Չկա մի սերիա, որտեղ հայերենը չի գնդակահարվում

թե՛ հերոսների խոսքում, թե՛ ֆիլմի լուսագրերում


Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված, 2005 թվականի նոյեմբերի 27-ին փոփոխված Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն «Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են», իսկ 20-րդ հոդվածի համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»: Ի լրումն սրա, բազմաթիվ օրենքներով սահմանված են մեր մայրենի և պետական լեզուն պաշտպանող դրույթներ, սակայն փաստ է, որ վերջին 30 տարում հայերենը ոտնատակ է տրվել բոլոր հարթություններում՝ պետական և տեղական ինքնակառավարման համակարգեր, կրթական հաստատություններ, լրատվամիջոցներ և այլն:

Հայերեն գրական լեզվով չեն խոսում պատգամավորները, կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ: Հայերեն չեն հեռուստաընկերությունների բազմաթիվ հաղորդումներ, սերիալներ: Եթե մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում, մեր մայրենի և պետական լեզու հայերենի ոտնահարումը օրինախախտում է, ապա հանրային հեռուստաընկերության դեպքում՝ ողջ պետական համակարգի ամոթ, անտեղյակություն, հանցանք: «Հ1»-ը հարկատուներիս փողերով ապրող կառույց է և պետբյուջեից ավելի շատ փող է ստանում քան որոշ մարզեր:

Նկարներում պատկերներ են հանրայինով հեռարձակվող «Հանդիպման վայր» սերիալից: Չկա մի սերիա, որտեղ հայերենը չի գնդակահարվում՝ թե՛ հերոսների խոսքում, թե՛ ֆիլմի լուսագրերում: Նայե՛ք. «մենակով», «խոսացի», «ձյաձ», «կխոսայինք», «հասես», «խնդում», «գտել», «ոչ մի վատ քեզ չի պատահի», «լռիվ» և այլն: Մինչդեռ պետք է լինի՝ մենակ, խոսեցի, քեռի, կխոսեինք, խնդրում, գտնել, ոչ մի վատ բան քեզ չի պատահի, լրիվ և այլն: Ուղղագրական, շարադասական, շարահյուսական և ընդհանրապես հայերենի բոլոր կանոնների նման մեծածավալ ոտնահարում-բռնաբարություն չի եղել ոչ մի այլ տեղ: Ֆիլմի հեղինակները լուսագրերով շնորհակալություն են հայտնում Հայաստանի  ազգային ծառայությանը խորհրդատվության համար: Դատելով ֆիլմի լուսագրերից` սերիալը խմբագիր չունի: Իսկ ո՞վ է եղել ֆիլմի լեզվի խորհրդատուն: Վստահաբար՝ ոչ ոք: Իսկ ո՞վ է ֆիլմը եթեր հեռարձակելուց առաջ դիտել այն: Վստահաբար՝ ոչ ոք: Իսկ հանրայինի աշխատողները նայո՞ւմ են իրենց եթերով հեռարձակվող սերիալները: Վստահաբար՝ ոչ: Հակառակ դեպքում գոնե մեկը կտեսներ իրենց եթերում հայերենի ցուցադրական սպանությունն ու կտեղեկացներ վերևներին:

ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, Հանրային հեռուստառադիոընկերությունը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է: Մեկ սերիալով պետական հիմնարկը խախտում է առնվազն չորս օրենք, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրությունը:

1. ՀՀ Սահմանադրություն, հոդված 15. «Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են»: Պետական հիմնարկ «Հ1»-ում սա չեն անում:

2. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք, հոդված 5. «Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն գրական հայերենն է` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը»: «Հ1»-ում սա չեն անում:

3. «Լեզվի մասին» օրենք, հոդված 3. «Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին»: «Հ1»-ում հայերենին տիրապետող չկա:

4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք», հոդված 189.6. «Պաշտոնատար անձանց` հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով: Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: «Հ1»-ի բազմաթիվ աշխատողների պետք է տուգանել:

Ավելին. ՀՀ «Քրեական օրենսգրքի» 258-րդ հոդվածի համաձայն` հասարակական կարգը կոպիտ կերպով դիտավորությամբ խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, խուլիգանություն է, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Իսկ դասագրքային ձևակերպմամբ` հասարակական կարգը հասարակության մեջ առկա սոցիալական կապերի և հարաբերությունների համակցություն է, որը ձևավորվում է սոցիալական, իրավական, բարոյական նորմերի պահպանման և համընդհանուր ընդունման արդյունքում:

Հայերենն անաղարտ պահելն առնվազն չորս օրենքի պահանջ է՝ հասարակական կարգի բաղկացուցիչ: 

Share

Comments are closed.