Հարավային Օսիա. 2011 թվականի դասերը

Հարավօսական ժողովրդավարության փայլն ու թշվառությունը


Մարիա ՊԼԻՈՆ (ՊԼԻԵՎԱ)

Անկախ լրագրող
Ցխինվալ

2011թ. նոյեմբերին Հարավային Օսիայի Հանրապետությունում տեղի ունեցավ այն, ինչ չի կանխատեսել ոչ մի կողմնակի փորձագետ: Ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմության ներկայացուցիչը, որի մրցակիցը Կրեմլի առաջադրած թեկնածուն էր, ում բացահայտ սատարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

 

Այսպիսով, Հարավային Օսիան ուներ միջազգային հարթության վրա թռիչքային քայլով դուրս գալու բացառիկ հնարավորություն` առնվազն երեք պատճառների բերմամբ. 1. Հարավային Օսիայի ժողովուրդը քվեարկել էր կին-նախագահի օգտին (Կովկասում նման նախադեպ չկա), 2. քաղաքացիների մեծամասնությունը, ի հեճուկս վարչական հզոր պաշարի գործարկման, քվեարկել էր ընդդիմության թեկնածուի օգտին, 3. Կրեմլի թեկնածուն պարտություն էր կրել:

 

Վերջին փաստը վկայում էր, որ Հարավային Օսիան բռնազավթված տարածք չէ, ինչպես այն միջազգային հանրությանն են ներկայացնում վրացի քաղաքական գործիչները:

Հետո կատարվել են խոշոր քաղաքական աճպարարություններ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկու օր շարունակ լռում էր, չհրապարակելով ընտրությունների արդյունքները: ԿԸՀ սույն վարքագիծը դիպուկ անվանել են «գառնուկների լռություն»: Ընտրություններից երկու օր անց քաղաքական բեմ է ելել Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովը, ով միանձնյա որոշմամբ ապօրինաբար չեղյալ է հայտարարել ընտրությունների արդյունքները եւ արգելել է հրապարակել դրանք:

Դատարանի կողմից ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարելու օրը ժողովուրդը դուրս է եկել Հարավային Օսիայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակ: Տաս օր շարունակ` գիշեր-ցերեկ, ի հեճուկս սառնամանիքների, մարդիկ կանգնում էին հրապարակում, քանի որ նրանց ընտրությունը ոտնահարվել էր: Հարավային Օսիայի ժողովրդի սեփական իրավունքների պաշտպանության համար հրապարակ դուրս գալը հարավօսական թեմաներով գրող շատ փորձագետներ անվանել են քաղաքացիական անհնազանդության ամենաանկանխատեսելի դրսեւորում: Հենց հարավօսական ժողովրդի օրինակով են Ռուսաստանի քաղաքացիները դուրս եկել Մոսկվայի Բոլոտնայա հրապարակ եւ Սախարովի պողոտա` Ռուսաստանի Դումայի ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար:

Դասեր են քաղել թե’ վրացի, եւ թե’ ռուս լրագրողներ ու փորձագետներ: Դասեր է քաղել նաեւ ռուսաստանյան հասարակությունը, իսկ վրաց տեղեկատվական հանրությունը սկսել է սթափվել. Վրաստանում հասկացան, որ Հարավային Օսիայի ժողովրդի համար Ռուսաստանն ամեն ինչ չէ. հասկացան, որ ժողովուրդն անկախություն է ուզում: Վրացի փորձագետների հռետորաբանությունը մեղմվել է. հարավօսական հասարակությունը վրացի որոշ լուսանցքային փորձագետների մոտ բարյացակամություն է առաջացրել:

«Տարածքային ամբողջականությունն, անտարակույս, կարեւոր է, բայց հանուն նրա չի կարելի ողջ երկիրը զոհաբերել: Հենց դրա մեջ է կայանում Վրաստանի համար գլխավոր ցխինվալյան դասը», – գրել էր վրացի լրագրող Թենգիզ Աբլոթիան` Հարավային Օսիայի Հանրապետությունում քաղաքացիական դիմակայության օրերին:

Դեկտեմբերի 2-ին ՀՕՀ կառավարության շենքը պաշարվել է զրահատեխնիկայով: Իմ ունեցած աղբյուրների համաձայն` կառավարության շենքի շուրջ տեղակայված զրահամեքենաների մեջ օսական ուժայինների անվան ներքո գտնվում էին ռուս զինվորականները, որոնց հանձնարարված էր ժողովրդի վրա կրակ բացել` կառավարության շենքի գրավման փորձի դեպքում:

Դեկտեմբերի սկզբներին Հարավային Օսիայում սկսվել են Ալլա Ջիոեւայի (ընդդիմության թեկնածու) նախընտրական շտաբի անդամների ձերբակալությունները: Հինգ երիտասարդներ, որոնց թվում էր նաեւ ընդդիմադիր uasamonga.ru կայքի հիմնադիր Սոսլան Կոկոեւը, նետվել են բանտեր. նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել: Հյուսիսային Օսիայի իշխանությունները ողջ կարողությամբ «եղբայրական օգնություն» են ցուցաբերել: Հարավային Օսիայի հասարակությունը ոչ մի դաս էլ չկարողացավ քաղել:

Ապա` Հյուսիսային Օսիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել լրագրողների եւ քաղաքացիական ակտիվիստների ձերբակալություններ: Կալանավորվել է շուրջ 30 հոգի` դեպի Վլադիկավկազի մեկուսարան կազմակերպված երթից անմիջապես հետո:

Դեկտեմբերի 10-ի` Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի  օրվա դրությամբ Ջիոեւան եւ իր շտաբը, ի հեճուկս կառավարության շենքի եւ նախագահի աշխատասենյակի շրջափակման, ծրագրել էին կատարել երդմնակալության արարողությունը: Սակայն, այդ նույն օրը Ալլա Ջիոեւայի կողմնակիցներից բաղկացած ժամանակավոր Պետխորհրդի եւ Ռուսաստանի նախագահի վարչակազմի աջակցությունը վայելող Հարավային Օսիայի իշխանությունների  միջեւ տասնօրյա բանակցություններից հետո համաձայնություն է կնքվել: Համաձայնության իմաստն այն էր, որ Կոկոյտին պետք է ինքնակամ հրաժարական ներկայացներ, որից առաջ նա իր հրամանագրով պետք է պաշտոնանկ աներ գերագույն դատախազին, վերջինիս տեղակալին եւ Գերագույն դատարանի նախագահին, իսկ Ջիոեւան դրա փոխարեն համաձայնվում էր մարտի 25-ին նշանակված նոր ընտրությունների անցկացման հետ:

Հարավային Օսիայի Հանրապետության հիմնադիր հայրերի կարծիքով` Ալլա Ջիոեւան թույլ է տվել ապօրինի համաձայնության ստորագրում: «Այդ համաձայնությամբ Ջիոեւան մենակ` իր մեկ ապօրինի ստորագրությամբ անհրաժեշտություն է ստեղծել օրինականությանը վերադառնալու համար սխրագործությունների դիմելու: Ալլան չի սերտել 1989-1993 թթ. մեր դասը, չի ընդունել մեր խորհուրդները, իսկ ես սովորում էի այլոց սխալների վրա, եւ այս ամենի արդյունքները բոլորին հայտնի են. դրանք կան մեր կայքում, ես դրանք ներկայացրել եմ միջազգային համաժողովներում:

Եվ այս ամենն օգտագործված չէ: Եվ հարցն այժմ հետեւյալն է. ո՞վ է կատարելու այս սխրագործությունները, որոնց անհրաժեշտությունը ծագել է Ալլայի ստորագրության հետեւանքով: Անտարակույս, հենց ինքը` Ալլան: Բայց պետք է լինեն նաեւ ուրիշներ, քանի որ եթե լինի միայն Ալլան, ապա դա մաքուր ինքնազոհողություն կլինի», – գրել է հանրապետության հիմնադիրներից մեկը` Ալան Չիչոեւը:

Տարին ավարտվել էր, բայց Հարավային Օսիայում ընտրությունները շարունակվել են: Հունվարի վերջերին Ջիոեւան ԶԼՄ-ների համար հայտարարություն է արել` վերոհիշյալ Համաձայնությունից իր ստորագրությունը հետ վերցնելու վերաբերյալ:

Ջիոեւան կրկին նշանակել է երդմնակալության օրն, այն դեպքում, երբ նրանից հեռացել էր թիմի «ֆիզիկական ուժը», այսինքն` գեներալ Անատոլի Բարանկեւիչը (ՀՕՀ Անվտանգության խորհրդի նախկին ղեկավարն ու 08.08.08. պատերազմի հերոսը), դաշտային հրամանատարներ Սերգեյ Զասեեւը, Վլադիմիր Կելեխսաեւը, նախկին ընդդիմադիր Ջեմալ Ջիգկաեւը եւ արտաքին գործերի փոխնախարար Ալան Պլիեւը: Այսինքն, Կրեմլը գործարկել է նոր պաշարներ, բայց չի ցանկացել դաս քաղել 2011թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից:

Միեւնույն ժամանակ, ԶԼՄ-ներում հայտնվում են հայտարարություններ այն մասին, որ Ջամբոլատ Թեդեեւը մտադիր է նորից մասնացել 2012 թ. մարտի 25-ին կայանալիք ՀՕՀ նախագահական ընտրություններին: Ջամբոլատ Թեդեեւը` ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիչն է, ով ՀՕՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չի գրանցվել` նստակեցության բավարար ցենզ չունենալու պատճառով, որից հետո նա իր միջոցներով սատարել է Ալլա Ջիոեւայի թեկնածությանը: Թեդեեւի հայտարարությունը ՀՕՀ նախագահի ընտրություններում կրկին առաջադրվելու վերաբերյալ Հարավային Օսիայի իշխանությունների մոտ ցանկություն է առաջացրել կատարելու նոր քայլ: ՀՕՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել «իշխանության բռնազավթում» հոդվածով, որտեղ Թեդեեւն անցնում էր որպես գլխավոր կասկածյալ: Հետաքննությանը միանում են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք Մոսկվայում խուզարկություն են իրականացնում Ջ. Թեդեեւի տանը: Սա միանգամայն նոր երեւույթ էր ռուս-հարավօսական հարաբերությունների եւ Հարավային Օսիայի իրավաբանական պատմության մեջ:

Միաժամանակ, ՀՕՀ խորհրդարանը փոփոխություններ է մտցնում «ՀՕՀ նախագահի ընտրությունների մասին» օրենքում, որի համաձայն դատվածություն ունեցած կամ հետաքննության տակ գտնվող անձինք չեն կարող առաջադրվել հանրապետության նախագահի թեկնածու: Նախկինում օրենքը նման կետեր չէր պարունակում, ինչն էլ թույլ էր տվել Ալլա Ջիոեւային դառնալ նախագահի թեկնածու եւ ապա` «ընտրված նախագահ»: Այսպիսով, կոկոյտամետ եւ բրովցեւամետ խորհրդարանը մեկ կրակոցով սպանում է երկու վագրերի` չթույլատրելով Թեդեեւի եւ Ջիոեւայի մասնակցությունը մարտյան ընտրություններին: Խորհրդարանը դասեր քաղել է, բայց դրանք հակաժողովրդական դասեր էին: Դասերը տարբեր են լինում…

Փետրվարի սկզբներին ողջ ուժով ընթացել է Ալլա Ջիոեւայի երդմնակալության արարողության նախապատրաստությունը: Փետրվարի 8-ին Հարավային Օսիայի կառավարությունը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վադիմ Բրովցեւի ղեկավարությամբ կազմակերպում է «միասնության ցույց» միջոցառումը` Ջիոեւայի սպասվող երդմնակալությունը դատապարտելու եւ մարտի 25-ին Հարավային Օսիայի նախագահի նոր ընտրություններն անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարելու նպատակով: ՀՕՀ կառավարության վարչական պաշարի անխնա շահագործման շնորհիվ ցույցին մասնակցել է շուրջ երեք հազար մարդ:

Փետրվարի 9-ին ընտրված նախագահի շտաբը ենթարկվում է ՀՕՀ հատուկ ծառայությունների գրոհի, որի հետեւանքով Ալլա Ջիոեւան առեւանգվում է ուժայինների կողմից եւ սրտի կաթվածով ընկնում հիվանդանոց: Երկրորդ օրը նրա ազգականներից ժողովուրդը տեղեկանում է, որ ընտրված նախագահը ծեծի է ենթարկվել: Դաշտային հրամանատարներն ու պատերազմի հերոսները լռում են: Փետրվարի 10-ին պաշտոնանկ է արվում ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամբոլատ Թեդեեւը: Պարզ է դառնում, որ Ալլա Ջիոեւայի դեմ ֆիզիկական բռնության ետեւում կանգնած էր Կրեմլը:

Այս իրադարձություններն ապշեցրել են անգամ մոսկովյան քաղաքագետներին: Յանա Ամելինան գրել է, որ եղածը նշանակում է Հարավային Օսիայի ժողովրդի` հանրապետական իշխանությունների (իմա` Կրեմլի) հանդեպ վստահության վերջնական կորուստ. նա, որպես հետեւանք, կանխատեսել է նաեւ Հարավային Օսիայում հակառուսական տրամադրությունների աճ: Ռուսաստանյան քաղաքագետները կրկին դաս են քաղել:

Բոլոր նրանք, ովքեր հետեւել են այս իրադարձություններին, սպասում էին, որ նախագահների թեկնածուները նոր ընտրությունների ժամանակ կհանեն իրենց թեկնածությունները եւ կհայտարարեն այդօրինակ պայմաններում անցկացվող ընտրություններին չմասնակցելու մասին: Եվ թվում էր, որ ընտրված նախագահի առեւանգմանը մասնակցած անձինք` նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վադիմ Բրովցեւի գլխավորությամբ, պետք է արտաքսվեն Հարավային Օսիայից: Բայց ՀՕՀ ժողովուրդը լռել է: Դասերն այնքան մոռացվել են, որ կորել է ուսանելու ցանկությունը…

Share

Comments are closed.