Բարձր տեխնոլոգիաները և Հայաստանը


Ամերիկացի կենսաբան Էդվարդ Վիլսոնը իր հարցազրույցներից մեկում ասել է՝ «մարդկության իրական խնդիրը հետևյալն է. մենք ունենք պալեոլիթյան էմոցիաներ, միջնադարյան հաստատություններ և աստվածանման տեխնոլոգիաներ» (“The real problem of humanity is the following: we have paleolithic emotions; medieval institutions; and god-like technology”): Իրոք, տեխնոլոգիաները զարգանում են գերարագ տեմպերով, իսկ մեր ընկալումները և հասարակական ինստիտուտները մշտապես հետապնդողի դերում են: Արագությունների այս տարբերությունը պարբերաբար ստեղծում է անսովոր, հաճախ նաև ճգնաժամային իրավիճակներ, որոնք կարող են ինչպես կործանել, այնպես էլ հզորացնել երկրներ, քաղաքներ, ընկերություններ, ինչպես նաև առանձին անհատների:

2015 թ. Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Կլաուս Շվաբը շրջանառության մեջ դրեց «չորրորդ արդյունաբերական հեղափոխության» գաղափարը, ըստ որի «խելացի» համակարգչային ծրագրերը, որոնք կապի միջոցների զարգացման շնորհիվ հասանելի են դառնում միլիարդավոր մարդկանց, կարող են անճանաչելիորեն փոխել համաշխարհային տնտեսությունը: Անկախ նրանից, թե այս փոփոխությունները որքանով է ճիշտ համարել հեղափոխական, ակնհայտ է, որ բարձր տեխնոլոգիաները մեծ ազդեցություն ունեն կյանքի բազմաթիվ ոլորտների վրա. ֆիզիկական անվտանգությունից մինչև աշխատաշուկայում մրցունակություն:

Անհրաժեշտ է լավ պատկերացնել այն գործընթացը, որով նոր ստեղծվող գիտելիքը հասնում է շուկա և սկսում է ազդել մարդկանց կենցաղի վրա: 

1. Գիտելիքը ստեղծվում է գիտնականների կողմից՝ հետազոտական լաբորատորիաներում: Այդ գիտելիքը ներկայացվում է մասնագիտական գիտաժողովներում, քննարկվում և գնահատվում է այլ գիտնականների կողմից և ամրագրվում է գիտական հոդվածներում: 

2. Այսպես գիտելիքը հասանելի է դառնում այն ինժեներներին, ում կրթությունը բավարար է գիտական «ժարգոնը» հասկանալու համար: Այս ինժեներները գիտելիքը վերածում են տեխնոլոգիաների՝ գործիքների, որոնք արդեն կարող են կիրառվել ապրանքներ ստեղծելու կամ ծառայություններ մատուցելու համար: 

3. Ապրանքներ ստեղծելու փուլին արդեն կարողանում են մասնակցել այն ինժեներները, որոնք դժվարանում են կարդալ գիտական հոդվածներ, սակայն կարող են կիրառել նախորդ փուլում ստեղծված գործիքները բազմաթիվ կիրառական խնդիրներ լուծելու համար:

4. Մարդկանց մեծագույն մասը տեխնոլոգիաների հետ առնչվում է որպես սպառող, երբ նախորդ փուլում ստեղծված ապրանքներն ու ծառայությունները մտնում են շուկա:

 Այն մարդիկ, ընկերությունները կամ երկրները, որոնք այս գործընթացին միանում են միայն վերջին՝ սպառման փուլում, առավել խոցելի են տեխնոլոգիաների բերած խզումների, փոփոխությունների նկատմամբ: Գործընթացի առավել վաղ փուլերին մասնակցող ընկերություններն ու երկրները ոչ միայն առավել պաշտպանված են, այլև կարողանում են հաջողությամբ օգտագործել նոր բացվող հնարավորությունները և ստանալ մրցակցային առավելություն:

Հիշենք երկու օրինակ մեր տարածաշրջանից: 2010 թվականին իսրայելական հատուկ ծառայությունները կարողացան համակարգչային վիրուսների միջոցով շարքից հանել Իրանում գտնվող ուրանի հարստացման օբյեկտները՝ առանց Իրանի տարածք ֆիզիկապես մուտք գործելու: 2019-ին Իրանի հետ կապված ուժերը կարողացան խոցել Սաուդյան Արաբիայի նավթային կարևորագույն ենթակառուցվածքները, որոնք պաշտպանված էին ամերիկյան լավագույն հակաօդային պաշտպանության համակարգերով: Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն մեծությամբ երրորդն է աշխարհում, սակայն պաշտպանական տեխնոլոգիաների մշակման գործընթացում այն մասնակցում է հիմնականում որպես սպառող:

Առավել հաջողակ տեխնոլոգիական ընկերությունները հսկայական ռեսուրսներ են ծախսում գիտելիքի ստեղծման շղթայի սկզբում հայտնվելու համար: Ամերիկյան «Google»-ը, «Facebook»-ը, չինական «Baidu»-ն, «Alibaba»-ն հարյուրավոր գիտնականներից կազմված հետազոտական խմբեր ունեն, որոնց հիմնական աշխատանքը գիտելիք ստեղծելն է՝ գիտական հոդված տպագրելը: Այսպես ընկերություններն իրենց ապահովագրում են տհաճ անակնկալներից՝ մրցակիցները չեն կարող ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք հնարավոր չի լինի կրկնօրինակել մի քանի ամսվա ընթացքում: Միևնույն ժամանակ՝ այս ընկերությունները կարողանում են առաջինը շուկա հասցնել նորագույն տեխնոլոգիաները և ստանալ մեծ շահույթներ:

Հայաստանը հայտնի է տեխնոլոգիական ընկերությունների առատությամբ, որոնք հաջողությամբ մրցում են միջազգային շուկայում: Կարևոր է գիտակցել, որ այդ ընկերությունների ճնշող մեծամասնությունը գործում է գիտելիք-շուկա շղթայի երրորդ փուլում՝ գոյություն ունեցող գործիքների կիրառմամբ ապրանքների ստեղծման ու ծառայությունների մատուցման ոլորտում: Միայն փոքր թվով ընկերություններ են գործում երկրորդ փուլում: Իսկ առաջին՝ գիտելիքի ստեղծման փուլում մեր դիրքերը բավական թույլ են: Ըստ գիտական հանդեսների «Scopus» շտեմարանի տվյալների՝ Հայաստանից 2018 թվականին տպագրվել է 80 հոդված համակարգչային գիտությունների ոլորտում, որը համաշխարհային գիտական արտադրանքի 0.02%-ն է (համեմատության համար՝ ֆիզիկայի և աստղագիտության բնագավառում այդ ցուցանիշը 0.18% է): 

Չնայած երկրորդ փուլում գործող ընկերությունների փոքր թվին, նրանց պոտենցիալ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա հսկայական է: Մինչ աշխարհը քննարկում է, թե ինչպես ինքնավար մեքենաները կկարողանան գործազուրկ դարձնել միլիոնավոր վարորդների, ոլորտի մասնագետները գիտեն, որ ինքնավար մեքենաներին վարժեցնելու համար անհրաժեշտ է մեծ թվով լուսանկարների և տեսագրությունների «նշում» (annotation), ինչի համար անհրաժեշտ են հազարավոր մարդիկ: Հայաստանում գործող «SuperAnnotate» ընկերությունը ստեղծում է հարմարավետ գործիքներ այդպիսի նշումների համար և կարող է հազարավոր աշխատատեղեր ստեղծել մի քանի տարվա ընթացքում: Համանման վիճակ է բժշկական նշանակության պատկերների նշման գործում, ինչի համար կարող են ներգրավվել հարյուրավոր բժիշկներ:

Հետաքրքիր օրինակ է մեքենայական թարգմանության ոլորտը: Շատ թարգմանիչներ, տեսնելով համակարգիչների կատարած թարգմանությունների որակը, վստահ են, որ իրենց աշխատանքը անձեռնմխելի է: Իրոք, համակարգիչները դեռ երկար ժամանակ չեն կարողանա լիովին գործազուրկ դարձնել թարգմանիչներին, սակայն մրցակցությունում կհաղթեն այն թարգմանիչները, որոնք կարողանում են համակարգչային մեթոդներով արագացնել իրենց աշխատանքը: Այսպես, եթե հնարավոր լինի «Google Translate»-ի թարգմանության մեջ արագ հայտնաբերել կասկածելի նախադասություններն ու ուղղել, թարգմանչի արդյունավետությունը կարող է աճել մի քանի անգամ: Հենց այս խնդրով է զբաղվում «ModelFront» ընկերությունը: 

Այսպես, նույնիսկ եթե իրականան ամենավատատեսական կանխատեսումները, և աշխարհի բնակչության կեսը առաջիկա տասնամյակներում դառնա գործազուրկ, Հայաստանի երեք կամ հինգ միլիոն բնակչությունը միշտ կարող է լինել մյուս՝ աշխատանք ունեցող «կեսում»: 

Ցավոք, նշված ընկերությունները չեն հանդիսանում հայաստանյան գիտակրթական համակարգի ուղիղ արդյունք: «ModelFront»-ի հիմնադիրը վեց տարի աշխատել է «Google Translate»-ում՝ գիտելիք ստեղծողների կողքին, իսկ «SuperAnnotate»-ի տեխնիկական տնօրենը այս ոլորտում աշխատանքները սկսել է շվեդական մի համալսարանի ասպիրանտուրայում:

Այս կարգի տնտեսական ազդեցության պոտենցիալով ընկերությունների թիվը մեծացնելու համար անհրաժեշտ է էապես բարձրացնել բարձրագույն կրթության որակը բոլոր ուղղություններով: Ուսանողները բուհերում պիտի առնչվեն ոչ միայն վաղուց դասագրքեր մտած գիտելիքի հետ, այլև պիտի տեսնեն այս պահին աշխարհում ստեղծվող գիտելիքը և մասնակից դառնան գիտելիքի ստեղծման գործընթացին: Դա հնարավոր չէ կազմակերպել առանց ակտիվ աշխատող գիտնականների ներգրավման: Ցավոք, այսօր հայաստանյան բուհերի և գիտական հիմնարկների ֆինանսավորման և կառավարման մեխանիզմները թույլ չեն տալիս գիտելիք ստեղծող մարդկանց մնալ այդ համակարգում: Կրթական համակարգի այս վիճակը հանդիսանում է Հայաստանի տնտեսական զարգացման մեծագույն խոչընդոտը:

Ինչպես հերթական անգամ բարձրաձայնվեց վերջերս Երևանում կայացած «Science and Technology Convergence» համաժողովում, մեծ թվով տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ խորապես գիտակցում են այս հիմնախնդիրը և պատրաստ են աջակցել համակարգի առողջացմանը: Սակայն վճռորոշ ներդրումը պետք է անի Կառավարությունը, որն առայժմ բավական իներտ է արձագանքում ոլորտի մարտահրավերներին: Գիտության կոմիտեն գիտական խմբերի ֆինանսավորման հարցը փաստացի սառեցրել է՝ մինչև ավարտին կհասցնի գիտական ինստիտուտների արդյունավետության գնահատման գործընթացը: Մինչդեռ անհրաժեշտ է դրան զուգահեռ խոշոր ներդրումներ անել առնվազն բարձր տեխնոլոգիական ուղղություններով աշխատող հետազոտական խմբերում: Նորաստեղծ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը կարող է կարևոր հարթակ դառնալ այս գործում:

Չնայած Հայաստանում համակարգչային գիտությունների մասնագետները հիմնականում մնում են գիտելիք-շուկա շղթայի երրորդ փուլում, ԱՄՆ-ում և Եվրոպայում աշխատող մեր շատ հայրենակիցներ ոչ միայն մասնակցում են գիտելիքի ստեղծմանը, այլև հաճախ ընդգրկվում են առաջատար գիտաժողովների ու ամսագրերի խմբագրական խորհուրդներում: Այս մարդկանցից շատերը պահում են կապը Հայաստանի հետ, աջակցում են մեկ-երկու էնտուզիաստ ուսանողների, որոնք «դիմանում» են բարձր վարձատրվող ընկերություններ տեղափոխվելու գայթակղությանը: Սակայն էնտուզիաստների հիման վրա տնտեսություն կառուցել հնարավոր չէ: Վերջին տարիներին հայաստանյան մի շարք նախաձեռնություններ (Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր, FAST հիմնադրամ և այլն) Հայաստան են հրավիրում առաջատար հայ և օտարազգի գիտնականների, ինչի արդյունքում առավել մեծ թվով երիտասարդներ ծանոթանում են գիտության վերջին զարգացումներին: Սակայն միջոցառումների ավարտից հետո այդ երիտասարդները գիտելիքի ստեղծման գործընթացին մասնակից դառնալու հնարավորություն չեն տեսնում և ստիպված վերադառնում են «երրորդ փուլ» կամ արտագաղթում են:

Անհրաժեշտ է ձևավորել մեխանիզմներ, որոնց միջոցով ուսանողները կկարողանան մի քանի տարի ավել մնալ կրթական համակարգում, մինչև ընկերություններում աշխատանքի անցնելը, և կաշխատեն առաջատար գիտնականների հետ: Դա էապես կմեծացնի նրանց և իրենց ընդունող ընկերությունների մրցունակությունը միջազգային շուկայում: 

Մենք մշտապես պետք է պատրաստ լինենք ընդունել այն գիտնականներին, որոնք կորոշեն տեղափոխվել և իրենց գործունեությունը ծավալել Հայաստանում: Բոլոր բուհերն ու ակադեմիական ինստիտուտները պետք է մշակեն ակտիվ աշխատող գիտնականների ներգրավման նախագծեր և ստիպեն Կառավարությանը՝ ֆինանսավորել այդ նախագծերը: Մասնավոր ընկերությունները պատրաստ են աջակցել այս գործընթացին, առնվազն համակարգչային գիտությունների ոլորտում, սակայն Կառավարության գործառույթները լրիվ փոխարինել չեն կարող:

Որքան ուշ և դանդաղ կատարվի այս գործընթացը, այնքան մեր հասարակությունը ավելի խոցելի կմնա նոր տեխնոլոգիաների ազդեցությունից, ինչպես աշխատաշուկայում, այնպես էլ անվտանգության համակարգում: Գաղտնիք չէ, որ Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրը շարունակում է բարձր տեխնոլոգիաներ մատակարարել մեր հարևաններին, իսկ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են աստղաբաշխական աշխատավարձերով աշխատանքի ընդունել գիտելիք ստեղծող մեր հայրենակիցներին Հայաստանից դուրս: Կառավարության, գիտական ու կրթական հաստատությունների և մասնավոր ընկերությունների ու նախաձեռնությունների համակարգված և արագ գործողությունները անհրաժեշտություն են:



Share

Comments are closed.