Յո՞ յերթանք

Երբ ռացիոնալ միտքդ տեղի է տալիս տեղեկացվածության, վերածվում ես 19-րդ դարի այն լուդդիտին, որը հարձակվում էր հաստոցների վրա՝ այդ անշունչ առարկային վերագրելով սոդոմական բոլոր մեղքերը: Հաստոցն էր մեղավոր, որ նա այսօր գործազուրկ է…

Վերադառնանք մեր օրեր: Հորից որդուն փոխանցվող ինքնապաշտպանական բնազդը մեր օրերում այնքան է կարծրացել, որ բթացնում է մեր էությունը կերտող ամենակարևոր բանը՝ մտածելու ունակությունը: Մենք վախենում ու պաշտպանվում ենք ամեն նոր բանից` առանց  խորանալու բուն էության մեջ: Այդպես էին լուդդիտները 19-րդ դարի առաջին քառորդում, երբ առաջին արդյունաբերական հեղափոխությունից հետո ոչնչացնում էին բոլոր հաստոցները, քանի որ դրանք փոխարինել էին մարդկային ուժին և փաստացի զրկել նրանց աշխատանքից: Այդպես է նաև հիմա: Կա հասարակության մի ստվար զանգված, որը պարզապես սարսափում է անգամ «արհեստական բանականություն» արտահայտությունը լսելիս:  Հիմնական պատճառաբանությունն էլ  ռոբոապոկալիպսիսն է՝ հոլիվուդյան ֆիլմերի սցենարով: Իհարկե, նրանցից քչերն են փորձում հասկանալ, թե ինչի մասին է  խոսքը:

Արհեստական բանականության հաղթարշավն արդեն անդառնալի գործընթաց է, ու պապից ավելի կաթոլիկ լինելու փոխարեն ավելի լավ է փորձեք հասկանալ՝ ինչպես ինտեգրվել այդ հոսքին և չմնալ լուսանցքում, հակառակ դեպքում հետևանքներն իսկապես աղետալի կլինեն՝ անհատական մակարդակով:

Խոսենք թվերով ու փաստերով.

Օքսֆորդ-Մարտին դպրոցի հետազոտողները, կամ, ինչպես սիրում են ասել՝ բրիտանացի գիտնականները հավաստիացնում են, որ արհեստական բանականության զարգացումն ու լայն կիրառումը կնվազեցնի մարդկային ուժի պահանջարկը հատկապես ցածր որակավորում ունեցող մասնագիտություններում: Մեխանիկական աշխատանք կատարողներն էլ ռիսկային գոտում են: Դրանք են՝ գնացքավարները, արտադրամասերի ու հոսքագծերի բանվորները, անվտանգության աշխատակիցները և այլն: Նոր աշխատանք փնտրելու կարիք կունենան միջին որակավորում ունեցող մասնագետները՝ տվյալների բազայի օպերատորներ, քարտուղարուհիներ և այդպես շարունակ:

«The Telegraph» պարբերականը գրում է. «Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ  ցածր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքի վերաբաժանման կարիք է զգացվելու: Հիմնականում նրանք կհայտնվեն այնպիսի ոլորտներում, որոնք հնարավոր չէ ավտոմատացնել և պահանջում են ավելի ստեղծագործական ու սոցիալական ունակություններ: Սակայն, որպեսզի աշխատակիցները հաղթեն այս մրցավազքում,  պետք է զարգացնեն իրենց ստեղծագործական ու սոցիալական ունակությունները»:

Ստեղծագործ անհատներն էլ չպետք է թուլանան, արդյունքը հաստատ հաճելի չի լինի: Արհեստական բանականությունն արդեն թրեյլերներ է ստեղծում, գրում է սցենարներ,  կարճամետրաժ ֆիլմեր է ստեղծում, գրում է «Հարրի Փոթերի» շարունակությունը և նույնիսկ նկարում է: Չինացի գիտնականներն ավելի հեռու գնացին ու 2018 թվականին հանրության ուշադրությանը ներկայացրին ռոբոտ-հաղորդավարի: Իհարկե, կատարյալ լինելուց այն դեռ հեռու է, սակայն ամեն ինչ առջևում է:

Հայաստանում, սակայն, ժամանակն այլ կերպ է ընթանում: Մոդայիկ մասնագիտությունները աշխատաշուկայում և կրթական համակարգում ռադիկալ տարբեր են, այդ պատճառով էլ հիմա ունենք կրթություն-աշխատաշուկա դուետի մի ահռելի խզվածք: Պահանջված ֆակուլտետները բուհերում չեն փոխվում 90-ականներից սկսած: Մեր հարմարավետության գոտին սրբության սրբոց է, ու այն խախտել չի կարելի: Միայն վերջերս մի փոքր շարժ կա կիրառական մաթեմատիկայի ոլորտում: Մասնագիտությամբ աշխատող քիչ մարդ կա, քանի որ կրթական մոդան մի փոքր տարբերվում է աշխատաշուկայի ռեալ պահանջարկից: Հիմա հերթով անցնենք այն մասնագիտությունների ցանկով, որոնց այնքան շատ են ձգտում մեր ուսանողները, սակայն ընդամենը մի քանի տասնամյակ անց այդ մասնագիտությունները պարզապես գոյություն չեն ունենալու:

1 .Բանկերի աշխատակիցներ

Արդեն հիմա Ռուսաստանում հայտնի «հոպՐոՈվՍ»-ն աշխատանքից հեռացնում է իր աշխատակիցներին: Գործազուրկների շարքերն արդեն այս տարվա տվյալներով համալրել են ավելի քան 5 հազար աշխատակիցներ: Դա ընդհանուր անձնակազմի 2.2 տոկոսն է: Ամենածանրը միջին կարգի մասնագետների համար էր, որոնք զբաղվում են հիմնական բանկային գործողություններով: Այդ աշխատանքն այժմ իրականացնում է արհեստական բանականությունը: Սա ավելի շահավետ է գործատուի համար, արհեստական ինտելեկտը չի գնա ֆիզարձակուրդ, աշխատավարձ չի պահանջի ու չի տեղափոխվի մրցակից կազմակերպություն: Գերմանական «Commerzbank»-ում էլ հաշվետվությունները հանձնարարել են արհեստական բանականությանը: Արդեն այսօր այդ աշխատանքի 75 տոկոսը կատարում են տարբեր թվային ալգորիթմներ:  «Forbes» պարբերականի փոխանցած տեղեկություններով՝ այսօր չաթ-բոթերն ավելի լավ խորհրդատուներ են, քան մարդիկ:

2 .Տրանսպորտային ծառայություններ

Առաջինը հարվածի տակ են տաքսիստներն ու հասարակական տրանսպորտի վարորդները: Արդեն այսօր մշակվում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք երթևեկությունը կդարձնեն ոչ միայն ավտոմատացված, այլև ավելի անվտանգ: Միայն պատկերացրեք հասարակական տրանսպորտ առանց  ծխող ու անճաշակ երաժշտություն լսող վարորդների: Հայաստանում սա հատկապես ակտուալ է: Ավոտամացված երթևեկությամբ մեքենաների կոնցեպտուալ մոդելներ են ստեղծել արդեն «Honda», «Ford», «Volkswagen», «Mitsubishi», «Waymo» և իհարկե «Tesla» ընկերությունները: ԱՄՆ-ում անգամ հատուկ քաղաք են կառուցել նման տեխնոլոգիաների փորձարկման համար: Սակայն երթևեկության ավտոմատացումը աշխատատեղեր կզբաղեցնի նաև առաքման ոլորտում: Ճիշտ է, այժմ հիմնականում փորձարկվում են օդային առաքումները, տարատեսակ դրոնների միջոցով, սակայն ավելի վաղ «Amazon» ու «Alibaba» ընկերություններն արդեն փորձարկել են ռոբոտ առաքիչների: «Agility Robotics» ընկերությունն էլ երկոտանի ռոբոտին ձեռքեր ավելացրեց:

3. Բժիշկներ

Ինչքան էլ զարմանալի է, բայց կան բժշկական որոշ մասնագիտություններ, որոնք հեշտությամբ կփոխարինվեն արհեստական բանականությամբ: Դրանք հիմնականում թերապևտիկ ու ախտորոշող ուղղություններն են:  Սա ապացուցելու համար Չինաստանում մի փորձարկում անցկացրին: Նրանք լուսանկարներ էին ցույց տալիս իրական բժիշկներին և արհեստական բանականությանը: Նրանք պետք է արտաքին տվյալներով որոշեին՝ լուսանկարում պատկերվածը քաղցկեղ ունի, թե՝ ոչ: Բժիշկների մոտ ստացվեց 66 տոկոս արդյունք, արհեստական բանականությունն ախտորոշեց 87 տոկոս ճշգրտությամբ: Թվային ալգորիթմներով հագեցված ռոբոտներն ունակ են փոքր  վիրահատություններ կատարել: 2017 թվականին Չինաստանում ռոբոտ-ատամնաբույժն առաջին անգամ մարդու ատամ բուժեց, իսկ 2018-ին Բելառուսում առաջին անգամ ռոբոտը մարդ վիրահատեց: Նրանց հիմնական առավելությունը կատարյալ ճշգրտությունն է: Նրանց ձեռքը երբեք չի դողա: Համար մեկ մինուսը, որի պատճառով էլ դեռ ռոբոտներին չեն վստահում վիրահատությունների մեծ մասը, այն է, որ ռոբոտը հնարավոր բարդացումների դեպքում չի կարող իմպրովիզ անել, քանի որ աշխատում է հստակ ներդրված ծրագրով ու տվյալներով: Վախենալու կարիք չունեն հոգեբաններն ու հոգեբույժները:

4. Լրագրողներ

2017 թվականին Ռիոյի օլիմպիադայի ժամանակ «Washington Post»-ի արհեստական բանականությունը, որը ստացել էր Հելիոգրաֆ անունը, գեներացնում էր ավելի քան երեք հարյուր կարճ հաղորդագրություններ, որոնք տեղեկացնում էին խաղերի արդյունքների մասին: Հետագայում այդ նույն Հելիոգրաֆը  նույն կարճ հաղորդագրություններով տեղեկացնում էր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մասին: «Bloomberg» պարբերականի կոնտենտի 30 տոկոսն արդեն արհեստական բանականությունն է գեներացնում: Ճիշտ է, խորը վերլուծականներ ու ավելի ստեղծագործ տեքստեր գրել ալգորիթմն ունակ չէ, այնպես որ լրագրողի դիրքը պահպանելու համար հարկավոր է մասնագիտական որակների նշաձողն ավելի բարձրացնել:

5.Իրավաբաններ

Արհեստական բանականության ներդրումից հետո արդարադատության մեջ կարող եք մեկընդմիշտ մոռանալ դատական կամակատարությունների ու կոռուպցիայի մասին: Նախադեպեր դեռ չկան, սակայն, հաշվի առնելով արհեստական բանականության աշխատանքի առանձնահատկությունները, դա բարդ բան չէ: Ալգորիթմը կառաջնորդվի միայն իր մեջ ներդրված օրենքներով ու հաշվարկներ կանի միայն այդ օրենքների սահմաններում: Փաստաբանական մանիպուլյացիաներն ու դատավորների կամակատարություններն այլևս ակտուալ չեն լինի: Սրան զուգահեռ՝ դաշտից դուրս կմղվեն գրեթե բոլոր փաստաբաններն ու դատավորները:

Սա ընդամենը կարճ ցուցակն ու նկարագրությունն էր այն մասնագիտությունների, որոնք տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց իրենց տեղը կզիջեն թվային ալգորիթմներին: Սակայն յուրաքանչյուր հին մասնագիտության փոխարեն գալիս է նորը: 

Ի՞նչ ունենք մենք: Բուհերում կա վերը նշված մասնագիտությունների շատ մեծ պահանջարկ, իսկ աշխատաշուկայում առկա է պահանջված մասնագիտությունների մասին տեղեկացվածության շատ ցածր մակարդակ: Նոր իրականությանն ինտեգրվելու համար հարկավոր է նաև զարգացած գիտական համայնք: Մեզ մոտ, սակայն, կա գիտությամբ զբաղվողների ծայրահեղ բևեռացում: Գիտնականները կամ շատ երիտասարդ են, կամ այնքան ծեր, որ ոմանց դեպքում նույնիսկ հետհաշվարկ են սկսել: Չկա միջին տարիքի այն կորիզը, որն իր վրա կվերցնի արժեքավոր բովանդակություն ստեղծելու ու երիտասարդներին իրենց  հետևից տանելու պատասխանատվությունը: Նոր ժամանակի պահանջներն այլ են, և այն ավագ սերունդը, որ ունենք հիմա, պարզապես չի հասցնի ամբողջովին դիմակայել նոր մարտահրավերներին, իսկ երիտասարդներին ուղղորդողներ են պետք, քանի որ գործ ունենք թեև շատ պոպուլյար, սակայն, միևնույն ժամանակ, բավական վտանգավոր երևույթի հետ: Յուրաքանչյուր սխալը կարող է ճակատագրական ու անդառնալի հետևանքների հասցնել: Այս անջրպետի պատճառով մենք համաշխարհային զարգացումներից  հետ ենք ընկել ավելի քան 50 տարով: Իսկ աշխարհը չափազանց արագ է առաջ գնում:

Պատճառներից մեկն էլ հենց մեր պահպանողական հասարակությունն է, որը պարզապես սրերով է ընդունում ցանկացած նոր բան: Արհեստական բանականություն ասելով հասարակության մեծ մասը պատկերացնում է հումանոիդ ռոբոտի, որը շուտով սպանելու է իրենց: Իրականում՝ արհեստական բանականության հետ դուք առնչվում եք ամեն օր: Կսպանի այն Ձեզ, թե՝ ոչ, կախված է միայն Ձեզանից: Իր այս տեսքով` արհեստական բանականությունն աշխատում է բացառապես ստատիստիկ տվյալների հիման վրա և վերլուծություններն էլ անում է միայն այդ տվյալների շրջանակներում: Եթե Դուք նրա մեջ չեք ներդրել մարդ սպանելու տվյալ, որևէ պարագայում, ոչ մի խափանման դեպքում այն չի վնասի Ձեզ: Ի վերջո, այս ամենի մեջ վտանգավորը ոչ թե արհեստական բանականությունն է, այլ մեր վերաբերմունքը, մեր մոտեցումը: Ուրանն ու պլուտոնիումը կարող են էլեկտրականությամբ սնել  ամբողջական քաղաքներ, սակայն նրանցից հնարավոր է պատրաստել զենք, որոնք կոչնչացնեն այդ քաղաքները: Էլեկտրականությունը մեզ համար կենսական նշանակություն ունի, սակայն պատրաստում ենք էլեկտրական աթոռ և մահապատժի ենթարկում: Այնպես որ այս կամ այն երևույթը կվնասի մարդուն, թե ոչ՝ կախված է միայն մարդուց:

Բողոքելու ու վախենալու փոխարեն, կարևոր է հասկանալ, որ դրան այլընտրանք ու կասեցում չկա, ու որքան շուտ ինտեգրվեք այս հոսքին, այնքան ավելի արագ կմտնեք խաղի մեջ. մյուս բոլոր դեպքերում կհայտարարվեք խաղից դուրս: Պոտենցիալը կա, ավանդույթները նույնպես: Մնում է միայն հասկանալ, որ Հայաստանն այլ ելք չունի, քան մտնել այս հոսքի մեջ, այլապես կդառնանք հավերժ սպառող, ինչպես մեր ֆուտբոլի հավաքականն է՝ աշխարհի խաղերին կհետևենք կողքից, մի օր դաշտում հայտնվելու թաքուն երազանքով: 

Share

Comments are closed.