Փայլանն ընդգծեց, որ Թուրքիայի խորհրդարանում պետք է խոսել Ցեղասպանության մասին

Կարո Փայլանը Երևանում կայացած մամուլի ասուլիսում (արխիվ)

Եթե աշխարհում կա խորհրդարան, որտեղ պետք է  խոսել Հայոց Ցեղասպանության մասին, ապա դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի անդամ Կարո Փայլանը։

Գալիք տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունենալով խորհրդարանում՝ Փայլանը, որը բյուջեի ու պլանավորման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ է, հանդես եկավ հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին հատուկ հայտարարությամբ։

Ինչպես տեղեկացնում է պատգամավորի խորհրդականը, Կարո Փայլանի հայտարարության մեջ ասվում է. «Մինչև 1915 թվականն այս հողերում՝ Սպարտայում, Ադանայում, Տրապիզոնում, Տիգրանակերտում, Բուրսայում, ապրում էին հայեր, և այս երկրի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը հայ է եղել, իսկ եթե մենք հիմա հավաքվենք, ապա չենք կարող անգամ մեկ ստադիոն լցնել։ Անշուշտ, մենք հօդս չենք ցնդել։ Մեծ աղետ է տեղի ունեցել, որը, ցավոք սրտի, մենք արդեն 104 տարի մերժում ենք ժխտման քաղաքականությամբ, հրաժարվում ենք խոսել այդ մասին».

«Տեսե՛ք, ուրիշ խորհրդարաններ խոսում են այդ մասին, իսկ մենք ասում ենք՝ թող չխոսեն։ Այս տարածաշրջանին վերաբերող թեմայի մասին պետք է խոսել հենց այս տարածաշրջանում։ Եթե աշխարհում կա խորհրդարան, որտեղ պետք է  խոսել, ապա դա Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է, որովհետև մենք այս հողերի զավակներն ենք», – հայտարարել է թուրքական խորհրդարանի հայազգի անդամը։

Հիշեցնենք, Փայլանը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը, որը ճանաչում և դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը, միևնույն ժամանակ նա ընդգծել է «Միակ խորհրդարանը, որը կամոքի հայ ժողովրդի վերքերը, Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ հանդիսանում»։

«Ազատություն» ռադիոկայան

Share

Comments are closed.