CEPA. միֆեր և իրականություն

Աննա Բարսեղյան
Փորձագետ
Երևան


2013թ-ի սեպտեմբերի 3-ը շրջադարձային էր Հայաստանի նորանկախ պետականության համար: Արտաքին քաղաքականության բազմավեկտոր երկարատև շրջանից հետո Հայաստանը կանգնեց հարկադիր ընտրության առջև:  Չնայած  քառամյա բանակցություններից հետո մեր պետությանն ընդամենը երկու ամիս էր բաժանում Եվրամիության հետ ասոցացված հարաբերություններ ունենալուց,  ժամանակի գործող իշխանություններն ընտրեցին միանգամայն այլ ուղղություն` նախապատվությունը տալով  Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուն: Նման որոշման պատճառները կարելի է անվերջ քննարկել, սակայն դա ուսումնասիրության մեկ այլ թեմա է:

2017թ-ի դեկտեմբերին` քառամյա դադարից հետո Հայաստանը և ԵՄ-ն ստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը»` CEPA-ն: Այս ամենը ներկայացվեց որպես աննախադեպ նվաճում, հայկական դիվանագիտական հաղթանակներից մեկը: Բացի այդ նշվում էր, որ պայմանագիրը  «Ասոցացման համաձայնագրի»  «light»  տեսակն է: Հասկանալու համար` որքանով է   դա համապատասխանում իրականությանն, ինչ հնարավորություններ և սահմանափակումներ է CEPA-ն տալիս Հայաստանին հարկ է վերլուծել հարևանների հետ հարաբերություններում  ԵՄ-ի կողմից կիրառվող իրավապայմանագրային  փաստաթղթերը:

Մի կողմ դնելով Եվրոպայի եվրոպական հարևաններին, ինչպիսին, օրինակ, Շվեյցարիան կամ Նորվեգիան են, որոնց հետ ԵՄ-ն ունի հատուկ պայմանագրեր, և որոնք գտնվում են ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտում, կանդրադառնանք հարևանների հետ հարաբերությունները կարգավորող համաձայնագրերին:

Իրավական բուրգի գագաթին գտնվում է «Ասոցացման համաձայնագիրը»  և «Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիր»-ը (DCFTA): Այս պայմանագրի իրավական հիմքը «Եվրոպական միության  գործունեության պայմանագրի»  (TFEU) հոդված 217-ն է: Ցանկացած այլ պայմանագիր, որը նման իրավական հիմք չունի, չի կարող համարվել «Ասոցացման համաձայնագիր»:  Առաջին «Ասոցացման համաձայնագրերը»  կնքվել են Հունաստանի (1961)  և Թուրքիայի (1963) հետ : Դա համարվում էր նախաինտեգրացիոն քայլ, որը երկիրը պատրաստում էր լիարժեք անդամակցության: «Ասոցացման համաձայնագրի» հիմնական նպատակներն ընդլայնված քաղաքական ասոցացումն էր, քաղաքական երկխոսության  խորացումը և ավելի սերտ համագործակցությունն իրավական և անվտանգային հարցերում: Նոր սերնդի «Ասոցացման համաձայնագրերին»  կցվում է նաև DCFTA-ը:

«Խորը» վերաբերում է իրավական մոտարկմանը, իսկ համապարփակը հուշում է պայմանագիրն ընդգրկող  խնդիրների մեծ շրջանակի մասին: Այն հնարավորություն է տալիս բարելավել մուտքը դեպի ապրանքների և ծառայությունների շուկա, կրճատել տուրքերը, քվոտաները, առևտրային  խոչընդոտները, ապահովել կայուն իրավական միջավայր, համապատասխանեցնել նորմերը: «Ասոցացման համաձայնագրով»  երկրի իրավական դաշտը հնարավորինս մոտեցվում է եվրոպականին, որը նախադրյալներ է ստեղծում քաղաքական, տնտեսական, քաղաքացիական ոլորտներում  հնարավորինս սերտ համագործակցության համար:

Նոր սերնդի «Ասոցացման համաձայնագրերը» և DCFTA-ը հնարավորություն են ընձեռում նաև չորս ազատությունների համար: Այսինքն` մարդկանց, ապրանքների, կապիտալի, ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորություն է տրվում:  Ի տարբերություն մարդկանց լիարժեք  ազատ տեղաշարժի՝ «Ասոցացման համաձայնագիր» և «Վիզայի ազատականացման համաձայնագիր» ստորագրած երկրի քաղաքացիներն  առանց վիզայի տեղաշարժման իրավունք ունեն, սակայն չեն կարող ԵՄ անդամ  երկրներում  իննսուն օրից ավել մնալ: Սա աննախադեպ հնարավորություն է  ԵՄ-ին չանդամակցող ցանկացած երկրի համար, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է լիովին կերպափոխել այդ երկրի տնտեսությունը, քաղաքականությունը, ներդրումային հոսքը և այլն:

Ավելի վաղ սերնդի «Ասոցացման համաձայնագրերը», կամ ինչպես իրավական գրականության մեջ են նշում՝ «Եվրո-միջերկրակական  ասոցացման համաձայնագրերը», նման արտոնություններ չեն տրամադրում: Օրինակ, գյուղմթերքի վրա դեռևս առկա են քվոտաներ, չկան նաև ազատ տեղաշարժման իրավունքի համար իրավական հիմքեր:  Եվրոպայի հարավային հարևանների համար առանցքային է գյուղմթերքի արտահանման հնարավորությունների ընդլայնումը դեպի ԵՄ երկրներ, սակայն դա առաջացնում է հզոր գյուղատնտեսություն ունեցող երկրների, ինչպիսին են Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան,  համառ դիմադրությունը: Մարոկոն, Ալժիրը կամ Թունիսն իրենց գյուղատնտեսական ներուժով խոշոր մրցակիցներ են եվրոպական ֆերմերների համար, ում համառ լոբբինգի արդյունքում հնարավորինս սահմանափակվում է նշված երկրներից գյուղատնտեսական ապրանքների ներկրումը:  Մինչդեռ «Արևելյան գործընկերության» երկրների հետ կնքված «Ասոցացման համաձայնագրերը» նման սահմանափակումներ չունեն: Այսինքն` Հայաստանը զրկվեց  բացառիկ արտոնյալ պայմաններով եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունից: Իհարկե, հայկական արտադրանքը պետք է համապատասխանեցվեր եվրոպական չափանիշներին, սակայն այդ բարդ գործընթացի ավարտին Հայաստանը կունենար միջազգային շուկաներում իսկապես մրցունակ արտադրանք:

 Հաջորդ իրավական գործիքը, որը ԵՄ-ն կիրառում է հարևանության գոտում,  «Գործընկերության և համագործակցության» պայմանագիրն է: Այն նախատեսված էր նախկին ԽՍՀՄ երկրների  համար` փոխարինելով ԽՍՀՄ-ի հետ կնքված «Առևտրի և  տնտեսական համագործակցության» պայմանագրին: «Գործընկերության և համագործակցության» պայմանագիրը կքնվում էր տաս տարի ժամկետով` հետագայում  երկարացնելու պայմանով: Այս հիմնարար պայմանագիը դարձել էր  համընդգրկուն գործիք, որով կարգավորվում էր քաղաքական երկխոսությունը և հիմքեր ստեղծվում իրավական համագործակցության համար: Հիմնական նպատակներից էր նաև  ուժեղ ազատ շուկայական հարաբերությունների ձևավորումը, բիզնեսի համար առողջ միջավայրի ստեղծումը և օտարերկյա  ներդրումների խթանումը, առևտրային հարաբերությունների ամրապնդումը:

 Ավելին` այս դասի շատ պայմանագրեր ունեին նաև  հոդվածներ մշակութային, գիտական, տեխնոլոգիական, վարչական ներուժի և քաղաքացիական հասարակության վերաբերյալ: «Արևելյան գործընկերության» երկրներից Բելառուսը միակն էր, ում հետ այդպես էլ չհաջողվեց վերջնական  համաձայնության հասնել` պայմանավորված քաղաքական  տարաձայնություններով: Հարավային հարևանության գոտում ևս այս իրավական գործիքը սկսվեց կիրառվել 2008 թ-ից:

Հայաստանի հետ «Գործընկերության և համագործակցության»  պայմանագիրն ուժի մեջ մտավ  1999թ-ից սկսած:  Հենվելով այս բազմասպեկտ պայմանագրի վրա` պետք է ստորագրվեր նաև «Ասոցացման համաձայնագիրը», որը սակայն այդպես էլ կյանքի չկոչվեց: Այնուամենայնիվ, 2017թ-ի «Արևելյան գործընկերության»  բրյուսելյան համաժողովի շրջանակներում կնքվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Սա մինչ այդ գոյություն չունեցող  պայմանագրի տեսակ է, որը իրավական բուրգի մեջ կարող ենք տեղավորել «Ասոցացման համաձայնագրի» և «Գործընկերության և համագործակցության» պայմանագրերի միջև: Չնայած շատերն էին շահարկում, որ  CEPA-ն  նույն «Ասոցացման  համաձայնագիրն» է առանց տնտեսական բաղադրիչների, այդուամենայնիվ, դա իրավական տեսանկյունից կոպիտ սխալ է:  CEPA-ն խառը պայմանագիր է, ինչը նշանակում է, որ այն հիմնված է բազմաթիվ իրավական հոդվածների վրա: Այն իսկապես ունի բազմաթիվ տարրեր «Ասոցացման համաձայնագրից», սակայն, պայմանավորված  ԵԱՏՄ-ի առաջ ստանձնած պարտավորություններով, տնտեսական հատվածում կան բազմաթիվ սահմանափակումներ: Այն ծածկում է իրավական համագործակցությունը, իրավունքի գերակայության համար պայմանների ստեղծումը, փողերի լվացման դեմ պայքարը: Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ  չեն փոխվել նաև ձևակերպումները, որոնք «Ասոցացման համաձայնագրի» շրջանակներում հնարավորություն էին տալիս նաև հետագա անդամակցության համար: Մասնավորապես, խոսքը գնում է իրավական հարմոնիզացիայի մասին, որը ԵՄ անդամակցության առաջին նախադրյալներից մեկն է:  Այս համաձայնագրով Հայաստանը հնարավորություն է ստանում մասնակցել նաև ԵՄ-ի արտաքին և անվտանգային քաղաքականությանը, որը ենթադրում է նաև տարբեր երկրներում ԵՄ ռազմական առաքելություններին մասնակցություն: Սա, անշուշտ, բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ «Եվրո-միջերկրական ասոցացման համաձայնագրերը», որոնք իրենց իրավական հիմքով ավելի բարձր են CEPA-ից,  նման  դրույթներ չունեն:

Կարևոր է ընդգծել, որ  բավականին հավասարակշռված են նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված ձևակերպումները: Մասնավորապես` աջակցություն է հայտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին հակամարտությունը կարգավորել ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուց, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքների շրջանակներում:

Այսպիսով, պետք է հստակ տարանջատել «Ասոցացման համաձայնագրերն» ու CEPA-ն`հաշվի առնելով իրավական հիմքերի տարբերությունը: Բացի այդ, էական տարբերություններից են տնտեսական հարաբերությունները,  դրանց փոփոխություններից սպասվող օգուտները, քվոտաների և արգելքների բացակայությունը, արտադրանքի եվրոպական չափանիշներին համապատասխանությունը և այլն: Այսինքն, եթե ընդունենք, որ «Ասոցացման համաձայնագրերով» ԵՄ-ն վարում է «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականություն, ապա Հայաստանը հրաժարվել է իր բաժին  «քաղցրաբլիթից»: Իսկ  CEPA-ն այն պայմանագիրն է, որն իր մեջ ներառում է հնարավորինս շատ «մտրակային» դրույթներ: Իհարկե, այդ ամենի կենսագործումը բխում է հենց Հայաստանի շահերից, որի արդյունքում մենք կունենանք ավելի կայացած իրավական համակարգ ունեցող, եվրոպական իրավական համակարգի հետ  հնարավորինս հարմոնիզացված, քաղաքականապես ավելի ժողովրդավար ու պլյուրալիստական պետություն, որի աքիլլեսյան գարշապարը կլինի եվրասիական  մոդելի տնտեսությունը:

Share

Comments are closed.