Ապագան գիտահեն է

Գիտությամբ զբաղվելը կարող է և պետք է եկամտաբեր լինի

Եթե դուք համոզված եք, որ գիտնականը պետք է լինի աղքատ, բայց հպարտ, և որ գիտությունն ու գիտության միջոցով գումար աշխատելը վնասում է գիտությանը, լավ կլինի հենց այստեղ ընդհատել հոդվածի ընթերցանությունը. այն ձեզ, ըստ ամենայնի, դուր չի գա:

Եթե, այնուամենայնիվ, կարծում եք, որ գումարը միջոց է բարեկեցիկ, անհոգ կյանքի ապահովման և երջանիկ լինելու համար, և որ վերջինիս բավականաչափ առկայությունը կարևոր նախապայման է մասնագիտական գործունեությամբ ազատորեն զբաղվելու համար, կարող ենք շարունակել քննարկել բարեկեցիկ ապագա ունենալու և գիտության կապը, եթե այդպիսին ընդհանրապես կա:

Աղքատ, բայց հպարտ գիտնականի կերպարը տարածված ընկալում է հատկապես նախկին Խորհրդային Միության երկրների համար: Զարգացած երկրներում, սակայն, պատկերը այլ է. գիտնական լինելը և գիտության ասպարեզում լուրջ հաջողություններ գրանցելը գրեթե բոլոր դեպքերում ենթադրում է հարգանք, հեղինակություն, կայուն ու բարձր եկամուտ:Ուրեմն՝ ո՞րն է խնդիրը, որ, օրինակ, բոլոր չափանիշներով Հայաստանի հետ համեմատելի Հարավային Կորեայում գիտնականը կարող է զբաղվել միայն գիտությամբ, իրականացնել փորձարկումներ ու գիտական աշխատանքներ և ունենալ բարեկեցիկ կյանք` տարեկան ստանալով միջինը շուրջ 70000 դոլար, մինչդեռ Հայաստանում գիտության ճանապարհ ընտրողը պետք է ճգնավոր դառնալու որոշում կայացնի` աղոտ հույս ունենալով, որ գուցե ապագա սերունդներն ըստ արժանվույն գնահատեն իր ներդրումը հայրենի պետության զարգացման գործում:

Անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո ՞ք այս իրականությունը փոփոխվելու միտում ունի կամ կարող է ունենալ, թե՞ անհրաժեշտ է ընտրություն կատարել բարեկեցիկ ապագայի և գիտական կարիերայի միջև:

Այս հարցերին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է դիտարկել համաշխարհային միտումները:Այժմ բոլոր զարգացած և մրցունակ տնտեսությունները գիտելիքահեն են, եթե չասենք գիտահեն են, այսինք՝ մեծապես հիմնված են գիտության վրա: Զարգացած գիտությունը և զարգացած տնտեսությունը կարելի է օգտագործել որպես հոմանիշներ: Թերևս, այժմ մենք ականատեսն ենք լինում մարդկության պատմության մեջ տնտեսության ոլորտում գիտական նվաճումների կիրառելիության ամենաբարձր մակարդակին:

Ուժեղ և մրցունակ պետություն կերտելու համար պետք է ուշադրության կենտրոնում պահել գիտությունը, ավելացնել գիտությանն ուղղվող միջոցները, ունենալ երկրի զարգացման տեսլական և ռազմավարություն, ինչն էլ կենթադրի առաջնահերթությունների սահմանում գիտության ոլորտում:

Հայաստանը գիտության բավական լավ ավանդույթներ ունեցող երկիր է: 1980-ականների Խորհրդային Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվով գիտնականների թվի համեմատութայմբ գտնվում էր առաջատար դիրքերում ամբողջ աշխարհի համեմատությամբ:

Ցավոք, այսօր Հայաստանում գիտության զարգացած լինելու մասին խոսելը լուրջ չի կարող լինել: Խոսքն, իհարկե, բարձրորակ գիտնականների բացակայության կամ մտավոր պոտենցիալ չունենալու մասին չէ: Գրեթե բոլոր ոլորտներում այսօր Հայաստանում կարելի է մատնանշել գիտնականների, որոնք ոչ միայն ոչնչով չեն զիջում իրենց օտարերկրյա գործընկերներին, այլև հաճախ կանգնած են լինում տարբեր բնագավառներում հայտնագործությունների առաջնագծում: Սակայն, գրեթե բոլոր դեպքերում այդ հաջողությունները պայմանավորված են անհատական ջանքերով և զոհաբերություններով:

Երբ ասվում է, որ Հայաստանում գիտություն չկա, նկատի ունեն այն, որ բացակայում են գիտության արժևորումը, համապատասխան պետական քաղաքականությունն ու ֆինանսավորումը, տեխնիկապես զինված լաբորատորիաները, գիտության նվաճումները կյանք տեղափոխելու մեխանիզմները: Նախ այն մասին, թե ինչպիսին է պատկերն այժմ, և ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել.

Ֆինանսավորման ավելացում

Գիտության հիմնական ֆինանսավորողը Հայաստանում պետությունն է: Այս փաստը, սակայն, ինքնին չի ենթադրում, որ գիտությունը մեր եկրում դատապարտված է ձախողման:

Պատմականորեն գիտությունը ֆինանսավորվել է հիմնականում մասնավոր միջոցներով` նշանավոր անհատների կամ ընտանիքների, հաճախ նաև եկեղեցու կողմից: Գալիլեո Գալիլեի հետազոտություններն, օրինակ, հիմնականում ֆինանսավորել են մեծահարուստները և կաթոլիկ եկեղեցին:

Ժամանակակից աշխարհում գիտության հիմնական ֆինանսավորողներն են կառավարությունները, հետազոտություններ իրականացնող ընկերություններն ու շահույթ չհետապնդող հիմնադրամները, համալսարանները, գիտական հաստատությունները և այլն: Աշխարհի շատ զարգացած երկրներում նաև ձեռներեցները, ներդրողները և ներդրումային ֆոնդերը պետության հետ համատեղ հանդիսանում են գիտության ասպարեզում խոշոր ներդրումներ կատարողներ:Խորհրդային Հայաստանի պարագայում գիտության ֆինանսավորումը եղել է պետական: Պատկերը շատ չի փոխվել նաև ներկայումս, չնայած վերջին տարիներին ստեղծվել են հիմնադրամներ, որոնք տրամադրում են դրամաշնորհներ թեմատիկ գիտական ուսումնասիրությունների համար: Ու թեև տեխնոլոգիական զարգացումը նպաստել է նաև Հայաստանից դուրս գտնվող ֆինանսական աղբյուրների հայթայթմանը, գիտության ֆինանսավորման վիճակը Հայաստանում շարունակում է մնալ բավական ցածր:

Այսօր ՀՀ-ի բյուջեից գիտության ֆինանսավորմանն է ուղղվում ՀՆԱ-ի ընդամենը 0, 25 տոկոսը կամ 141.3 միլիարդ դրամ: Այս ցուցանիշով մենք մոտ ենք աֆրիկյան Մալիին՝ 0.29%, Տոգոյին՝ 0.27% Մոզամբիկին՝ 0.34%: Համեմատության համար, օրինակ, Հարավային Կորեայում, որն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը ՀՆԱ կրթությանը հատկացվող գումարներ հարաբերակցությամբ, գիտությանը հատկացվում է ՀՆԱ-ի 4,55 տոկոսը` շուրջ 69.73 միլիարդ դոլար:

Իհարկե, գիտության ֆինանսավորման ավելացումը կարևոր նախապայման է երկրում գիտության զարգացման համար: Առանց համապատասխան միջավայրի ձևավորման, տեխնիկական վերազինման, մասնագետների պատրաստման, համապատասխան գրականության առկայության անլուրջ է խոսել գիտության զարգացման հեռանկարից:

Մի կարևոր հանգամանք ևս. եթե գիտության զարգացումը պետք է ուղղվի պետության կարիքներին և արդյունքում պետության զարգացմանը, ապա այդ գումարները գիտությանը պետք է հատկացվեն պետբյուջեից:

Ուրեմն՝ մի կողմից ունենք պետության համապատասխան վերաբերմունքի և ռազմավարության բացակայություն, որից էլ բխում է գիտության իներցիոն, ոչ նպատակային ու քիչ ֆինանսավորումը:

Բարձր ֆինանսավորման, պետության կողմից համապատասխան հետազոտությունների պատվիրման դեպքում հնարավոր կլինի ձևավորել բարձր վարձատրվող թեկուզ փոքրաթիվ գիտնականների շրջանակ:

  Իսկական գիտություն

 Որպես վերոնշյալ խնդրի ածանցյալ. Հայաստանում գիտությամբ զբաղվելը չի հանդիսանում հիմնական կամ միակ զբաղվածություն:

Գիտաշխատողն այսօր Հայաստանում ստանում է նվազագույնից մինչև շուրջ 150 000 դրամ աշխատավարձ: Իհարկե, անհնար է պատկերացնել, որ այս պայմաններում գիտնականի միակ զբաղվածությունը կարող է լինել գիտական գործունեությունը: Հարցը մի կողմից կարող է լուծվել գիտությանը ֆինանսավորման ավելացմամբ: Սակայն սա հարցի միայն մի կողմն է:

Երբ խոսում ենք Հայաստանում գործունեություն ծավալող գիտնականների մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ խոսքը շուրջ 4000-5000 անհատների մասին է: Սակայն հարց է առաջանում՝ այս գիտնականների/գիտաշխատողների ո՞ր մասն է ստեղծում, կամ նրանցից քանի՞սը կարող է ստեղծել գիտական արդյունք:

Վերոնշված թիվն ինքնին, իհարկե, մեծ չէ, սակայն պետբյուջեից հատկացվող առանց այդ էլ ոչ մեծ գումարների մեխանիկական բաժանման պարագայում այն նշանակալի է դառնում: Հայաստանում կրթություն ստանալն ընդհանրապես, իսկ գիտական կոչումներ ունենալը, մասնավորպես, հաճախ իներցիոն, չմտածված և չկշռադատված գործողությունների հաջորդականություն է: Հատկապես այն պարագայում, երբ հետազոտողի, գիտաշխատողի կամ գիտնականի համարում ունենալը մեծապես պայմանավորվում է գիտական կոչում ունենալով: Մինչդեռ գիտնականի և գիտությամբ զբաղվողի չափանիշները հստակ են. գիտական արդյունք, հետազոտություններ, կոնկրետ պարբերականներում տպվող հոդվածներ, գիտաժողովներին զեկույցներ: Երբ գիտական կոչումը ինքնին չի ենթադրում այս ամենի առկայությունը, ստացվում է, որ ունենք մարդիկ, որոնց կապը գիտության հետ անհասկանալի է:

Ուստի մի կողմից գիտական մեծ պոտենցիալ ունեցող անհատները ստիպված եթե չեն հրաժարվում ապա զուգորդում են գիտական գործունեությունը այլ զբաղվածության հետ (ամեն պարագայում դա լինում է գիտական աշխատանքի հաշվին), իսկ մյուս կողմից գիտական կոչում ունեցողներից շատերը, ում համար գիտաշխատող լինելը սահմանափակվում է գիտական արժեք չունեցող ավարտական աշխատանքներով, պետությունից ստանում են նույն միջոցները, ինչ իրական գիտությամբ զբաղվողները:

Ուստի պետբյուջեից գիտությանը տրվող հատկացումները, տոկոսի բարձրացմանը զուգահեռ, պետք է սահմանեն գիտաշխատողների հստակ չափորոշիչներ: Պետք է վերանայվի կրթական համակարգի տրամաբանությունը և ուժեղացվի կրթություն և կարիերա պատճառահետևանքային կապը:

Թեկուզ փոքրաթիվ, սակայն իրական գիտական արդյունք ստեղծելու ներուժ ունեցող գիտական համայնքի ձևավորումը ևս կարող է նպաստել գիտաշխատողների եկամուտների աճին: 

Գիտություն և գործարարություն կապերի ստեղծում

Մյուս կարևոր խնդիր կարող ենք նշել գիտության, գիտական նվաճումների և դրանց պրակտիկ կիրառման բացակայությունը կամ շատ ցածր մակարդակը:

Գումար աշխատելու մղումն ընդհանրապես, ձեռներեցները` մասնավորապես, մշտապես եղել են գիտության զարգացման եթե ոչ հիմքերում, ապա առնվազն առաջնագծում: Այս փաստի լավագույն օրինակը մեր ներկան է, երբ գիտական լաբորատորիայից և գիտական հայտնագործությունից ձեռներեցություն ճանապարհը կրճատվել է` երբեմն հասնելով մի քանի օրերի:

Ուստի կառավարությունների հետ մեկտեղ գիտության զարգացման գործում ամենաշատը շահագրգռվածների թվում են ձեռնարկատերերը և խոշոր գործարարները: Զարգացած տնտեսություններում հաջողվել է ուղիղ կապ ստեղծել այս երկու ոլորտների միջև:

Օրինակ, 2013 թ. ստեղծված «Սամսունգ Գիտություն և տեխնոլոգիա հիմնադրամը» («Samsung Science & Technology Foundation») որոշում է կայացրել 10 տարվա կտրվածքով շուրջ 1,264 միլիոն դոլար հատկացնել գիտության, ճարտարագիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիանների զարգացմանը: Մինչև այժմ հիմնադրամը ֆինանսավորել է Կորեայի համալսարանների և հետազոտական ինստիտուտների ավելի քան 517 հետազոտական նախագծեր:Այսինքն, ազգային խոշոր ընկերությունների ստեղծումը կարող է հանգեցնել գիտության ոլորտի ֆինանսավորման արագ և շեշտակի աճին:

Գիտությունը և գործարարությունը ոչ միայն իրար չեն հակասում, այլև քայլում են ձեռք ձեռքի միևնույն ճանապարհով` ապահովելով ոլորտների փոխադարձ զարգացումը:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելն ու բարեկեցիկ ապագա ունենալը միանգամայն իրական հեռանկար է, սակայն այդ հեռանկարի իրականություն դառնալը մեծապես կախված է պետական համապատասխան ռազմավարությունից, որում, թերևս, մեծ ներդրում պետք է ունենան իրենք` գիտնականները:Ավելին, եթե գիտությամբ զբաղվելով բարեկեցիկ ապագա կերտելու հեռանկարը իրականություն չդառնա, կասկածի տակ պետք է առնել Հայաստանում գիտության գոյությունն ընդհանրապես՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:




Share

Comments are closed.