Ինովացիոն Հայաստան. երկրի հին և նոր բրենդը

«Հայաստանը Կովկասի Սիլիկոնյան հովիտն է: Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենազարգացած ինովացիոն երկրներից մեկը և ունենա գիտահեն տնտեսություն»: Իշխանական և ոչ իշխանական շրջանակները հաճախ այսպես են ներկայացնում Հայաստանի հաջողության բանաձևը: Եվ իսկապես՝ 21-րդ դարի նավթը գիտելիքն ու ինովացիան են, որոնց տիրելով կարող ես ունենալ ոչ միայն ահռելի եկամուտներ, այլև դիվերսիֆիկացված հզոր տնտեսություն և դասվել աշխարհի ամենազարգացած երկրների շարքին:

Ինչո՞ւ ինովացիոն Հայաստանը պետք է դառնա մեր պետության նոր բրենդը, բոլոր բնագավառներում գիտության և տեխնոլոգինաների համատարած կիրառումը` ՀՀ քաղաքացու նոր կենսաձևը:  Հոդվածում կփորձենք ներկայացնել այն նախադրյալները, որոնք Հայաստանին թույլ կտան ոչ միայն հայտնվել աշխարհի ինովացիոն քարտեզի վրա, այլ նաև նկատելի մեծ տեղ զբաղեցնել:

Ապագայի սյուները կառուցվում են անցյալի հիմքի վրա, և այս տեսակետից Հայաստանը բավականին նպաստավոր դիրքերում է: Ըստ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) տրամադրած վիճակագրության, Հայաստանում բնակվում էր Խորհրդային Միության բնակչության ընդամենը 1,5 տոկոսը, սակայն հենց Հայաստանում էր արտադրվում  խորհրդային պաշտպանական բանակի միկրոէլեկտրոնիկական սարքավորումների 30 տոկոսը:

Խորհրդային Միության առաջին համակարգիչը նախագծվել է 1959 թ-ին՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի կողմից: Հայաստանը տարածաշրջանի տեխնոլոգիական կենտրոնն էր: Այստեղ էին գտնվում Խորհրդային Միության լավագույն  հետազոտական ինստիտուտները և գիտական կենտրոնները: 1980 թ-ին «Երևանի հետազոտական ինստիտուտում» աշխատում էր շուրջ 10.000 գիտաշխատող: Երկու հզոր գիտական ինստիտուտներ կային, որոնք ծանրակշիռ դերակատարություն ունեին խորհրդային կայսրության գիտական մտքի զարգացման մեջ՝  «Գիտությունների ազգային ակադեմիան», իր ավելի քան 34 գիտահետազոտական ինստիտուտներով, և  «Երևանի ֆիզիկայի ինստիտուտը» կամ  «Ալիխանյան ազգային գիտության լաբորատորիա հիմնադրամը»:

Ընդհանուր առմամբ՝ ժամանակին Հայաստանում գործում էին 130 գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ աշխատում էին ավելի քան 22.000 գիտաշխատողներ:  Այսինքն` մեկ միլիոն բնակչությանը բաժին էր ընկնում  ավելի քան 7300 գիտնական, որը բավականին տպավորիչ ցուցանիշ էր: Իհարկե, դրությունը մի փոքր այլ է ներկայումս: Այժմ Հայաստանում գործում է 50-ից ավել գիտահետազոտական ինստիտուտ: Անշուշտ, անհամեմատելի է խորհրդային  տարիների վիճակագրության հետ, սակայն պետք է հաշվի առնել հետապատերազմյան շոկը, որը երկարատև բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի  գիտատնտեսական զարգացման վրա: Այնուամենայնիվ, գիտակրթական հարուստ  ավանդույթների առկայությունն արդեն իսկ լավ նախադրյալներ է ստեղծում ներկայի համար, որը ճիշտ օգտագործելու դեպքում  հնարավոր է արագ արդյունքների հասնել:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է համարվում աշխարհագրական դիրքը: Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ է. փակ են  Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները: Հարավային հարևան Իրանը մեկուսացած է ամբողջ աշխարհից: Արտաքին աշխարհի հետ  կապը հնարավոր է պահել միայն Վրաստանի միջոցով: 2008 թ-ի ռուս-վրացական հնգօրյա պատերազմը թույլ տվեց Վրաստանից միակողմանի կախվածության չափազանց խոցելի կողմերը: Նմանատիպ սցենարների կրկնությունը կամ ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացումը Հայաստանին կարող է զրկել  իր արտադրանքն արտահանելու կամ ներմուծումներ կատարելու հնարավորությունից, ինչն, անշուշտ, կործանարար կարող է լինել մեր երկրի տնտեսության համար: Բացի այդ, չպետք է մոռանանք նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական առանցքի մասին, որը լրացուցիչ քաղաքական ռիսկեր է ստեղծում առանց  այն էլ  ոչ նպաստավոր պայմաններում գտնվող փոքրիկ լեռնային երկրի համար:  Վատ զարգացած ենթակառուցվածքային համակարգը, այս ոլորտում բաց թողնված բազմաթիվ հնարավորությունները (օրինակ` Նոր մետաքսի ճանապարհը շրջանցում է Հայաստանը) ամբողջացնում են առանց այն էլ մռայլ պատկերը:

Պետությունների տնտեսական զարգացման տարբեր չափորոշիչներ կան: Գրեթե բոլոր երկրների տնտեսությունները բաղկացած են երեք հիմնական սյուներից` գյուղատնտեսություն, արդյունաբերություն և ծառայությունների ոլորտ: Երկրի զարգացվածությունը չափվում է  տնտեսության մեջ այս  երեք ճյուղերի համամասնության տեսակից: Սովորաբար պակաս զարգացած պետությունները հակված են ունենալ գյուղատնտեսության և արտադրության վրա հիմնված տնտեսություններ: Զարգացող երկրների տնտեսությունները հիմնված են արտադրության և ծառայությունների վրա:
 
Ընդունված է կարծել, որ զարգացած երկրների տնտեսությունները հիմնված են ծառայությունների ոլորտի վրա:  Սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում համաշխարհային տնտեսությունը շարժվում է գիտահեն տնտեսության ուղղությամբ` վերցնելով յուրաքանչյուր երկրի լավագույն փորձը:  Գիտահեն տնտեսությունում կարևորագույն ռեսուրս է համարվում մարդը և նրա միտքը: Որքան ստեղծարար և չկրկնվող լինեն մտքերը և իրատեսական՝ դրանց հասնելու ճանապարհները, այնքան պետությունները հնարավորություն ունեն հաջողության հասնելու միջազգային ասպարեզում:

Այսօր համաշխարհային տնտեսության մեջ տեխնոլոգիական զարգացման սրընթաց աճ է արձանագրվում, որի հետևանքով աշխատաշուկան հիմնովին փոխվում է. առաջանում են նոր մասնագիտություններ, կատարելագործվում են տարբեր ոլորտներ, որոշ ոլորտներ էլ` ուղղակի վերանում: Այսօր Հայաստանին աննախադեպ հնարավորություն է տրված համաշխարհային տնտեսության մեջ ավելացնել իր դերակատարությունը և դասվել աշխարհի առաջատար երկրների շարքին: Գիտահեն տնտեսության կառուցումը կարող է լինել Հայաստանի զարգացման և հաջողության գրավականը: Սա նորանկախ Հայաստանի համար բացառիկ պահ է, երբ աշխարհագրական դիրքը, երկկողմանի շրջափակումը, արտաքին աշխարհի հետ միջնորդավորված տնտեսական հարաբերությունները չեն կարող խոչընդոտել Հայաստանից մթերքների արտահանմանը. չէ՞ որ միտքը սահմաններ չի ճանաչում:

Գիտահեն տնտեսություն դառնալու ճանապարհին ՀՀ տնտեսությունը բախվում է նոր մարտահրավերների հետ` կապված տեխնոլոգիական զարգացման, մրցունակ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրության և ձեռներեցության զարգացման հետ։  Չափազանց կարևոր է նաև համապատասխան կրթական որակի ապահովումը: Քանի որ «Անալիտիկոնի» այս շարքի այլ հոդվածներում անդրադարձ է կատարվում գիտահեն տնտեսություն դառնալու ճանապարհին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, սույն հոդվածում շեշտը դրվել է առկա հնարավորությունների և հուսադրող ներուժի վրա:

Համաձայն «Deep Knowledge Analytics»-ի`   «Արհեստական բանականության կիրառությունը Արևելյան Եվրոպայում» զեկույցի, ուր ներառված են Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Բելառուսը, Ուկրաինան, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը և Ղազախստանը, Հայաստանը գտնվում է բավականին նպաստավոր պայմաններում: Այսօր արհեստական բանականությունն (ԱԲ), անկասկած, ներկայի և ապագայի տեխնոլոգիան է: ԱԲ-ի հայտնագործումն ու կիրառությունը հսկայական ազդեցություն ունի ներկայիս բազմաթիվ սոցիալական մարտահրավերների վրա, ինչպիսին են սննդի անվտանգությունը, կայուն գյուղատնտեսությունը, դեմոգրաֆիական տեղաշարժերը և կլիմայական փոփոխությունները: Արևելյան Եվրոպայի շատ կառավարությունների ուշադրության կենտրոնում է ԱԲ-ի զարգացումն ու այդ ոլորտում ներդրումներ կատարելը: Իհարկե, Հայաստանի պարագայում հիմնական ներդրումները և նախաձեռնությունները մասնավոր ընկերությունների կողմից են կատարվում, սակայն  արդյունքները բավականին հուսադրող են:

Նշված տարածաշրջանի շուրջ 500 ընկերություններում արդյունաբերության մեջ ԱԲ-ի կիրառման  վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս հետևյալ պատկերը: Տվյալների խելացի վերլուծությանը (Intelligent Data analysis), որը նախկինում անհայտ կամ շատ արժեքավոր տվյալների վերլուծությունն է, բաժին է ընկնում 22,9 տոկոսը: Մինչդեռ Հայաստանի պարագայում 43.8 տոկոս է կազմում: Արևելյան Եվրոպայի համար  մեքենայական ուսուցման միջինացված ցուցանիշը  ևս 22.9 տոկոս է, իսկ Հայաստանի պարագայում`  34.4: Մինչդեռ ռոբոտաշինության պարագայում ունենք հակառակ պատկերը: Միջինացված ցուցանիշը 10.9 տոկոս է, սակայն Հայաստանում այս ճյուղը գրեթե զարգացած չէ: Սրանք ընդամենը օրինակներ են, որոնց միջոցով հնարավոր է պատկերացնել, թե որտեղ է այժմ գտնվում Հայաստանը: Ինչպես տեսնում ենք, կան ինչպես տպավորիչ արդյունքներ, այնպես էլ նկատելի բացթողումներ, որոնք պետք է լրացվեն ինովացիոն պետություն դառնալու ճանապարհին:

Այսպիսով, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի ինովացիոն ոլորտի, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, որը հնարավորություն կստեղծի  երկրի տնտեսության թռիչքաձև զարգացման համար:  Այս ամենի համար կան նպաստավոր հիմքեր, գիտական լավ ավանդույթներ և արդեն իսկ կատարված ահռելի աշխատանք: Հարկավոր է համակարգված պետական մոտեցում, համապատասխան ռազմավարության մշակում ու կենսագործում, և Հայաստանը շրջափակման մեջ գտնվող  փոքրիկ լեռնային երկրից կարող է վերածվել ինովացիոն կենտրոնի, որը մագնիսի նման կարող է ձգել աշխարհի նորարարներին: Ապագայի քարտեզի վրա Հայաստանի տեղն ու դերը կորոշվեն ոչ թե աշխարհագրական սահմաններով, այլ համաշխարհային մտքի մեջ կատարած ներդրումներով:




Share

Comments are closed.