Ստելիս՝ ավելի լավ է ճշմարտությունը ստես

 Առաջին անգամ հրապարակվել է 2016 թվականի դեկտեմբերի 1-ին

 
«Դու ասացիր, և ես հավատացի, դու կրկնեցիր, և ես կասկածեցի, դու սկսեցիր պնդել, և ես հասկացա, որ դու ստում ես»։

(Չինական ասացվածք)

Վիճակագրությունը գիտի ամեն ինչ: Այդ թվում, յուրաքանչյուր երկրի և դրա յուրաքանչյուր շրջանի տարածքի մակերեսը: Եվ տարրական դասարանների ցանկացած աշակերտ, զինվելով հաշվիչով ու տեղեկատուով, կարող է հաշվել, թե մի քանի առանձին շրջանների տարածքը երկրի տարածքի քանի տոկոսն է կազմում: Տարրական հաշվարկներ անելիս համոզվում ենք, որ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մոտ 14%-ը օկուպացված է, ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածքը:Սակայն Հեյդար Ալիևի թեթև ձեռքով 1994թ-ից սկսած պաշտոնական անձինք ու նրանց ձայնակցող իշխանամետ մամուլը համառորեն խոսում են օկուպացրած տարածքների 20%-ի մասին:

Թվերի կախարդանքը շարունակվում է զարգացած սոցիալիզմի դարաշրջանի բարի ավանդույթների ոճով: Հիշում եմ այն դրվագը, երբ Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևը հաջորդ տարվա համար 600 հազար տոննա բամբակ հանձնելու պարտավորություն վերցրեց: Իսկ Բաքվում գտնվող Բրեժնևն անփութորեն ասաց. «Կլորացրե՛ք մինչև մեկ միլիոն» (բուռն և տևական ծափահարություններ, որոնք փոխակերպվում են օվացիաների):

Մի անգամ Գիտությունների ազգային ակադեմիայի ամբիոնից ելույթ ունենալիս նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովն ասաց. «Ադրբեջանի տարածքների 20%-ն, այդ թվում՝ Ադրբեջան-Իրան պետական սահմանի 132 կիլոմետրն ու Ադրբեջան-Հայաստան պետական սահմանի 733 կիլոմետրն օկուպացված է Հայաստանի ԶՈՒ կողմից»:

Մենք չենք կասկածում, որ պրոֆեսոր Հասանովը կարողանում է օգտվել հաշվիչից և որ այդ «20%-ը» Հեյդար Ալիևի հիշատակը հարգելով է ասում: Դե, չէր կարող Մեծն առաջնորդը սխալվել, իսկ ով կասկածում է, նա ջուր է լցնում թշնամու ջրաղացին և այլն: Սակայն որտեղից հայտնվեց Հայաստանի հետ 733կմ սահմանը:

Կրկին դիմում ենք տեղեկատուի օգնությանը: Հայաստանի հետ Ադրբեջանի ընդհանուր սահմանը կազմում է 1007կմ: Դրանցից 246-ը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանն է: Ստացվում է, որ Հայաստանի հետ «ցամաքային» Ադրբեջանի սահմանը կազմում է 1007-246=761 կմ (այստեղ հաշվիչ էլ պետք չէ): Եթե հավատանք հարգելի պրոֆեսոր Հասանովին, ապա դրանցից 733 կմ-ը հայկական օկուպացիայի տակ է: Այսպիսով կստացվի, որ Քելբաջարի հյուսիսային կետից (Մռավի լեռնաշղթա) մինչև Սադախլու գյուղը (երեք հարավկովկասյան երկրների ընդհանուր կետը) սահմանի երկայնքը կազմում է ընդամենը 28կմ: Ինչպես երևում է քարտեզի վրա, սահմանի այդ տարածքի երկայնքով տեղավորված են Ադրբեջանի 5 շրջանները, և այնտեղ մոտավորապես 200 կիլոմետր է՝ նույնիսկ ուղիղ գծով։

wikipedia.org

Մեկ այլ օրինակ: 1994թ-ին այնպիսի բառերն, ինչպիսիք են «հանդուրժողականությունը», «բազմամշակութայնությունը», նորաձև չէին, դրանք այսօր են կազմում Ադրբեջանի պետական պրոպագանդայի կարմիր գիծը: Թե որքանով է դա համապատասխանում իրականությանը, առանձին թեմա է: Սակայն այն ժամանակ արդեն մեր բանագնացները տարբեր միջազգային համաժողովներում հպարտորեն ասում էին, որ Բաքվում, չնայած կոնֆլիկտին, 30 հազար հայ է ապրում, այն պարագայում, երբ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել: Եվ իրոք, Բաքվում մինչ այսօր ապրում են հայեր, մեզնից՝ բաքվեցիներիցս, յուրաքանչյուրը հավանաբար նման ծանոթ ունի: Դա հիմնականում տարեց կանայք են, որոնք ամուսնացած են ադրբեջանցիների հետ: Հարևանները նրանց ճանաչում են և չեն թողնի, որ նեղացնեն:

Սակայն հակամարտության սկզբից արդեն գրեթե 30 տարի է անցել: Մի՞թե տարօրինակ չէ, որ այդ 30 հազար թիվը չի կրճատվում: Մի՞թե այս ընթացքում Բաքվի հայերից ոչ ոք չի մեկնել կամ մահացել: Վերջերս լսել եմ, որ 30 հազարն արդեն 40 հազար է դարձել: Նրանք դեռ հաջողացնում են բազմանալ այդ պայմաններում:

 Հակամարտության առաջին տարիներին մենք հաճախ և արդարացիորեն բողոքում էինք տեղեկատվական բլոկադայից, որ Ադրբեջանի ձայնը լսելի չէ ո՛չ ռուսական, ո՛չ միջազգային լրատվամիջոցներում: Այն ժամանակ հմտորեն ստեղծվեց «բազմաչարչար հայ ազգի կերպարը», որն ազատություն է ուզում, իսկ չար «թուրք-մուսուլմաններն» ու նրանց կուսակցապետական ղեկավարությունը ազատություն չի տալիս և, հակառակը, կոտորում և վտարում է նրանց:

Եվ ահա ժամանակները փոխվեցին: Իր էներգառեսուրսների շնորհիվ Ադրբեջանը հարուստ երկիր դարձավ, այդ տեղեկատվական բլոկադան ճեղքելու հնարավորություն ստեղծվեց: Արդարության համար նշենք, որ այդ ոլորտում որոշակի հաջողություններ կան: Սակայն դրանց հասել ենք հիմնականում առանձին էնտուզիաստների ճիգերի շնորհիվ, երբեմն անգամ՝ ի հեճուկս կենտրոնացած պետական տեղեկատվական քաղաքականության:

Ահռելի նյութական ռեսուրսներ են ծախսվում բացահայտ ոչ արդյունավետ նախագծերի վրա: Օրինակ, ինչեր արժեցավ 3 հայ մարգինալ «ակտիվիստների» ժամանումը Բաքու, որոնցից երկուսը վաղուց Հայաստանում չեն ապրում, իսկ երրորդին այնտեղ ոչ ոք չի ճանաչում (հետաքրքիր է, ի դեպ, թե ուր է նա): Մի՞թե մեր իշխանությունները իսկապես հույս ունեին, թե այդ միջոցառման շնորհիվ նրանք գեթ մեկ միլիմետր կմոտենան ղարաբաղյան հակամարտության լուծմանը: Դժբախտությունն այն է, որ երևի թե իրոք լուրջ հավատում էին դրան:

Սյուզան Ջաղինյանն է, որը ցուցադրաբար տեղափոխվել է Երևանից Բաքու «Խաղաղության պլատֆորմի» հովանու ներքո

Այստեղ երկար-բարակ չեմ գրի այն դեպքերի մասին, որոնք անհեթեթության են հասնում: Օրինակ, պետական սպորտային հեռուստաալիքի մեկնաբանները երկար ժամանակ պարզապես չէին արտասանում Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մխիթարյանի ազգանունը, ասում էին, որ «գոլը խփեց 10 համարի խաղացողը», լավագույն դեպքում՝ «անկյունայինն իրացնում է Հենրիխը»: Կամ այդ նույն սպորտային նորություններում կարելի է լսել. «Ադրբեջանցի ըմբիշը թիակների վրա է գցել հակառակորդ հային»: Ստուգելիս պարզվում է, որ ադրբեջանցին ներկայացնում է Ուկրաինան, հայը՝ Իտալիան: Սակայն եթե հայը հաղթում է ադրբեջանցուն, այդ մասին, որպես կանոն, լռում են:

Քննադատներն ու կեղծ հայրենասերները կարող են հարցնել. իսկ մի՞թե հայկական կողմը նման մեթոդների չի դիմում: Դիմում է իհարկե, այն էլ ինչպես: Սակայն տարբերությունն այն է, որ նրանց պրոպագանդան, որպես կանոն, ավելի հնարամիտ է, այն բարդ է միայն հաշվիչով ահա այսպես հեշտությամբ մերկացնել: Երկրորդ հերթին, ինձ՝ Ադրբեջանի քաղաքացուս, ավելի շատ անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ, իսկ հայկական պրոպագանդայի մասին, հուսով եմ, անաչառ կգրեն իմ հայ գործընկերները:

Հոդվածն ավարտում եմ 20-րդ դարի քաղաքական պրոպագանդայի անգերազանցելի վարպետի խոսքերով. «Պրոպագանդան կորցնում է ուժը, հենց ակնհայտ է դառնում»:


ՇԱՀԻՆ ՌԶԱԵՎ, ԲԱՔՈՒ
ՕԳՈՍՏՈՍ 26, 2019
JAMnews 

Share

Comments are closed.