Չարդարացած հույսեր եւ մտահոգիչ սպասումներ

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
«Зеркало» թերթի քաղաքական մեկնաբան
Բաքու 

Անցած 2011 թվականը չարդարացված հույսերի, իսկ այժմյան 2012-ը`  մտահոգիչ սպասումների տարի է:

Ինչո՞ւ 2011 թվականն, ամենայն հավանականությամբ, օրացույցում պետք է նշել որպես չարդարացած հույսերի տարի: Առ այդ կան բազում պատճառներ: Նախ` Ռուսաստանի եւ ԱՄՆ վերբեռնման  քաղաքականության վրա դրվել է հսկա խաչ, թեեւ նման ելքը սկզբից եւեթ կանխատեսելի էր: Երկրորդը` համաշխարհային տնտեսության առողջացման հույսերը նույնպես չեն արդարացել:

Երրորդը` սկսվել է «արաբական գարունը», որն, ընդհանուր առմամբ, դրական գործընթաց լինելով, կարող է հանգեցնել լուրջ բացասական հետեւանքների` թե° համաշխարհային, եւ թե° տարածաշրջանային կտրվածքով:  Չորրորդը` ի հեճուկս Ռուսաստանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի պես պետությունների բոլոր ջանքերի հնարավոր չեղավ մեռյալ կետից տեղաշարժել իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտությունը: Հինգերորդը` մեռյալ կետից հնարավոր  չեղավ  տեղաշարժել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ, վերջապես, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանում տեղի են ունենում խորը որակական փոփոխություններ, որոնք նույնպես, սկզբունքային հարթության վրա դրական գործընթաց լինելով, կարող են անկանխատեսելիության տարրեր մտցնել մեր հյուսիսային հարեւանի արտաքին քաղաքականության մեջ, ինչն ինքնին շատ լուրջ սպառնալիք է:

Իսկ այժմ անցնենք մտահոգիչ սպասումներին: Դրանք նույնպես շատ են եւ մեծամասամբ չարդարացած հույսերից ածանցյալ: Կանգ առնենք դրանցից երկուսի` հայ-ադրբեջանական խնդրի եւ իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա հակամարտության «թեժ փուլին» անցնելու օրավուր ավելի իրական դարձող հեռանկարի վրա:

Բնականաբար, սկսենք մեր ընդհանուր ցավից: Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ վերջին հանդիպման ժամանակ ընդունվել է հայտարարություն, որը պարունակում է կա°մ կոչ, կա°մ էլ կողմերի համաձայնություն` առավելապաշտական դիրքորոշումներից հրաժարվելու վերաբերյալ: Սակայն, իմ խորին համոզմամբ, ո°չ Իլհամ Ալիեւի, եւ ո°չ էլ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը առավելապաշտական համարել չի կարելի: Պետությունների առաջնորդների դիրքորոշումները լիովին արտացոլում են առկա իրողությունները: Այս դիրքորոշումները գտնվում են թույլատրելի փոխզիջման եզրագծին` հաշվի առնելով արտաքին ու ներքին քաղաքական իրողությունները: «Գլխից բարձր» ցատկելուն նրանցից եւ ոչ մեկը պատրաստ չէ:

Դեռեւս Սոչիի հանդիպման նախօրեին Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ասել է. «Ղարաբաղյան հակամարտության լուծման համար լավագույնը ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած տարբերակն է, որը Ղարաբաղին տրամադրում է անցումային կարգավիճակ եւ անվտանգության երաշխիքներ: Լեռնային Ղարաբաղը երկար տարիների ընթացքում ապրել է արտաքին աշխարհից մեկուսացման մեջ, որի հետ նրա միակ կապը Հայաստանն էր: Լեռնային Ղարաբաղում կա գործող կառավարություն եւ զարգացող տնտեսություն, դրա համար էլ միջանկյալ կարգավիճակի տրամադրումը հնարավորություն կընձեռի կարգավորել Լեռնային Ղարաբաղի կապը միջազգային հանրության հետ եւ ներդրումներ ապահովել”:[1]

Ուշագրավ է այն փաստը, որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը որոշակիորեն համահունչ է Ս. Ֆրեյզերի հայտարարության մեջ շարադրված հակամարտության կարգավորման տարբերակին: Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնազավթված տարածքներն ազատելու պարագայում պատրաստ է ոչ միայն հաշտվել Լեռնային Ղարաբաղի գոյություն ունեցող փաստացի կարգավիճակի հետ, այլեւ կարող է ավելի առաջ գնալ: Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, հատկապես, անորոշ ժամանակահատվածով տրամադրելու համաձայնությունը փաստորեն կդառնա Լեռնային Ղարաբաղի «մասնակի ճանաչում» ոչ միայն միջազգային հանրության, այլեւ Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների կողմից: Այլ կերպ ասած` պաշտոնական Բաքվի ներկայիս դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առավելապաշտական անվանվել չի կարելի:

Հանուն արդարության պետք է նշենք, որ Երեւանի պաշտոնական դիրքորոշումն, ի տարբերություն հայ դաշնակցականների դիրքորոշման, նույնպես առավելապաշտական չէ: Պաշտոնական Երեւանը հայտարարում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնազավթված տարածքներն ազատելու ընդհանուր պատրաստակամության մասին, բայց Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակորեն նշված ժամկետներում որոշելուց հետո:

Երկու նախագահներն էլ հնարավորության եզրին պահպանում են հավասարակշռությունը, իսկ միջնորդներն ի վիճակի չեն մղել նրանց թույլատրելի սույն եզրագծից դուրս` բացառապես տարածաշրջանում ունեցած սեփական տրամագծորեն հակադիր աշխարհաքաղաքական շահերի պատճառով:

Անցնենք իրանական խնդրին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը զրկում է Հարավային Կովկասի երկրներին համատեղ եւ համակարգված քաղաքականություն վարելու հնարավորությունից` իրանական խնդրի սպասվող ծայրահեղ սրման դեպքում: Այս ամենը բազմապատկում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար առկա սպառնալիքների կշիռը: Հարց է ծագում` արդյո՞ք տարածաշրջանի երկրները պատրաստ են իրադարձությունների զարգացման առավել վատթար սցենարին:

Սկսենք Հայաստանից:  Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն ինչ` Իրանում իրավիճակի ապակայունացումը բացառելու համար, որովհետեւ դրա հետեւանքները Հայաստանի համար կարող են լինել խիստ բացասական եւ աղետալի: Այդ մասին փետրվարի 10-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեգնում» գործակալության լրագրողին է հայտնել  ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:[2]

Պաշտոնական Երեւանը համարյա բաց տեքստով հայտարարում է, որ հակամարտության զարգացման դեպքում Հայաստանը հանդես է գալու «ակտիվ չեզոքության» դիրքերից: Այսինքն, Հայաստանը մտադիր է օգտագործել իր ունեցած բոլոր հնարավորությունները հակամարտող կողմերի միջեւ երկխոսություն կազմակերպելու ուղղությամբ` իրադարձությունների ուժային սցենարից խուսափելու համար: Բայց հազիվ թե աշխարհում որեւէ մեկը կարիքն ունենա պաշտոնական Երեւանի կամ Բաքվի միջնորդական ջանքերի:

Իրանի հանդեպ Երեւանի քաղաքականության վրա որոշիչ դերակատարությունը հակամարտության «թեժ փուլի» մեջ մտնելու պարագայում  կունենա Մոսկվայի դիրքորոշումը: Եթե Ռուսաստանը հանկարծ կհամարձակվի Իրանին ցուցաբերել միանշանակ եւ բացահայտ աջակցություն, ինչը, ռուսաստանյան քաղաքագետների մեծ մասի համոզմամբ, քիչ հավանական է, ապա Հայաստանը ստիպված կլինի միանալ նրան: Հարկադրելու է «հենակետի» դերը:

Հայաստանի համար ամենավատն այն է, որ, ռուսաստանյան քաղաքագետների մեծամասնության կարծիքով, անգամ Իրանին միանշանակ սատարելու դեպքում Ռուսաստանը չի կարող լրջորեն ազդել իրադարձությունների զարգացման վրա: Իսկ դա վճռորոշ գործոն է, որն իր հերթին կանխորոշում է Իրանի դեմ ուժային գործողության ելքը: Բայց եթե Ռուսաստանն իրանյան հակամարտության նկատմամբ  սկսի առաջնորդվել այսպես կոչված «խիստ դժգոհ չեզոքության» մարտավարությամբ, ապա դա Հայաստանին միանգամայն ձեռնտու կլինի: Ռուսաստանյան ռազմակայանների առկայությունն ինչ-որ չափով ապահովելու է Հայաստանի տարածքի անձեռնմխելիությունը:

Այսինքն, Իրանի կողմից հրթիռային հարվածի սպառնալիքը բացակայում է:

Այո, գոյություն ունի փախստականների, հատկապես, ազգությամբ ադրբեջանցի փախստականների խնդիր, որը կարող է արմատապես փոփոխել ուժերի հարաբերակցությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ծագելու են նաեւ ոչ նվազ չափով լուրջ խնդիրներ` կապված արտաքին աշխարհի հետ Հայաստանի այս անգամ իրանական երթուղով կապի շրջափակման հետ: Իսկ թե ինչ տեղի կունենա առանց այդ էլ անվստահելի վրացական երթուղու հետ` առհասարակ հասկանալի չէ:

Բայց, ցանկացած դեպքում այս տարբերակը թույլ է տալիս Հայաստանին պահպանել ուղիղ հարաբերություններ` թե’ Արեւմուտքի, եւ թե’ Իրանի հետ:

Այլ է Վրաստանի ու Ադրբեջանի հանգամանքը: Այս երկրներին ողջ ցանկությամբ հանդերձ չի հաջողվի պահպանել «ակտիվ չեզոքության» մարտավարությունը, անգամ եթե նրանք Արեւմուտքին թույլ չտան օգտագործել սեփական տարածքն Իրանի դեմ ուժային գործողության ժամանակ: Չէ՞ որ Իրանը ցանկացած դեպքում ձգտելու է առավելագույն վնաս հասցնել տարածաշրջանում Արեւմուտքի եւ, մասնավորապես` ԱՄՆ ռազմավարական շահերին: Առաջին հայացքից, Իրանը պետք է առաջնահերթորեն հարվածի տակ առնի Իսրայելի եւ Թուրքիայի տարածքում գտնվող օբյեկտները: Բայց Իսրայելն ու Թուրքիան ունեն բավականին արդյունավետ հակաօդային պաշտպանության համակարգ, իսկ Իրանի հետ զինված հակամարտության դեպքում այդ երկրների անվտանգության ապահովման համար օգտագործվելու են ողջ ՆԱՏՕ-ի ուժերն ու միջոցները:

 

Անվտանգության ապահովման տեսանկյունից թույլ օղակ են հանդիսանում հենց Ադրբեջանն ու Վրաստանը, որոնց տարածքում գտնվում են Արեւմուտքի համար հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական կարեւոր օբյեկտներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կարող են դառնալ իրանական հարվածի օբյեկտ:  Ադրբեջանն ու Վրաստանը չեն տիրապետում բավարար ուժերի ու միջոցների, որպեսզի կարողանան ինքնուրույնաբար կանխել նման հարվածները: Հարկ է հաշվի առնել նաեւ այն, որ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքում հաղորդակցային-էներգակիր նշանակության օբյեկտների դեմ իրանական հարվածներն ամբողջապես համապատասխանում են Մոսկվայի շահերին, որն առանց այդ էլ դժգոհ է եվրոպական շուկաներ Ռուսաստանի շրջանցմամբ կատարվող կասպիական էներգակիրների արտահանմամբ:

Գոյություն ունի եւս մի սպառնալիք: Ներկա պայմաններում, այդ թվում եւ ներքաղաքական խնդիրների հաշվառմամբ, Ռուսաստանը կարող է օգտվել իրավիճակից եւ, ինչպես ասվում է, «վա-բանկ» խաղալ` ձգտելով ամրանալ Հարավային Կովկասում: Չէ՞ որ Ռուսաստանի եւ Չինաստանի վետոյի պատճառով Արեւմուտքին հազիվ թե հաջողվի ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությունը Իրանի դեմ ռազմական ներխուժում իրականացնելու համար: Այս դեպքում հարկավոր կլինի գործել շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Ռուսաստանը հանգիստ կարող է իր սահմանների անմիջական հարեւանությամբ ընթացող ռազմագործողությունները գնահատել որպես իր եւ իր դաշնակիցների ազգային անվտանգությանը սպառնացող իրական վտանգ եւ, որպես հետեւանք, փորձել զորք մտցնել Հարվային Կովկասի երկրներ ամբողջությամբ, կամ էլ Վրաստանի տարածքով  դեպի Հայաստան ռազմարշավ իրականացնել:  Բնականաբար, ո’չ Վրաստանը, եւ ո’չ էլ Ադրբեջանը չունեն սեփական ուժեր եւ միջոցներ` այդ ագրեսիային դիմագրավելու համար:

Այսպիսով, ինչ էլ ասեն Բաքվում եւ Թբիլիսիում, Իրանի դեմ ռազմական գործողությունների ծավալման դեպքում սեփական անվտանգությունն ապահովելու այդ երկրների կարողությունն առավել քան անբավարար է, հատկապես այն պատճառով, որ հարված կարելի է սպասել երկու կողմից` թե’ հարավից, եւ թե’ հյուսիսից:

 

—————————————————————————-

1. http://www.zerkalo.az/2012-01-18/politics/26434-karabax-freyzer-medvedev

2. http://regnum.ru/news/fd-abroad/armenia/1497958.html

Share

Comments are closed.