Բեռլինյան պատի փլուզումից 30 տարի անց

Այս տարի նոյեմբերի 9-ին լրացավ Բեռլինի պատի քանդման երեսուն ամյակը: 10.316 օր՝ ահա այսքան գոյատևեց Արևմուտքի ու Արևելքի գաղափարական հակասությունների ֆիզիկական վկան: Շուրջ 28 տարի` 1961 թվականից մինչև 1989 թվականը Գերմանիայի ներկայիս մայրաքաղաքը բաժանում էր 140 կմ երկարությամբ ձգվող պատը:

Սառը պատերազմը միջազգային հարաբերությունների և ատոմային զենքի զանգվածային արտադրության շրջադարձային կետերից մեկն էր: Ոչ արյունոտ, սակայն մարդկային բազմաթիվ ճակատագրեր խեղող այս պատերազմը տևեց ավելի քանի 47 տարի: Գրեթե կեսդարյա սառը հակամարտության պայմաններում աշխարհը բաժանված էր ճամբարների: ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ում հավաքվում էին արևմտյան ժողովրդավարության կողմնակիցները, իսկ Խորհրդային Ռուսաստանն առաջնորդում էր Արևելյան բլոկը:

Բեռլինի պատն ուներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական նշանակություն: Այն խորհրդանշում էր արևմտյան դեմոկրատների և արևելյան կոմունիստների միջև տարբերությունը, և կառավարման այն ձևը, որը մասնատված Գերմանիան պետք է ընտրեր: Այն նաև Գերմանիայի ներքին հակամարտության՝ ազատների և դեմոկրատների միջև տարանջատման խորհրդանիշն էր:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինը բաժանված էր չորս մասերի` անգլիական, ֆրանսիական, ամերիկյան և խորհրդային: Հակասությունների խորացման արդյունքում Բեռլինի արևմտյան երեք մասերը միավորվեցին,  իսկ արևելյան Բեռլինն էլ ավելի մեկուսացավ: Հաշվի առնելով անդունդը, որը գոյանում էր երկու կողմերի միջև տնտեսական բարեկեցության, խոսքի արտահայտման ազատության և այլ ոլորտներում, Արևելյան մասի բնակչությունը  մեծ հոսքերով տեղափոխվում էր ֆրանսիական, անգլիական և ամերիկյան մասեր, որտեղ կենսապայմաններն ավելի բարձր էին: Տեղաշարժման պատճառներից էր նաև կոմունիստական գաղափարախոսությունը, որի հետ չէին հաշտվում  գերմանացիները: Արդյունքում Արևելյան Բեռլինի ղեկավարությունը վճռեց պատ կառուցել, որը կմեկուսացներ բնակչությանը և կզրկեր համեմատականներ անցկացնելու հնարավորությունից: Շինարարական աշխատանքները սկսվեցին 1961 թ.-ին: Բեռլինյան պատը կարևոր էր նաև հոգեբանական պատճառներով, քանի որ այն դարձավ երկու գաղափարախոսությունների տարանջատման ֆիզիկական վկայությունը: Բեռլինը մի վայր էր, որտեղ հնարավոր էր մի աշխարհից տեղափոխվել մեկ ուրիշ աշխարհ, մեկ իրականությունից `դեպի մեկ այլ իրականություն:

Այն ժամանակվանից ի վեր աշխարհում շատ բան է փոխվել: Բեռլինյան պատի փլուզումը կարծես խորհրդանշում էր դեմոկրատական արժեքների հաղթանակը կումինիստական գաղափարների նկատմամբ: Ինչպես ամերիկացի հայտնի փիլիսոփա-քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման էր բնութագրում՝ վրա է հասնելու պատմության ավարտը:

«Պատմության ավարտը և վերջին մարդը» (անգլ.՝ «The End of History and the Last Man») աշխատությունը Ֆուկույամայի առաջին գիրքն էր, որը լույս էր տեսել 1992 թ.-ին «Free Press» հրատարակչությունում։ Գրքի հրատարակմանը նախորդել է «The National Interest» հանդեսում «Պատմության ավա՞րտը» (1989) էսսեի տպագրումը, որը մամուլում և գիտական ոլորտում մեծ արձագանք է ստացել։ «Պատմության ավարտը և վերջին մարդը» գրքի մեջ Ֆուկույաման շարունակում է էսսեի գիծը և պնդում է, որ արևմտյան տիպի ազատական ժողովրդավարության տարածումն աշխարհում փաստում է մարդկության հասարակամշակութային էվոլյուցիայի վերջնակետի և կառավարության վերջնական ձևաչափի կազմավորման մասին։ Չնայած Ֆուկույամայի պատկերացման մեջ պատմության ավարտը չի նշանակում իրադարձությունների ավարտ, սակայն պսակվում է գաղափարախոսական դիմակայության, գլոբալ հեղափոխությունների և պատերազմների, իսկ դրանց հետ էլ արվեստի և փիլիսոփայության դարաշրջանի ավարտը։

Անշուշտ, բեռլինյան պատի փլուզումն ազդարարեց կումունիստական ճամբարի փլուզումը: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները համակվել էին դեմոկրատիայի տենդով: Մեկը մյուսի ետևից Գերմանիայի մոտիկ և հեռու հարևանները անցնում էին դեմոկրատացման ճանապարհը: Իհարկե, այդ շարժումներն սկսվել էին դեռևս 1970-ական թվականներին, մասնավորապես՝ Լեհաստանում:  Ֆինանսատնտեսական ծանր պայմանները, ապրանքների գների բարձրացումը արտաքին այն խթաններն էին, որոնք  Կենտրոնական Եվրոպայի բնակչությանը ստիպում էին փողոցներ դուրս գալ  և պայքարել ավելի բարեկեցիկ ապրելու իրենց իրավունքի համար: Սակայն սա այսբերգի միայն գագաթն էր. նյութական բարեկեցության ապահովման ֆոնի ներքո կոմունիստական ճամբարի երկրների բնակչությունը ձգտում էր այն ազատություններին և իրավունքներին, որոնք վայելում էին բեռլինյան պատի մյուս կողմում գտնվող մարդիկ:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում պարբերաբար ապստամբական շարժումներ էին տեղի ունենում, որոնք դաժանորեն ճնշվում էին խորհրդային զորքերի կողմից: Այնուամենայնիվ, ազատության ձգտումներն անկասելի էին:  Նման շարժումների մեկնարկը տրվեց Լեհաստանում՝ «Սոլիդարություն» շարժման միջոցով: «Սոլիդարություն» արհմիութենական շարժման խորհրդանիշը 1980 թ. -ին Գդանսկի նավաշինարանի գործադուլն էր, որի հաղթական ավարտը սկիզբ դրեց «Սոլիդարության» հաջողություններին: Գործադուլի ժամանակ մարդիկ դուրս չէին գալիս նավաշինարանի տարածքից, որպեսզի զրկեն կոմունիստական ռեժիմին սադրանքներ հրահրելու և տանկերով իրենց բողոքը ճզմելու հնարավորությունից:

Հարկ է նշել, որ «Սոլիդարության» հաջողության ամենակարևոր բանաձևերից մեկն այն էր, որ շարժման ղեկավարությունը, կիրառելով դասական, խաղաղ անհնազանդություն, ամեն կերպ ձգտում էր մանևրել և խուսափել ռեժիմին ձեռնտու ֆիզիկական բախումների հորձանուտ մտնելուց:

Դոմինոյի էֆեկտով մեկը մյուսի ետևից կումունիստական  ճամբարը փլուզվում էր: Լեհաստանում այդ պայքարը տևեց տաս տարի, Հունգարիայում` տաս ամիս, Արևելյան Գերմանիայում` տաս շաբաթ, իսկ Չեխոսլովակիայում` տաս օր: Սա ցույց էր տալիս, որ յուրաքանչյուր հաղթանակ արագացնում և դյուրինացնում էր հարևան պետությունում հաջողության հասնելու գործընթացը: Արդյունքում Ռումինայում կոմունիստական վարչակարգի փլուզման համար պահանջվեց ընդամենը տաս ժամ: Արդեն իսկ 1990-ականների սկզբին Կենտրոնական Եվրոպայում  կոմունիստական կառավարման ձևն անկում էր ապրել: Ի վերջո, այդ ալիքը տարածվեց նաև Խորհրդային Միության երկրներում և հանգեցրեց ԽՍՀՄ փլուզմանը: Թվում էր` Բեռլինյան պատի փլուզումից հետո այլևս երբեք բաժանարար գծեր չէին լինի, դեմոկրատիայի հաղթանակն անկասելի է, և աշխարհը միանշանակ կգնա լիբերալ-դեմոկրատիայի ուղով:  Ցավոք,  երկարաժամկետ կտրվածքով Ֆուկույամայի  կանխատեսումներն այնքան էլ իրականությանը մոտ չէին: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի շատ երկների համար կումունիզմի փլուզումը դարձավ նպատակ, այլ ոչ թե միջոց ` հասնելու  ավելի վեհ նպատակների: Այն, ինչ արգելված էր, ավելի քան քաղցր էր:  Մարդիկ պայքարում էին իրենց դեմոկրատական ազատությունների,  ֆինանսական բարեկեցության համար:  Այնուհետև այս երկրներից շատերի գերնպատակը Եվրոպական Միությանն անդամակցելն էր: Ահա հենց այս ժամանակահատվածում էր, որ նախկին կոմունիստական ճամբարի երկրներն իրենց ուժերի գերլարմամբ   բարեփոխումներ էին իրականացնում `  բավարարելու ԵՄ անդամակցության կոպենհագենյան չափանիշները: 

Կոպենհագենյան չափանիշների համաձայն՝ ԵՄ անդամակցել ցանկացող ցանկացած պետություն պետք է կարողանա ապահովել.

– ժողովրդավարությունն, իրավունքի գերակայությունն, մարդու իրավունքների պաշտպանությունն ու փոքրամասնությունների հարգումն ապահովող ինստիտուտների կայունություն,

– շուկայական տնտեսությունն, ինչպես նաև միության ներսում մրցակցության ճնշմանը և շուկայի ուժերին դիմակայելու կարողություն,

-անդամակցության պարտավորությունների ստանձնման կարողություն, ներառյալ քաղաքական, տնտեսական և արժութային միության նպատակների իրականացում:

2004 թվականի մայիսի 1-ին` Բեռլինյան պատի փլուզումից ընդամենը 15 տարի անց, տեղի ունեցավ  Եվրամիության  պատմության մեջ  ամենամեծ ընդլայնումը: Արևելյան Եվրոպայի 10 նոր երկրներ  միացան Եվրոպական ընտանիքին  և կրկին վերամիավորվեցին իրենց արմատների հետ: Դրանց թվում էին Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, Մալթան և Կիպրոսը: Իսկ այնուհետև՝ 2007 թ.-ի մարտի 25-ին,  Եվրոպական Միության շարքերը համալրեցին նաև Բուլղարիան և Ռումինան:

Այս ամենն իսկապես արևմտյան լիբերալ-ժողովրդավարության փառահեղ հաղթանակն էր, որը, ցավոք, այսօր արդեն ճաքեր է տալիս: Կենտրոնական Եվրոպայի որոշ երկրներ, որտեղ երեսուն տարի առաջ կատաղի պայքար էր մղվում կոմունիստական ուժերի դեմ, այսօր  հետզհետե վերածվում են ավտորիտար պետությունների: Իհարկե, ԵՄ-ն  դեռևս ամեն ինչ իր հսկողության ներքո է պահում, սակայն ներկայիս միտումները բավականին ահազանգող են և ցավալի: Մի՞թե հնարավոր է մոռանալ, որ ընդամենը երեք տասնամյակ է անցել  Բեռլինյան պատի փլուզումից, մի՞թե Կենտրոնական Եվրոպայում  դեմոկրատիան կրկին ուրվականի նման կթափառի` փորձելով գտնել իր արժանի տեղը: Հարցականները շատ են, սակայն պատասխանը միանշանակ է. վերադարձ դեպի անցյալ անթույլատրելի է, բեռլինյան նոր պատեր պետք չեն:


 P.S. Այսօր Բեռլինում դեռևս պահպանվում է նշանավոր պատից մի հատված: Իսկ պատի մնացած մասերը, որպես պատմության խոսուն մասունքներ, փոքրիկ հուշանվերների տեսքով վաճառվում են Գերմանիայի մայրաքաղաքի ամենատարբեր զբոսաշրջային խանութներում:





Share

Comments are closed.