Հայաստանը` ինովացիոն կենտրոն դառնալու ճանապարհին

Հարցազրույց FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն ՕՐՈՒՋՅԱՆԻ հետ

Արմեն ՕՐՈՒՋՅԱՆ

Հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցավ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. վերափոխելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence)՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) ամենամյա առանցքային միջոցառման հանդիսավոր բացումը: Եռօրյա միջոցառման ընթացքում Հայաստանը վերածվել էր աշխարհի ինովացիոն կենտրոնի, ուր հավաքվել էին աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:  Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների կարևորության, նորարարական ոլորտի զարգացման և կայացման հեռանկարների շուրջ զրուցել ենք FAST հիմնադրամի հիմնադիր տնօրենի հետ:

-Ո՞րն էր այն շարժիչ ուժը, որը Ձեզ «ստիպեց» երկար տարիներ ԱՄՆ-ում ապրելուց հետո վերադառնալ Հայաստան և գործունեությունը շարունակել հայրենի հողում:

-Նորարությունն իմ տարերքն է, իսկ երիտասարդներին ոգեշնչելն ու մոտիվացնելը` կյանքիս գլխավոր առաքելություններից մեկը: Երկար տարիներ ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր անկյուններում աշխատում էի ձեռներեցության և նորարարության ոլորտում և գուցե այդ ժամանակ չէի էլ մտածում, որ այդ ամենը հնարավոր կլինի անել նաև Հայաստանում: Երբ Ռուբեն Վարդանյանի կողմից ստացա առաջարկ, հասկացա, որ հասունացել է Հայաստան վերադառնալու պահը:  Հայաստանը զարգացնելու նրա տեսլականը բացառիկ և չափազանց գրավիչ էր ինձ համար:  Դժվար էր չհամաձայնել:

-Ի՞նչ է FAST-ը, և որո՞նք են գործունեության հիմնական ուղղությունները:

-FAST-ը պաշտոնապես գրանցված է որպես հիմնադրամ: Սակայն մենք հիմնադրամի դասական մոդելով չենք առաջնորդվում:  FAST-ի   գործունեությունը չի սահմանափակվում միայն ծրագրերի իրագործմամբ: FAST-ն ունի բավականին հավակնոտ նպատակներ, որոնց  իրականացման համար մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայում: Մեզ համար կարևոր է հասկանալ գիտության և տեխնոլոգիաների բնագավառում վերջին հայտնագործությունները պայմանավորող գործոնները և դրանց կիրառելիության հավանականությունը Հայաստանում: Անհրաժեշտ է նաև բացահայտել այն  նախադրյալները, որոնք պակասում են գիտական հայտնագործություններ ստեղծելու անհրաժեշտ միջավայր ձևավորելու համար:

Այնուհետև մեր ներկա և ապագա գործընկերների հետ պետք է աշխատենք այն թույլ կողմերի վրա, որոնք խոչընդոտում են Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը: Այս տեսանկյունից մեր գործառույթները հատում են հիմնադրամի դասական սահմանները: Մենք ստեղծում ենք նախագծեր և այնուհետև թույլ ենք տալիս, որ դրանք ինքնուրույն զարգանան: Ապակենտրոնացված մոտեցում է: FAST-ն ունի գործունեության 4 հիմնական ուղղություններ` կենսատեխնոլոգիաներ, առաջատար նյութեր, ռոբոտաշինություն և տվյալագիտություն, որի մեջ մեծ մասնաբաժին ունի արհեստական բանականության ճյուղը:  Այս բոլոր ուղղություններից առանցքային նշանակություն ունի տվյալագիտությունը:

-FAST-ն առաքելություն ունի մինչ 2041 թ-ը Հայաստանը դարձնել աշխարհի թոփ տաս նորարարական երկրներից մեկը և թոփ հինգը՝ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտում: Բավականին հավակնոտ նպատակ է: Ինչպե՞ս եք պատկերացնում դրա իրականացումը:

-Սա մի նպատակ է, որին հասնելու համար մեր հաշվարկներով քսաներկու տարի կպահանջվի: Համարձակ, բայց միևնույն ժամանակ իրատեսական երազանք է, ինչն իրագործելու համար անհրաժեշտ է հետևողական և հաշվետու աշխատանք՝ մասնագիտական վերլուծություններ, քննարկումներ, նոր մեթոդաբանություն։ Պարզապես պետք է նավարկել այս դժվարանցանելի ջրերում և հասնել մեր նպատակին:

Մեզ սովորաբար թվում է, որ վակուումի մեջ ենք ապրում: Ամեն առավոտ, երբ արևը ծագում է մեզ համար, չպետք է մոռանանք, որ այն ծագում է նաև երկու հարյուր այլ պետություններում ևս:  Բավական չէ ասել, որ ցանկանում ենք գնալ Ա կետից Բ կետը: Անհրաժեշտ է ամեն ինչ դիտարկել հարաբերականության մեջ: Օրինակ, եթե նախկինում ունեինք հարյուր գիտնական, իսկ հիմա` հարյուր քսան, գուցե թվա, թե առաջընթաց ենք ապրել, սակայն համեմատության մեջ շատ հետ լինենք: Պետք է քայլենք համաշխարհային զարգացումներին համընթաց՝ մրցունակ դառնալ ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկայում: Հակառակ դեպքում մենք կարող ենք շամպայն բացել մեր հաղթանակների համար, որոնք  իրականում համեմատության մեջ պարտություններ են:

Մեր առջև նպատակ ենք դրել մինչ 2041 թ-ը Հայաստանը դարձնել աշխարհի 10 նորարարական երկրներից մեկը: Դա մեզ համար զուտ քանակական առավելություն չէ. դիրքի ամրապնդումը կարևոր է նախևառաջ որակական տեսանկյունից: Եվ այս հարցում միջազգային չափանիշներին համապատասխան համակարգային մոտեցում պետք է ցուցաբերել:

Այս փուլում FAST-ը փորձում է հասկանալ նորարարական էկոհամակարգի ինտելեկտուալ, ֆինանսական և սոցիալական կապիտալի հնարավորությունները: Հաջորդ փուլն այդ հնարավորությունների ընդլայնման գնահատումն է. փորձելու ենք գտնել ուղիներ, թե ինչպես դրանք կարող ենք դարձնել մրցունակ միջազգային ասպարեզում:

Ինչպես արդեն նշեցի, մեր ծրագիրը նախատեսված է առաջիկա 22 տարիների համար: Մեր քայլերը սահմանել ենք հետևյալ հաջորդականությամբ՝ 2 տարվա համար նախատեսված նպատակների սահմանում, ապա հինգ տարվա ռազմավարություն և քսան տարվա ճանապարհային քարտեզ: Կարելի է ասել, առաջին երկու տարում հող ենք նախապատրաստում հետագա քայլերի համար: Հիմա նախապատրաստական փուլում ենք և աստիճանաբար անցնում ենք ռազմավարության իրագործման փուլին:

-FAST-ի կարևոր նախագծերից մեկը Գլոբալ ինովացիոն ֆորումն է, որն այս տարի Հայաստան բերեց աշխարհի 20 երկրների ավելի քան 90 ներկայացուցիչների: Ինչպե՞ս առաջացավ Հայաստանում նման միջոցառում իրականացնելու գաղափարը:

-Գիտելիքի փոխանակում և տարբեր կողմերի միջև համագործակցության ձևավորում. նմանատիպ միջոցառում կազմակերպելու գլխավոր նպատակը սա է:

Պատահական չէ ֆորումի անվանման ընտրությունը` գլոբալ, որովհետև մենք նախատեսում ենք գիտելիքի փոխանակում ոչ միայն Հայաստանի և այստեղ այցելած գիտնականների, այլև աշխարհի տարբեր անկյուններից ժամանած փորձագետների միջև: Ֆորումի ընթացքում հաճախ նոր գաղափարներ են ծնվում, որոնց հիման վրա էլ հաճախ շարունակում ենք համագործակցությունը մեր միջազգային գործընկերների հետ:

Կարևոր է ընգծել, որ GIF19-ը բացառիկ հարթակ է, որը համախմբում է գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև: Մեզ համար կարևոր է, որ ֆորումի մասնակիցները լավագույնս օգտվեն այս հարթակի ընձեռած հնարավորություններից. ամեն օր չէ, որ Հայաստանում կարող են լսել Facebook AI-ի, Google DeepMind-ի, GoogleBrain-ի, Microsoft-ի, նորարարական ոլորտի այլ հեղինակավոր կազմակերպությունների, աշխարհի առաջատար համալսարանների և Սիլիկոնյան հովտում գործող ամենահաջողակ ստարտափերի ներկայացուցիչներին:

-GIF 19-ի գլխավոր շեշտը արհեստական բանականությունը և մեր կյանքում դրա ազդեցության մեծացումն է: Ինչպե՞ս կարող է արհեստական բանականության կիրառելության աճը փոխել մեր բոլորի կյանքը:

-Արհեստական բանականությունն արդեն իսկ փոխում և դեռ ավել շատ կփոխի մեր բոլորի կյանքը, հարաբերությունները, կենսաձևը: Աշխատաշուկայի պատկերը լիովին այլ կլինի. կվերանան ամբողջական տեղեկատվության հիման վրա գործող մասնագիտությունները: Մոտ ապագայում կմնան այն մասնագիտությունները, որոնք գործ ունեն ստեղծարարության, նորարարության հետ և երկիմաստ են: Այսպիսով, բոլոր աշխատատեղերը, որոնք գործ ունեն բաց տեղեկատվության և հաշվարկների հետ, կվերանան: Հաշվապահները կամ ֆինանսական վերլուծաբանները հեշտությամբ կփոխարինվեն, գյուղատնտեսական շատ աշխատանքներ կանհետանան, ապագայում չենք ունենա նաև վարորդներ: 

-Իսկ այս բոլոր գործընթացներում որտե՞ղ է Հայաստանը:

 -Ժամանակակից աշխարհի կարևորագույն մարտահրավերներից մեկն է հնարավորություն ընձեռել գիտնականներին ու հատկապես երիտասարդներին՝ իրականացնել հիմնարար և կիրառական հետազոտություններ, մշակումներ ու գյուտեր անել, սեփական գիտական ու հետազոտական ներուժն օգտագործել ազգային կարևորագույն խնդիրների լուծման համար։

Ցավոք, Հայաստանն այս պահին միայն հանդիսատեսի դերում է: Անշուշտ, մեր երկրում նույնպես գիտական հայտնագործություններ և աշխատանքներ են իրականացվում, սակայն ավելի հետաքրքիր են մրցակցային գործընթացները: Պետք է ձգտել գործընթացի արագացմանը:

Հայաստանն ունի կրթության բարձր մակարդակ, բնակչության մեծ մասը կրթված է, սակայն կարևոր է ոչ թե կրթական մակարդակի բարձրացումը, այլ համաշխարհային շուկայում մրցունակության ապահովումը: Կարևոր են նրանք, ովքեր ստեղծում են ինտելեկտուալ արժեք Հայաստանի համար, արժեք, որը նոր հայտնագործությունների հիմք կարող է դառնալ:Նույնը՝ ստարտափերի ոլորտում: Հայաստանում բավականին մեծ քանակի ստարտափեր կան, սակայն մի քանիսն են միայն, որոնք ստեղծվել են խորը գիտական հիմքերի վրա:  Հայաստանը պետք է գործի համաշխարհային պրակտիկայի համատեքստում. գիտական զարգացումների հետևողական ներդրումը տնտեսության բոլոր ոլորտներում սիներգետիկ արդյունք կապահովի:

 Հարցազրույցը վարեց Նազենի Բաղդասարյանը




Share

Comments are closed.