Բողոքի գործողություններ Իրանում. դժգոհության պոռթկո՞ւմ, թե՞ վարչակարգի մայրամուտ

«Ճնշվածների հեղափոխությունից մինչև քայքայիչ ապստամբություն»։ Հենց այսպես են բնութագրում իրանյան փորձագետները երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Արդեն մի քանի օր Իսլամական Հանրապետության գրեթե հարյուր քաղաքում տեղի են ունենում բողոքի գործողություններ, որոնք ուղեկցվում են հրդեհումներով, ոստիկանության հետ բախումներով, կրոնական հաստատությունների ավերմամբ և այլն։

Տարերայնորեն բռնկված անկարգությունների պատճառը բենզինի գնի բարձրացումն էր և նրա քվոտավորումը։ Իրանի նավթարտադրանքի բաշխման ազգային ընկերության հայտարարության համաձայն՝ մասնավոր փոխադրամիջոցների սեփականատերերն ամսվա մեջ կարող են ձեռք բերել 60 լիտր բենզին, իսկ երկվառելիք ավտոմեքենաներ ունեցողները՝ 30 լիտր։ Առանձին քվոթա է  սահմանվել տաքսիստների համար՝ 400 լիտր. երկվառելիք փոխադրամիջոցներ շահագործող տաքսիստերի համար՝ երկու անգամ քիչ։ Մոտոցիկլիստների համար քվոտավորված գնով հաստատվել է 25 լիտր չափով սահմանափակում։ Հաստատվել են նաև բեռնատարների և շտապ օգնության մեքենաների համար քվոտաներ։ Բենզինի գինն աճել է երկու անգամ. մի լիտր բենզինը քվոտայով արժե 15 հազար ռեալ (13 ամերիկյան ցենտ), իսկ քվոտայից դուրս՝ 30 հազար ռեալ։

Իրադարձությունները կայծակնային արագությամբ են զարգանում։ Համարյա ամենասկզբից բողոքի գործողությունները վերաճել են ավերումների։ Փողոցներում հրկիզում են մեքենաներ ու անվադողեր։ Հրկիզվել կամ վայրագությունների զոհ են դարձել բանկերի, ֆինանսական կազմակերպությունների, կրոնական դպրոցների և այլ շինություններ։ Շիրազում, Ալբորզում, Նաջաֆաբադում, Խուզեստանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում փակվել են հանրակրթական դպրոցներ։ Եզդ քաղաքում գրոհել են անգամ Գերագույն առաջնորդի անձնական ներկայացուցչի գրասենյակը, բայց ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հարձակվողներին։ Բողոքի գործողությունների մասնակիցները պնդում են, որ որոշ բանկերի հրդեհումը որպես սադրանք ծրագրել և կազմակերպել են իրավապահ մարմինները՝ նրանց մեղադրելու և ձերբակալելու հիմք ստեղծելու նպատակով։

Զոհվածների և կալանավորվածների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Իրանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են տարբեր քաղաքներում եզակի մարդկանց ձերբակալության մասին, մինչդեռ արևմտյան ԶԼՄ-ները, հենվելով տեղեկատվության սեփական աղբյուրների վրա, խոսում են Շահրիարում, Քերմանշահում, Ջավանրուդում, Մարիվանում, Սիրջանում և Բեհբահանում 40 սպանվածների, հարյուրավոր վիրավորների և հազարավոր ձերբակալվածների մասին։ Ամենադաժան բախումները եղել են քրդաբնակ քաղաքներում՝ Քերմանշահում, Ջավանրուդում, Մարիվանում Սանանդաջում և Բուկանում։ Թվիթերյան հաղորդումների համաձայն՝ սպանվածներից շատերը երիտասարդներ են, որոնք զոհվել են գլխին և կրծքին ստացած հրազենային վերքերից։ Իշխանությունները հաճախ հրաժարվում են ընտանիքներին վերադարձնել սպանվածների մարմինները։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերից երևում է, որ որոշ քաղաքներում բողոքի ցույցերի ելած մարդիկ փորձում են խուսափել ուժայինների հետ բախումներից և բացատրել նրանց, որ բոլորն էլ միևնույն ժողովրդի մասնիկ են և որ նրանք չպետք է ուժ կիրառեն իրենց համաքաղաքացիների հանդեպ։ Սակայն գիտակցության այսպիսի մակարդակն ամենուր չէ, որ իշխում է։ Քաղաքների մեծ մասում ուժայինները հայտնվում են քարերի տարափի տակ։

Տեղեկագիր. հիշեցնենք, որ այս մարտավարությունը հաջողությամբ գործել է 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ժամանակ, որը դարձել է իշխանության տապալման համար յուրօրինակ ուղեցույց։ Հանրային ակցիաների ժամանակ բողոքի դուրս եկած մարդիկ վանկարկում էին՝ «Ոստիկանը մերն է», հորդորելով նրանց միանալ ժողովրդին։
Քանի որ Իրանում ժողովուրդը շատ զգայուն է անարդարության յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ, երկրի անվտանգության ուժերը վաղուց ի վեր մշակել են ժողովրդական ապստամբությունների դեմ գործողությունների մեխանիզմ։ Առաջին քայլը ողջ երկրում համացանցի անջատումն է՝ բողոքի գործողությունների համակարգումը կանխելու և տեղեկատվության մատչելիությունը սահմանափակելու համար։ Այնուամենայնիվ՝ անհատ անձանց հաջողվում է նկարահանել տեղի ունեցողն ու փոխանցել տեսանյութերը «BBC Persian», «Radio Farda»:

Փողոց դուրս եկած քաղաքացիներն իշխանություններից պահանջում էին չեղյալ հայտարարել բենզինի գնի բարձրացման մասին օրենքը։ Սակայն, այն բանից հետո, երբ Գերագույն առաջնորդն իր հայտարարության մեջ սատարեց օրենքի ընդունմանը, տնտեսական պահանջները վերաճեցին քաղաքականի։ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի պահանջով ձևավորվել է Բարձրագույն տնտեսական համակարգող խորհուրդը, որի մեջ ներառվել են իշխանության երեք՝ գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի ներկայացուցիչները։ Բարձրագույն խորհրդի նպատակը Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությամբ առաջացող տնտեսական ճգնաժամերի դեմ պայքարն է։ Հայտնի չէ, թե այդ խորհուրդն իրավական որ դրույթների հիման վրա է գործելու։ Երկրի սահմանադրությունը նմանատիպ մարմին չի նախատեսում։ Բենզինի գնի թանկացման մասին օրենքն ընդունվել է հենց այդ խորհրդի որոշմամբ։ Փաստորեն, Գերագույն առաջնորդն օրենքի ընդունման համար պատասխանատվությունը հավասարապես դրել է իշխանության բոլոր երեք ճյուղերի վրա։ Այնուամենայնիվ, նրան չի հաջողվել քննադատությունից մեկուսի մնալ։

Ժողովրդին ուղղված ելույթում այաթոլլա Խամենեին նշել է, որ անձամբ վատ է ճանաչում էներգետիկայի ոլորտը և հավելել. «Ես ասացի, որ եթե իշխանության երեք ճյուղերի ղեկավարներն այդպես որոշեն, ես կսատարեմ նրանց որոշմանը»։ Բացի դրանից՝ իրանական ղեկավարության սովորական դարձած հռետորաբանության համաձայն՝ բողոքի գործողությունները հրահրել են երկրում անկայունություն սերմանել ձգտող ԱՄՆ-ն և նրա գործակալները։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, դիմելով իրավապահ մարմիններին, նրանց երախտագիտություն է հայտնել պետական սեփականությունը ոչնչացնել ոտնձգած առաջնորդներին հայտնաբերելու և նրանց ձերբակալելու համար։

Հաշվի առնելով ներկա իրավիճակի և Արևմուտքի հանդեպ ժողովրդի տրամադրվածության ցուցանիշ մոտալուտ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ նախագահ Հասան Ռոհանիի հակառակորդները շտապել են բողոքի գործողություններն ուղղել նրա դեմ։ Մեջլիսի պատգամավորները սկսել են ստորագրահավաք՝ նախագահ Ռոհանիի և նրան սատարած խորհրդարանի խոսնակ՝ չափավոր պահպանողական Ալի Լարիջանիի պաշտոնանկության պահանջով։ Հրաժարականի պահանջին ստորագրություններով կողմ են արտահայտվել 50 պատգամավորներ։ Մի շարք պատգամավորներ խիստ քննադատության են ենթարկել Խորհրդի ստեղծումը՝ դատապարտելով այն որպես գոյություն ունեցող իշխանության և խորհրդարանի փիլիսոփայության մերժում։ Սակայն Բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմանը ռահբարի (գերագույն առաջնորդի) սատարումից հետո տվյալ գործընթացի շարունակությունը քիչ հավանական է։

Երկիրն ալեկոծող անկարգություններից փորձել են օգտվել նաև ավանդաբար անկայունության օջախներ ստեղծած ազգայնական տարրեր։ Մասնավորապես՝ քրդեր և ադրբեջանցիներ։ Սոցցանցերում տարածվում են տեսանյութեր, որոնցում ակնարգությունների մասնակիցները Թեհրանի դեմ սպառնալիքներն ադրբեջաներեն են վանկարկում։ Դեռ ճշտված չէ, թե հիշյալ տեսանյութը նկարահանվել է Թավրիզու՞մ, թե՞ Ուրմիայում։ Քրդական քաղաքներում նույնպես հնչում են անջատողական կարգախոսներ։ Սակայն, այս պահին ազգային ապստամբությունների մասին խոսելը վաղաժամ է, քանի որ դրանց ծավալները դեռ աննշան են։

Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում ապրող իրանցիները որոշել են սատարել իրենց հայրենակիցներին։ Իրանցիների խմբեր հավաքվում են Իսլամական Հանրապետության դեսպանատների մոտ և պահանջում վարչակարգի փոփոխություն։ Հատկանշական է, որ անգամ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու ապրող մարդկանցից շատերը դեռ վախենում են տեսախցիկի առջև ցուցադրել իրենց դեմքերն ու դիմակներ են կրում։ 

Հարկ է առանձնակի նշել նաև բողոքի գործողություններին մասնակցած կանանց բարձր ակտիվությունը։ Ի նշան բողոքի նրանք հանում են այդ երկրում կանանց համար պարտադիր գլխաշորը՝ որպես վարչակարգի դեմ նրանց անհամաձայնության խորհրդանիշ։ Մեկ այլ տեսանյութում մի կին սյունից վայր է նետում հակաամերիկյան պաստառը, իսկ բողոքավորները վանկարկում են. «Մեզ համոզում են, որ Ամերիկան մեր թշնամին է, բայց մեր իրական թշնամին ներքին է»։Ինչպես նշեցինք, իրանական հասարակությունը քաղաքական հարցերում բավականին ակտիվ է։ Սակայն ժողովրդական զանգվածներին չի հաջողվում գործն ավարտին հասցնել, քանի որ պետական մեքենան ունի բողոքի ցույցերը ճնշելու անհրաժեշտ գործիքակազմը՝ այդ թվում և բիրտ ուժի անսահմանափակ գործադրմամբ։ Իրանում բողոքի վերջին զանգվածային գործողությունները տեղի են ունեցել 2018 թ. հունվարին։ Այդ ժամանակ իշխանությունները բողոքավորների դեմ փողոց են դուրս բերել նրանցից անգամներ ավելի բազմամարդ իրենց կողմնակիցներին։ Արդյունքում՝ բողոքի ցույցերը պարզապես մարել են։ Փորձագետների վկայությամբ՝ բողոքի ներկայիս գործողությունների ծավալն ու զանգվածայնությունը մեծապես գերազանցում են անցյալ տարվա ցուցանիշները, և ժողովրդական զանգվածներ ցրելն այս անգամ անհամեմատ ավելի դժվար է լինելու։

Մոտալուտ ընտրությունների նախաշեմին Իրանի ժողովուրդը կանգնած է բարդ ընտրության առջև։ Ակնհայտ է, որ նա ոչ միայն պատրաստ է, այլև երկիրը խորագույն ճգնաժամից դուրս բերելու համար պահանջում է Արևմուտքի հետ երկխոսության վերսկսում։ Սակայն այդ երկխոսության օգտին հանդես եկող բարեփոխիչները մի անգամ արդեն չեն արդարացրել (թեպետև՝ Վաշինգտոնի մեղքով) ժողովրդի վստահությունը, իսկ պահպանողականներն ի սկզբանե երկխոսության դեմ են։ Հենց այդ պատճառով բողոքի գործողությունների մասնակիցները պահանջում են ողջ վարչակարգի՝ ողջ իշխանական համակարգի փոփոխություն, քանի որ կառավարման լծակների մի ճամբարից մյուսին անցնելը չի նպաստում առկա խնդիրների լուծմանը։

Ժողովուրդը դժգոհ է, որ Թեհրանն ահռելի գումարներ է ծախսում նրան հավատարիմ վարչակարգերի աջակցման ու սպառազինման և բանակի վրա, մինչդեռ խաղաղ բնակչությունը ստիպված է բարձր գին վճարել անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների համար։ Այս օրերին իրանական քաղաքների փողոցներում գերազանցապես հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում։ Իշխանությունների ինքնավստահ և բարձրագոչ այն հայտարարությունները, թե Միացյալ Նահանգներին «տնտեսական ահաբեկչությամբ» չի հաջողվի Իրանին ծնկի բերել, ներքին լսարանի վրա արդեն ոչ մի ազդեցություն չունեն։ 

Share

Comments are closed.