Առայժմ չկա ժամանակի փորձաքննությանը դիմացած որևէ մատրիցա

Դրվագ՝ շվեդ հայտնի դիվանագետի հետ հանդիպումից

Հյուրանոցի նախասրահում անսովոր լռություն է. Շվեդիայի Ուփսալա քաղաքի համալսարանի Հակամարտաբանության ֆակուլտետի հրավերով դասընթացի մասնակիցները հուզված սպասում են պատվավոր հյուրի գալուն:

Շվեդական կարգապահական նորմերի համաձայն՝ տասներեքն անց քսանհինգ րոպեին ֆակուլտետի ավագ դասախոս Փիթըր Ուալենսթինի ուղեկցությամբ՝ ձեռնափայտին հենված, ներս է մտնում հայտնի դիվանագետ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նախագահ, 80 ամյա հոբելյանը բոլորող Յան Էլիասոնը: Դիվանագետը հերթով բարևում ու ծանոթանում է մասնակիցների հետ, հարցնում, թե որ երկրից են ու իր կյանքից մի փոքրիկ դրվագ պատմում տվյալ երկրի մասին:

-Բարև Ձեզ: Որտեղի՞ց եք:
-Բարև Ձեզ: Ես Հայաստանից եմ:
-Օ՜, Դուք գիտե՞ք, որ ես մասնակցել եմ Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցություններին:
-Տեղյակ եմ. հույս ունեմ ավելին իմանալ Ձեզնից:

Բոլորս մտնում ենք սրահ: Ինչպես որ հարկն է՝ դիվանագետն սկսում է սեփական երկրից: Մասնակիցները տարբեր տիպի հակամարտություններից տուժած երկրներից են, և բոլորիս շատ հետաքրքիր է, թե ինչպես է Շվեդիայի թագավորությունը հասել աշխարհում ամենաբարձր կենսամակարդակն ունեցող երկրների եռյակ, որ գործոններն են բերել շվեդական կյանքի այդ աստիճան կազմակերպվածությանն ու օդում թևածող հանգստությանը:

Մեզ համար զարմանալի էր իմանալ, որ դահլիճում ներկա ազգությամբ շվեդների մեծամասնության (այդ թվում՝ Յան Էլիասոնի) հարազատներից շատերը մինչև 20-րդ դարի սկզբները մահացել են համատարած սովից: Սակայն հենց այդ շրջանում մոտ 1 միլիոն աղքատ բնակչության արտագաղթը ԱՄՆ նոր հնարավորություններ է բացել: 19-րդ դարի կեսերից պարտադիր դարձած տարրական կրթությունը, դարավերջին սկսված արհմիութենական շարժումը ու 1900 թվականից էլեկտրաէներգիայի հասանելիությունը նոր մոտեցումների ու պահանջների սկիզբ են դրել բնական ռեսուրսներով այդքան հարուստ շվեդական պետության համար:

Բոլորս փորձում ենք մտաբերել նշվածներին համապատասխան հանգամանքներ ու հասկանալ՝ ինչպես է, որ շվեդների մոտ ստացվել է:

1814 թվական. սա այն տարեթիվն է, երբվանից սկսած Շվեդիայի հասարակությունը չի առնչվել «պատերազմ», «հակամարտություն», «մարտական գործողություններ» կամ նմանատիպ այլ երևույթների հետ: 205 տարի շարունակ նրանք ապրում են խաղաղ:

Եվ հենց այս խաղաղ երկրից սերող դիվանագետը մեծագույն հուզմունքով պատմում է այն ճակատագրական ժամերի մասին, որ 80-ականներին անց է կացրել Սադամ Հուսեյնի հետ նույն սենյակում, շեշտում անձնական հարաբերություններ ստեղծելու և մշակութային առանձնահատկությունները զգալու կարևորությունը ու վերհիշում մի դրվագ իրանցիների հետ բանակցությունից, երբ լարումը թուլացնելու համար նաև խնդրել է իրեն տանել ծանոթանալու Շիրազի գորգագործությանը…

Ապա անդրադառնում է ղարաբաղյան հակամարտությանը.

 «…1993-1994 թվականներին էր. մեր ուղղաթիռը ծայրահեղ պայմաններում վայրէջք կատարեց բանակցությունների վայրում: Հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցությունների ընթացքում մտաբերում եմ Ուփսալայի համալսարանի հակամարտաբանության ֆակուլտետի երիտասարդ դասախոսներից մեկի մշակած  հետաքրքիր մատրիցան, որը ներկայացնում է ինքնավարության 8 չափորոշիչներ և 3 մակարդակներ: Այդ փաստաթղթի մի քանի օրինակ տալիս եմ կողմերին, սակայն անարդյունք: Տարիներ հետո տարբեր հանդիպումների ժամանակ կողմերն ինձ ասում են, որ այն իսկական գլխացավանքի պատճառ է դարձել իր հստակությամբ, – պատմում է դիվանագետը ու խորը հոգոց հանում, – իրականում, հիմա շատ անհանգիստ եմ ԼՂ հակամարտության հետ կապված…»«Անթաքույց է համաձայնությունը այդ անհանգստության հետ», – մտածում եմ ես: Բարեբախտաբար, խոսքի իրավունք է ստանում մեր հայրենակիցը Լիբանանից.

 -Պարո՛ն դեսպան, ես Լիբանանից եմ, բայց հայ եմ: Ուզում եմ մի դիտարկում անել: Հայկական կողմին ինքնավարության վերաբերյալ մատրիցայում նախընտրելի մակարդակ ընտրելու առաջարկ անելը, իմ կարծիքով, հավասարազոր է Հարավային Կորեային Հյուսիսային Կորեայի սահմաններում ինքնավարություն ունենալու պայմաններ առաջարկելուն:- Այն ժամանակ դա բավականին գործուն տարբերակ էր թվում, հիմա՝ համոզված չեմ, թե կբերի ցանկալի արդյունքի: Ցանկալի արդյունքը գործողությունների պլանի հիմնանպատակն է: Հակամարտությունների դեպքում հասարակությունների գիտակցական թե ենթագիտակցական հիմնանպատակը պետք է որ խաղաղությունը լինի կամ դառնա:

Մեր դեպքում, երբ ողջ տարածաշրջանով անընդհատ մետամորֆոզների միջով ենք անցնում, հեշտ է միայն ասելը՝ «Եկե՛ք ապրենք խաղաղ»: Դա նույնքան տեսական է թվում, որքան երբեմնի առաջարկած մատրիցան: Բոլոր մատրիցաների ամենածանր փորձաքննությունը ժամանակն է տալիս։ Տվել է նաև այս մատրիցային։ Առայժմ չկա ժամանակի փորձաքննությանը դիմացած որևէ մատրիցա։ Այդուհանդերձ, միշտ էլ օգտակար է անցյալի փորձին տեղեկանալը։



Share

Comments are closed.