամբ զբաղվող միջնորդները և՛ հայեր են, և՛ չինացիներ. «Նրանք ստանում են որոշակի գումար յուրաքանչյուր հաջողված գործարքի համար։ Սա նորմալ և ընդունված երևույթ է, բայց կարևորը վստահելի ագենտի իմանալն է։ Այլապես՝ շատերից եմ լսել, որ զուտ գումար աշխատելու համար ինչ ասես չեն համոզում, հետո մարդիկ հայտնվում են խայտառակ իրավիճակում։ Դրանից խուսափելու համար ամեն լսած հեքիաթի մի՛ հավատացեք»: 

 Չինաստանում Հայաստանի դեսպան. ինչո՞ւ են մարդկանց հետ ուղարկում

  Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը Չինաստանի օրենսդրական կարգավորումներն է ներկայացնում.

«Չինական դպրոցներում անգլերեն կարող է դասավանդել այն մարդը, որի համար անգլերենը մայրենի լեզու է, կամ, ով ունի դասավանդման միջազգային նորմերին համապատասխանող որակավորում ու կարող է ապացուցել իր գիտելիքներն ու փորձը: 

Հիմնական զանգվածը, որը Հայաստանից գնում է, ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ չափանիշին չի համապատասխանում: Տիրապետում են անգլերենին, բայց տիրապետել և դասավանդել, դրանք երկու տարբեր հասկացություններ են»: 

Չինաստանում հայկական դեսպանատուն դիմում են, երբ արդեն խնդիրներ են առաջանում, երբ հայտնվում են ոստիկանությունում: Իսկ հայտնվում են, քանի որ աշխատանքային վիզա չունեն։ Կամ էլ աշխատանքային վիզա ունեն, բայց ոչ որպես դասավանդող: 

«Գործակալությունները, միջնորդներն ասում են, թե բիզնես-վիզայով արի Չինաստան, տեղում կփոխենք աշխատանքայինով, ու չեն անում: Կամ էլ մարդիկ ստանում են աշխատանքի իրավունք, ու նրանց թվում է, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է: Սակայն իրականությունը այլ է, որովհետև 99 տոկոսը ստանում է աշխատանքային իրավունք՝ որպես մենեջեր, խորհրդատու, բայց ոչ որպես ուսուցիչ, մանկավարժ», – պարզաբանում է Սերգեյ Մանասարյանը: 

Մեկ տարվա ընթացքում 15 հայի հետ են ուղարկել այս պատճառաբանությամբ: Նրանք նաև 5 տարով զրկում են Չինաստան մուտք գործելու իրավունքից:

 «Մարդիկ կան՝ շատ լավ տեղավորվում են ու տարիներով աշխատում: Բայց քանի որ մեր քաղաքացիների մի մասը սխալ պայմանագիր է կնքում, իրավունքները պաշտպանված չեն։ Եթե գործատուն նորմալ մարդ է, խնդիր չկա, բայց կա նաև գործատու, որը չի ուզում գումարը տա։ Երկրորդ ամսից ասում է. վատ ես աշխատել, քեզ տալիս ենք 1000 դոլար 1500-ի փոխարեն: Բողոքելու տեղ չունի, կնքել է պայմանագիր որպես մենեջեր, ո՞ւմ բողոքի»: 

Դեսպանի հորդորն է բոլորին. նախ, պետք է գնան նրանք, ովքեր դրա իրավունքը ունեն, այսինքն դասավանդողի որակավորում ստացած մարդիկ։ Երկրորդ զգուշացումը՝ պետք է մեկնել միայն աշխատանքային վիզա ունենալու դեպքում: 

 Մեկնողների թիվը կավելանա՞ 

Այս տարի Հայաստանի վարչապետի Չինաստան այցելությունից հետո ստորագրված համաձայնագրի արդյունքում հաստատվել է ազատ վիզայի ռեժիմ։ Այժմ թե՛ Հայաստանի, թե՛ Չինաստանի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մինչև 90 օր ժամկետով այցելության դեպքում։

Ի դեպ, չինացիների համար էլ Հայաստանն է գրավիչ երկիր դարձել։ Նախորդ տարի Հայաստան է այցելել 9000 Չինաստանի քաղաքացի։ Այս թիվը կրկնակի գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: 


ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԳՅՈՒՄՐԻ
 ՕԳՈՍՏՈՍ 15, 2019


Jamnews

Share

Comments are closed.