10 փաստ, որ պետք է իմանալ GIF19-ի մասին

GIF19-ի շուրջ պտտվող ամենատարածված քննարկումը հետևյալն է՝ արդյո՞ք միջոցառումը գիտաժողով է, թե՞ բիզնես  էքսպո

Աննա ԹԱՎԱՔԱԼՅԱՆ

Երևանում տեխնոաշուն է. Հայաստանը հյուրընկալում է ամենագիտական և տեխնոլոգիական միջոցառումները։ GIF19-ը` «Գլոբալ ինովացիոն ֆորում. փոխակերպելով բանականությունը» հոկտեմբերի 16-18-ն ընդունեց աշխարհի 20 երկրների ավելի քան 90 առաջատար գիտնականների, նորարարության և բիզնես ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների: Ահա 10 փաստ, որ պետք է իմանալ այս ֆանտաստիկ և կարևոր իրադարձության մասին։  

1. GIF19-ը հարթակ է 
 
GIF19-ի շուրջ պտտվող ամենատարածված քննարկումը հետևյալն է՝ արդյո՞ք միջոցառումը գիտաժողով է, թե՞ բիզնես  էքսպո։ Հարցերը տեղին են. իրականում GIF19-ը ո՛չ համաժողով է, ո՛չ էլ ցուցահանդես։  GIF19-ը բացառիկ հարթակ է, որը համախմբում է գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու գործարարների, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև։  

2. GIF19-ի գլխավոր թեման արհեստական բանականությունն է

Իրացրե՛ք ապագան, այն արդեն այսօր է։
ԱԲ-ն զարգանում է լույսի արագությամբ.մենք այն օգտագործում ենք ամեն օր` հաճախ նույնիսկ չգիտակցելով այդ փաստը։ Գիտե՞ք, օրինակ, որ,

    ԱԲ-ն արդեն կարող է սրտի նույնիսկ մեկ բաբախյունից 100% ճշգրտությամբ ախտորոշել սրտի անբավարարությունը:*    Արդեն գոյություն ունի ԱԲ-ի ալգորիթմի հիման վրա ստեղծված Release անունով համակարգը, որը կարող է զրոյից նոր դեղամիջոց ստեղծել` տնտեսելով հետազոտությունների և փորձարկումների համար նախատեսված տասնյակ տարիները և ծախսերը:

     Ամեն անգամ, երբ Facebook-ում կամ YouTube-ում գովազդ եք տեսնում, իմացե՛ք, որ ձեզ այն ցույց տալու «որոշումը» արհեստական բանականությանն է:

Կարևոր է ԱԲ զարգացումներն ուսումնասիրելն ու գիտակցելը, որ այս ամենը տեղի է ունենում այսօր և այստեղ, այլ ոչ թե հեռավոր մի «ԱԲ-մոլորակում, որը մեզ հետ կապ չունի»։    

 3.   GIF19-ը բացահայտում է արհեստական բանականության մասին բոլոր միֆերը

 Դե, պատկերացրե՛ք, թե ինչքան առասպելներ են պտտվում ԱԲ-ի շուրջ։ ԱԲ-ի աննախադեպ կիրառությունն առօրյա կյանքում, դրա առաջնահերթությունը գրեթե բոլոր «IT» ընկերություններում և հասարակության համար դրա հնարավոր «հետևանքները» քննարկումներ են առաջացնում կրթական, առողջապահական, գործարար ոլորտներում դրա ռիսկերի և հնարավորությունների վերաբերյալ։ ԱԲ հետ մասնագիտական առնչություն չունեցող մարդիկ հաճախ բացասական ընկալումներ ունեն դրա մասին: GIF19-ի կարևոր առաքելություններից մեկը Արհեստական բանականության մասին տեղեկացվածության բարձրացումն է, որը թույլ կտա մարդկանց «ընկերանալ» շատ մոտ ապագայի հետ։ Հիշում եք, չէ՞. իրացրե՛ք ապագան։ 

4. GIF19-ը միավորում է գիտության ոլորտի ամենահայտնի հեղինակություններին

GIF19-ի մասնակիցների թվում են 126 H-ինդեքս ունեցող գիտնականներ։ Այս փաստը ոգևորիչ է և կարևոր: H-index՝ Հիրշի ինդեքսը գիտաչափական միջազգային ցուցիչ է, ըստ որի սահմանվում է գիտնականի աշխատությունների ցիտվածության հաճախականությունը այլ հեղինակների գիտական աշխատություններում։ Գիտական աշխարհում նույնիսկ 20 H-ինդեքս ունենալն արդեն բարձր հեղինակության ցուցիչ է։ Այս գիտնականների հետ մեկ հարթակում կլինեն նաև Facebook AI, Google Deep Mind, Google Brain, Microsoft և այլ հեղինակավոր և նորարարական ընկերությունների ներկայացուցիչները, աշխարհի ամենաառաջատար համալսարանների և Սիլիկոնյան հովտի ստարտափերի ներկայացուցիչները։

5. GIF19-ը բացահայտում է մեքենայական ուսուցման կիրառությունը 
 
Մեքենայական ուսուցումն այսօր գրեթե բոլոր գլխագրերում է: Մարդիկ սովորաբար շփոթվում են՝ իմանալով, որ մեքենայական ուսուցումը արհեստական բանականության ենթաճյուղերից մեկն է, սակայն «զավեշտը» նրանում է, որ ԱԲ-ն մեքենայական ուսուցում չէ: 

GIF19-ի ընթացքում մեքենայական ուսուցման հարցերին անդրադարձել են տարբեր հետազոտողներ։ Նշենք, որ GIF19-ի շրջանակում հյուրընկալվեցին Google DeepMind-ի 5 հետազոտողներ` Ալեքս Գրեյվսն, Ալի Էսլամին, Աննա Հարությունյանը, Իրինա Հիգգենսը, Միխալ Վալկոն: Ալեքս Գրեյվսի գիտական հայտնագործությունները նպաստել են ձեռագրերի ճանաչման, տեքստից խոսք փոխարկման ալգորիթմների ստեղծմանը: Իսկ Ալի Էսլամին և Իրինա Հիգենսը հետազոտում են համակարգիչների գործունեության մեջ մարդկային հսկողության նվազման հնարավորությունները և մշակում համապատասխան ալգորիթմներ: Աննա Հարությունյանը և Միխալ Վալկոն աշխատում են մեքենայական ուսուցման ալգորիթմների արդյունավետության և ճշգրտության բարելավման ուղղությամբ:

6. GIF19-ը կպարզաբանի, թե ինչու է տվյալագիտությունը համարվում նոր «սև ոսկի»

Եթե նախորդ դարի արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց էլեկտրականությունից, ապա ԱԲ-ն այսօրվա և ապագայի փոխակերպման շարժիչն է, որի հիմքն է 21-րդ դարի «սև ոսկին»՝ տվյալները։ Իրականում նույնիսկ ամենաառաջադեմ ալգորիթմների և հաշվարկման հնարավորությունների ճշգրտությունը մեծապես կախված է իրական աշխարհի իրական տվյալների մուտքից: Ուստի, ով տիրապետի այդ բազային, նա էլ կդառնա «տվյալների տիրակալը»…   

7. GIF19-ն անց է կացվում Հայաստանում, քանի որ…

Հայաստանն աշխարհի ինովացիոն քարտեզի տվյալագիտության, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ամենահզոր ներուժ ունեցող երկրներից է։ Այս փոքր երկիրն օր օրի էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում ներդրողների մոտ։ Պատճառները երկուսն են. Հայաստանն ունի տարածաշրջանի ինովացիոն հանգույցի վերածվելու բոլոր նախադրյալները։ Գիտե՞ք, օրինակ, որ Խորհրդային շրջանում Հայաստանն է եղել տարածաշրջանի գիտական «լաբորատորիան»՝ Խորհրդային Միության երկու ամենագլխավոր հետազոտական ինստիտուտները գտնվում էին հենց Հայաստանում։ Չնայած, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ինստիտուտները գրեթե մոռացության էին մատնվել, այնուամենայնիվ, «դպրոցը» ապրում է, և երիտասարդ սերունդը արագ տեմպերով վերականգնում է Հայաստանի տեխնո-գիտական նախկին համբավը։ Երկրորդը՝ փոքր երկրում ներդրումային արդյունքները տեսանելի են կարճաժամկետ ժամանակահատվածում, ինչն էլ ավելի գրավիչ է ներդրումների տեսանկյունից։

8. GIF19-ում տեղյակ են, թե ինչպես են հետագա սերունդները կերտելու ապագան    

Ողջունե՛ք Ալֆա սերունդը.այն երեխաներին, ովքեր ծնվել են 2010-2025 թթ. հատվածում։ Ինչո՞ւ, երբ խոսում ենք ապագայի մասին, կարևոր են հատկապես Ալֆաները։ Տեսե՛ք, Միլլենիալներն արդեն հասել են հասուն տարիքի, Z-սերունդը չափահաս է, իսկ Ալֆաները նրանք են, ով ձևավորելու է մեր ԱԲ-ապագան, և հենց նրանք են արհեստական բանականության հետ «դու»-ով խոսելու։ GIF19-ը գիտական, տեխնոլոգիական և գործարար դիտանկյուններից կվերլուծի տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումները, արհեստական բանականության դրսևորումները, դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա:

9. «GIF19»-ն ներկայացնում է հետաքրքիր և յուրօրինակ ձևաչափեր
 
Պատրա՞ստ եք մի փոքր մարզել ձեր ուղեղը։ GIF19-ի քննարկումների ձևաչափերը մարտահրավեր են յուրաքանչյուրի ստեղծարար մտքին, քանի որ ավանդական խորքային գիտական քննարկումների հետ մեկտեղ GIF19-ի ընթացքում կիրառվում է նաև Fishbowl session-ը՝ քննարկման ոչ ֆորմալ ձևաչափ, որը ներգրավում է «Խելացի մոլորակ» քննարկման մեջ թե՛ մասնակիցներին, թե՛ ֆորումի բանախոսներին և թե՛ գաղափարի առաջնորդներին։ Ինչպես միշտ՝ ֆորումն անցել է ֆուտուրիզմի մթնոլորտում, լի իմմերսիվ փորձառությամբ, որն ապահովել է հատուկ Augmented Reality և 3D լուծումները, մասնակիցները նույնիսկ կարողացել են նարդի խաղալ արհեստական բանականության հետ։ 

10. Եվ, վերջապես, GIF19-ի ընթացքում ֆորումի կազմակերպչական թիմը.   
         
*   գրել է մեկ ու կես միլիոն նամակ
*    կատարել է 3 միլիոն զանգ
*    հազար անքուն գիշեր է անցկացրել
*   ըմպել է հարյուր հիսուն լիտր սուրճ
*   ստացել է մեկ տոննա մոտիվացիա և ոգեշնչում
*   ձեռք է բերել հազարավոր օգտակար ծանոթություններ ու կապեր


Սկզբնաղբյուրը` IT Trend



Share

Comments are closed.