Մի քանի դաս արցախյան ընտրություններից

Սեպտեմբերի 8-ին Արցախում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ի հայտ եկավ կարևոր մի հանգամանք, որին արժե մանրամասն անդրադառնալ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերափոխումները, ինչպես արդեն կարելի է պնդել, նկատելիորեն փոխեցին ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը Արցախում: Ընտրողների վրա կենտրոնացված ազդեցության նպատակով ավելի քան երկու տասնամյակ գործածվող մեքենան խափանումներ տվեց: Շատ դիտորդներ նշում են, որ մարդիկ առաջին անգամ ստացան ազատ ընտրություն կատարելու հնարավորություն: Արդյունավետ չգտնվեց ընտրողների մեծամասնության կամքի վրա բռնանալու նախկին գործոններից և ոչ մեկը: Ո՛չ իշխանամետ կուսակցությունները, ո՛չ էլ չինովնիկական դասը այս ընտրությունների «հերոսներ» չդարձան: Իսկ այն իրողությունը, որ համայնքներից մեկում` Կովսականում, ընտրողները զանգվածաբար իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ, էլ ավելի պարզորոշ ցույց է տալիս, որ այս անգամ ընտրությունների ճակատագիրը որոշողը միմիայն ընտրողներն էին:

Ժամանակներն ակնհայտորեն փոխվել են: Ի սկզբանե պարզ էր, որ Արցախի քաղաքական ուժերի համար այս ընտրությունները լինելու են հասարակական տրամադրությունների չափիչ` թիրախավորված եկող տարի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա: Հենց դրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ գործող կուսակցություններից որևէ մեկն իր թեկնածուներին չառաջադրեց Ստեփանակերտի և շրջկենտրոնների հանգուցային պաշտոնների համար: Ոչ ոք իր թեկնածուի պարտությունը չէր ուզում, քանզի դա կնշանակեր, որ այս կամ այն կուսակցությունն ընտրողների վրա ազդեցություն չունի: Նախապատվությունը տրվել էր հասարակության մեջ հեղինակություն ունեցող ինքնառաջադրվածների ստվերային աջակցության մարտավարությանը:

Սակայն իրավիճակն ընտրություններում ավելի բարդ դասավորվեց, քան սպասվում էր: Ոչ ոքի չհաջողվեց թաքնվել անկախ թեկնածուների թիկունքում: Ընտրողներն իրենց բոլորովին անսպասելի պահեցին: Չնայած, որ գործնականապես ամեն մի թեկնածուի կպցրած էր «այսինչի մարդ», «այնինչի մարդ», «իշխանությունների մարդ» և նման կարգի այլ պիտակներ, հասարակությունը դրան վերաբերվեց արհամարհանքով: Գերազանցապես դեր խաղաց անձնական ընտրությունը, ինչն արդեն պարզ է դառնում յուրաքանչյուր թեկնածուի օգտին տրված քվեների տոկոսից: Դա ակնառու կերպով երևաց Ստեփանակերտում քվեարկության արդյունքներից, որտեղ թեկնածուներից ոչ մեկը չստացավ ձայների «ճեղքումային փաթեթը»: Եվ միայն այն փաստը, որ օրենքը չի նախատեսում քվեարկության երկրորդ փուլ, թեկնածուներից մեկին ընձեռեց հնարավորություն հաղթել ընտրողների ձայների նվազագույնով:

Այսպես, նախնական տվյալներով` Ստեփանակերտում հաղթած անկուսակցական, գործարար Դավիթ Սարգսյանը ստացավ 7787 ձայն, երկրորդ տեղում հանգրվանած պահեստի սպա Գրիգորի Սահակյանը` 4765 ձայն, երրորդ տեղ դուրս եկած Արեգ Ավագյանը` 3125 ձայն: Նույնիսկ փոխքաղաքապետի պաշտոնը ներկայումս զբաղեցնող Արմեն Հակոբյանը ստացավ ընդամենը 3059 ձայն, իսկ ամենացածր արդյունքն արձանագրած Արայիկ Ավանեսյանը, այնուամենայնիվ, հավաքեց 2108 քվե: Հաշվի առնելով, որ Ստեփանակերտում 39 հազար գրանցված ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 21543 ընտրող, հաղթանակ կարելի էր ապահովել` ստանալով ընտրողների ընդամենը մեկ հինգերորդական մասի ձայները: Ինչպես տեսնում ենք, թեկնածուներից ոչ մեկը Արցախի մայրաքաղաքի բնակիչների մեծամասնության կարծիքի վրա լուրջ ազդեցություն չունեցավ: Ընտրողների գրեթե կեսը պարզապես հետաքրքրություն չդրսևորեց ընտրությունների նկատմամբ:

Քվեարկության արդյունքները որոշ շրջկենտրոններում նույնպես համոզում են, որ վարչական ռեսուրսի գործոնը և կուսակցությունների գործոնը ընտրողների տրամադրության վրա չունեցան նշանակալի ազդեցություն: Շատ ընտրատեղամասերում նախապատվությունը տրվել է անկուսակցական ինքնառաջադրվածներին:

Մնում է միայն հուսալ, որ ոչ ոք այլևս չի կարողանա ետ պտտել նկարագրված դրական գործընթացի անիվը:

ACNIS review 

Share

Comments are closed.