Վերադարձրե՛ք «միսթըր Ֆըրսթին»

Քրեական ենթամշակույթի դեմ պետք է պայքարել իսկական մշակույթով, սպորտով և կրթությամբ

1987 թվականին էկրան բարձրացավ Էդուարդ Ակոպովի սցենարով Ալլա Սուրիկովայի նկարահանած «Մարդը Կապուցիների պուրակից» ֆիլմը (հզոր դերասանական կազմ ուներ` Միրոնով, Տաբակով, Կարաչենցև, Յակովլևա, Կվաշա, Միշուլին…): Սյուժեն հետևյալն է. Ջոնի Ֆըրսթ  անունով մի նվիրյալ Ամերիկայի Վայրի արևմուտքի մի փոքրիկ քաղաք  է բերում «Սինեմատոգրաֆը», և ամբողջ օրը պանդոկում հարբեցողությամբ ու «ռազբիրատներով» զբաղվող բնակչության կյանքը փոխվում է: Բոլորը, ազդվելով կինոնկարներից, սկսում են իրար հետ հարգալից խոսել, կռիվները վերանում են …

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին, և դրանք առաջիկայում կքննարկվեն Ազգային ժողովում: Առաջարկվողը ոչ թե շարքային փոփոխություն է, այլ միտված է պայքարելու քրեական միջավայր ստեղծելու, քրեական բարձրագույն աստիճանակարգության  և քրեական ենթամշակույթի դեմ: Ավելի պարզ լեզվով ասած՝ դա ենթադրում է պայքար՝ այսպես կոչված «օրենքով գողերի», «հեղինակությունների», քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների» և նման ենթամշակույթ տարածողների դեմ:

Ըստ նախագծի (https://www.e-draft.am/projects/1811/about  )` «Քրեական միջավայր է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն, որոնք հակասում են կամ չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին, և որի նպատակն է սպառնալու, հարկադրելու, բռնության, հանցագործությունների կատարման կամ հանցագործությունների կատարմանը հովանավորելու, հանցավոր արարքների կատարմանն այլ անձանց ներգրավելու կամ այլ անօրինական գործողությունների միջոցով լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) կամ ստանալ անօրինական օգուտ կամ այլ առավելություն: Քրեական միջավայրը ստեղծված է համարվում դրա փաստացի ձևավորման պահից՝ անկախ սույն հոդվածում նշված նպատակների փաստացի իրականացումից»:

Իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, որը «քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական միջավայրի հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում է ապօրինի դրամահավաքություններ (այդ թվում նաև մոլեխաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական միջավայրի միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ»։

Մենք չենք անդրադառնա իրավական նրբություններին, ձևակերպումների հստակ կամ անհասկանալի լինելուն, մանրամասներին՝ թե ինչի համար ինչ պատիժներ են նախատեսում տվյալ փոփոխությունները. դա իրավաբանները թող քննարկեն և ներկայացնեն իրենց առաջարկությունները:

Մեզ ավելի հետաքրքրում են նման դրսևորումների արմատները և դրանք արմատախիլ անելու հնարավորությունները: Մենք հակված ենք այն տեսակետին, որ միայն քրեական օրենսդրության խստացմամբ նման երևույթների դեմ պայքարելը արդյունավետ չի կարող լինել. կբանտարկես մի «հեղինակության», նրան կփոխարինի մեկ ուրիշը… Սուրբ տեղը, ինչպես ասում են, թափուր չի մնում: Այսինքն, օրենսդրության այս խստացումը քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ:

Պայքարն ավելի արդյունավետ կլինի, եթե դրան զուգահեռ վերացվեն քրեական «հեղինակությունների» և քրեական միջավայրի առաջացման կենցաղային, տնտեսական  և կրթական-մշակութային հիմքերը:

Կենցաղային հիմքերից ամենաամենան աղքատությունն է: Միշտ ուրիշի ձեռքին նայող խավի առկայությունը այսպես կոչված «հեղինակությունների» առաջացման պարարտ հող է: «Հեղինակությունը» պատրաստ է «օգնության հասնել» աղքատին, բնականաբար՝ անհրաժեշտության դեպքում էլ աղքատը նպաստում է այդ «հեղինակության» վարկի առավել բարձրացմանը, մատուցում է նրան ինչ-ինչ ծառայություններ. ասենք՝ հարկ է դաս տալ ինչ-որ մեկին, որը չի ենթարկվել «հեղինակության» ամենաչնչին պահանջին: Ի դեպ, աղքատ, ուրիշի ձեռքին նայող խավը կազմում են հենց այն մարդիկ, որոնք նաև նախկինում ընտրությունների ժամանակ առաջնորդվում էին նույն հեղինակության կամ թաղի «լավ տղու» ասածով, իհարկե՝ 10 հազար կամ անգամ 5 հազար դրամի դիմաց:

Սակայն աղքատ խավը դատարկ տեղը չի ձևավորվում: Դա երկրի տնտեսական վիճակի անմիջական հետևանք է: Գործազրկության բարձր մակարդակն է ծնում այդ աղքատությունը, իսկ գործազուրկը քրեական խմբավորումը լրացնելու պոտենցիալ հավակնորդ է: Այսինքն, պայքարի առաջին արդյունավետ ձևը այդ խավի հնարավորինս կրճատումն է: Իսկ դա հենց այնպես տեղի չի ունենում: Դա տեղի է ունենում տնտեսական զարգացման շնորհիվ:

Հետևաբար, այսպես կոչված «հեղինակությունների» և քրեական միջավայրի դեմ պայքարի երկրորդ արդյունավետ եղանակը տնտեսական այնպիսի քաղաքականություն վարելն է, որը մարդուն հնարավորություն կտա վաստակել աշխատանքով, բիզնեսով, ազատ ձեռնարկատիրությամբ, ոչ թե Օստապ Բենդերի իմացած 400 «համեմատաբար ազնիվ» եղանակով: Սեփական օրինական բիզնես ունեցողը, բարձր աշխատավարձ ստացողը, պետական պաշտոնյան, որը բարեխղճորեն կատարում է իր պարտականությունները և դրա դիմաց վարձատրվում այնքան, որ հակված չլինի կաշառքի կամ կոռուպցիոն այլ դրսևորումների, ամենից քիչն են ենթակա քրեական հեղինակությունների ազդեցության տակ ընկնելու:

Սակայն միայն տնտեսական զարգացումն էլ քիչ է: Դրանից առաջ և դրանից հետո գլխավորը կրթությունն ու մշակույթն են (մշակույթ ասելով մենք հասկանում ենք ամեն ինչ՝ արվեստից մինչև սպորտ և մինչև մարդկանց փոխադարձ հարաբերությունների պատշաճություն): Որքան ավելի շատ է երկրում զարգացած կրթական համակարգը, որքան ավելի շատ է հեռուստատեսությունն ու ռադիոն ուշադրության արժանացնում ազգային ու միջազգային մշակութային անցուդարձին և ավելի քիչ՝ էժանագին երաժշտությանն ու «օճառային օպերաներին», որքան շուտ վերանան էկրաններից հրամցվող կրիմինալ սերիալները, որտեղ գողական աշխարհի բարքերը համարյա ֆետիշացվում են, որտեղ կրիմինալ «հեղինակությունը» հարցեր է լուծում (ընդ որում՝ կանգնելով «արդարության» կողքին), որքան ավելի շատ ցուցադրվեն հաղթանակած մարզիկների օրինակներ, այնքան ավելի քիչ հասարակությունն ու նրա, հատկապես դեռահաս ներկայացուցիչները, հակված կլինեն դեպի «գողական» ենթամշակույթը:

Հետևաբար, հարկ է վաղ տարիքից, մանկապարտեզից և դպրոցից երեխաների կրթական գործն այնպես կազմակերպել, որ նրա համար հեղինակություն լինեն ոչ թե թաղի «լավ տղեն», այլ օրինական բիզնեսմենը, մշակութային գործիչը, սպորտային հաջողությունների հասնող մարզիկը և այլն: Որ նա հետաքրքվի ոչ թե կրիմինալ սերիալով, այլ օսկարակիր նոր ֆիլմով, «Ոսկե ծիրանի» նման փառատոնի օրակարգով, քաղաքում կազմակերպվող մշակութային միջոցառումներով: Ինքը զբաղվի մշակույթով և սպորտով:

Ավարտելուց առաջ նորից հիշենք «Մարդը Կապուցիների պուրակից» ֆիլմը . երբ միսթըր Ֆըրսթը մի քանի օրով մեկնում է քաղաքից, նրա տեղը զբաղեցնում է մի այլ «կինոման»՝ միսթըր Սեքընդը՝ արդեն կռիվներ, ծեծուծաջարդ պատկերող ֆիլմերով… Շարունակությունը հասկացաք՝ այս ֆիլմերի ազդեցությամբ  քաղաքը վերադառնում է իր նախկին կյանքին…

Այստեղից հետևություն. քանի դեռ հայկական հարսանիքներում երգում են ռուսական «գողական» «Դոլյա վորովսկայա» կամ «Մուրկա» երգերը, քանի դեռ հեռուստատեսային սերիալներում համարյա ֆետիշացնում են քրեական աշխարհի բարքերը, քանի դեռ համացանցի հայկական տիրույթում տեղեկություններ են հրապարակվում, թե ռուսական «օրենքով գողերից» ում գցեցին կամ ում թագադրեցին, փոխաբերաբար ասած՝ քանի դեռ տերուտնօրենը պայմանական «միսթըր Ֆըրսթը» չէ, որ իսկական մշակույթ է ներկայացնում, այլ հիշատակածս  ֆիլմի «միսթըր Սեքընդը», որ կրիմինալ սերիալ է ցուցադրում՝ քրեական ենթամշակույթի առաջացման համար պարարտ հող է լինելու, և ոչ մի խստացում ցանկալի արդյունքի չի հասցնելու:

Share

Comments are closed.